Հա

Գաղափարական

10/08/2020 - 10:20

Սեւր-100. վաղեմութեան ժամկէտ չունեցող պայմանագիր

Սեւրի պայմանագիրը դարձաւ 100 տարեկան:

Սեւրի պայմանագիրը դարձաւ 100 տարեկան:

1920 թւականի օգոստոսի 10-ին Փարիզի արւարձանում՝ Սեւրում, Հայաստանի Հանրապետութեան անունից Սեւրի պայմանագիրը ստորագրեց Աւետիս Ահարոնեանը։

Ստորագրւած փաստաթուղթը Անտանտի երկրների եւ Օսմանեան կայսրութեան հաշտութեան պայմանագիրն էր, որը պաշտօնապէս հաստատում էր կայսրութեան բաժանումը Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ:

Մասնաւորապէս պայմանագրի 88-93-րդ յօդւածները վերաբերում էին Հայկական հարցին: Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպէս ազատ ու անկախ պետութիւն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում երկու պետութիւնների միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ Վուդրօ Վիլսոնի որոշմանը եւ ընդունել ինչպէս նրա որոշումը, նոյնպէս եւ բոլոր առաջարկները՝ Հայաստանին դէպի ծով ելք տալու եւ յիշեալ սահմանագծին յարող Օսմանեան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերեալ։

Բացի այդ, Սեւրի պայմանագիրը նախատեսում էր նաեւ Քրդական պետութեան ձեւաւորում: Անկախ Քուրդիստանի առումով նախատեսւում էր, որ նրա սահմանները համատեղ կը որոշեն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Թուրքիան:

Բոլորին յայտնի այն օրերի աշխարհաքաղաքական իրադարձութիւնները, սակայն, թոյլ չտւեցին որպէսզի կեանքի կոչւի Սեւրի պայմանագիրը: Սեւրին փոխարինման եկաւ 1923 թւականի յուլիսի 24-ին կնքւած Լօզանի պայմանագիրը, որի արդիւնքում Արեւմտեան տէրութիւնները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի կառավարութիւնը եւ նրա իրաւունքը Արեւելեան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի նկատմամբ, ինչպէս նաեւ՝ բոլոր այն տարածքների, որոնք անցել էին Հայաստանին Սեւրի հաշտութեան պայմանագրով։ Աւելին՝ նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արեւելեան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն (1921 թւականին կնքւած Կարսի եւ Մոսկւայի պայմանագրերի արդիւնքում)։

Ինչ խօսք, Լօզանի պայմանագիրը կատարեալ յաղթանակ էր Թուրքիայի համար, որն էլ փաստացի վճռեց Թուրքիայի սահմանների հարցը մինչ օրս: Այդուհանդերձ, Սեւրի պայմանագիրը երբեք չկորցրեց իր նշանակութիւնն ու կարեւորութիւնը: Եւ իզուր չէ, որ դեռեւս 1920-ական թւականներից մինչ օրս թուրքական հասարակութեան զգալի մի հատւածը, մասնաւորապէս քաղաքական վերնախաւը տառապում է Սեւրի սինդրոմով, որը թափառական ուրւականի պէս հետապնդում է նարնց արդէն 100 տարի: Ըստ նրանց՝ կան ուժեր, որոնք շարունակաբար ձգտում են ոչնչացնել եւ մասնատել Թուրքիան, «փորձելով Թուրքիային վերադարձնել պայմանագրի պայմաններին», եւ որ պէտք է պաշտպանել թուրքական պետութիւնը այսօրինակ վտանգներից:

Թուրքական ահսարակութեան եւ վերնախաւի նմանօրինակ մտահոգութիւնը բնաւ էլ Conspirancy Theory-ի ժանրից չէ: Վերջին 10-ամեակի ընթացքում տարածաշրջանում ընթացող իրադարձութիւնները եւ խմորումները յատկապէս վկայում են այն մասին, որ Մերձաւոր Արեւելքի աշխարհաքաղաքական գործընթացների հորիզոնում կրկին նշմարւում է «Սեւրի ստւերը», որն էլ եթէ ոչ կարճաժամկէտում, ապա՝ երկարաժամկէտում կարծես, թէ անխուսափելի է դարձնում տարածաշրջանի քաղաքական քարտէզի վերագծումը:

Այնպէս որ՝ Սեւրը մեռած չէ, ցանկացած պահի այն կարող է երկրորդ շնչառութիւնը ստանալ, եւ այդ պատմական պահին է, որ մենք պէտք է պատրաստ լինենք, որպէսզի բաց չթողնենք մեր մեծ տեսլականի՝ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍԱՏՆԻ նւիրագործման հնրաւորութիւնը: Դա մեր անժամանցելի պարտաւորութիւնն է:

 

alikonline.ir

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։