Հա

Գաղափարական

07/07/2020 - 11:00

«Վէմ»-ի խմբագրական․ Քրիստափորի կտակը

Հերոսը հասկանում է ժամանակի հրամայականը, որքան էլ այն դաժան լինի իր եւ իր շրջապատի համար եւ ընդունում է նրանից բխող մարտահրաւէրը որպէս սեփական ճակատագիր։ Այդ պատճառով ազգի հաւաքական կեցութեան վրայ կախւած գոյութենական մարտահրաւէրին դիմակայելու համար Քրիստափորը գործնական գետնի վրայ տեղափոխեց շուրջ մէկ հազարամեակ անլուծելի թւացող խնդրի լուծումը՝ պառակտւած ու մարտական փորձառութիւնից գրեթէ զրկւած հայերին յեղափոխական բանակի վերածելու խնդիրը։

Մարդ, …որի կամքին հնազանդօրէն յանձնւում են միւս բոլոր կամքերը, ենթարկւում եւ դրա մէջ տեսնում իրենց բարօրութիւնը, այդպիսի մարդուն մենք ամենայն իրաւամբ կարող ենք համարել մեծերից մեծագոյնը: Նա իրականում գործնականօրէն մարմնաւորում է հերոսականութեան բոլոր բազմազան ձեւերը՝ հովւապետին, ուսուցչին, ընդհանրապէս ամէն տեսակի երկրային եւ հոգեւոր արժանիքները, որոնք որ մենք կարող ենք պատկերացնել մարդու մէջ, մարմնաւորում է, որպէսզի այդ կերպ իշխի մարդկանց վրայ, նրանց մշտապէս գործնական խրատներ տայ, ամէն օր եւ ամէն ժամ ցուցումներ տայ, թէ նրանք ինչ պէտք է անեն։

Թոմաս Քարլայլ

 

Ներկայ դժւարին ժամանակներում, երբ բնականոն կեանքի հիմնաքարերը դանդաղօրէն հեռանում են մեզանից՝ իրենց տեղը զիջելով տագնապներով լի առօրեականութեանը, ազգի դիմադրողականութեան ամրապնդման խնդիրը ստիպում է վերյիշել անելանելի իրավիճակներում մեր քաղաքական կամքը դարբնած նւիրական հերոսների գործերը։

Ուստի այսօր, երբ մեր յիշողութիւնը վերաիմաստաւորում է անցեալում արձանագրւած հերոսականութեան առաւել վառ դրսեւորումները, նոր լուսարձակի կարիք է զգում նաեւ 115 տարի առաջ Բուլղարիայի Վիտոշ լեռան լանջին ՀՅԴ առաջնորդ Քրիստափոր Միքայէլեանի նահատակութեան խորհուրդը։ Քանզի ներկայումս այն նոր իմաստ է ձեռք բերել ինչպէս հերոսների պաշտամունքի ու հերոսականութեան գիտական ընկալման, այնպէս էլ մեր շուրջն ընթացող բարդ ու հակասական զարգացումներին դիմակայելու խնդրի համատեքստում։

Մեզանում Քրիստափոր նւիրական անւան գործածումը սկիզբ է առել գրեթէ 2 հազար տարի առաջ Հայաստան եկած առաջին առաքեալների կողմից Գողթն գաւառի Գինդազ լեռան ստորոտին Սուրբ Քրիստափոր եկեղեցու հիմնարկեքի պահից։ Հետագայում դառնալով Վերին Ագուլիս գիւղաքաղաքի մայր եկեղեցին` սկզբնապէս փայտաշէն այդ շինութիւնը, բազմիցս աւերւելուց ու վերակառուցւելուց յետոյ` 17-րդ դարում, Նաղաշ Յովնաթանի կողմից զարդարւեց Գրիգոր Լուսաւորչի, Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթեւի եւ հայոց այլ մեծերի պատկերներով։ Յիսուսի աշակերտների ստեղծած Խրիստոֆորոս, այսինքն՝ նա, ով իր հոգում կրում է Քրիստոսին, նւիրական անունը ժառանգած Քրիստափոր Միքայէլեանը իր մանկութեան ու պատանեկութեան տարիներին հայոց պատմութեան այդ երեւելի դէմքերի մէջ է տեսել Մայր Հայաստանի պատկերը եւ հետագայ ողջ կեանքով ու նահատակութեամբ ծառայել նրա ազատագրութեան գործին։

Առաջին առաքեալների կողմից սրբացւած վայրում ծնւած եւ նրանց հիմնած Սուրբ տաճարի անւանումը ժառանգած ագուլիսցի պատանու հոգում ի սկզբանէ անթեղւած էին համամարդկային ու ազգային զոյգ առաքելութիւնները։ Որովհետեւ Ագուլիսը միայն հոգեւոր աւազան չէր Քրիստափորի համար, այլ նաեւ իր գերւած հայրենիքի մանրակերտը, որը Հայաստանի բազմաթիւ այլ ոստանների նման դաշտավայրը զաւթած «թուրքի ահից» քաշւել էր հայրենի լեռների ստորոտները։ Նոր ժամանակներում Հայաստանի հոգեւոր ու ֆիզիկական խորհրդանիշերի դասական համադրութիւնը հանդիսացող միջավայրից պէտք է ծնունդ առնէր նրա անխորտակելի կամքի նոր մարմնաւորումը՝ Քրիստափոր Միքայէլեան մարդը։

Թէեւ պատմութիւնը հերոսի ուսուցիչն է, բայց ժամանակն է նրա ուղեցոյցը։ Այդ պատճառով Նոր ժամանակները, ժառանգելով անցեալի նւիրեալների անմնացորդ զոհողութիւնների վառ օրինակները, արդիական շունչ ու գունաւորում հաղորդեցին նրանց մեծ ու փոքր գործերին։ Ուստի նախնադարի ցեղային առաջնորդների աստւածացւած կերպարների եւ վաղ միջնադարում հերոսացւած մարգարէների փոխարէն Նոր ժամանակների հերոսը մարմնաւորեց «հերոսն իբրեւ առաջնորդ» յղացքը՝ այն դարձնելով 19-20-րդ դարերի յեղափոխականութեան ընկալման հիմքը։

Որովհետեւ բանականութեան դարը նոր որակներ էր ներբերել հերոսականութեան համաշխարհային շքերթի մէջ՝ ռացիոնալ մտածողութեամբ ամրապնդելով հերոս-առաջնորդի գիտակցված կամքը։ Հիմնւելով Լուսաւորութեան կանտեան բանաձեւի վրայ՝ «խիզախութիւն ունեցիր օգտւելու սեփական բանականութիւնից»՝ Նոր ժամանակների հերոսը պատմութեան առարկայական ու ենթակայական գործօնների ներդաշնակ համադրութիւնն է դարձրել իր յաջողութեան գրաւականը։ Ու թէեւ մեծ գործերը նրանից նաեւ մեծ զոհողութիւններ են պահանջել, բայց եւրոպական առաջաւոր ազգերի առաջնորդները միշտ էլ ունեցել են յաջողութեան հասնելու առարկայական հնարաւորութիւններ եւ, ինչու չէ, նաեւ անձնական անվտանգութեան նւազագոյն երաշխիքներ։ Մինչդեռ հայ յեղափոխութեան աւազանում ծնւած նրա հերոս-առաջնորդը՝ Քրիստափոր Միքայէլեանը, մանկութեան տարիներից ցմրուր քամելով որբութեան դառնութիւնը, իր ողջ գիտակից կեանքում զուրկ է մնացել տարրական ապահովութիւնից ու սեփական անձի մասին հոգալու հնարաւորութիւնից։ Ուստի պատմաքաղաքական երեւոյթներն իրենց ժամանակի ու միջավայրի մէջ դիտարկելու պարագայում դժւար չէ եզրակացնել, որ Հայոց վերածնունդը չէր կարող ծնել մի նոր Կրոմւէլ կամ Նապոլէոն։ Բայց իր գործի յաջողութեան համար անհրաժեշտ առարկայական պայմանների բացակայութիւնը ենթակայական գործօնի գերլարումով փոխհատուցելու կամքով ու անմնացորդ նւիրումով մեր Քրիստափորն աւելին էր իր դարաշրջանի ցանկացած հերոս-առաջնորդից։ Որովհետեւ հայոց խոնարհւած տաճարների հոգեւոր ուժն ու ժայռերի մէջ սեղմւած Ագուլիսների «հին կռիւը» դարաշրջանի յեղափոխականութեան կենարար շնչին միաձուլած Քրիստափորի հոգում ի սկզբանէ առկայ էր ինքնազոհաբերման մեծ խորհուրդը։ Իսկ սեփական բանականութիւնից օգտւելու կանտեան խիզախութիւնը թոյլ էր տւել նրան խորութեամբ հասկանալ այն իրողութիւնը, որ թէեւ ազգ-պետութիւնների ձեւաւորման գործընթացի մէջ ներքաշւած հայութիւնն իր նախորդ ժառանգութեան պատճառով յայտնւել է տասնապատիկ աւելի մեծ արգելքների առջեւ, բայց նման խոչընդոտների «ռացիոնալացումը» վերջնական կորստի դուռ է բացում նրա համար։

Ուստի, ի տարբերութիւն խոհեմութիւն քարոզող հայ պահպանողականների ու լիբերալների եւ կամ էլ իրենց ընկերային տեսլականներն ազգային յեղափոխութեան այլընտրանքը համարող նարոդնիկ ու սոցիալ-դեմոկրատ գործիչների, Քրիստափորը համոզւած էր, որ ձուլւելու կամ ֆիզիկապէս բնաջնջւելու զոյգ սպառնալիքների միակ իրական այլընտրանքը գոյատեւման սեփական խարիսխն ունենալն է, ինչ գնով էլ դա լինի։ Ու քանի որ այդ գինը վճարելու էին բոլորը՝ հերոս-առաջնորդը կոչւած էր օրինակ դառնալ նրանց համար։

Պատճառն ակնյայտ է. Քրիստափորի ժամանակը եւրոպական քաղաքակրթական տարածքին պատկանող ժողովուրդների համար կրկին պատմութեան գիրկը վերադառնալու այն վերջնահանգրւանն էր, որը բաց թողնելու պարագայում նրանք դառնալու էին սոսկ մարդկային հումք՝ աւելի զորեղ հարեւանների համար։ Քրիստափորի գործի մեծութիւնն այն է, որ նա` որպէս հերոս-առաջնորդ, ապացուցեց, որ, ի հեճուկս հազարամեայ կորուստների եւ ուժասպառութեան, հայերը նորից կարող են դառնալ քաղաքական ազգ՝ անկախ նրանից, թէ որքան թանկ է լինելու դրա համար վճարւելիք յաւելեալ արեան գինը։ Այդ պատճառով իր մտքի թռիչքով նա կամրջեց միմեանցից մեծապէս հեռացած Հայաստան-հայրենիքի ազատագրութեան իդեալը եւ հայ ազգի ցրւածութեան ու կոտորակման դառն իրականութիւնը։

Քրիստափորի սերունդն ինքը չէր ստեղծել նման դաժան երկընտրանքը, ուստի կորուստների անխուսափելիութեան գիտակցումը նրան չէր կարող տանել ո՛չ դէպի հետ՝ միջնադարի կրօնական համայնքի փարախը, եւ ո՛չ էլ դէպի արեւելեան անապահով միջավայրում տնտեսա-մշակութային խաղաղ առաջադիմութեան անիմաստ փնտրտուքը։ Իսկապէս, հետագայ ողջ պատմութիւնը ցոյց տւեց, որ ո՛չ առաջինը եւ ո՛չ էլ երկրորդը Օսմանեան կայսրութեան անպաշտպան համայնքներին չապահովագրեցին ֆիզիկական բնաջնջումից ու փոշիացումից։

Հերոսը հասկանում է ժամանակի հրամայականը, որքան էլ այն դաժան լինի իր եւ իր շրջապատի համար եւ ընդունում է նրանից բխող մարտահրաւէրը որպէս սեփական ճակատագիր։ Այդ պատճառով ազգի հաւաքական կեցութեան վրայ կախւած գոյութենական մարտահրաւէրին դիմակայելու համար Քրիստափորը գործնական գետնի վրայ տեղափոխեց շուրջ մէկ հազարամեակ անլուծելի թւացող խնդրի լուծումը՝ պառակտւած ու մարտական փորձառութիւնից գրեթէ զրկւած հայերին յեղափոխական բանակի վերածելու խնդիրը։ Եւ չնայած այդ բանակը դեռ կանոնաւոր զօրք չէր, բայց յաջորդ տասնամեակում՝ Առաջին աշխարհամարտի ու Ռուսական յեղափոխութեան անբարենպաստ պայմաններում այն չկոտրւեց ու չընկրկեց թշնամու գերակշռող ուժի առջեւ։ Եթէ Քրիստափորի ժամանակներում միայն Դումանի նման ընտրեալներն էին պատրաստ թշնամու բանակի դէմ անհաւասար կռւի, ապա իւրաքանչիւր սերնդի հասունացման հետ նրանց թիւն աւելանում էր ըմբոստ Դրոների, Դալի Ղազարների ու Նժդեհների նորանոր փաղանգներով, որոնք պետական կեցութեան պայմաններում թեւակոխեցին մարտական որակների բարելաւման նոր հանգրւան։ Ուստի 20-րդ դարը, որի արշալոյսին զոհւեց մեր հերոս-առաջնորդը, դարձաւ հայ ազգի կորացած մէջքը շտկելու այն երկար տեսաշարը, որի վերջին արարը Ղարաբաղեան պատերազմում հրաշքներ գործած Պաշտպանութեան բանակի յաղթարշաւն էր։

Ազգի քաղաքական հասունացման ու մարտական որակների բարելաւման յաջորդական հանգրւաններն անհնարին կը լինէին առանց Քրիստափորի ու նրա կուսակցութեան ցանած ազգային յեղափոխութեան սերմերի։ Քանզի մեր հազարամեայ կորուստների ու կոտորակման դառը պատմութեան մէջ առաջին անգամ մարդակերտ Քրիստափորն էր, ով իր «Սիրեցէ՛ք, սիրեցէ՛ք միմեանց» յիսուսեան պատգամի միջոցով կարողացաւ միաձուլել անհատապաշտ ու եսակենտրոն հայերի կամքը։ Փորձառու հոգեբանի հմտութեամբ այս մեծագոյն հրաշքը կերտած մեր հերոս-առաջնորդը հայ իրականութեան յեղափոխման հիմքում դրեց մարդու վերափոխման հիմնախնդիրը, ինչը նոր իմաստ հաղորդեց ազգային յեղափոխութեանը։ Որովհետեւ ցանկացած նոր կեցութեան հիմքերը խախուտ են այնքան ժամանակ, քանի դեռ այն խարսխւում է հին գիտակցութեամբ առաջնորդւող մարդկանց վրայ։ Այդ պատճառով Քրիստափորի ու նրա սերնդի համար ազատ մարդու ձեւաւորման հիմնախնդիրն էր գոյութեան կռւում յաջողութեան հասնելու գրաւականը։

Մեզանում այսօր էլ յեղափոխութիւնն ու իր արտաքին դրսեւորումները նոյնականացնող կոյր շքերթում մոռացութեան է տրւում նրա բուն սուբիեկտի՝ մարդու պրոբլեմը, որովհետեւ մի կողմից յեղափոխականութեան ընկալումը սահմանափակւում է հայ ֆեդայու կերպարով, իսկ միւս կողմից՝ բոլշեւիկեան կամ նոր ազատական ապազգային տեսլականների շրջագծով։ Մինչդեռ Քրիստափոր Միքայէլեանով մարմնաւորւած՝ սեփական պատմութեան ու մշակոյթի թանկագին բեռը հպարտութեամբ կրող հայ յեղափոխականի կերպարը ներառում է ազգի ապագան կանխատեսող միտքը, «փոքր գործերի» գոյութիւնը հերքող ամենօրեայ աշխատանքը, հերոսներ կերտող ուսուցչի հմտութիւնն ու տակտը, կուսակցութեան ռազմավարութիւնը մարտավարութիւնից տարանջատող ստրատեգի հեռատեսութիւնը եւ իր անհատական պատասխանատւութեան չափաբաժինը ոչ մէկի չզիջող անկեղծ զինւորի ինքնազոհութեան պատրաստակամութիւնը։

Ուստի հետագայ բոլոր «յեղափոխականների» հետ թռուցիկ համեմատութեան պարագայում անգամ դժւար չէ եզրակացնել, որ որպէս ՀՅԴ զինանշանի մէջ ներառւած այս բոլոր հիմնական խորհրդանիշների մարմնաւորում՝ Քրիստափորի սերունդը վեր է յեղափոխութեան իմաստի դարաշրջանային ընկալումներից, որովհետեւ նրա մէջ խտացած է բոլոր ժամանակներում Հայաստանի ու հայութեան համար իրենց կեանքը նւիրաբերած հերոսների առաքելութիւնը։ Այդ պատճառով հայ ժողովրդի բոլոր սերունդների համար Քրիստափորը եղել ու մնում է հայ մեծագոյն յեղափոխականը, որը մշտական ներկայութիւն է Հայաստանի ու հայութեան ազատագրութեան մեծ երթում։ Ուստի այսօր մեզ ուժ է տալիս այն իրողութեան գիտակցումը, որ եթէ 20-րդ դարասկզբի պետականազուրկ ու կոտորակւած հայութիւնը Քրիստափորի յարատեւ կռւի պատգամի միջոցով կարողացաւ վերածւել պետականութիւն ունեցող ազգի, ապա 21-րդ դարասկզբին շարունակւող ճիշտ նոյն կռւում նա ի վիճակի է լուծելու շատ աւելի բարդ խնդիրներ, որոնք ինքը՝ Քրիստափորը, կտակել է յաջորդ սերունդներին։

Հերոսները սովորաբար չեն հասցնում գրել սեփական կտակը, չնայած որ նրանց կեանքի եղերական աւարտը հասցնում են գուշակել հարազատներն ու սիրելիները։ Ամենեւին էլ պատահական չէ, որ Քրիստափորի նահատակութիւնից դեռեւս 15 տարի առաջ՝ ՀՅԴ Հիմնադիր ժողովներից անմիջապէս յետոյ՝ 1890 թ. նոյեմբերի 24-ին, նրա ամենամտերիմ էակը՝ իր սիրած կինը, գուշակելով ամուսնու մարտիրոսագրութիւնը, իր ընկերուհուն գրած մի նամակում արել է հետեւեալ խոստովանութիւնը. «Քրիստափորի սէրը ինձ համար շատ մեծ բան է եւ ես չգիտեմ, թէ ինչպէս կապրէի առանց դրա։ Բայց երկա՞ր է տեւելու արդեօք այս երջանկութիւնը։ Չէ՞ որ դու գիտես, թէ ինչ ժամանակներ են հիմա, եթէ ոչ այսօր, ապա վաղը նա կը գնայ աշխատանքների ջրապտոյտի մէջ, մեծաթիւ զոհեր են լինելու, շատ կեանքեր են խորտակւելու, իսկ նա կը դիմանա՞յ արդեօք։ Այդ մասին երազելն անգամ աւելորդ կարող է լինել, ու քանի որ այլ ելք չկայ, ապա հարկ է լինում հաշտւել այն մտքի հետ, որ ես էլ կը գնամ նրա հետեւից՝ ամէ՛ն տեղ, եւ ինձ հետ էլ կը կատարւի այն, ինչը նրա հետ է լինելու»։ Միայն սիրող էակը կարող էր շուրջ մէկուկէս տասնամեակի հեռաւորութիւնից տեսանել իր սիրելիի կեանքի ողբերգական աւարտը։ Եւ այն փաստը, որ Քրիստափորի նահատակութեան մասին այս յստակ գուշակութիւնը 15 տարի անց դարձաւ իրականութիւն, ինքնին վկայում է, որ նա 1905 թւականին չէ, որ բարձրացել է Վիտոշ լեռը՝ ճակատագրական ռումբի փորձարկման համար։ Հոգեպէս Քրիստափորն այդ գագաթին էր առնւազն 1890 թւականից եւ մինչեւ իր կեանքի վերջին պահն այդպէս էլ չիջաւ նման բարձունքից։

Աւելին՝ Վիտոշի բարձունքին իրականացւող ռումբերի փորձարկումների օրերին՝ 1905 թ. սկզբներին, խիստ յոգնած ու նիհարած Քրիստափորն ինքը նոյնպէս գուշակել էր մօտեցող վախճանը։ Ինչպէս ցոյց են տալիս օրերս հրապարակւած նրա անտիպ նամակները, ենթագիտակցօրէն զգալով այդ իրողութիւնը` նա փորձել է այնպիսի կարգադրութիւններ անել, որ իրենից յետոյ հայ ազատամարտը չշեղւի ճշմարիտ ուղուց։ Այդ օրերին առաջին անգամ իր բացակայութեան պայմաններում տեղի ունեցած ՀՅԴ Խորհրդի 1905 թ. փետրւարեան նիստի մասնակիցներին նա գրել է մի ընդարձակ նամակ, որն այդպէս էլ սեւագիր է մնացել, իսկ վերջին էջը կորել է ընդմիշտ։ Նամակում Քրիստափորը տագնապով ահազանգում է, որ ՀՅԴ Խորհուրդը կարող է շեղւել Արեւմտեան Հայաստանի կամ, ինչպէս ինքն է բնորոշում, Մեծ Հայաստանի ազատագրութեան նպատակից, ուստիեւ հրահանգում ու պահանջում է չանել ճակատագրական սխալը։ Սկսւել էր Ռուսական առաջին յեղափոխութիւնը, որն օրէցօր աւելի ու աւելի էր կլանում Անդրկովկասի հայ երիտասարդութեան եռանդը, իսկ Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան խնդիրը բախւել էր Սասունի ապստամբութեանը հետեւած յուսալքութեան մթնոլորտին։ Ուստի նամակով սեփական տագնապն արտայայտելուն զուգահեռ` Քրիստափորին հարկաւոր էր նման ընթացքը կասեցնող մի վճռական քայլ, որը նորից ու նորից կոգեւորեր պայքարող հայութեանը, ինչը նախապատրաստելու ճանապարհին էլ նա նահատակւեց Վիտոշի բարձունքին…

1905 թւականին մեր հերոս-առաջնորդի աճիւնը յանձնեցինք օտար հողին՝ սպասելով այն պահին, երբ կը գայ հայրենիքի ազատագրութեան ժամը, բայց Հայաստանի 1918-1920 թթ. անկախութիւնը կարճատեւ եղաւ, իսկ 1991 թ. վերանկախացումից յետոյ մեր ազատութեան մեծագոյն առաջնորդն այդպէս էլ իր տեղը չգտաւ հայրենի հողի վրայ, որովհետեւ նրա հարազատ Ագուլիսը շարունակում էր մնալ թշնամու կրնկի տակ։ Սակայն չպէտք է մոռանալ, որ Քրիստափորը, այսինքն՝ նա, ով իր հոգում կրում է Քրիստոսին, մեզ կտակել է նաեւ իր սկսած սուրբ գործի իրականանալիութեան՝ նախախնամութեամբ սահմանւած անխուսափելիութիւնը։

Մեր հերոս-առաջնորդի մտքերն ու գաղափարներն անընդհատ ուղեկցել են մեզ վերջին հարիւրամեակի ընթացքում, ուստի բռնութեան ու անարդարութեան առջեւ երբեք չընկրկելու ու չկոտրւելու քրիստափորեան պատգամը մեզանում վերածւել է հակառակորդի հանդէպ հայոց ուժի որակական չափորոշիչների գերազանցութեանը սպասող մէկդարեայ մղձաւանջի, որի աւարտը մօտ է արդէն։ Ներկայ աշխարհակարգում ուժի քանակական չափորոշիչների վրայ հիմնւող բռնապետութիւնները նահանջում են ազատ ազգերի գիտատեխնոլոգիական որակների առջեւ։ Ազատ մարդու բանականութիւնն ու կամքը պատռում են այս կամ այն աւազակապետի կողմից գծւած քարտէզները՝ անկախ դրանք պաշտպանող զօրքերի քանակից։ Երբ բռնութեան ու անարդարութեան խորտակման անխուսափելիութեան քրիստափորեան պատգամը ձեռք է բերում իրականանալիութեան ռէալ հնարաւորութիւններ, գալիս է մեր ժամանակը՝ ներքուստ յեղափոխւելով ու մաքրւելով մեր ազգային խնդիրների լուծումն արագացնելու պահը։
Անցած հարիւրամեակում, երբ ինքներս հետեւել ենք մեր հերոս-առաջնորդի պատգամներին, նրա պահապան հրեշտակները մեզ նոյնպէս դարձրել են նման առաջադրանքի իրականացման մասնակիցները։ Մեր աչքի առջեւ տեղի ունեցած Շուշիի հրաշափառ հարութիւնը հէնց այդ խորքային իրողութեան գիտակցման արդիւնքն էր՝ Մեծ Հայաստանի քրիստափորեան երազանքի իրականացման սկիզբը։ Եւ քանի որ հայոց ոգու ճախրանքի յաջորդ հանգրւանը Հայաստան աշխարհին Քրիստափոր պարգեւած Նախիջեւանի չքնաղ մարգարիտ Ագուլիսի վերածնունդն է դառնալու, Քրիստափորի կտակը ճիշտ ընթերցելու անհրաժեշտութիւնը մեր սերնդի համար ճակատագրական իմաստ է ստանում։

Յիսուսի առաջին առաքեալների կողմից Հայաստանում ներդրւած անխորտակելի կամքով ու Նոր ժամանակների լուսաւորականութեան աւազանում կոփւած բանականութեամբ ազգի դարաւոր անզօրութիւնն ուժի փոխակերպած Քրիստափորի կտակին հաւատարիմ լինելու պարագայում մենք բարոյական իրաւունք կը ստանանք վերածւելու նրա վէրքերով լի նշխարները մայր Արաքսի ափերից դէպի Գողթնի լեռները բարձրացնող հաւատաւոր աշակերտների երկիւղած թափօրի, որն իր մեծ զաւակի վերադարձին կարօտագին սպասող Վերին Ագուլիսի վերականգնւած ու վերաօծւած Սուրբ Քրիստափոր եկեղեցու բակում հայրենի հողին կը յանձնի նրան, ով իր հոգում կրում է Քրիստոսին։

 

Խմբ.

Vemjournal.org

Յարակից լուրեր

  • 1897 թւականի յուլիսի 25-27-ին տեղի ունեցաւ Խանասորի արշաւանքը
    1897 թւականի յուլիսի 25-27-ին տեղի ունեցաւ Խանասորի արշաւանքը

    Քրիստափոր Միքայէլեանի այս նամակում ակնարկւում է 1896-1897 թթ. Ռայոնական ժողովի կողմից կայացւած արշաւանքի որոշման մասին, որը պատմութեան մէջ պիտի արձանագրւէր որպէս հայ ֆիդայիների դաւադիր կոտորածն իրականացրած քրդական Մազրիկ ցեղի արժանի պատիժը իրագործած Խանասորի արշաւանք:

  • Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. երկրորդ համարը
    Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. երկրորդ համարը

    Ընթերցողի դատին է ներկայացւում «Վէմ» համահայկական հանդէսի 2020 թւականի երկրորդ համարի էլեկտրոնային տարբերակը՝ 355 էջ ծաւալով եւ հարուստ բովանդակութեամբ:

  • Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. առաջին համարը
    Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. առաջին համարը

    Էլեկտրոնային տարբերակով ընթերցողի դատին է ներկայացւում «Վէմ» համահայկական հանդէսի 2020 թւականի առաջին համարը՝ 324 էջ ծաւալով եւ հարուստ բովանդակութեամբ։

    Հաշւի առնելով համաճարակի վտանգը՝ առայժմ ձեռնպահ ենք մնում հանդէսը տպագիր տարբերակով լոյս ընծայելուց։ 

  • Իրա՛ւ առաջնորդը (Քրիստափոր Միքայէլեանի նահատակութեան 115-ամեակին առիթով)
    Իրա՛ւ առաջնորդը (Քրիստափոր Միքայէլեանի նահատակութեան 115-ամեակին առիթով)

    Կախարդը, մարդակերտը, ցեղակերտը, հայրենակերտը կոչեցին զայն իր ժամանակակիցները: 

  • Քրիստափորի յարատեւ ներկայութիւնը
    Քրիստափորի յարատեւ ներկայութիւնը

    Գողթն գաւառը։ Հայութեան ըմբոստ ոգիի խանձարուրը։ Հայ քաջերու օրրանը։ Հոն, վերին Ագուլիս գիւղին մէջ, 160 տար առաջ, հոկտեմբեր 18, 1859-ին, ծնաւ հայ մը, որուն վիճակուեցաւ յեղաշրջել դարերով հալածուած հայ ժողովուրդին կամքն ու վճռականութիւնը։ Երբ վեց դարեր Գողթնի քնարները լռած էին, մեր հին երգը կը լսուեր տակաւին - «Երկնից թող գան անմահ հոգիք, հայոց քաջեր պսակել»։ Անմահ հոգիները Գողթնի քնարներով պսակեցին հայ քաջ մը, որ վառեց Հայկական Յեղափոխութեան կրակը՝ յանուն հայրենիքի ազատութեան։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։