Հա

Գաղափարական

25/06/2020 - 09:50

Անհատը եւ պատմութիւնը

Իւրաքանչիւր ժողովրդի ազգային արժեհամակարգը մեծ հաշւով ձեւաւորւում է առնւազն երկու իրողութեան հաշւառումով՝ իր պատմական անցեալին տրւած գնահատականով եւ ապագային միտւած տեսլականով: Իհարկէ, երկրորդի մասին պատկերացումները զգալի չափով պայմանաւորւած են առաջինով, բայց դա չի նշանակում, թէ նաեւ կանխորոշւած են առաջինով: Անցեալի եւ ապագայի հատման կէտում օբիեկտիւ իրողութիւններն են եւ Մեծ անհատները: Բայց … իրապէ՛ս Մեծ անհատները, այլ ոչ թէ՝ մեծ աճպարարները:

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Իւրաքանչիւր ժողովրդի ազգային արժեհամակարգը մեծ հաշւով ձեւաւորւում է առնւազն երկու իրողութեան հաշւառումով՝ իր պատմական անցեալին տրւած գնահատականով եւ ապագային միտւած տեսլականով: Իհարկէ, երկրորդի մասին պատկերացումները զգալի չափով պայմանաւորւած են առաջինով, բայց դա չի նշանակում, թէ նաեւ կանխորոշւած են առաջինով: Անցեալի եւ ապագայի հատման կէտում օբիեկտիւ իրողութիւններն են եւ Մեծ անհատները: Բայց … իրապէ՛ս Մեծ անհատները, այլ ոչ թէ՝ մեծ աճպարարները: Վերջինների ակտիւութիւնը որքան բարձր, այնքան աւելի վատ տւեալ ժողովրդի համար: Երկրորդ կարգի օրինակները բազմաթիւ են գրեթէ ցանկացած ժողովրդի պատմութեան մէջ, այդ թւում՝ մեր: Կարծում ենք՝ անհերքելի ճշմարտութիւն է այն, որ ինչպէս իրական Մեծերը, այնպէս էլ մեծ աճպարարները ժամանակի եւ իրավիճակների ծնունդ են: Մեծ խնդիրները լուծում են Մեծ անհատները, իսկ մեծ աճպարարները բարձրանում են առաջինների ստեղծած պատւանդանի վրայ եւ ինչ-որ ժամանակ «մեծ» են խաղում: Բախտաւոր է այն ժողովուրդը, որի միջից վճռորոշ պահերին վեր են բարձրանում իրապէս Մեծ անհատներ:

Ոչ հազւադէպ մեծութեան մասին մեր պատկերացումները միակողմանի են, եթէ չասենք՝ խեղաթիւրւած են:

Օրինակ իրապէս մեծ (ոչ միայն տաղանդաւոր) քաղաքական, պետական գործիչն իր ժամանակի առաջմղիչ ուժն է, իսկ դա չի կարող լինել այլ կերպ, քան ազգի ներուժի միաւորման ճանապարհով: 2018-ի մայիսեան իշխանափոխութիւնը, որ տեղի ունեցաւ ժողովրդային շարժման ալիքի ճնշումով, ոմանց մօտ, թերեւս, ազգային ներուժի համախմբման պատրանք առաջացրեց: Իրականում, սակայն, այդ իշխանափոխութիւնը ունակ չէր այդպիսի առաքելութիւն իրականացնելու, որովհետեւ ոչ միայն չունէր անհրաժեշտ գաղափարական եւ քաղաքական ներուժը, այլեւ այդպիսի համախմբման ցանկութիւնը:

«Չէր տեսել պատից կախ, տեսաւ ճակտից կախ» ժողովրդական ասացւածքի հանգոյն, աննախադէպ հեշտութեամբ, գրեթէ սկուտեղի վրայ, տիրանալով իշխանութեանը եւ, մի կողմից, առաջնորդւելով «բաժանիր, որ տիրես» սկզբունքով (յիշենք «սեւեր» եւ «սպիտակներ» պիտակաւորումը), իսկ միւս կողմից՝ ժողովրդին (իրականում «հպարտ քաղաքացիներին») տալով ոչ իրատեսական խոստումներ (տնտեսական յեղափոխութիւն, պետական բիւջէից գողացւած գումարները մինչեւ վերջին լուման վերադարձնելու ամպագոռգոռ խոստում եւ այլն), կարճ ժամանակ անց «յեղափոխութեան առաջնորդներն» իրենք սկսեցին գործել բացառապէս իշխանատենչութեան մղումով: Պատճառները բազմաթիւ են, բայց, մեր կարծիքով, դրանցից կարեւոր են յատկապէս հետեւեալները.

1) կառավարման փորձի իսպառ բացակայութիւնը,

2) որոշակի արտաքին ուժերի առջեւ ստանձնած պարտաւորութիւնները, որոնք համահունչ չեն մեր ազգային օրակարգին եւ հանդիպում են ազգային ուժերի բնական հակազդեցութեանը (օր.՝ բարձրագոյն կրթական ծրագրերից հայագիտական առարկաների դուրսմղումը, Գիտութիւնների ազգային ակադեմիայի անւանարկումը («ակադեմիան մի տեղ է, ուր գնում են մինչեւ կէսօր սուրճ խմելու»), ոտնձգութիւնները Հայ Առաքելական Եկեղեցու դէմ եւ այլն),

3) իշխանութեան հնարաւորութիւնները յօգուտ անձնական շահի չարաշահելու հակումը, որը նոյնպէս իրականացւում է անթաքոյց կերպով (ինքնապարգեւատրումների աննախադէպ պրակտիկան), չհաշւած գաղտնի ապօրինութիւնները, որոնց մասին նոյնպէս սկսել են խօսել «օդում կախւած լուրերի» հիման վրայ (ծխախոտի գործ, ադամանդի գործ եւ այլն),

4) ընտրովի արդարադատութեան իրագործումը,

5) արատքին քաղաքական մեկուսացումը, որը օր օրի աւելի ակնյայտ է դառնում,

6) արցախեան հակամարտութեան գործընթացում վակուումային, ըստ էութեան՝ ի վնաս մեզ աշխատող, իրավիճակ եւ այլն: Եթէ այս ամէնին աւելացւում են նաեւ պարզ քաղաքացու կեանքում տնտեսական դրական տեղաշարժի իսպառ բացակայութիւնը՝ մի կողմից, եւ ազգաբնակչութեան պառակտումը հակամարտ ճամբարների՝ միւս կողմից, որը միմիայն թուլացնում է համազգային մարտահրաւէրներին դիմակայելու մեր ներուժը, ապա պատկերն ընդհանուր առմամբ կարելի է ամբողջացած համարել: Այս համայնապատկերի վրայ միայն զարմանալ կարելի է, որ ժողովրդի որոշակի, թէպէտեւ՝ աստիճանաբար նւազող շերտերի մօտ դեռեւս պահպանւում է հաւատը «թաւշեայ յեղաշրջման» առաջնորդի քնարական զեղումների նկատմամբ:

2018-ի ժողովրդային շարժումը կարող էր դրական առումով շրջադարձային լինել մեր պետականութեան համար, եթէ այն առաջնորդէին փորձառու եւ ազգային դիմագծով ուժեր, եթէ նրա գլուխ կանգնած լինէին իրապէս Մեծ անհատներ, այլ ոչ թէ մեծի հովերով տառապող աճպարարներ: Չունե՞նք այդպիսի անհատներ… Այս հարցին միանշանակ պատասխանել հնարաէոր չէ, քանզի Մեծի գնահատման չափանիշը միայն մեծ գործն է: Կասկածից վեր է, սակայն, որ ունենք փորձառու եւ աւելի կարող գործիչներ, քան նրանք, որոնց հպարտ քաղքացիների կամքով վստահւել է մեր պետական նաւի ղեկը: Այսօր վտանգւած է մեր անկախութիւնը, քանզի պետութիւնը թեւակոխել է պառակտիչ դաւադրութիւնների շրջափուլ եւ շատ է զգացւում իրապէս Մեծի բացակայութիւնը, որը ի զօրու կը լինի փոխել պատմութեան ընթացքը:

Հայոց պատմութեան ընթացքը մասնակի կամ ամբողջութեամբ փոխւել է բազմիցս, երբ ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում հանդիպել են Մեծ անհատը եւ պատմական անհրաժեշտութիւնը:

Որպէս կանոն՝ տեսանելի են այն մեծերը, որոնց առաջնորդութեամբ ձեւակերպւում են յաղթանակները եւ, ընդհակառակը, իրենց վաստակին համարժէք չեն ընկալւում եւ գնահատւում այն մեծերը, որոնք բեկում են պատմութեան ընթացքը, բայց նրանց վիճակւած չէ ամբողջացնել սկսած գործը: Դա մնում է յաջորդներին: Այդպիսի մեծութիւն էր, օրինակ, Բագրատունեաց թագաւորական հարստութեան հիմնադիր Աշոտ Բագրատունին (887-891), որին յաջողւեց Արշակունեաց թագաւորութեան կործանումից շուրջ չորսուկէս դար յետոյ, յաղթահարելով Արաբական խալիֆայութեան բռնաճնշումները եւ նրանց կամակատարը դարձած ներքին թշնամու դիմադրութիւնը, վերականգնել հայոց պետականութիւնը, բայց վաղաժամ մահւան պատճառով նրան վիճակւած չէր նոյնիսկ հիմնական գծերով ուղենշելու իր հիմնադրած թագաւորութեան գաղափարական խարիսխները: Այդ կարեւորագոյն գործը մնում էր յաջորդների ուսերին: Ամէնից նշանաւոր Բագրատունի արքան Աշոտ (Բ) Երկաթն է (914-929), որը, յիրաւի, մեր մեծագործ արքաներից մէկն է, քանզի խիզախումի անօրինակ դրսեւորումներ էին Բագրատունեաց թագաւորութիւնը միաւորելուն ուղղւած նրա ջանքերը մեր պատմութեան ամէնից դրամատիկ շրջաններից մէկում, սակայն դա դեռեւս չի նշանակում, թէ նրա դերը այդ շրջանի հայոց պատմութեան մէջ աւելի մեծ է, քան իր պապի՝ Աշոտ Ա Մեծի:

Մէկ օրինակ էլ մեր պատմութեան համեմատաբար մերձաւոր շրջափուլից:

19-րդ դարի 80-ական թթ. հայ իրականութեան մէջ սկսում է սաղմնաւորւել ազգային-ազատագրական պայքար թուրքական բռնակալութեան դէմ, որի ղեկավարումը աստիճանաբար իր ձեռքն է վերցնում 1990-ին հիմնադրւած Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը: Երեսնամեայ ազատամարտի տարիներին՝ իր կազմաւորումից մինչեւ Առաջին հանրապետութեան անկումը (1920 թ.), Դաշնակցութեան դրօշի տակ գործել եւ անմահ փառքի են արժանացել հազարաւոր նւիրեալներ: Նրանց մի մասի գործունէութիւնը ձեռք է բերում համազգային մասշտաբներ, եւ նրանք դառնում են մեր նոր պատմութեան մեծ դարբինները (Աւետիս Ահարոնեան, Յովհաննէս Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսեան, Համօ Օհանջանեան, Սիմոն Վրացեան, Նիկոլ Դուման, Արմէն Գարօ (Փաստրմաճեան), Արամ Մանուկեան, Խաչատուր Կարճիկեան, Անդրանիկ, Ռուբէն, Դրօ եւ ուրիշները), որոնցից Արամ Մանուկեանին իր ժամանակակիցները պիտի բարձրացնէին Առաջին Հանրապետութեան հիմնադրի պատւանդանին: Նշւած անունների մէջ ամէնից յայտնին, թերեւս, Անդրանիկը եւ Դրոն են: Անդրանիկի անունը, Դաշնակցութեան հետ հակադրելու հաշւին, ժողովրդի մէջ շարունակել է շրջանառւել նոյնիսկ խորհրդային իշխանութեան տարիներին, երբ միւս անունների վրայ ամուր կերպով իշխում էր խորհրդային տաբուն: Դրոյի անունը հանրահռչակւեց յատկապէս Երրորդ հանրապետութեան շրջանում, երբ նրա կեանքի ու գործի մասին գրւեցին ուսումնասիրութիւններ եւ խօսւեց յատկապէս Մայիսեան հերոսամարտերի առնչութեամբ՝ որպէս Բաշ Ապարանի հերոսամարտի ղեկավարի: Սակայն որքան էլ որ մեծ է, յիրաւի՝ պատմականօրէն մեծ է նշւած գործիչների, այդ թւում՝ Արամի դերը մեր ազգային ազատագրական պայքարը կազմակերպելու եւ առաջնորդելու գործում, որքան էլ որ անուրանալիօրէն մեծ է նրանց ծառայութիւնը Առաջին Հանրապետութեան կայացման ճանապարհին, միեւնոյնն է,- նրանցից առաջ եւ նրանց կողքին կային անհատներ, որոնք պատմութեան այդ դարակազմիկ շրջափուլի մեծ ճարտարապետներն էին ու հոգեւոր հայրերը, բայց նրանց գործի մեծութեան գիտակցումը օբիեկտիւ եւ սուբիեկտիւ պատճառներով ունեն շատ քչերը: Մենք նկատի ունենք առաջին հերթին ՀՅԴ հիմնադիր երրորդութեանը՝ Քրիստափոր Միքայէլեան, Սիմոն Զաւարեան եւ Ռոստոմ (Ստեփան Զօրեան): Յատկապէս առաջինին, որի մտքի եւ կամքի դրոշմն է կրում Դաշնակցութիւնը՝ որպէս Հայոց մեծ ազատամարտի դրօշակակիր: Հետեւաբար, այդ դրոշմն է կրում նաեւ 19-րդ դարավերջի եւ 20-ի սկզբի հայոց պատմութիւնը, որովհետեւ հէնց Դաշնակցութիւնն է եղել այդ պատմութեանը դիմագիծ հաղորդող գաղափարական եւ կազմակերպական ուժը: Իսկ նշւած շրջանի պատմութիւնը՝ իր վերելքներով ու անկումներով, հերոսական մաքառումի եւ անօրինակ խիզախումի պատմութիւն է: Քրիստափորը եղաւ այն Մեծ անհատը, որի կամքով բեկւեց հայոց նոր պատմութեան ընթացքը, յեղաշրջւեց հայի գիտակցութիւնը՝ ճորտացւածից եւ պետականազուրկից վերածւելով հերոսականի ու պետականամետի:

Իսկ քանի՞սն են այսօր ճանաչում մեր նոր պատմութեան այդ հսկային: Շատ քչերը, որովհետեւ դաշնակցական միջավայրից դուրս Քրիստափորը եւ իր գաղափարակից ընկերները առ այսօր յայտնի են միայն որպէս կուսակցական հիմնադիրներ ու գործիչներ, այլ ոչ թէ՝ ազգային-ազատագրական պայքարի ռահւիրաներ, ինչպիսին որ նրանք էին իրականում:

Կուսակցութիւնը, իրենց իսկ ստեղծած կուսակցութիւնը՝ ՀՅԴ-ն, նրանք դիտել են որպէս կազմակերպական ձեւ եւ միջոց, որը պիտի ծառայէր (եւ ծառայել է) «հայութեան ազատագրութեան դատին»: Նրանք կուսակցական գործիչներ չէին այդ բառի այժմյան ըմբռնումով, այն է՝ յանուն իշխանութեան պայքար մղող խմբաւորում (այդ իշխանութիւնը չկար էլ), այլ ազգային գործիչներ՝ բառիս լայն ու լիարժէք նշանակութեամբ: Առանց վարանելու կարելի է ասել, որ Քրիստափորը ոչ միայն հայոց պատմութեան մեծ երեւելիներից է, այլեւ մեր նոր պատմութեան Մեծագոյն հայը, որի գործի նշանակութիւնը համեմատելի է այն մեծ թագակիրների գործի հետ, որոնք նոր դարագլուխ են բացել հայոց բազմադարեան պատմութեան չընդհատւող ճանապարհին, բեկում են մտցրել հայութեան պատմական ճակատագրի մէջ՝ նրան վերադարձնելով իր արժանապատւութիւնը եւ հաւատը իր կարողականութեան ու ապագայի նկատմամբ:

Քրիստափորը հայոց նոր պատմութեան մեծագոյն ջահակիրն էր, մտքի եւ ոգու ջահակիրը, որի արձակած լոյսը մինչեւ օրս առաջնորդ է ազգային արժեհամակարգի կրող իւրաքանչիւր հայի համար:

Նմանատիպ օրինակներ կարելի է յիշել նաեւ այլ ժողովուրդների պատմութիւնից: Այսպէս. զարգացման ի՞նչ ընթացք կունենար Ռուսաստանը եւ արդեօ՞ք կը դառնար տարածաշրջանային, ապա նաեւ համաշխարահային գերտէրութիւն, եթէ 18-րդ դարի սկզբին նրա ղեկը յայտնւէր ոչ թէ Պետրոս Մեծի, այլ Սոֆիայի ձեռքերում: Իսկ Սոֆիան գահին ձգտում էր ամէն գնով: Ու շատ թէ քիչ ծանօթ է Ռուսաստանի այդ շրջանի պատմութեանը, միանշանակ կասի. Ռուսաստանը չէր լինի այն, ինչ կայ: Նոյնը կարելի է ասել նաեւ ներկայ Ռուսաստանի մասին: Արդեօ՞ք Ռուսաստանը կը պահպանէր գերտէրութեան կարգավիճակը եւ ի զորու կը լինէր դիմակայել Արեւմուտքի քաղաքական ու յատկապէս տնտեսական ճնշումներին, եթէ նրա ղեկավարը լինէր ոչ թէ Վ. Պուտինը, այլ, օրինակ, Վ. Ժիրինովսկին: Այս հարցի պատասխանը մեզ համար միանշանակ է: Եթէ կան այլ կերպ մտածողներ, իրենց իրաւունքն է: Մի առիթով ասել ենք եւ աւելորդ չենք համարում կրկնել, որ Բ. Ելցինի ամէնից մեծ գործը, որ հեռանալուց առաջ նա արեց Ռուսաստանի համար, իր յետնորդի որոշակիացումն էր ի դէմս Վ. Պուտինի:

Հետեւաբար, որքան էլ ոմանք փորձեն ժխտել անհատի դերը պատմական իրադարձութիւնների զարգացումն ուղղորդելու գործում, ամենազօր պատմութիւնը տալիս է հակառակի բազմաթիւ օրինակներ:

Այսօր հայ ժողովուրդը ապրում է իր պատմութեան ամէնից դժւարին օրերից մէկը, սակայն, ցաւօք, ամէն ինչ այնքան է խճողւած, որ առայժմ քչերն ունեն այդ տագնապի լիարժէք գիտակցումը: «Ոչ բռնի, թաւշեայ» գործընթացների մի որոշակի տոկոս դեռեւս մնացել է 2018-ի մայիսի բարիկադների վրայ: Իսկ այդ տոկոսը հայ ժողովրդի մասն է: Մէկ անգամ եւս պիտի կրկնենք. Մեծ անհատների ժամանակն է, որոնք կարող են ապագայի համար պատասխանատէութիւն ստանձնելու կամք դրսեւորել, ի զօրու կը լինեն ոչ միայն տարբերել ազգային-պետական առաջնահերթութիւնները, այլեւ դրա գիտակցումը հասցնել հանրութեան լայն շրջանակներին, քանզի յայտնի ճշմարտութիւն է. ով չի ցանկանում փրկւել, նրան հնարաւոր չէ փրկել:

Մենք մի վիճակում ենք, երբ անհատների փրկւելու ցանկութիւնից կախւած է ընդհանուրի փրկութեան հնարաւորութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։