Հա

Գաղափարական

23/07/2020 - 12:40

Արժանի գրոց ու յիշատակման…

Գրող, լրագրող եւ նկարիչ Արա Նախշքարեանը ֆէյսբուքի իր էջում գրել է.

«alikonline.ir» - Գրող, լրագրող եւ նկարիչ Արա Նախշքարեանը ֆէյսբուքի իր էջում գրել է.

«1998 թւական։ Փետրւար։ Երեւան։

ՀՀ նախագահ՝ Լեւոն Տէր-Պետրոսեանը հրաժարական տւեց։

Մինչ այդ, Դաշնակցութեան յարաճուն ժողովրդավարութեանը հարւած հասցնելու նպատակով, 1992 թւականի յուլիսի 29-ին, Լեւոն Տէր-Պետրոսեանն իր յայտնի ելոյթից յետոյ արձակեց Հայաստանից ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանի արտաքսման հրամանագիրը։

Մարդ, ում փափագն էր Հայաստանը տեսնել Ազատ, Անկախ ու Միացեալ, եւ ԴԷՊԻ ԵՐԿԻՐԸ դարձնել հրամայական, աւելի քան երկու տարի, մինչեւ 1994 թւականի յուլիսի 17-ը, դարձաւ իշխող վարչախմբի բռնապետական քայլերի դեմ ծաւալւած քաղաքական պայքարի խորհրդանիշը։ Հրայր Մարուխեանն իր մահկանացուն կնքեց 1998 թւականի դեկտեմբերի 21-ին։ Նրա փափագն էր ապրել Հայաստանում եւ իր կեանքը նւիրաբերել նորանկախ Հայաստանի ապագայ հզօրացման գործին։ Սակայն ճակատագիրը այլ կերպ դրսեւորւեց։

Ուշագրաւ մի դէպք, որ արժանի է գրոց ու յիշատակման, մի օր ընկեր Հրայրի մահից յետոյ պատմեց ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանի հայրը, «Ազատութիւն» ռադիոկայանի հայկական բաժնի տնօրէն՝ Էդւարդ Յովհաննիսեանը։

«1998-ի փետրւարին, Լեւոնի հրաժարականից յետոյ, անմիջապէս Մոսկւայից մեկնեցի Աթենք, Հրայրին տեսակցելու։ Արագ քայլերով մտայ հիւանդանոց, որտեղ երկարատեւ ու ծանր հիւանդութիւնից յետոյ հիւանդասենեակում իր մահկանացուն պիտի կնքէր մեր բոլորի սիրելի ընկերը։ Մօտեցայ ընդունարանին։ Խնդրեցի, որ թոյլ տան բարձրանամ վերեւ Հրայր Մարուխեանին այցելելու։ Շատ կարեւոր լուր ունեմ իր համար, եւ, որ այդ մասին նա պարտադիր պիտի իմանայ։ Հրայրի բժիշկը խնդրեց չանհանգստացնել հիւանդին, որովհետեւ նա դեռ կոմայի մէջ է, եւ միեւնոյն է ոչինչ չի հասկանայ։ «Նա ո՛չ տեսնում է, ո՛չ լսում եւ ո՛չ էլ առաւել եւս՝ խօսում, այնպէս, որ անիմաստ է նրան այցելելը մանաւանդ շփւելը»։ Ասել է բժիշկը։ Ոչինչ, թոյլ տւէք տեսակցեմ, ես իր տեսակին քաջածանօթ եմ եւ մեր վաղեմի այնքան ջերմ ու սերտ ընկերութիւնը մեզ թոյլ կը տայ լռութեան մէջ էլ զգալ ու հոգով հասկանալ։ Ասացի ես ու թոյլտւութիւնն ստանալուն պէս աստիճաններով, արագ վազեցի վեր։ Մօտեցայ հիւանդասենեակին, որտեղ պառկած էր իմ հին օրերի առասպելական ընկերը, բայց արդէն նւա՜ղ ու խեղճացած։ Արագ բացեցի դուռն ու գրեթէ վազելով մօտեցայ Հրայրին։ Տեսարանը, որ աչքիս դէմ բացւեց, ուղղակի ցաւալի էր։ Ընկերոջս ամբողջ մարմինը ծակծկւած էր կաթիլայինի համար նախատեսւած ասեղներով։ Տխուր, բայց ժպտացող աչքերով նայեցի դալուկ դէմքին։ Ձեռքն ամուր սեղմեցի։ Երեւի ցաւեցրեցի ու ցաւի միջից հազիւ աչքերը բացելով այլայլ հայեացք գցեց վրաս։ Տղե՛րք, հաւատացէ՛ք, չհասցրեցի մինչեւ անգամ բարեւեմ ու արագ արտաբերեցի. ՀՐԱ՛ՅՐ, ԼԵՒՈՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՒԵՑ…

Մի սառը լռութիւնից յետոյ, ընկեր Հրայր Մարուխեանի աչքերին արցունք գոյացաւ ու գլոր-գլոր այտերն ի վայրը հոսեց, ձեռքս սեղմեց։ Թոյլ, բայց սեղմեց այնպէս, որ հասկացայ նրա ուրախութեան դողը…

Բժիշկը, որ այդ ամբողջ ընթացքում հետեւում էր մեր հանդիպմանը, շշմած ու զարմացած էր։ Չէր հաւատում տեսածին, էլ ուր մնաց թէ նրան պատմէին, որ մահւան հետ կռիւ տւող, եւ ամէն վայրկեան կեանքին հրաժեշտի պատրաստ մարդը կենդանութեան նշոյլներ պիտի ցոյց տար։ Հաւատացէ՛ք, տղերք, սա տեսնելով բժիշկն ուզեց ամէն ջանք գործի դնել, որ ժամ առաջ ոտքի կանգնեցնի մեր հաստաբուն կաղնուն… Աւա՜ղ…»։

 …Ընկեր Էդիկն աւարտեց իր խօսքն ու երկար լռեց, մտքերի հետ առանձնացաւ ու ոչ էլ կը լսէր թէ ինչ էին խօսում ընկերները…

Յ.Գ.

Սիրելի ընթերցող, այս բացառիկ իրապատումը լսել եմ ընկեր Էդւարդ Յովհաննիսեանից, ընկերական հաւաքներից մէկի ժամանակ։ Ուզեցի Ձեզ էլ հաղորդ պահել եւ այս օրինակով ցոյց տալ, թէ ինչպիսի զգացական հոգեվիճակ կարող է ունենլ Հայրենիքի համար յաւէրժ բաբախող հայրենասէրի բիւրեղեայ սիրտը, մեռնող մարմնի մէջ…

Փառքի դափնիները մեր ՄԵԾ ու ԴԱՐԵՐԻ մէջ ՅԱՒԷՐԺ ապրող ՕՐԻՆԱԿԵԼԻ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ…»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։