Հա

Գաղափարական

12/08/2020 - 13:00

Լինել սեփական պատմութեան ժառանգորդը

Սեւրի պայմանագիրը կնքւել է 1920 թ.-ի օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սեւր արւարձանում, այն ստորագրւել է 1920 թ. օգոստոսի 10-ին, Սեւրում (Փարիզի մօտ), Թուրքիայի սուլթանական կառավարութեան եւ 1914-18 թթ. Առաջին համաշխարհային պատերազմում յաղթած դաշնակից պետութիւնների՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Յունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա՝ Սերբերի, Խորւաթների եւ Սլովենների թագաւորութեան եւ, Հեջազի միջեւ:

ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ

 

Սեւրի պայմանագիրը կնքւել է 1920 թ.-ի օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սեւր արւարձանում, այն ստորագրւել է 1920 թ. օգոստոսի 10-ին, Սեւրում (Փարիզի մօտ), Թուրքիայի սուլթանական կառավարութեան եւ 1914-18 թթ. Առաջին համաշխարհային պատերազմում յաղթած դաշնակից պետութիւնների՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Յունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա՝ Սերբերի, Խորւաթների եւ Սլովենների թագաւորութեան եւ, Հեջազի միջեւ: Հայաստանի Հանրապետութեան անունից պայմանագիրը ստորագրել է Ա. Ահարոնեանը: Սեւրի պայմանագրի հիման վրայ՝ ԱՄՆ-ի նախագահ Վուդրօ Վիլսոնը 1920 թ.-ի նոյեմբերի 22-ին հրապարակեց Թուրքիայի եւ Հայաստանի սահմանաբաժանման մասին իր վճիռը, որը պատմութեան մէջ մնաց «Վիլսոնեան իրաւարար վճիռ» անունով:

Ըստ Սեւրի պայմանագրի հիմքով կայացւած այդ վճռի Հայաստանի կազմի մէջ պէտք է մտնէին Էրզրումի վիլայեթը, Վանի եւ Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը, ինչպէս նաեւ Տրապիզոնի նաւահանգիստը:

Հայաստանը ելք էր ստանում դէպի Սեւ ծով: Հայաստանին վերադարձւող տարածքները կազմելու էին 90.000 հազար քառ կմ: Հայաստանի Հանրապետութեան ընդհանուր տարածքը կազմելու էր 160.000 քառ/կմ, քանի-որ 1918 թ.-ի նոյեմբերից Հայաստանի փաստացի տրապետութեան տակ էր գտնւում 70.000 քռ/կմ տարածք՝ ներառեալ Կարսի մարզն ու Սուրմալուի գաւառը: Վիլսոնի իրաւարար վճիռը վերջնական էր, եւ պարտադիր կատարման համար, բայց թէ Սեւրի պայմանագիրը (Հայաստանի մասով), թէ Վիլսոնի վճիռը մնացին թղթի վրայ՝ պատճառների մասին մի փոքր ուշ:

Այս տարի լրացաւ Սեւրի պայմանագրի կնքման 100-ամեակը, պետական մակարդակով ինչպէս սպասւում էր ոչինչ չարւեց, Հայաստանի Հանրապետութեան վարչապետը ուղերձ յղեց Սեւրի պայմանագրի 100-ամեակին նւիրւած գիտաժողով անցկացնող գիտնականներին, իսկ մեր երկրի ԱԺ նախագահը բաւարարւեց իր ֆէյսբուքեան էջում անատամ ու անորոշ մի գրառմամբ, որը տարակուսանքի մէջ է գցում թեմայից քիչ թէ շատ տեղեակ մարդուն:

Նախ ՀՀ ԱԺ նախագահ պարոն Արարատ Միրզոյեանը յիշատակում է նոյն օրը Թիֆլիսում Հայաստանի դեսպան Արշակ Ջամալեանի եւ Ռուսաստանի բոլշեւիկեան կառավարութեան միջեւ կնքւած զինադադարի համաձայնագիրը, որը ոչ մի աղերս չունի Սեւրի պայմանագրի հետ: Պարոն Միրզոյեանը նշում է. «Հայաստանն ընդունում էր, որ «վիճելի» Ղարաբաղը, եւ գրեթէ ամբողջ Նախիջեւանը զբաղեցնեն ՌԽՖՍՀ զօրքերը»: Այս առումով հարկ ենք համարում շեշտել, որ պարոն Միրզոյեանը «մոռացել» է նշել կարեւոր մի հանգամանք, որ ՌԽՖՍՀ-ն այդ տարածքները զբաղեցնելու էր ժամանակաւորապէս, մինչեւ Հայաստանի հետ հաշտութեան պայմանագրի կնքումը եւ ՌԽՖՍՀ-ի կողմից այդ տարածքների ժամանակաւոր զբաղեցումը, չէր կանխորոշում այդ տարածքների նկատմամբ Հայաստանի Հանրապետութեան կամ Խորհրդային Ադրբեջանի իրաւունքները, այսինքն ՌԽՖՍՀ-ն այդ տարածքներում, կարելի է ասել, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղապահի դեր էր կատարում:

Յիշատակելով սույն փաստաթուղթը պարոն Միրզոյեանը նրբանկատօրէն շրջանցել է մի հանգամանք եւս, որ յիշատակւած փաստաթուղթը ստորագրած կողմերից գոնէ մէկը՝ ՌԽՖՍՀ-ն միջազգայնօրէն ճանաչւած պետութիւն չէր: ՌԽՖՍՀ-ն արդէն, որպէս ԽՍՀՄ ճանաչւեց միայն 1924 թ.-ի փետրւարի 1-ին Մեծ Բրիտանիայի կողմից, որով էլ սկիզբ դրւեց ԽՍՀՄ-ի միջազգային ճանաչմանը:

Ցանկացած միջազգային պայմանագրի օրինականութեան համար՝ միջազգային իրաւունքն ունի յստակ պահանջներ, ինչպէս օրինակ՝ որեւէ պայամանագիր կարող է համարւել օրինական, եթէ այն ստորագրւել է ճանաչւած պետութեան օրինական իշխանութեան լիազօր ներկայացուցիչների կողմից: Իսկ ՌԽՖՍՀ-ն ինչպէս ասացինք միջազգայնօրէն ճանաչւած պետութիւն չէր, եւ չի բացառւում, որ միջազգայնօրէն չճանաչւած պետութեան հետ Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչներ Ջամալեանի եւ Բաբալեանի կնքած զինադադարը մեր պետութեան համար զուտ ժամանակ շահելու միջոց էր:

Միամտութիւն կը լինի կարծելը, թէ պարոն Միրզոյեանն այս ամէնի մասին չգիտի, միանգամայն պարզ է, որ նշւած փաստաթղթի յիշատակութիւնը նպատակ է հետապնդում նսեմացնելու Սեւրի պայմանագրի նշանակութիւնը, որն իր իրաւական ուժով եւ պատմական նշանակութեամբ անշուշտ շատ աւելի բարձր փաստաթուղթ է:

Պարոն Միրզոյեանը նշում է, որ Սեւրի պայմանագիրը մնաց թղթի վրայ եւ դարձաւ մեզ «տարածաշրջանից հեռացող դաշնակիցների սիրոյ վերջին խոստովանութիւնը»- իր գրառման ենթատեքստում Դաշնակիցերրներին ու ՀՀ-ին մեղադրելով Սեւրի պայմանագրի Հայաստանին վերաբերող հատւածի թղթի վրայ մնալու համար, երկրի գլխաւոր պաշտօնեան յաջորդ նախադասութեամբ շատ աւելի մեծ զարմանք է պատճառում ընթերցողին «…Եւ, երբ նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրօ Վիլսոնի վճռով մեզ թղթով 90 հազար քառ.կմ Արեւմտեան Հայաստան էր «տրւում» մենք կորցնում էին իրական Արեւելեանը» եւ հերթական անգամ պարոն Միրզոյեանը «մոռանում» է նշել այն գլխաւոր գործօնը, որն իրականում պատճառ դարձաւ Սեւրի պայամանագրի Հայաստանին վերաբերող կէտերի եւ Վիլսոնի իրաւարար վճռի թղթի վրայ մնալու համար՝ այդ գործօնը բոլշեւիկա-քեմալական ուժերի միաւորումն էր Հայաստանի դէմ, Դաշնակիցներին մեզ խաբելու մէջ յանիրաւի մեղադրող ԱԺ խօսնակը յամառօրէն հրաժարւում է նշել այն հանգամանքը, որ բոլշեւիկա-թուրքական ուժերը մի քանի ճակատով յարձակւեցին Հայաստանի վրայ, ու մեր երկրի համար ռազմավարական նշանակութիւն ունեցող Կարսը, հոկտեմբերի 31-ին հայ բոլշեւիկների դասալքութեան կոչերի եւ հայ ժողովրդի «եղբայր» կոմունիստ թուրքի մասին քարոզների ազդեցութեան տակ, առանց մի կրակոցի յանձնւեց թուրքերին, ինչն էլ վճռորոշ եղաւ ու Հայաստանի Հանրապետութիւնը անկում ապրեց:

Դեկտեմբերի 2-ին Երեւանում կնքւեց Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիրը, որով ՀՀ կառավարութիւնը վայր դրեց իր լիազօրութիւնները եւ իշխանութիւնը յանձնեց բոլշիկներին:

Պարոն Միրզոյեանը ակնարկում է նաեւ Ալեքսանդրապոլի պայմանագրի մասին շեշտելով՝ «1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի անունից ստորագրւեցին կրկին երկու փաստաթղթեր, որոնցից մէկով ամրագրւեց Հայաստանի խորհրդայնացումը, իսկ երկրորդը յիշատակելն անգամ անարժան է», հաշւի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ խոսնակը, ով ի դէպ մասնագիտութեամբ պատմաբան է՝ բաւականին յաճախ է մոռանում պատմական իրադարձութիւնների իրական եղելութեան, իսկ որպէս քաղաքական գործիչ նաեւ այդ իրադարձութիւնների իրաւական կողմի մասին՝ հարկ ենք համարում յիշեցնել, որ «յիշատակելու անարժան» պայմանագիրը կնքւել է դեկտեմբերի լոյս 3-ի գիշերը, երբ Հայաստանի Հանրապետութիւնը, որպէս անկախ պետութիւն այլեւս գոյութիւն չունէր, եւ այն ներկայացնող պատւիրակութեան ստորագրած փաստաթուղթն էլ իրաւական ուժ ունենալ չէր կարող:

«Սեւրի պայամանագիրը շարունակեց իր անհողեղէն ոդիսականը մինչեւ 1923 թ., երբ Լօզանում աշխարհն ըստ էութեան ճանաչեց քեմալական Թուրքիայի իշխանութիւնը ոչ միայն Սեւրով հայերին խոստացւած տարածքների, այլեւ Կարսի, Արդահանի ու Սուրմալուի նկատմամաբ» պարոն Միրզոյեանի այս եզրայանգումը կարդալիս իսկապէս տարակուսանքի մէջ ես յայտնւում, որովհետեւ ինչպէս գիտենք 1922 թ. նոյեմբերի 20-ից, 1923 թ.-ի յուլիսի 24-ը տեղի ունեցած Լօզանի կոնֆերանսին թէեւ քննարկւում էր Հայկական Հարցը, բայց Հայաստանի Հանրապետութեան պատւիրակութեանը չթոյլատրւեց պաշտօնապէս մասնակցել խորհրդաժողովին, որովհետեւ Հայաստանում հաստատւել էր խորհրդային իշխանութիւն եւ Հայաստանի Հանրապետութիւնը փաստացի գոյութիւն չունէր, իսկ խորհրդային պատւիրակութիւնը (ռուսներ, ուկրայինացիներ, վրացիներ) մասնակցեց միայն սեւծովեան նեղուցների հարցի քննարկմանը:

Չընդարձակւելով Լօզանի պայմանագրի կէտերի քննարկման շուրջ, հարկ ենք համարում եւս մէկ անգամ պարոն Միրզոյեանին յիշեցնել, որ ինչպէս 1921 թ.-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամութեան եւ եղբայրութեան պայմանագիրը՝ (եւ նրանից բխող Կարսի պայմանագիրը) որով երկու կողմերը չեղարկեցին Սեւրի պայմանագիրը, այնպէս էլ Լօզանի պայմանագիրը Հայաստանի Հանրապետութեան համար որեւէ իրաւական նշանակութիւն ունենալ չի կարող, որովհետեւ մեր երկիրը բռնազաւթւած լինելու պատճառով, չի մասնակցել Լօզանի կոնֆերանսին եւ չի ստորագրել այդ պայմանագիրը։ Ըստ այդմ, Լօզանի պայմանագիրը որեւէ իրաւական պարտաւորութիւն չի ստեղծել եւ չի ստեղծում Հայաստանի Հանրապետութեան համար։ Գործում է միջազգային իրաւունքի Res inter alios acta (մասն չես, պարտաւոր չես) սկզբունքը։ Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Լօզանի պայմանագրի նշանակութիւնը գերագնահատւում է. Այն փոփոխութեան չի ենթարկել, մինչեւ իսկ Թուրքիայի մասով, Առաջին աշխարհամարտի բոլոր արդիւնքները, մինչդեռ Սեւրի պայմանագիրը լայն առումով գործում է, բացառութեամբ Հայաստանին եւ քրդրին վերաբերող կէտերի:

Ամփոփելով կարող ենք ասել, որ պարոն Միրզոյեանի այս չափազանց սրտաճմլիկ, բայց պատմական եւ իրաւական առումով մի շարք թերութիւններ ունեցող գրառման նպատակը Սեւրի պայմանագրի շուրջ վատատեսական տրամադրութիւններ ստեղծելն է, քանի-որ այս գրառմամբ մեր երկրի ղեկավար կառոյցի նախագահը հանդէս է գալիս ոչ պահանջատիրական դիրքերից՝ ինչը միանգամայն բխում է առաջին նախագահ Լ. Տէր-Պետրոսեանի բոլորովին վերջերս մեր պատմութեանը տւած «վտանգաւոր հայդատականութիւն» որակման տրամաբանութիւնից: Ասել է, թէ մեր պատմութեան շատ իրադարձութիւններ, այդ թւում նաեւ Սեւրի պայամանագիրը պէտք է յիշել զուտ, որպէս պատմական իրողութիւն, բայց դրա նկատմամբ որեւէ ակնկալիք չունենալ: Այս տրամաբանութունից էր բխում նաեւ Սեւրի պայմանագրի 100-ամեակին նւիրւած գիտաժողովին Հայաստանի Հանրապետութեան վարչապետի ուղերձը, որտեղ նշւած է. «Չնայած Սեւրի պայմանագիրն այդպէս էլ կեանքի չկոչւեց, այն շարունակում է գոյութիւն ունենալ որպէս պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականութեան վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է յիշել այն, գիտակցել եւ պահպանել նրա խորհուրդը»: Ինչպէս տեսնում ենք ՀՀ վարչապետը եւս պահանաջտիրութեան դիրքերից հանդէս չի գալիս, մինչդեռ Սեւրի պայմանագիրը զուտ պատմական փաստ չէ, այդ փաստաթղթից բխող Վիլսոնեան իրաւարար վճռով, որն ի դէպ հաստատւել է Ազգերի Լիգայի կողմից (ՄԱԿ-ին նախորդող կառոյցը): Միջազգային հանրութիւնը ճանաչել է Հայաստանի իրաւունքները Արեւմտեան Հայաստանի որոշ հատւածի նկամամբ, Սեւրի պայամանգրով Թուրքիայի օրինական կառավարութիւնը, փաստօրէն, իր համաձայնութիւնն է տւել, որ Արեւմտեան Հայաստանից որոշ հատւածներ միացւեն իր կողմից պաշտօնապէս ճանաչւած Հայաստանի Հանրապետութեանը, հայ ժողովրդի կրած կորուստների փոխհատուցման հարցերին անդրադաձ է արւած հէնց Սեւրի պայմանագրով։

Այս կարեւոր փաստաթղթի կնքումից 100 տարի է անցել, եւ այն արժեւորելու, մեր հետագայ անելիքները յստակեցնելու ու Սեւրի պայամանագիրը մեր պահանջատիրութեան հիմքում դնելու ժամանակն է, եւ ցանկացած պետական այրի համար անպտուղ գործ է Սեւրի պայմանագրի Հայաստանին վերաբերող հատւածի ու Վիլսոնի իրաւարար վճռի թղթի վրայ մնալու համար մեղադրել Դաշնակիցներին կամ, առաւել եւս, Հայաստանի Հանրապետութեանը, որովհետեւ ինչպէս ցոյց է տալիս իրադարձութիւնների ժամանակագրութիւնը, որքան էլ, որ Հայաստանի կառավարութիւնը ցանկանար Սեւրի պայամանագիրը չէր կարող իրագործւել, քանի-որ Հայաստանի Հանրապետութիւնը ընկաւ բոլշեւիկա-թուրքական խարդաւանքների սարդոստայնը, բայց մերօրեայ Հայաստանի Հանրապետութիւնը կարող է, որպէս պահանջատէր հանդէս գալ քանի-որ Հայաստանի Առաջին Հանրապետութեան իրաւայաջորդն է:

Եւ հերթական իշխանութիւններն էլ պարտաւոր են լինել սեփական պատմութեան ժառանգորդները ու կամովին չյայտնւել ուրիշների լարած թակարդում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։