Հա

Գաղափարական

27/07/2020 - 11:20

Հայի հողեղէն աստւածները…

Բլոգեր, պատմաբան եւ հրապարակախօս Արա Նախշքարեանը ֆէյսբուքի իր էջում անդրադարձել է Լիսբոնի սխրագործութեան հերոս տղաներին:

«alikonline.ir» - Բլոգեր, պատմաբան եւ հրապարակախօս Արա Նախշքարեանը ֆէյսբուքի իր էջում անդրադարձել է Լիսբոնի սխրագործութեան հերոս տղաներին:

«Արդարութեան մարտիկներն հեռանում են աշխարհից՝ լու՜ռ ու անխռով… Հեռանում են երկնաբերձ լեռների գագաթներով ու բարձրանում երկինք։ Հեռանում են Հարդագողի ճանապարհներով ու մօտենում արեւին։ Հրաբորբոք այրում ու բոցավառում արեգը, ջերմացնելու համար ապագայի սառած հոգին… Նրանք գալիս են երկնքով, ապրում մեր մէջ, որպէս հողեղէն աստւածներ ու ապա՝ հեռանում Ծիր Կաթինի աստղավառ ճամփաներով, մի օր նորից վերադառնալու խոստումով…

Ահա՛, նրանցից հինգը, որ եկան միաժամանակ, ու մեր կողքին ապրելով, դարերի մէջ յաւէրժ ապրելու վարդապետութեամբ ուսուցանեցին՝ երբեք չերկնչել, ինչքան էլ թշնամին ուժեղ լինի նոր զէնքերով ու դիւանագիտութեամբ։

Ահա՛, այդ հինգ աստւածները, ազատութեան ու արդարութեան հինգ ջահակիրները, որոնք վառւեցին մեր մռայլ հորիզոնի վրայ որպէս մութ ճամփաների լուսավառ փարոսներ։

Նրա՜նք…

Ովքե՞ր էին նրանք… Այդ նրանք էին, հայոց աստւածազարմ ոգիների՝ Արեւորդի Վահագնի ու Վարդամատն Աստղիկի սիրոյ պտուղ, Ռազմաստւած որդիները, որ ծնւեցին մեր մէջ ու հասակ առնելով, ժայռերն իրենց ուսերին, բարձրացան լեռները, Հայոց խարխուլ բերդը, ամրացնելու համար։

1983 թւական, յուլիս 27, ժամը՝ 10:30: Պորտուգալիա, Լիսաբոն, դաս Դեսկոբերդաս պողոտայ, 22, թուրքական դեսպանատուն։ Օրւայ մամուլը Ձեր մասին գրեց։ Այդ օրերին, աշխարհի առաջատար մամուլի, լրատւականների առաջին էջերը միայն Ձեր մասին էին խօսում ու պատմում։ Ոմանք՝ դատապարտում էին, ոմանք՝ արդարացնում… Ժամը՝ 14:45-ին, պորտուգալական ոստիկանութիւնը հաղորդագրութիւն տարածեց, թէ. «Հայ ահաբեկիչների 5 հոգանոց խումբը, որ մինչեւ ատամները զինւած էին, այլեւս ինքնասպան եղան իրենց իսկ ռումբերի պայթունով, իրենց հետ փլատակների տակ թողնելով եւս մէկ ոստիկանի եւ հիւանդանոցի ճանապարհին այրւածքներից արիւնաքամ եղած փոխդեսպանի կնոջ ու որդու դիակները»։

Ովքե՞ր էին այդ 5 խենթերը, որ համաշխարհային հանրային կարծիքը «ահաբեկիչներ» որակեց։ Ո՛չ, Դուք ահաբեկիչներ չէիք, Դուք ահաբեկչի խարանը հայոց ճակատից մաքրող, սրբողներն էիք, որ համարձակւեցիք արդարութեան մասին բարձրաձայն խօսել։ Զէնքի լեզւով խօսել, խօսել ինքնազոհութեան գնով։ Դուք էիք, որ հպարտ ու վես կանգնեցիք աշխարհի առաջ ու ըմբոստ նայեցիք մահւան աչքերին։ Մահը վախից կուչ եկաւ Ձեր ոտքերի տակ։ Ինչպես Գուրգէն Մահարին կասէր. «Շանթերի դէմ կռւեցիր, քամիների դէմ խռիւ»։

…Հայոց արդարութեա՛ն աստւածներ, տարիների հեռւից, խունկի փոխարէն վառոդ ծխելով գալիս եմ որգեկոչելու Ձեր յիշատակը։ Արդարութեան զոհասեղանը նեղ եղաւ Ձեր համար, Դուք փոքրածու ազգի մեծագոյն սրբեր…

Տղե՜րք, իմ լուսափայլ աստղեր հայոց երկնքի։ Ձեր արիւնն էլ միախառնւելով, յաւիտեան քաջեր ծնող մեր վերքերից տնքացող, հինաւուրց, բայց մշտադալար հայրենի հողին, դարձաւ շաղախը Հայոց Տան հիմքի ամրութեան։ Երանի Ձեզ տղե՛րք, հազար ու բիւր փառք Ձեզ տղե՛րք, որ անխռով ընդունեցիք մահը, կեանքի հետ առանց սակարկելու։

- Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան։

Այսօր, տարիների հեռւից, մենք՝ մեռելներս, ում համար Դուք մեռաք, խնկարկում ենք Ձեր յիշատակն ու փառքի կոթողներ կանգնեցնում մեր տկար հոգիներից ներս, փառապսակ զետեղելով Ձեր անշնչացած մարմինների, բայց, Հայոց զօրախմբերի առջեւից մշտապէս քայլող ոգիների առաջ…

Այսօր, Դուք մեզ հետ չէ՛ք, մեր այսօրը Ձեզ համար այդպէս էլ ապագայ մնաց։ Խոնարհումի ու փառքի պսակները Ձեր լուսափայլ յիշատակին, իմ նորօրեայ, սակայն դարերից եկած իմ ԱՐԴԱՐՈՒԹԵԱ՛Ն ու ԱՐԴԱՐՀԱՏՈՒՑՄԱՆ եւ ՎՐԷԺԻ՛ ԱՍՏՒԱԾՆԵՐ…»,- գրել է նա:

Յարակից լուրեր

  • Կաղնին երբեւէ խոնարհւե՞լ է․ Լիզբոնի հնգեակի յիշատակին
    Կաղնին երբեւէ խոնարհւե՞լ է․ Լիզբոնի հնգեակի յիշատակին

    Զինեալ պայքարն արդարացի պոռթկում էր, եւ Լիսաբոնը` դրա հրաբխային գագաթնակէտը։ Պահանջատիրական մի շարք գործողութիւններից յետոյ կոտրւեց լռութեան պատը, եւ մեծ թափով սկսւեց Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը։

  • Լիզպոնի գործողութեան 37-ամեակի ոգեկոչում եւ հոգեհանգստեան արարողութիւն
    Լիզպոնի գործողութեան 37-ամեակի ոգեկոչում եւ հոգեհանգստեան արարողութիւն

    ՀՅԴ ԼԵՄ-ի Կեդրոնական վարչութեան Քարոզչական յանձնախումբին կազմակերպութեամբ, երէկ` կիրակի, 26 յուլիս 2020-ին, երեկոյեան ժամը 7:30-ին, Պուրճ Համուտի Ազգային գերեզմանատան մէջ տեղի ունեցաւ Լիզպոնի գործողութեան 37-ամեակի ոգեկոչում:

  • Խմբագրական. Լիզպոնը եւ Անգարայի բարձրագոյն նիստերը
    Խմբագրական. Լիզպոնը եւ Անգարայի բարձրագոյն նիստերը

    Լիզպոնի հերոսները, ըստ էութեան, միջազգային համաձայնութիւն ստացած այդ սահմաններու վերականգնման նպատակին զոհեցին իրենց կեանքը: Տեսաուղերձները` նկարահանուած 1983-ին, սկսած են ձեւ եւ մարմին ստանալ: Թուրքիան անհանգիստ է հայոց բանակի մարտունակութեամբ, անհանգիստ է Ցեղասպանութեան ճանաչման արշաւի նուաճած նոր հանգրուաններով: Անհանգիստ է մանաւանդ` հայկական պահանջներու միջազգայնացման հեռանկարները տեսնելով:

  • Զինեալ պայքարը Սփիւռքում. «Հայոց Ցեղասպանութեան արդարութեան մարտիկներ» եւ «Հայ յեղափոխական բանակ»
    Զինեալ պայքարը Սփիւռքում. «Հայոց Ցեղասպանութեան արդարութեան մարտիկներ» եւ «Հայ յեղափոխական բանակ»

    Յուլիսի 27-ին ոգեկոչում ենք յիշատակը «Հայ յեղափոխական բանակ»-ի մարտիկների, «Լիզբոն 5» տղաների, ովքեր իրենց ակտով ստիպեցին աշխարհին խօսել Հայոց Ցեղասպանութեան մասին: Հայոց «Նեմեսիս»-ի աւարտից յետոյ աշխարհում կարծես մոռացւել էր 20-րդ դարի մեծագոյն ողբերգութիւնը:

  • Լիզպոնէն առաջ, Լիզպոնէն ասդին…
    Լիզպոնէն առաջ, Լիզպոնէն ասդին…

    Փնտռեցէ՛ք, եւ պիտի գտնէք, որ մէն մի հայու էութեան մէջ կան մասնիկներ՝ ոճրագործ թշմանին պատժելու ելած մեր ֆետայիներէն, մասնիկ մը՝ Թեհլիրեաններէն, Շիրակեաններէն ու Դրօներէն, պտղունց մը՝ Լիզպոնի ու անոնց ժամանակակից մեր հերոսներէն, ու դեռ բազում հիւլէներ՝ Արցախի, Տաւուշի ու Հայաստանի այլ շրջանները պաշտպանող՝ երէկի ու այսօրուան քաջերէն, հերոսներէն, որոնց անուններն իսկ կը դաւանինք իբրեւ պատգամ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։