Հա

Գաղափարական

10/08/2020 - 10:35

Թուրքիայի մղձաւանջը. Սեւրի պայմանագրի նկատմամբ թուրք «գիտական» շրջանակների նոր մօտեցումները

Թէեւ յայտնի են թուրքական պնդումներն այն մասին, թէ Սեւրի պայմանագիրը վաւերական չէ ու երբեք էլ չի եղել, այնուամենայնիւ սոյն դաշնագիրը 100 տարի շարունակ մղձաւանջ է եղել թուրք ժողովրդի եւ յատկապէս Թուրքիայի Հանրապետութեան քաղաքական ու գիտական շրջանակների համար։ Այս ահը երբեմն այնքան ցայտուն է դրսեւորւել, որ մինչեւ իսկ շրջանառութեան մէջ է մտել «Սեւրի սինդրոմ» (թուրք․՝ Sevr Sendromu) արտայայտութիւնը։

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

Թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու

 

Թէեւ յայտնի են թուրքական պնդումներն այն մասին, թէ Սեւրի պայմանագիրը վաւերական չէ ու երբեք էլ չի եղել, այնուամենայնիւ սոյն դաշնագիրը 100 տարի շարունակ մղձաւանջ է եղել թուրք ժողովրդի եւ յատկապէս Թուրքիայի Հանրապետութեան քաղաքական ու գիտական շրջանակների համար։ Այս ահը երբեմն այնքան ցայտուն է դրսեւորւել, որ մինչեւ իսկ շրջանառութեան մէջ է մտել «Սեւրի սինդրոմ» (թուրք․՝ Sevr Sendromu) արտայայտութիւնը։

Վերջին տարիներին որոշ թուրքական «գիտական» շրջանակներ, մասնաւորապէս Թուրքիայի պաշտօնական պատմագրութեան խոսափողը հանդիսացող Թուրքական պատմագիտական ընկերութեան (Türk Tarih Kurumu) ներկայացուցիչները փորձում են նոր մօտեցումներ մշակել Սեւրի պայմանագիրը թուրք հասարակութեան շրջանում եւ Թուրքիայի կրթական հաստատութիւններում ներկայացնելու ուղղութեամբ։

Այսպէս, օրինակ, ըստ «Միլլիեթ» պարբերականի՝ տւեալ ժամանակաշրջանում Թուրքական պատմագիտական ընկերութեան նախագահ դոկտոր, պրոֆեսոր Ռեֆիկ Թուրանը 2018 թ․ օգոստոսի 9-ին յայտարարել է, թէ Պատմագիտական ընկերութիւնն աշխատանքներ է սկսել Թուրքիայի կրթական հաստատութիւնների նոր ուսումնական ծրագրերում Սեւրի դաշնագիրը որպէս ոչ թէ պայմանագիր, այլ ընդամէնը փաստաթուղթ ներկայացնելու ուղղութեամբ։

Ռեֆիկ Թուրանը մասնաւորապէս նշել է․ «․․․Դա կարող է ոչ էական թւալ, սակայն կարեւոր է, քանի որ Սեւրը մեր երեխաների եւ (թուրք) հասարակութեան գիտակցութեան մէջ որպէս դաշնագիր է ընկալւում։ Այնինչ խօսքը ոչ թէ պայմանագրի, այլ միայն փաստաթղթի մասին»։

Թուրանն ընդգծելով, որ Մուստաֆա Քեմալ Աթաթիւրքը 1920 թ․ օգոստոսի 10-ին կնքւած, սակայն «անւաւեր համարւող» Սեւրին տւել է «Թուրք ժողովրդի դէմ կազմակերպւած մեծ մահափորձ» բնութագրումը, թուրքական պետական «Անադոլու» լրատւական գործակալութեան հետ զրոյցում շեշտում էր նաեւ, թէ «Սեւրը իրենց համար պայմանագիր չէ, քանի որ դաշնագրերը հիմնւած են միջպետական փոխադարձ համաձայնութեան վրայ, մինչդեռ Սեւրի դէպքում նման բան չի եղել»։

Խեղաթիւրելով պատմական փաստերը, նաեւ նշում է, թէ իբր Սեւրի պայմանագիրը չի ստորագրւել, եւ յաւելում․ «Այսուհետեւ Թուրքական պատմագիտական ընկերութիւնը, որպէս հաստատութիւն, Սեւրն անւանելու է «փաստաթուղթ» եւ պաշտօնապէս հանդէս է գալու «Սեւրի պայմանագիր» արտայայտութեան օգտագործման դէմ։ Երբեմն սխալ ձեւով են արտայայտւում։ Նման դաշնագիր չկայ։ Մենք սոյն հարցն այդ կերպ ենք ներկայացնելու նաեւ մեր կրթական ծրագրերում։ Թէեւ իրաւասու չենք դա օրէնքով ամրագրելու, բայց ջանքեր ենք գործադրելու, որպէսզի մեր հասարակութիւնն սկսի այդ ձեւով ընկալել սոյն փաստաթուղթը»։

Հասկանալի է, որ թուրք պատմաբանների կողմից այս մօտեցման մշակումը չի սկսւել 2018 թ․, այլ շատ աւելի վաղ։ Այսպէս, օրինակ, 2017 թ․ օգոստոսի վերջերին Haber7.com թուրքական լրատւական կայքէջում հրապարակւել է թուրք պատմաբան Ահմեթ Անափալըի յօդւածաշարը, որը կրում էր հետեւեալ խորագիրը «Անգրագէտ են բոլոր նրանք, ովքեր ասում են, թէ Սեւրի պայմանագիրը ստորագրւել է»։ Այս թուրք կեղծարարը եւս փորձում է ներկայացնել, թէ իբր «Սեւրը չի ստորագրւել», ու «Թէեւ այն միջազգային շրջանակներում յայտնի է որպէս պայմանագիր, սակայն ընդամենը «նախագիծ» մնացած մի ծրագիր է եղել»։

Ահմեթ Անափլըն սոյն յօդւածում վկայակոչում էր նաեւ Մուստաֆա Քեմալին եւ այդ թեմային վերաբերող այս հատւածը ներկայացնում վերջինիս հանրայայտ «Ճառից»․ «․․․Պարոնա՛յք, Մուդրոսի զինադադարի կնքումից յետոյ, յաղթանակած տէրութիւնների կողմից Թուրքիային 4 անգամ խաղաղութեան պայմաններ են թելադրւել։ Դրանցից մէկն էլ Սեւրի խաղաղութեան նախագիծն է, որը, առանց քննարկւելու, ներկայացրել են Անտանտի տէրոթիւնները՝ Յունաստանի վարչապետ Վենիզելոսի մասնակցութեամբ, 1920 թ․օգոստոսի 10-ին էլ ստորագրւել սուլթան Վահիդեթթինի կառավարութեան կողմից (ընդգծումն իմն է-Մ․ Ա․)»։ (․․․) Ինչպէս տեսնում էք, Մ․ Քեմալ փաշան այդ տեքստը միշտ նախագիծ է անւանում։ (…) Մինչեւ իսկ Իսմեթ Ինյոնիւն, անգամ իր հուշերում, Սեւրին անդրադառնալիս այն նախագիծ է կոչում»

Ուշագրաւ է, որ Աթաթիւրքի խօսքը մէջբերող թուրք պատմաբանը փաստօրէն ակամայ ընդունում է, որ Սեւրի պայմանագիրն այնուամենայնիւ ստորագրվել է։ Անափալըն փորձում է այդ փաստը խեղաթիւրել այն «հիմնաւորմամբ», թէ այս փաստաթուղթը ստորագրւել է ոչ թէ քեմալականներից բաղկացած Անկարայի իշխանութիւնների, այլ միայն Ստամբուլի իշխանութեան, այն է՝ օսմանեան սուլթանի կողմից՝ անտեսելով, որ տւեալ ժամանակաշրջանում, որպէս Թուրքիայի օրինական իշխանութիւն, այլ տէրութիւնների կողմից ճանաչւած էր միայն Ստամբուլի կառավարութիւնը։

Թուրք կեղծարարների այս ոչ գիտական մօտեցումը խիստ քննադատութեան է արժանացել անգամ որոշ թուրք պատմաբանների կողմից։ Այսպէս, օրինակ, հայութեանը Թալեաթ փաշայի փաստաթղթերի հրապարակմամբ յայտնի թուրք պատմաբաններից Մուրադ Բարդաքչըն «Հաբերթիւրք» պարբերականի 2018 թ․ օգոստոսի 12-ի համարում «Ահա՛ այն Սեւրի պայմանագրի փաստաթղթերը, որի մասին ասում են, թէ գոյութիւն չունի» վերնագրով հրապարակւած իր յօդւածում Ռեֆիկ Թուրանի եւ ընդհանրապէս Թուրքական պատմագիտական ընկերութեան այդ մօտեցման մասին գրում է․ «Պարզւում է՝ Թուրքական պատմագիտական ընկերութիւնն աշխատանքներ է իրականացնելու, որ այսուհետեւ դպրոցներում Սեւրը ներկայացւի ոչ թէ որպէս «պայմանագիր», այլ «փաստաթուղթ», քանզի պարզւում է, որ «Սեւր» անւամբ որեւէ պայմանագիր գոյութիւն չունի։

Ճիշտ է, մի փաստաթուղթ այնուամենայնիւ կայ, սակայն պարզւում է, որ այն չի կարող «պայմանագիր» լինել։

Լա՛ւ, մենք սովոր չենք մեր պարտութիւնների մասին խօսել, աշխատում ենք չյիշել դրանք մինչեւ իսկ այն դէպքերում, երբ դա անհրաժեշտ է մեր սխալներն ուղղելու համար։ (…)

Սեւրը Թուրքիայի կողմից չի վաւերացւել, սակայն թուրք պատւիրակները ստորագրել են այն, իսկ սոյն դաշնագրի տակ իրենց ստորագրութիւնները դրած միւս պետութիւններից մի քանիսի նախագահները, թագաւորները եւ խորհրդարանները հետագայ ամիսներին հաստատել են այս պայմանագիրը․․․»։

Մուրադ Բարդաքչըն իր այս յօդւածում նաեւ նշելով, թէ «Ինչպէս կարելի է անտեսել այս փաստաթղթերը», հրապարակել է Թուրքիայի օսմանեան արխիւում պահպանւող Սեւրի պայմանագրին առնչւող բազմաթիւ վաւերագրեր։

Թուրք հեղինակը նաեւ ընդգծում է, որ թէեւ գրեթէ մէկ դար է անցել Սեւրի պայմանագրի կնքումից յետոյ, սակայն սոյն թեմայի վերաբերեալ թուրք գիտական շրջանակների կողմից դեռեւս որեւէ համապարփակ ուսումնասիրութիւն չի արւել, որի հետեւանքներից մէկն էլ Թուրքիայում տարածւած այն թիւր պատկերացնում է, թէ Սեւրը բաղկացած է Դաշնակից տէրութիւնների եւ Թուրքիայի միջեւ կնքւած միայն մէկ դաշնագրից, այնինչ սոյն փաստաթուղթը «պայմանագրերի մի ամբողջ շարք է»։

Բարդաքչըն, շարունակելով Թուրքական պատմագիտական ընկերութեան յիշեալ նախաձեռնութեանն ուղղւած իր քննադատութիւնը, յօդւածի վերջում շեշտում է․ «Թուրքական պատմագիտական ընկերութիւնը, որը պատմագրութեան առումով պէտք է լինի մեր երկրի ամենալուրջ հաստատութիւնը, կարողանում է պնդել, թէ. «Սեւրը պայմանագիր չէ»։

Թուրքական պատմագիտական ընկերութեան՝ Սեւրի վերաբերեալ այդ տրամաբանութեամբ շարժւելով՝ կարող ենք այլ տարօրինակ պնդումներ էլ անել։ Օրինակ՝ ելնելով այն փաստից, թէ քանի որ 1878 թ․ մարտի 3-ին Ռուսաստանի հետ կնքւած Սան-Ստեֆանոյի պայմանագրի ծանր դրոյթները մեղմացւեցին նոյն տարւայ յուլիսի 13-ին ստորագրւած Բեռլինի կոնգրեսի ժամանակ, ուրեմն՝ մեր պատմութեան մէջ «Սան-Ստեֆանո» անւամբ որեւէ դաշնագիր չի եղել, չի գործադրւել։ Կարող ենք բարբաջել, թէ «Սան-Ստեֆանոն ընդամենը փաստաթուղթ է»։ Առանց այդ էլ մեր նորագոյն պատմութեան վերաբերեալ տարիներ շարունակ աշխարհի չափ ստեր ենք փչում, հիմա էլ «Սեւրը ոչ թէ պայմանագիր է, այլ փաստաթուղթ» ասելով՝ գիտական աշխարհի քմծիծաղին ենք արժանանալու եւ մի քանի սերունդ հետո ծիծաղելի, խեղճ ու անկարող վիճակում ենք յայտնւելու մեր ապագայ լուրջ պատմաբանների առաջ։

Թուրքական պատմագիտական ընկերութեան նախագահ եւ սելջուկեան պատմութեան մասնագէտ դոկտոր, պրոֆեսոր Ռեֆիք Թուրանը թող ներողամիտ լինի, սակայն պետութեան՝ պատմութիւնն ուսումնասիրող ամենանշանաւոր հաստատութիւնը բացարձակապէս իրաւունք չունի նման անհեթեթութիւններով այդպիսի ամոթալի պիտակ կպցնել թուրք պատմագրութեանը»։

Փաստօրէն Սեւրի մղձաւանջը շարունակում է հանգիստ չտալ թուրք պատմաբաններին եւ լրագրողներին։ Բայց եւ այնպէս յատկանշական է, որ Սեւրի թեման, հասկանալի պատճառներով, առանձնապէս շատ չի արծարծւում թուրքալեզու մամուլում, իսկ անդրադարձների մեծ մասն էլ պարուրւած են լինում կեղծ շեշտադրումներով։

Հետաքրքիր է, որ անցյալ տարի՝ 2019 թ․ օգոստոսին 10-ին, անգլիական հեղինակավոր “Independent” պարբերականի թուրքալեզու ծառայութեան կայքէջում թեմային է անդրադարձել թուրք լրագրող Մեհմեթ Մազլում Չելիքը, որի նպատակն առաւելապէս եղել է անգլախօս ընթերցողներին մոլորութեան մէջ գցելը։

Այսպէս՝ թուրք հեղինակը «Դամաթ Ֆերիթ փաշայի մեղքերի օրագիրը Սեւրի պայմանագրի տարելիցին» վերնագրով յօդւածում նախ՝ անդրադառնում է այդ օրերին Օսմանեան պետութեան մեծ վեզիր Դամաթ Ֆերիթ փաշայի դէմ ծրագրւած մահափորձին՝ շեշտելով, որ այն իրականում կազմակերպել էր հէնց ինքը՝ Դամաթ Ֆերիթը, որպէսզի քիչ թէ շատ թոթափի թուրք ժողովորդի շրջանում իր դէմ ուղղւած բացասական տրամադրութիւնները, ապա՝ ներկայացնում, թէ իբր անգլիացի մտաւորականները եւս դէմ են արտայայտւել այդ դաշնագրին։

Այսպիսով՝ վերջին տարիներին թուրքական պաշտօնական պատմագրութիւնը փորձել է նոր մօտեցումներ մշակել՝ Սեւրի պայմանագիրը թուրք հասարակութեանը ներկայացնելու ուղղութեամբ։ Սակայն այսպայմանագիրը միայն որպէս փաստաթուղթ, բայց ոչ՝ «պայմանագիր» ներկայացնելու անհեթեթ առաջարկը քննադատության է արժանացել մի շարք թուրք պատմաբանների կողմից։

Թէեւ թուրքական լրատվամիջոցները փորձում են հնարաւորինս հազւադէպ անդրադառնալ իրենց համար անհաճոյ այս թեմային, այնուամենայնիւ Սեւրի «ուրւականը» շարունակում է հետապնդել թուրք քաղաքական գործիչներին եւ մտաւորականներին։

 

«Դրօշակ», թիւ 8 (1642), օգոստոս, 2020 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։