Հա

Գաղափարական

11/08/2020 - 12:00

Դերաբաշխումներ, թէ՞ պարզ լիւստրացիա

Երբ փորձում ենք կողք-կողքի դնել օգոստոսի 10-ին՝ Սեւրի պայմանագրի 100-ամեակի առթիւ հրապարակւած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ուղերձն ու ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հարցազրոյցը՝ սիրիական հեղինակաւոր «Ալ-Ազմենահ» թերթին, ապա անմիջապէս նկատում ենք, որ մենք գործ ունենք հայեցակարգային առումով սկզբունքօրէն միմեանցից տարբերւող երկու փաստաթղթերի հետ։

Սեւրի պայմանագրի 100-ամեակի առթիւ ՀՀ վարչապետի ուղերձի եւ ՀՀ նախագահի հարցազրոյցի համեմատական քննութիւն

 

Երբ փորձում ենք կողք-կողքի դնել օգոստոսի 10-ին՝ Սեւրի պայմանագրի 100-ամեակի առթիւ հրապարակւած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ուղերձն ու ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հարցազրոյցը՝ սիրիական հեղինակաւոր «Ալ-Ազմենահ» թերթին, ապա անմիջապէս նկատում ենք, որ մենք գործ ունենք հայեցակարգային առումով սկզբունքօրէն միմեանցից տարբերւող երկու փաստաթղթերի հետ։

Առաջինում Հայաստանի վարչապետը ողջունելով Սեւրի պայմանագրի 100-ամեակի առթիւ ՀՀ Գիտութիւնների Ազգային ակադեմիայում հրաւիրւած գիտաժողովի մասնակիցներին մաղթում է արգասաբեր քննարկումներ ու գիտական նորանոր բացայայտումներ սոսկ պատմական փաստի համակողմանի գնահատման խնդրի շուրջ։

Երկրորդում ՀՀ նախագահը յստակօրէն արձանագրում է, որ թէեւ Սեւրի պայմանագիրը չարժանացաւ լիակատար վաւերացման (հետեւաբար մնում է անկատար (unperfected), բայց այն «օրինական, միջպետական, նաեւ de facto գործող փաստաթուղթ է», քանի որ նրա վրայ են խարսխւած նաեւ միջինարեւելեան մի շարք երկրների ներկայ կարգավիճակները։

Հասկանալի է որ պատմական փաստ հասկացութիւնը բնորոշում է ոչ միայն որոշակի գործընթացի վաւերականութիւնն եւ անշրջելիութիւնը՝ որպէս պատմական ինւարիանտ, այլեւ նրա անցեալացումը՝ Սեւրի պայմանագիրը գնահատող կէտերում անընդհատ գործածւող եւ անցեալ ժամանակը բնորոշող՝ էր օժանդակ բայն օգտագործելու միջոցով։ Նրանցում միայն մէկ անգամ՝ երկրորդ կէտում է ՀՀ վարչապետն իր էր-ը վերածում է-ի, երբ խօսք է գնում Սեւրի պայմանագրի՝ Հայաստանի անկախութիւնը ճանաչող փաստաթուղթ լինելու մասին։ Այսինքն՝ ըստ ՀՀ վարչապետի ՀՀ անկախութեան ճանաչումը փաստօրէն այն միակ ձեռքբերումն էր, որն արձանագրել է Սեւրի պայմանագիրը։ Մնացածը պատմութիւն է, այսինքն՝ էր օժանդակ բայով բնորոշւող անցեալ ժամանակ, որի համակողմանի ուսումնասիրութեան համար ՀՀ վարչապետը նորանոր գիտական բացայայտումներ է ցանկանում տեսնել մեր պատմաբաններից։

Մինչդեռ պատասխանելով սիրիական հեղինակաւոր թերթի՝ «կայ տարածւած տեսակէտ, թէ իբր 1923 թ. Լօզանի պայմանագիրը չեղարկել է Սեւրի պայմանագիրը» հարցին ՀՀ նախագահն՝ ընդհակառակը՝ յստակօրէն արձանագրում է, որ «Լօզանի պայմանագրում ոչ միայն չկայ նման չեղարկում, այլեւ անգամ Սեւրի պայմանագրի մասին յիշատակում չկայ: Հայաստանի Հանրապետութիւնը չի ստորագրել, հետեւաբար մաս չէ Լօզանի պայմանագրին: Ըստ այդմ, այն որեւէ պարտաւորութիւն չի ստեղծում Հայաստանի Հանրապետութեան համար: Այս իրավիճակում գործում է միջազգային իրաւունքի Res inter alios acta (մասն չես, պարտաւոր չես) սկզբունքը: Սեւրի պայմանագիրը եւ Լօզանի պայմանագիրը երկու տարբեր իրաւական փաստաթուղթ են»:

Քանի որ երկու տեսակէտներն էլ աւելի քան պարզ են ու յստակ, ապա առաջանում է միանգամայն օրինաչափ ու տրամաբանական հարց՝ ո՞րն է Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական տեսակէտը, երբ նրա անունից հանդէս գալու իրաւունք ունեն եւ ՀՀ վարչապետը եւ ՀՀ նախագահը։ Ոմանց մօտ անմիջապէս առաջ է գալիս այն միտքը, որ սա քաղաքական դերերի բաշխման դասական օրինակ է։ Վարչապետը որպէս պետութեան ղեկավար մնում է պատմական հարթութեան վրայ՝ Հայաստանի վրայ յարձակման լրացուցիչ առիթ չտալով մեր երկրի սահմանների մօտ ներկայ պահին ամենեւին էլ ոչ պատահաբար զօրավարժութիւններ անցկացնող թուրքական բանակը Նախիջեւան ուղարկած այդ երկրի ագրեսիւ ղեկավարին։ Բայց ՀՀ նախագահը որպէս Հայաստան պետութիւնը ներկայացնող պաշտօնական անձ, ասում է այն, ինչի մասին օգոստոսի 10-ին մտածում է ամէն մի հայ։ Թող թուրքերն իրենք որոշեն, թէ, ո՞րն է Հայաստանի տեսակէտը, քանզի Սեւրի պայմանագրից նրանք աւելի են վախենում, քան աշխարհի ամենահզօր երկրի միջուկային զինանոցից։

Բայց դրա հետ միասին գոյութիւն ունի նաեւ հարցի միւս կողմը, քանի որ ՀՀ վարչապետի կարծիքով՝ Սեւրի պայմանագիրը Հայաստանի «պատմական տարածքներում ազգային պետութիւններ հիմնելու իրաւունք տրամադրելով, … բարենպաստ պայմաններ էր ստեղծում տարածաշրջանում մուսուլման եւ քրիստոնեայ ժողովուրդների համակեցութեան, խաղաղ գոյակցութեան եւ տարածաշրջանի քաղաքակրթական բազմազանութեան պահպանման եւ հետագայ զարգացման համար»: Սա փաստօրէն ՀՀ վարչապետի նշանակած Սփիւռքի գործերով յանձնակատարի վերջին յայտարարութեան բովանդակութեան տեղափոխումն է ներկայից՝ անցեալ, քանի որ եթէ Սեւրի պայմանագրով մեզ չյաջողւեց նման համակեցութիւն ապահովել Միացեալ Հայաստանում, ապա մենք այնքան ենք հաւատարիմ այդ համամարդկային տեսլականին, որ այսօր դա անելու ենք անգամ սեփական Սփիւռքին տեղաւորելու հնարաւորութիւն չունեցող փոքրիկ Հայաստանում։ Ոչինչ որ թուրքերն՝ իրենք, արաբների մարտունակ մասին տեղափոխում են Ադրբեջան, որպէսզի այնտեղից գրոհեն մեզ վրայ։ Մենք կընդունենք նրանց խաղաղ մասին, որոնց թուրքերը դուրս են մղում Աֆրինից ու Հիւսիսային Սիրիայի այլ գրաւեալ վայրերից։ Արդիւնքում՝ առաջինները իրենց ցեղակիցներին ազատագրելու պատրւակով Հայաստանը հերոսաբար կազատագրեն հայերից, որպէսզի Աֆրինի նման այն յանձնեն թուրքերին եւ անցնեն Ռ. Էրդողանի մատնանշած յաջորդ թիրախի խոցմանը։

Մեր վտանգւած երկրում մուսուլման եւ քրիստոնեայ ժողովուրդների համակեցութեան ապահովման խնդիրը դրւել է դեռեւս Հայաստանի Հանրապետութեան անկախացման պահին՝ 1918 թւականին։ Անգամ՝ մեր երկրի ոչ թէ Հայկական, այլ Հայաստանի Հանրապետութիւն կոչւելու իրողութիւնը դրանից էր բխում։ Բայց դրւել է այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետութիւնը պահանջելու էր Արեւմտեան Հայաստանի վեց վիլայեթների միացումն իրեն։ Ուստի, եթէ այսօր Հայաստանի վարչապետը պատմական հարթութիւն է տեղափոխում Սեւրի պայմանագիրը, ապա ինքն ու իր Սփիւռքի յանձնակատարը իրաւունք չունեն խօսելու ներկայ փոքրիկ Հայաստանի էթնիկ դիմագծի որեւէ խաթարման մասին։ Տէ՜ր կանգնէք Սեւրի պայմանագրին եւ յետոյ միայն ձեր պահանջն ամրագրէք մուսուլմանների հետ խաղաղ համակեցութեան պատրաստակամութեամբ։

Հակառակ պարագայում կը ստացւի, որ մենք գործ ունենք ոչ թէ Հայաստանի առաջին Հանրապետութեան անկախացման պահին առաջադրւած խնդրի, այլ նրա վերանկախացման շրջանում՝ 1991 թւականին, Լեւոն Տէր-Պետրոսեանի առաջ քաշած՝ մեր պաշտպանւածութիւնը մեր անպաշտպան լինելու մէջ է տրոցկիստական բանաձեւի նոր հրատարակութեան հետ։ Իսկ Լեւ Դաւիդովիչ Տրոցկուց մինչեւ Լեւոն Տէր-Պետրոսեան հասած այս էստաֆետի բոլոր «ջահակիրներին» հաւաստիացնում ենք, որ ապագայ Միացեալ եւ Անկախ Հայաստանում, որի ձեւաւորման պատմական անխուսափելիութեան վերաբերեալ որեւէ կասկած չունենք, մենք երաշխաւորելու ենք բոլոր էթնիկ խմբերի եւ նոյնիսկ՝ իրենց անվտանգութիւնը, ուստի ասորիների ու արաբների կողքին այսօրւանից ազատօրէն կարող են արտաբերել նաեւ իրենց խիստ հարազատ՝ միւս սեմական ժողովրդի անւանումը։ Այդ առումով լիւստրացիայի կարիք չկայ։

Խնդիրը միայն նրանում է, որպէսզի Սեւրի պայմանագրի 100-ամեակի առթիւ հրապարակւած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ուղերձի ու ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հարցազրոյցի համեմատութեան միջոցով լիւստրացիայի ենթարկենք մեզանում կրկին վերածնւած այն քաղաքական հոսանքը, որը Միացեալ եւ Անկախ Հայաստանի համար պայքարելու փոխարէն՝ այսօր էլ շարունակում է փայփայել Թուրքիային քաղաքակիրթ կերպով անձնատուր լինելու տեսլականը՝ կեղծ երկխօսութեան գոյնզգոյն հարթակներ որոնելու միջոցով։ Ուստի, որքան էլ ժամանակ առ ժամանակ խրոխտ կեցւածքներ ընդունի ՀՀ վարչապետը, նա չի կարող թաքցնել այն աւելի քան ակնյայտ իրողութիւնը, որի հերթական դրսեւորման ականատեսն ենք մենք այսօր. հէնց ինքը՝ Նիկոլ Փաշինեանն է ներկայ պահին գլխաւորում այդ տրոցկիստատէրպետրոսեանական հոսանքը եւ նրանից սահմանազատւելու համար ո՛չ ուժ ունի եւ ո՛չ էլ՝ ցանկութիւն։

Իսկ Թուրքիան լաւ գիտի, թէ ի՛նչ վտանգ է ներկայացնում իր համար Սեւրի պայմանագիրը, ուստի մեր նախագահի կամ վարչապետի խօսքերով չէ, որ դատելու է նրա մասին։ Մեր խնդիրը դերաբաշխումների ապահովման կամ՝ լիւստրացիաների իրականացման մէջ չէ, որոնք առանց այդ էլ յստակ են ամենքի համար։ Հայաստանի առջեւ մեր տարածաշրջանում բացւող փայլուն հեռանկարների առկայութեան պայմաններում բուն խնդիրը հէնց մեր սեփական երկրի ներսում առկայ պարտւվողականութիւնն իբրեւ քաղաքական մտքի ուղղութիւն ու քաղաքական հոսանք արմատախիլ անելու մէջ է՝ ինչ դիմակի տակ էլ այն փորձի թաքնւել։

 

Գէորգ Խուդինեան

Yerkir.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։