Հա

Գաղափարական

10/08/2020 - 12:50

Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճիռը մնում է ուժի մէջ. լրացաւ Սեւրի պայմանագրի 100-ամեակը

Առաջին աշխարհամարտի աւարտից 2 տարի անց Թուրքիայի սուլթանական կառավարութեան եւ պատերազմում յաղթած պետութիւնների՝ այդ թւում Հայաստանի միջեւ 1920 թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սեւր արւարձանում կնքւեց հաշտութեան պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետութեան տարածքը պէտք է կազմէր 160 հազար քկմ:

«alikonline.ir» - Առաջին աշխարհամարտի աւարտից 2 տարի անց Թուրքիայի սուլթանական կառավարութեան եւ պատերազմում յաղթած պետութիւնների՝ այդ թւում Հայաստանի միջեւ 1920 թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սեւր արւարձանում կնքւեց հաշտութեան պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետութեան տարածքը պէտք է կազմէր 160 հազար քկմ: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Պատմութեան ինտիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանը նշեց, որ 100 տարի անց էլ պայմանագիրը մնում է ուժի մէջ եւ ենթակայ է կեանքի կոչման:

«Հայաստանի կողմից այդ պայմանագիրը նախապէս պատւիրւած յատուկ ոսկէ գրչով ստորագրեց Հայաստանի Հանրապետութեան պատւիրակութեան ղեկավար Աւետիս Ահարոնեանը: Կարեւոր է, որ պատերազմում յաղթանակած երկրներն ի դէմս Անտանտի, արձանագրում էին հայ ժողովրդի իրաւունքն իր պատմական հայրենիքի նկատմամբ, այն հայրենիքի, որտեղ մի քանի տարի առաջ տեղի էր ունեցել Ցեղասպանութիւն եւ հայրենազրկում, եւ Հայաստանի Հանրապետութիւնը, որպէս Անտանտի դաշնակից երկիր, տարածաշրջանում դառնալու էր ընդարձակ եւ ուժեղ պետութիւններից մէկը՝ 160 հազար քկմ տարածքով: Մօտ երկու տասնեակ երկրներ իրենց ստորագրութիւնն էին դրել այդ փաստաթղթի տակ, իսկ գաղութային համակարգի փլուզւելուց յետոյ արդէն տասնեակ նոր երկրներ առաջացան, որոնք դարձան Սեւրի դաշնագրի մասնակից, իրենց հերթին եւս փաստելով հայ ժողովրդի իրաւունքները՝ Արեւմտեան Հայատանի նկատմամբ»,- ասաց Մելքոնեանը:

Նա նշեց, որ այն տեսակէտը, թէ Սեւրի պայմանագիրը չի վաւերացւել այն կնքող երկրների, այդ թւում Հայաստանի կողմից, ինչը նշանակում է, որ կորցրել է իր ուժը, իրականութեանը չի համապատասխանում:

«Սեւրի դաշնագիրը չի վաւերացւել այն կնքող երկրների կողմից, այդ թւում նաեւ Հայաստանի Հանրապետութեան, որովհետեւ սկսւեց թուրք-հայկական պատերազմը 1920 թ. սեպտեմբերի վերջին եւ աւարտւեց Հայաստանի ցաւալի պարտութեամբ՝ դեկտեմբերի 3-ին Ալեքսանդրապոլի պայմանագրով: Այդ իմաստով որոշ պատմաբաններ պնդում են, թէ այն իրաւական ուժ չունի, բայց խնդիրն այստեղ այլ է: Պայմանագրի 6-րդ հատւածի 88-93-րդ յօդւածներն ամբողջապէս վերաբերում են Հայաստանին: 89-րդ կէտի համաձայն՝ Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ Վուդրօ Վիլսոնը պէտք է գծէր թուրք-հայկական սահմանը, որն իր մէջ պէտք է ներառէր Տրապիզոն, Էրզրում, Բիթլիս եւ Վան նահանգների մեծագոյն մասը, այսինքն՝ Հայաստանը պէտք է ունենար ծովային ելք: Սակայն, այն կեանքի չկոչւեց, որովհետեւ, ցաւալիօրէն, 1920 թ. աշնանը միջազգային իրավիճակը կտրուկ փոխւեց, խորհրդային Ռուսաստանը կարողացաւ քաղաքացիական պատերազմից դուրս գալ եւ Անտանտի երկրների՝ նախկին իր դաշնակիցների դէմ թշնական մթնոլորտում, ստիպւած մերձեցաւ Սեւրի պայմանագրի դէմ պայքարող Թուրքիայի հետ եւ այդ ընդհանուր հակաանտանտեան ճակատի հիմքի վրայ տեղի ունեցաւ խորհրդաքեմալական մերձեցումը»,- նշեց Պատմութեան ինստիտուտի տնօրէնը:

Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի մերձեցումը յանգեցրեց նրան, որ Արեւելքի մուսուլման ժողովուրդների համագումարից յետոյ 1920 թ. սեպտեմբերի սկզբին Ռուսաստանը համաձայնութիւն տւեց Թուրքիային՝ յարձակւելու Հայաստանի Հանրապետութեան վրայ եւ թուրքական զօրքերով խորհրդայնացնելու Հայաստանը, սակայն սա եւս պատճառ չդարձաւ Սեւրի հաշտութեան պայմանագրի չեղարկման համար:

«Սեւրի դաշնագրի 89-րդ յօդւածը իրաւարար վճիռ էր: Այն պէտք է ուժի մէջ մտնէր, առանց վաւերացման: Թուրքիան պարտաւոր էր անմիջապէս անվերապահօրէն ընդունելու այդ փաստաթուղթը, որովհետեւ իրաէարար վճիռը չի ենթադրում անպայմանօրէն վաւերացում այս կամ այն երկրի կողմից: Հէնց ներկայացման պահից` 1920 թ. նոյեմբերի 22-ից մինչեւ օրս միջազգային իրաւունքի տեսանկիւնից այն շարունակում է մնալ ուժի մէջ եւ, դէ-իւրէ, հայ-թուրքական սահմանը հանդիսանում է ոչ թէ այսօրւայ Ախուրեան-Արաքս գիծը, այլ իրականում Տրապիզոն, Էրզրում, Բիթլիս, Վան նահանգների մեծագոյն մասը ներառող սահմանը՝ Արեւմտեան Հայաստանի 90 հազար քկմ տարածքով եւ 70 հազար քկմ Արեւելեան Հայաստանի՝ Հայաստանի Հանրապետութեան տարածքով ներառեալ»,- ասաց Մելքոնեանը:

Աշոտ Մելքոնեանի խօսքով՝ Սեւրի պայմանագրի ուժի մէջ լինելը փաստում է նաեւ այն, որ նախկին Անտանտի երկրներն այսօր էլ այդ փաստաթուղթն իրենց այս կամ այն շահի համար օգտագործում են Թուրքիայի իշխանութիւնների դէմ:

«Պատահական չէ, որ Անտանտի երկրները ժամանակ առ ժամանակ Թուրքիայի հետ վատ միջպետական յարաբերութիւնների պարագայում, հանում են օրակարգ այս փաստաթուղթը, յիշեցնում, որ այսօրւայ դէ-ֆակտօ գոյութիւն ունեցող հայ-թուրքական սահմանը, իրաւական առումով, վաւերական չէ, այլ վաւերական է Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռով նախատեսւած թուրք-հայկական սահմանը»,- նշեց Աշոտ Մելքոնեանը:

Անդրադառնալով այն կարծիքին, թէ Սեւրի հաշտութեան պայմանագիրը կնքման օրւանից 100 տարի անց կորցնում է իր վաւերականութիւնը, Մելքոնեանը յայտնեց, որ սա եւս թիւր կարծիք է, քանի որ պայմանագիրը ստորագրած կողմերից որեւէ մէկը չի յայտարարել Սեւրի դաշնագրի առոչինչ դառնալու վերաբերեալ:

«Իրաւարար վճռի ժամկէտի վերաբերեալ այդ փաստաթղթում որեւէ բան նշւած չէ, որեւէ նոր փաստաթուղթ չի ընդունւել, որեւէ կողմ, այդ թւում նաեւ չվաւերացրած երկրներից որեւէ մէկը չի յայտարարել Սեւրի դաշնագրի առ ոչինչ դառնալու վերաբերեալ, այնպէս որ 100 տարի անց այն նոյնպէս արդիական է»,- ասաց Մելքոնեանը:

 

ՆՈՐԱՅՐ ՇՈՂԻԿԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։