Հա

Գաղափարական

31/05/2020 - 12:50

Իրական եւ վիպական Դրոն

19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայ ազգային ազատագրական պայքարի պատմութիւնը հարուստ է նւիրական անուններով, որոնցից յատկապէս Նիկոլ Դումանի, Աղբիւր Սերոբի, Անդրանիկի, Հրայր Դժոխքի, Գէորգ Չաւուշի, Քեռու, Եփրեմ խանի(1), Սեբաստացի Մուրադի եւ Սեպուհի ներկայութիւնը կարող է պատիւ բերել մարտական խիզախումների նոյնիսկ ամենահարուստ պատմութիւնն ունեցող ժողովրդին:

Ես չեմ ճանչնար, Արամի մահից յետոյ ուրիշ ոեւէ մէկին, որ Հայաստանում այդ օրերին աւելի ժողովրդական լինէր, ավելի համակրանք վայէլեր, ավելի սիրուէր ժողովրդի բոլոր խավերի կողմից, քան Դրոն-ընկեր Դրոն: Տիտղոս չունէր նա: Տիտղոսը երէք տառից էր բաղկացած-ԴՐՕ, կամ շատ-շատ ԸՆԿԵՐ ԴՐՕ: «Ընկեր» բառի ամենամտերիմ ու հարազատ իմաստով:

Սիմոն Վրացեան

 

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայ ազգային ազատագրական պայքարի պատմութիւնը հարուստ է նւիրական անուններով, որոնցից յատկապէս Նիկոլ Դումանի, Աղբիւր Սերոբի, Անդրանիկի, Հրայր Դժոխքի, Գէորգ Չաւուշի, Քեռու, Եփրեմ խանի(1), Սեբաստացի Մուրադի եւ Սեպուհի ներկայութիւնը կարող է պատիւ բերել մարտական խիզախումների նոյնիսկ ամենահարուստ պատմութիւնն ունեցող ժողովրդին: Գործի ու գաղափարի դիւզացունների այդ փաղանգում իր անուրանալի տեղն ունի առասպելական Դրոն՝ Դրաստամատ Կանայեանը՝ «...քաջերուն մէջ շքեղօրէն քաջը եւ հերոսներուն մէջ կախարդօրէն հերոսը...»(2), իբրեւ 20-րդ դարասկզբի հայոց դիւցազնապատումի կրտսեր արքայազնը: Սակայն քաջութիւնը, լինելով Դրոյին բնութագրող հիմնական գծերից մէկը, որը խոստովանել են նոյնիսկ նրա գափարական հակառակորդները (հմմտ. «Իսկ Դրոն, իգդիրցի այդ խմբապետը // Որ եղել է հերոս, անվախ տեռորիստ...»(3)), խիստ անբաւարար է առհասարակ Դրօ երեւոյթը ճանաչելու եւ արժեւորելու համար: Դրոյի ժամանակաշրջանը քաջերի ժամանակաշրջան էր, եւ քաջութեան պակաս չէր զգացւում …

Դրոյի կենսագրութեան հայաստանեան փուլ՝ գաղափարական ահաբեկիչից մինչեւ ռազմական նախարար, տեւել է շուրջ տասնհինգ տարի՝ 1905-1920 թթ.: Այդ ընթացքում նրա ղեկավար մասնակցութեամբ ձեռքբերւած յաղթանակներից ու գործերից իւրաքանչիւրը (հայ-թաթարական ընդհարումներ, իբրեւ գնդի հրամանատար՝ 1914-16 թթ. մասնակցութիւն կամաւորական կռիւներին, Երեւանի նահանգի թուրքական տարրի «խաղաղեցում» 1917-18 թթ., Բաշ Ապարանի հերոսամարտ, հայ-վրացական պատերազմ, Զանգեզուրի մահմեդական ապստամբ օջախների ճնշում եւ Ղարաբաղեան «էքսպեդիցիա» 1920 թ., Սուրմալուի ճակատամարտ եւն) բաւարար էր, որպէսզի նրա անունը փառքով պսակւէր հայոց պատմութեան մէջ, իսկ իր գործունէութիւնն ամբողջութեամբ եւ առհասարակ նրա բացառիկ ներկայութիւնը հայութեան փոթորկւող կեանքում իրաւունք են տալիս նրան դասելու մեր հազարամեայ պատմական երթի Մեծ երախտաւորների շարքում: Կարծում ենք՝ լիովին իրաւունք ունէր Ս. Վրացեանը, երբ Դրոյին Արամ Մանուկեանի հետ համարում էր «գլխաւոր կերտիչն ու ոգին նորածին պետութեան»(4), որովհետեւ այն գործունէութիւնը, որ ծաւալեցին «Երեւանի նահանգի զինւորական կոմիսար» Դրոյի գլխաւորած զօրաջոկատները 1917-18 թթ., բացառիկ նշանակութիւն ունեցաւ Արեւելեան Հայաստանի տարածքում իրադարձութիւնների հետագայ զարգացումների առումով: Ըստ էութեան, Մայիսեան հերոսամարտերում մեր յաղթանակների, հետեւաբար նաեւ անկախ պետականութեան հիմնադրման նախադրեալները ստեղծւեցին հէնց այդ ընթացքում: Չլինէր ներքին թշնամուն (=թուրքերին) զսպող այդ երկաթեայ բռունցքը, երկիրը պարզապէս կը պայթէր ներսից եւ այլեւս անկարելի կը լինէին Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերը:

Դրոն պարզապէս «քաջ խմբապետ» չէր, այլ ա՛յն խմբապետը, որի ռազմագիտական ձեռնարկումներին ամենայն լրջութեամբ էին վերաբերւում ցարական բանակի փորձառու գեներալները, ինչպէս զօրավարներ Թ. Նազարբեկեանն ու Հախվերդեանը, ովքեր առհասարակ մեծ վերապահումով են վերաբերւել մեր միւս անւանի խմբապետներին, այդ թւում՝ Անդրանիկին՝ որպէս զինւորական գործչի (5). «Դրօն անունով խմբապետ էր, կոչումով յեղափոխական, հմտութեամբ ու փորձառութեամբ՝ զինուորական»,- գրել է Ս. Վրացեանը(6): Դրոն նաեւ ա՛յն խմբապետն էր, որը ազգային իշխանութեան ներկայացուցիչների եւ կադրային զինւորականների, այդ թւում՝ անւանի զօրավարների հետ յարաբերութիւններում զսպում էր միւս խմբապետներին: Այնինչ, եթէ հաւատանք Չարենցին, Դրոն վախենում էր Շաւարշի շուրջը խմբւած զինւորներից՝ իգդիրցի Եգորից, Ղարսեցի Հարոյից, Մշեցի Թաթիկից ու «Սաքոյից Ղաչաղ»(7): Ստացւում է՝ ա՛յն Դրոն, որին յարգել, որի հետ հաշւի են նստել, որից, մեղմ ասած, նաեւ զգուշացել են թէ՛ խմբապետները եւ թէ՛ կադրային զինւորականները, որից պատկառել է նոյնիսկ հեղինակութիւններ չճանաչող Անդրանիկը(8), այդ նոյն Դրոն իբրեւ թէ վախեցել է կամաւորական կռիւների բովով անցած եւ բարոյալքւած մի քանի զինւորից:

Ի դէպ, ինչպէս յուշագրական, այնպէս էլ պատմագիտական աշխատութիւններում ոչ հազւադէպ խօսւել է Դրօ-Անդրանիկ իբրեւ թէ լարւած յարաբերութիւների մասին: Ըստ իրազեկ աղբիւրների, այդ խօսակցութիւնները խիստ չափազանցւած են, եթէ չասենք, որ իրականութեան հետ գրեթէ կապ չունեն: Հանգամանքների բերումով մեր երկու մեծ հերոսները երբեմն յայտնւել են «բարիկադի» տարբեր կողմերում, բայց դրա պատճառները անձնական չէին: Այդպիսի մի դրւագ է 1919 թ. ապրիլի 20-ին Ծիծեռնակաբերդի բարձունքից Հայաստանի կառավարութեան շէնքը գնդակոծելու Անդրանիկի փորձը, որը կասեցւում է Դրոյի շնորհիւ: Չնայած որ ակադեմիկոս Հ. Սիմոնեանը Անդրանիկի յետքայլը բացատրել է Երեւանից նրան ընդառաջ եկած պատւիրակութեան հաշտութեան խնդրանքներին տեղի տալով(9), մեր կարծիքով, սակայն, ով ծանօթ է 1916-ից ի վեր ազգային իշխանութիւնների հետ յարաբերութիւններում Անդրանիկի դրսեւորած վարքագծին, կընդունի, որ նրան կանգնեցրել է առաջին հերթին Դրոյի ուղարկած նամակը: Անդրանիկը, քաջատեղեակ լինելով Դրոյի կարողութիւններին, ռազմիկի իրեն բնորոշ սուր զգացողութեամբ արագ ըմբռնել է պարտութեան անխուսափելիութիւնը, եթէ փորձէր իր սպառնալիքն իրագործել(10):

Իսկ անձնապէս նրանց միջեւ եղել է փոխադարձ համակրանք:

Չարենցը իր հերոսի՝ խմբապետ Շաւարշի անունից Դրոյին վերագրում է նաեւ նենգ, դաւադիր էութիւն (հմմտ. «Ո՞վ գիտէ Դրոյին: Ո՞վ գիտէ: // Կարող է սարքել հազար դաւ: Դրոն: // Դժւար է կռւել հետը: // Չուզեց խաթրով անի - կանի զոռով: // Կը հանի իր վրէժը:»(11)): Յատկանիշներ, որոնք առհասարակ խորթ են եղել իրական Դրոյին: Ընդհակառակը, ըստ ժամանակակիցների վկայութիւնների՝ Դրոն օժտւած էր բարձր ասպետականութեամբ: Յայտնի է, որ սկզբունքային հարցերի շուրջ նա հակասութիւններ է ունեցել կուսակցական-պետական առանձին ղեկավար գործիչների, այդ թւում՝ Ռուբէն Տէր-Մինասեանի հետ: Բացառւած չէ, որ այդ հակասութիւններն ինչ-որ չափով նաեւ անձնական նստւածք տային նրանց մէջ, որը եւս մարդուն խորթ զգացում չէ, սակայն Հայաստանի խորհրդայնացումից յետոյ (1920 թ. դեկտեմբերի 2), երբ մինչեւ բոլշեւիկեան Յեղկոմի ժամանումը Դրոյի ձեռքում էր փաստական իշխանութիւնը, նա շտապեց երկրից դուրս բերել առաջին հերթին այդ գործիչներին, քանզի գիտէր, որ մայիսեան խռովութիւնները ճնշելու պատճառով բոլշեւիկները նրանց դէմ յատկապէս տրամադրւած էին եւ ձերբակալելու դէպքում չէին խնայի(12): Մի բան, որն ակնյայտ դարձաւ Բիւրօ-կառավարութեան վարչապետ Հ. Օհանջանեանի օրինակով. վերջինս ստոյգ մահւանից խուսափեց միայն Փետրւարեան ապստամբութեան շնորհիւ:

Խորհրդային պատմագրութեան մէջ Դաշնակցութիւնը եւ նրա նշանաւոր խմբապետները նոյնացւել են մաուզերիզմի հետ: Նոյնացնողները, իհարկէ, գիտէին, որ իրենք զբաղւած են պատմութեան կեղծարարութեամբ (այդպիսին էր խորհրդային քարոզչամեքենայի պահանջը. դրա դասական նմուշը 1920-ական թթ. այսպէս կոչւած անաստասմիկոյանական տրամաբանութիւնն է): Չարենցի պոէմում, ի պատիւ մեծ բանաստեղծի, այդպիսի նոյնացում չկայ: Դրոն մաուզերիստ չէ: Ընդհակառակը, նա պայքարում է մաուզերիզմի դէմ, որի ներկայացուցիչներն էին տւեալ դէպքում խմբապետ Շաւարշն ու իր «տղերքը», որոնց նմանները կարող էին «կառքից իջեցնել» մինիստրին, «դէմքին թքել» ու «նստել նրա կառքը»(13): Դրոյի երկաթեայ բռունցքը սաստում էր հէնց այդպիսիներին: Չսաստէ՞ր: Ներքին ու արտաքին թշնամիների դէմ շարունակական պատերազմների մէջ գտնւող երկիրը, որի հետեւանքը զինւած խմբաւորումների համատարած ներկայութիւնն էր, փորձում էր վեր բարձրանալ աւերակների միջից, դառնալ համայն հայութեան երազանքների հայրենիքը: Իսկ կը դառնա՞ր, եթէ ազատագրական պայքարում շատ թէ քիչ վաստակ ունեցող իւրաքանչիւր ոք շաւարշային վարքագիծ դրսեւորէր եւ մնար անպատիժ: Հետեւաբար շաւարշներին զսպելը անխուսափելի անհրաժեշտութիւն էր, որը եւս հանգամանքների բերումով ծանրացել էր Դրոյի ուսերին, բայց վերջինիս «գաղտագողի հնձելու» մեղադրանք ներկայացնելը (թէկուզեւ Շաւարշի անունից) առնւազն իրականութեան խեղաթիւրում էր եւ որեւէ աղերս չունի ասպետական խառնւածքով Դրոյի, այսինքն՝ իրական Դրոյի հետ:

Բայց եւ այնպէս, «հոգեբանական դրամայի» չարենցեան հանգուցալուծումը իրականութեան տրամաբանութեան մէջ է. Շաւարշը չէր կարող Դրոյի հրամանն անտեսել ոչ միայն այն պատճառով, որ գիտէր՝ անպատիժ չի մնայ, այլեւ այն պատճառով, որ Դրոյի կողքին էին նաեւ Շաւարշի «կնքահայր» խմբապետ Սմբատի նման գաղափարական եւ հոգեկան բարձր նկարագրով ռազմիկները, որոնք իրենց հերթին լրացուցիչ արգելք էին շաւարշիզմի ճանապարհին(14):

Չնայած որ Դրոյի ողջ կեանքը նման էր փոթորկւած ովկիանոս դուրս եկած նաւի, բայց եւ այնպէս նրա որոշ դրւագներ յատկապէս փոթորկուն էին: Այդպիսին էր նրա եւ համախոհների՝ Գ. Նժդեհի եւ միւսների «համագործակցութիւնը» նացիստական Գերմանիայի հետ: Այս պատմութեան վիպական արտացոլումը տեղ է գտել Վ. Ոսկանեանի «Շշուկների մատեան» տաղանդաւոր վէպում. «Զօրավար Դրոյի զէնքերը» հատւածը Դրոյի այդ շրջանի գործունէութեան միֆականացւած պատումն է: Նացիստական Գերմանիայի հետ Դրոյի «համագործակցութիւնը», թերեւս, նրա անդադրում կեանքի ամէնից բարդ եւ խնդրայարոյց դրւագն է, որը սկզբնապէս ոչ միանշանակ է ընդունւել նաեւ ՀՅԴ-ի շարքերում(15): Դրա գնահատականը միանշանակ չէ նաեւ «Շշուկների մատեան»-ում: Դրոյի կերպարի շուրջ վէպում ստեղծւած դրական խորհրդաւորութիւնը առնւազն վկայում է նրա անձի նկատմամբ Եւրոպայի, մասնաւորապէս՝ Ռումինիայի հայութեան մէջ եղած մեծ համակրանքի մասին, բայց դա չի խանգարում, որպէսզի հեղինակը, այնուամենայնիւ, վերապահումով, եթէ չասենք՝ քննադատաբար վերաբերւի նացիստական Գերմանիայի հետ նրա «համագործակցութեանը»: Ըստ հեղինակի, Դրոյի՝ այդ համագործակցութեամբ պայմանաւորւած նպատակները, այն է՝ «...գերմանացիների գրաւած Եւրոպայի հայերին պաշտպանելն ու բոլշեւիկների գրաւած Հայաստանն ազատագրելը» իրականութիւն չդարձան(16): Այս ձեւակերպումը ճշմարտանման լինելով, սակայն, ամբողջ ճշմարտութիւնը չէ: Նախ, դա իրողութիւնների վիպական, այլ ոչ թէ քաղաքագիտական եւ պատմագիտական գնահատական է, երկրորդ՝ նրանում բացակայում է երրորդ խնդիրը՝ հայկական լեգէոն կազմակերպելու քողի տակ գերմանական ռազմաճամբարներից ազատել անմարդկային պայմաններում գտնւող եւ ստոյգ մահւան դատապարտւած հայ (=խորհրդահայ) ռազմագերիներին: Այդ «համագործակցութեամբ» Դրոն իր համախոհների հետ փրկել է շուրջ 40000 հայի կեանք(17): Մի՞թէ դա փոքր նպատակ էր: Ինչ վերաբերում է բոլշեւիկներից Հայաստանը ազատագրելուն, ապա առաջնահերթ խնդիր էր, նախ, Գերմանիայի միջոցով զսպել Թուրքիայի ախորժակը, որը, լինելով գերմանացիների դաշնակիցը Երկրորդ աշխարհամարտում, յարմար պահի էր սպասում Խորհրդային Հայաստան ներխուժելու եւ 1915-ին անաւարտ մնացածն աւարտին հասցնելու համար...

Ի տարբերութիւն «Խմբապետ Շաւարշի» հեղինակի, նկատելի է, որ «Շշուկների մատեան»-ի հեղինակը փորձել է հնարաւորինս անկողմնակալ լինել Մեծ հայի մասին իր գնահատականներում: Կարծում ենք՝ ասւածի վկայութիւններն են «Զօրավար Դրոյի զէնքերը» հատւածը եզրափակող հետեւեալ տողերը. «...Ինչ վերաբերում է Դրոյի զէնքերին, եթէ գոյութիւն են ունեցել կամ որեւէ տեղ թաղւած են, դրանք օգտակար եղան գէթ պատրանքներով սնելու համար նրանց, որոնց համար այլեւս ոչ մի յոյս չկար: Ինչը որ այդ ժամանակների համար քիչ բան չէր»(18):

Դրոյի մէջ զարմանալի կերպով համադրւել են յանդուգն քաջութիւնը եւ իրատեսութիւնը: Ասւածի վկայութիւններն են, մի կողմից, միայն հայկական կամաւորական գնդերի ուժերով դէպի Տարօն արշաւելու նրա ծրագիրը 1915 թ., որը չիրագործւեց գնդերի հրամանատարների միջեւ անհամաձայնութեան, ինչպէս նաեւ առհասարակ ռուսական զօրքերի անակնկալ նահանջի պատճառով, միւս կողմից՝ 1918-ին ռուսական զօրամասերի հեռանալուց յետոյ ռազմաճակատի գիծը կրճատելու եւ խորացւած պաշտպանութիւն կազմակերպելու առաջարկութիւնը (իսկ դա նշանակում էր հրաժարւել Արեւմտեան Հայաստանի ազատագրւած տարածքներից): Այդ օրերին այդպիսի առաջարկութիւն կը յանդգնէր անել միայն Դրոն, որովհետեւ ոչ ոք չէր կարող կասկածի տակ դնել նրա ո՛չ քաջութիւնը եւ ո՛չ էլ հայրենասիրութիւնը, բայց, միեւնոյն է, այդ առաջարկութեան նշանակութիւնը չընկալւեց ժամանակի պատասխանատուների կողմից, որի պատճառով շատ մեծ էր նաեւ Արեւելեան Հայաստանը կորցնելու վտանգը, եթէ չլինէին մայիսեան յաղթանակները եւ առհասարակ տարածաշրջանում չփոխւէր աշխարհաքաղաքական իրավիճակը:

Դրոյին բնորոշ էին ռոստոմեան տիպի գործնական մտածողութիւնը եւ տիրական ազդեցութիւնը զինակիցների շրջանում. «Դրոյի խօսքը օրէնք էր բոլորիս համար»,- գրել է խմբապետ Մարտիրոս Աբրահամեանը(19):

Չնայած որ Դրոն նախորդ դարի Հայոց ազատամարտի եւ առհասարակ հայկական իրականութեան այն մեծերից է, որոնց գործունէութիւնը շատ է լուսաբանւել եւ արժեւորւել, մեր կարծիքով, սակայն, նրա գործի իրական՝ համազգային չափանիշներով գնահատումը մեծ հաշւով դեռեւս տեղի չի ունեցել: Դրոյի մեծութեան իրական գիտակցումը առայժմ մնում է կուսակցական-պատմագիտական նեղ շրջանակների սեփականութիւնը: Մի հանգամանք, որը, նրա առաւելութիւնը լինելով, ցաւօք, դարձել է նաեւ «խոցելի» կողմը(20): Ում համար արժէք են անկախ պետականութիւնը եւ ազատ հայրենիքը, նա կը հասկանայ, թէ ովքեր են Դրոները, իսկ ով կրողն է «ամբոխային տրամաբանութեան», Դրոները նրա համար միայն բախտախնդիրներ են, ովքեր խռուում են իր ճորտային անդորրը: Դրօ երեւոյթը գնահատելու համար կարեւոր է ընդունել առնւազն մի բան. Բագրատունիների թագաւորութեան կործանումից ի վեր Հայաստանի Առաջին Հանրապետութեան կերտումը հայ ժողովրդի մեծագոյն նւաճումն է, իսկ Դրոն, Արամ Մանուկեանի հետ միասին, այդ հանրապետութեան «գլխաւոր կերտիչն» է:

 

Ծանօթագրութիւններ

1. Եթէ միւս անունները արդէն բաւականաչափ յայտնի են ընթերցողին, ապա նոյնը չի կարելի ասել Պարսկական սահմանադրական յեղափոխութեան հերոս եւ փաստական ղեկավար Եփրեմի (Եփրեմ Դաւթի Դաւթեան) մասին, որովհետեւ նրա մարտական կենսագրութիւնը հանկարծակի ընդհատւեց իր սրընթաց վերելքի ընթացքի մէջ՝ 1912 թ.: Եփրեմի մեծութեան վկայութիւններից մէկը Դ. Վարուժանի «Եփրեմ» բանաստեղծութիւնն է՝ գրւած հերոսի նահատակութեան առիթով:

2. Տե՛ս Համլետ Գէորգեան, Դրօ, Եր., 2014, էջ 892:

3. Եղիշէ Չարենց, Խմբապետ Շաւարշը // Երկերի ժողովածու 4 հատորով, հ. 2, Եր., 1986, էջ 199:

4. Տե՛ս Ս. Վրացեան, Մրրկածին Դրոն // նոյնի՝ Կեանքի ուղիներով, հ. IV, Պէյրութ, 2007, էջ 177:

5. Տե՛ս Թ. Նազարբեկեանի անտիպ յուշերը, «ՎԷՄ», 2019 թ., թիւ 1, էջ 287, «ՎԷՄ», 2019 թ., թիւ 3, էջ 213:

6. Ս. Վրացեան, նշւ. աշխ., էջ 179:

7. Տե՛ս Եղիշէ Չարենց, նշւ. աշխ., էջ 198:

8. Տե՛ս Ս. Վրացեան, նշւ. աշխ., էջ 175:

9. Տե՛ս Հրաչիկ Սիմոնեան, Անդրանիկի ժամանակը, գ. Բ, Եր., 1996, էջ 574:

10. Տե՛ս Ս. Վրացեան, նշւ. աշխ., էջ 179,- Վարդգէս Ահարոնեան, Անդրանիկ. Մարդը եւ ռազմիկը, Եր., 2019, էջ 308-326, Համլետ Գէորգեան, նշւ. աշխ., էջ 462-469:

11. Տե՛ս Եղիշէ Չարենց, նշւ. աշխ., էջ 199:

12. Տե՛ս Ս. Վրացեան, նշւ. աշխ., էջ 192:

13. Տե՛ս Եղիշէ Չարենց, նշւ. աշխ., էջ 200:

14. Խմբապետ Շաւարշի նախատիպը Շաւարշ Բասենցեանն է, իսկ «կնքահայր» Սմբատի նախատիպը՝ խմբապետ Սմբատ Բարոյեանը (Մախլուտո): Փետրւարեան ապստամբութեանը յաջորդող քառասնօրեայ քաղաքացիական կռիւների ժամանակ խմբապետ Շաւարշը եղել է Սմբատ Բարոյեանի (Վարիչ Սմբատ) օգնականը Ղամարլուի ռազմաճակատում:

15. Տե՛ս Վ. Նաւասարդեան, Դրոյի գործը՝ բ. Աշխարհամարտի օրերուն // Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, հ. Դ, 1995, էջ 339-347:

16. Վարուժան Ոսկանեան, «Շշուկների մատեան», Եր., 2014, էջ 188:

17. Տե՛ս Ս. Վրացեան, նշւ. աշխ., էջ 212:

18. Վարուժան Ոսկանյան, նշւ. աշխ., էջ 206:

19. Տե՛ս Մարտիրոս Աբրահամեան (Բաշգառնեցի Մարտիրոս), Իմ յիշելի յուշերը, Եր., 2016 թ., էջ 244:

20. Այդ առումով Դրոն նախանձելի վիճակում է, եթէ նրան համեմատում ենք, օր., Քրիստափոր Միքայէլեանի, Ս. Զաւարեանի եւ Ռոստոմի հետ, որոնց գործը ծանօթ չէ ոչ միայն հայութեան լայն շրջանակներին, այլեւ՝ մտաւորականութեանը: Անուններ, որոնք հայոց պատմութեան նոր շրջափուլի իրական դարբիններն են, եւ առանց որոնց ո՛չ Անդրանիկը կը լինէր Անդրանիկ, ո՛չ Արամը՝ Արամ եւ ո՛չ էլ Դրոն՝ Դրօ:

 

«Դրօշակ», թիւ 5 (1639), մայիս, 2020 թ.

Յարակից լուրեր

  • Հոգեհանգստեան պաշտօն՝ 1918 թւականի մայիսեան հերոսամարտերի նահատակների յիշատակին՝ Նոր Ջուղայում
    Հոգեհանգստեան պաշտօն՝ 1918 թւականի մայիսեան հերոսամարտերի նահատակների յիշատակին՝ Նոր Ջուղայում

    Հոգեհանգստեան պաշտօն՝ ի յիշատակ հայոց ազգի ազատութեան ճանապարհին 1918 թւականին, Բաշ-Ապարանի, Սարդարապատի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում նահատակւած հայորդիների։

  • Խմբագրական. Շուշին անվտանգութեան ապահովման հիմնական յենակէտ է
    Խմբագրական. Շուշին անվտանգութեան ապահովման հիմնական յենակէտ է

    Մայիս 8-ը սակայն ամէնէն շատ կը կեդրոնանայ Շուշիի ազատգրումի ունեած ռազմավարական նշանակութեան վրայ, որ ըստ էութեան դարձաւ նաեւ ամբողջ Արցախի ազատագրումի կարեւորագոյն անկիւնաքարը։ Շուշին ռազմագիտական առումով դարձաւ յենակէտը ամբող Արցախի անվտանգութեան ապահովման եւ այդ ճամբով նաեւ՝ Հայաստանի Հանրապետութեան։ Շուշին, ըստ էութեան երաշխաւորեց թէ՛ Արցախի եւ թէ՛ Հայաստանի հանրապետութիւններու անվտանգութիւնը։ Այդ հանգամանքով նաեւ պետականութեան շարունակականութիւնը։

  • Դրոյի 135-ամեակի առիթով
    Դրոյի 135-ամեակի առիթով

    Իր կենդանութեան իսկ, ԴՐՕ առասպելական հերոսը դարձաւ հայ ժողովուրդին։ Իսկ մահէն ասդին, որքան ժամանակը թաւալի, այնքան աւելի կը պայծառանայ մարտունակ կերպարը hայու հանդգնութիւնն ու խիզախութիւնը անկրկնելիօրէն մարմնաւորած «մրրկածին» ազատամարտիկին։

  • Ուրմիայի գոյամարտի վճռորոշ դերը՝ 1918 թ. Մայիսեան յաղթանակներում
    Ուրմիայի գոյամարտի վճռորոշ դերը՝ 1918 թ. Մայիսեան յաղթանակներում

    Թուրքական բանակը մինչ 1918 թ. Մայիսեան ջախջախիչ պարտութիւնները, արդէն բազմիցս ճաշակել էր հայի անկոտրում կամքի ու բազկի զօրութիւնը...

  • 1905 թւականի մայիսի 11. Դրօ-ն ահաբեկեց Նակաշիձէին
    1905 թւականի մայիսի 11. Դրօ-ն ահաբեկեց Նակաշիձէին

    114 տարի առաջ, ճիշտ այս օրը՝ 1905 թւականի մայիսի 11-ին, Բաքւի կենտրոնական հրամապարակներից՝ Պարապետի վրայ, ահաբեկւեց հայ-թաթարական կռիւների սադրիչ, թաթարների աջակից, հայատեաց գեներալ-գուբերնատոր (նահանգապետ) Նակաշիձէին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։