Սահմանամերձ գիւղերում այս օրերին կարելի է տեսնել դիրքապահ մարտիկների, ընդ որում` ե՛ւ տեղացի, ե՛ւ հանրապետութեան ու սփիւռքի տարբեր վայրերից եկած։
«alikonline.ir» - Սահմանամերձ գիւղերում այս օրերին կարելի է տեսնել դիրքապահ մարտիկների, ընդ որում` ե՛ւ տեղացի, ե՛ւ հանրապետութեան ու սփիւռքի տարբեր վայրերից եկած։
Yerkirmedia.am-ի հետ զրոյցում է՝ Պարսկաստանում ծնւած եւ 30 տարի առաջ հայրենիքում հաստատւած, մասնագիտութեամբ շինարար Արիս Սաֆարեանը ՀՅԴ ջոկատի կազմում Սրաշէնի սահմանները պաշտպանող մարտիկների թւում է:
- Երբւանի՞ց է ձեր ջոկատն այստեղ` Սրաշէն սահմանապահ գիւղում։
- Մի քառասուն օր կը լինի, ինչ այստեղ է, ես մի քիչ աւելի ուշ եմ միացել ջոկատին։ Ջոկատը բաւականին համալրւում է, այնպէս որ` դիրքապահների քանակական առումով որեւէ խնդիր չունենք։ Բոլորն էլ սրտի թելադրանքով են պաշտպանում Սիւնիքի այս հատւածը։
- Հաւանաբար համագործակցում էք տեղացի կամաւորների ու տեղական իշխանութիւնների հետ։
- Ոչ միայն, համագործակցում ենք բոլոր ռազմական միաւորների հետ։ Բաւականին մեծ է Կապանի համայնքապետի դերն այս տարածաշրջանի պաշտպանունակութիւնն ամրապնդելու գործում։ Համայնքի ղեկավարը բաւականին մեզ աջակցում է, կիսում է մեր մտահոգութիւնները, ինչը հանրապետութեան կառավարութեան միս անդամների կամ ներկայացուցիչների շրջանում բացակայում է։
- Որքանով հասկացանք, ջոկատի կազմում միայն հայաստանցիներ չեն։
- Ջոկատում ընդգրկւած են արտերկրից կամաւորներ` Կանադայից, Սիրիայից, Պարսկաստանից։ Ջոկատում կան նաեւ այս պատերազմի մասնակիցներ, ովքեր վերադառնալով կրակագծից` անմիջապէս եկել, միացել են մեզ, այսինքն` ունենք ընկերներ, ովքեր երկու-երեք ամիս է` զինւորականի կեանքով են ապրում։
- Ինչպէս տեսնում ենք` տեղական իշխանութիւնը դիրքապահների հետ կապւած հարցերը լուծում է, յամենայն դէպս այդպիսի տպաւորութիւն ստացանք։
- Բոլոր-բոլոր հարցերը։ Ե՛ւ սննդի, ե՛ւ գիշերակացի, ե՛ւ ուրիշ հարցերի լուծումը համայնքի ղեկավարը վերցրել է իր ուսերին եւ պատւով առաջ է տանում։
- Երկու բառով էլ ներկայացրէք ձեր հրամանատարին, ում կամաւորականներն ու տեղացիները կոչում են Չեչեն Արօ. նա համեստաբար հրաժարւեց հարցազրոյց տալուց։
- Իմ ընկերներն աւելի երկար են նրա հետ ծառայել, նրանք աւելի ստոյգ կը ներկայացնեն, այստեղ մենք մի ընտանիքի պէս ենք, բոլորս իրար հաւասար։ Հրամանատարն էլ ամէն ինչ է մեզ համար, նա մասնակցել է նաեւ Արցախեան առաջին պատերազմին ու համարում ունեցող զինւորական է։
- Իսկ այստեղ գտնւելու ընթացքում սահմանային միջադէպ գրանցւե՞լ է` թշնամու կողմից առաջխաղացում, կրակոցներ եւ այլն։
- Հիմա այս պահին հանդարտ է, քանի որ դիրքերը բաւականին առաջ ենք տարել` ճանապարհների ապահովութեան համար։ Եթէ այստեղ էլ ցանկանան Սոթքի նման GPS-ով հարցեր լուծել, ծիծաղելի կը լինի, որովհետեւ կը հայաթափւեն ենթաշրջանի գիւղերը։ Մեծապէս կը վտանգւեն Գորիս-Կապան, Կապան-Մեղրի (այլընտրանքային` խմբ.) ճանապարհները, Կապանում կունենանք պրոբլեմներ` կապւած օդանաւակայանի հետ։ Չգիտեմ, մտահոգութիւնները շատ են, բայց, ցաւօք սրտի, չունենք համարժէքօրէն մտահոգ իշխանութիւն։
- Մեզ հետաքրքրում է ձեր ջոկատի արձագանքը նոյեմբերի 9-ի կապիտուլեացիային։
- Բնականաբար, մենք արժանի չէինք նման կապիտուլեացիայի, ինձ թւում է, երբ զէնքը զինւորի ձեռքին է, նման կապիտուլեացիա չեն ստորագրում։ Անտրամաբանական է, երբ դու կռւում ես, ու քո թիկունքում ինչ-որ մէկը լուծում է մի ողջ ազգի ճակատագիրը։
- Այդ ամենից բացի` դա մի ուժգին հարւած էր մեր ոգեղէնութեանը, մեր բարոյականութեանը, մեր ներաշխարհին։ Ձեր ջոկատի ոգին ինչպիսի՞ն է։
- Տղաների ոգին բարձր է բաւականին, քանի որ զէնքը ցած չեն դրել։ Ես չգիտեմ` զէնքը իջեցնելուց եւ տուն վերադառնալուց յետոյ ինչպիսին կը լինի նրանց հոգեբանութիւնը. հաւանաբար` ծանր։ Բայց քանի որ Սիւնիքում ենք, ամէն ինչ չի աւարտւել, դեռ շատ բարձր է տրամադրութիւնը, եւ յոյս ունենք, որ գոնէ այս հատւածում չեն կոտրի հայ ժողովրդի ոգին, քանի որ ներկայ իրավիճակում կառավարութեան տեսլականը չի համընկնում ժողովրդի տեսլականին։ Միակ սփոփիչը Կապանի համայնքապետն է եւ Սիւնիքի ժողովուրդը, ովքեր մեզ հետ են, ամէն ինչով աջակցում են։ Ասեմ նաեւ` երբ Կապանում խանութ ես մտնում, ողջոյնները, մարդկանց յարգանքը ոգեւորիչ են` ի տարբերութիւն մայրաքաղաքի բնակչութեան։ Այստեղ մարդիկ գիտակցում են, թէ մենք ինչ ենք անում…
- Կուզենայի՞ք խօսք ուղղել մեր բնակչութեանը։
- Պինդ եղէք, մենք ձեր կողքին ենք ու մինչեւ վերջ ձեր կողքին կանգնած ենք լինելու։
Զրոյցը` Սամուէլ Ալեքսանեանի եւ Վահրամ Օրբէլեանի