Print this page
02/06/2020 - 11:40

Վարդան Բախշեանը յունիսի 1-ին կը դառնար 55 տարեկան

Յունիսի 1-ն ազատամարտիկ Վարդան Բախշեանի ծննդեան օրն էր: Նա կը դառնար 55 տարեկան:

Յունիսի 1-ն ազատամարտիկ Վարդան Բախշեանի ծննդեան օրն էր: Նա կը դառնար 55 տարեկան:

Միջնակարգ կրթութիւնը ստացել է ծննդավայր Արմաւիր քաղաքի թիւ 2 միջնակարգ (այժմ՝ Վարդան Բախշեանի անւան) դպրոցում։ 1983 թ. ընդունւել է ԵՊՀ-ի պատմութեան ֆակուլտետ։ 1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում (զինւորական ծառայութիւնն անցկացրել է Հեռաւոր Արեւելքում)։ Զօրացրւելուց յետոյ ուսումը շարունակել է համալսարանում։ 1989 թ. ընդունւել է ԵՊՀ ասպիրանտուրա՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի պատմական աշխարհագրութեան եւ քարտէզագրութեան լաբորատորիայում։ Վարդանը ուսանողական տարիներին համալսարանի արեւելագիտութեան ֆակուլտետում թուրքերէն եւ ադրբեջաներէն էր ուսումնասիրում։ Թուրքերէնի հանդէպ Վարդանի հետաքրքրութիւնը պայմանաւորւած էր՝ հետագայում թուրքական արխիւներում հայոց պատմութեան համար անյայտ էջերի ուսումնասիրմամբ։ 1989 թ. Վ. Բախշեանը դառնում է Հայաստանում կրկին վերահաստատւած Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ) հիմնադիրներից մէկը։ 1991 թ. Աթենքում ընտրւում է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչութեան անդամ։

Մինչեւ Արցախի ազատամարտին մասնակցելը Վ. Բախշեանը պատրաստւում էր պաշտպանել թեկնածուական ատենախօսութիւն՝ «Արեւմտեան Հայաստանի վարչական բաժանումները» թեմայով։ Չափազանց կարճ ժամկէտում հաւաքել եւ խմբաւորել էր համապատասխան նիւթերը, կատարել աղբիւրագիտական տւեալների վերլուծութիւն, կազմել տեղեկատւական աղիւսակներ, ճշգրտել վարչական միաւորների ընդգրկած սահմանները, միաժամանակ կազմել Էրզրումի, Դիարբեքիրի, Սւասի, Կարսի տեղագրութիւնը՝ վարչատարածքային եւ պատմաշխարհագրական նկարագրով։

Արցախեան հերոսամարտի տարիներին նա մի խումբ ընկերների հետ հիմնադրել է ՀՈՒԴ-ը (Հայ ուսանողական դաշինք) եւ հրատարակել «Դաշինք» ուսանողական թերթը։ Վարդանը իր ուսանողուհի քրոջ՝ Աննայի հետ անդամագրւել է արցախեան շարժմանը։

Անդամագրւելով Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը՝ 1990 թ. ընկերների հետ մեկնել է Արցախ, մասնակցել տեղի գիւղերի պաշտպանութեան մարտերին։ Մասնակցել է Բերդաձորի ինքնապաշտպանութեանը։ Վ. Բախշեանը զոհւել է 1991 թ. դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գիւղի մօտ։

Արմաւիրի թիւ 2 միջն. դպրոցը անւանակոչւել է Վ. Բախշեանի անունով։ ԼՂՀ նախագահի 1995 թ. թիւ 42 հրամանագրով Վ. Բախշեանը յետմահու պարգեւատրւել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

1998 թ. փետրւարին յետմահու պարգեւատրւել է ԵՊՀ արծաթէ յուշամեդալով։

2008 թ. ԵՊՀ Աստւածաբանութեան ֆակուլտետի լսարաններից մէկը անւանակոչւել է Վ. Բախշեանի անւամբ։

 

Yerkir.am

Յարակից լուրեր