Հա

Գաղափարական

02/02/2021 - 13:25

Դիպլօմատ հրէշներ

Հասարակական կեանքի մէջ պատահում են այնպիսի անակնկալ դժբախտութիւններ, այնպիսի ահռելի չարիքներ, որ շշմեցնում են ամենամեծ յոռետեսին անգամ …. Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ մեր ներկայ կեանքի մէջ յոռետեսի երեւակայած սահմանն էլ ոչնչանում է, եւ չարիքը տարածում է իր թեւերը աւելի հեռու ու հեռու…

Հասարակական կեանքի մէջ պատահում են այնպիսի անակնկալ դժբախտութիւններ, այնպիսի ահռելի չարիքներ, որ շշմեցնում են ամենամեծ յոռետեսին անգամ …. Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ մեր ներկայ կեանքի մէջ յոռետեսի երեւակայած սահմանն էլ ոչնչանում է, եւ չարիքը տարածում է իր թեւերը աւելի հեռու ու հեռու…

Ամէն անգամ, երբ առիթ ենք ունեցել խօսելու եւրոպական դիպլօմատիայի մասին, որը պաշտօնապէս իր «հովանաւորութեան» տակ է առել Արեւելքի քրիստոնեաներին, մենք, հեռու որեւէ յոռետեսութիւնից, յենւած միմիայն պարզ իրականութեան վրայ, պնդել ենք միշտ, որ ոչ մի դիպլօմատի համար գոյութիւն չունին ո՛չ քրիստոնէական, ո՛չ մարդասիրական, ո՛չ քաղաքակրթական եւ ո՛չ այլ նոյնանման նպատակներ: Մենք ընդունում էինք, որ դիպլօմատիան կարող է ոչ թէ միայն չօգնել մեզ, անտարբեր մնալ, այլ մինչեւ իսկ վնասել մեզ, աշխատել կանգնեցնել ծնունդ առած շարժումը, եթէ այդ իր շահերին վնասակար նկատւի: Բայց մենք եւ մեզ հետ նոյնիսկ ամենամեծ յոռետեսները դժւար թէ կարող էինք երեւակայել, որ քաղաքակիրթ աշխարհի «քաղաքակիրթ» ներկայացուցիչները հասնէին անխղճութեան, տմարդութեան ու լրբութեան այն ծայրայեղ աստիճանին, որի վրայ նրանք կանգնած են այժմ, եւ ոչ թէ միայն մեր, այլեւ ամբողջ Արեւելեան հարցի վերաբերմամբ:

Եւրոպական դիպլօմատները «գթութեան քոյրերի» նման շրջապատել են «հիւանդ մարդուն» եւ, ամենաաններելի միջոցներ գործի դնելով, աշխատում են պահպանել նրա նեխւած կեանքը.«I homme malade»-ը (հիւանդ մարդը) դարձել է «enfant gâté»(երես առած երեխայ), որին պահում, պահպանում, շոյում, փայփայում են ամէն կողմից: Հոգատար դիպլօմատները ամենայն յաջողութեամբ մրցում են իրար հետ այդ ասպարեզում: Մէկն իր արջի թաթի զօրութեամբ միջոց է տալիս նրան կոտորելու, ջարդելու տասնեակ հազարաւոր հայեր՝ երկրի «խաղաղութիւնը» վերականգնելու համար: Միւսը իր հաստ գրպանն է բաց անում եւ առաջարկում իր ոսկիները` տնտեսական բացարձակ քայքայումից ազատելու համար, երրորդի նախաձեռնութեամբ ընդհանուր ճնշում են գործ դնում ու սպառնալիքներ կարդում ապստամբ կրէտացիներին: Ճնշում են Յունաստանին, որ անուղղակի կերպով օգնում է իր արիւնակից եղբայրներին, ճնշում են Բօլգարիային, որ չի խանգարում մակեդոնական շարժմանը…. Բայց ոչ մի տեղ, ոչ մի պարագայում եւրոպական դիպլօմատը չարտայայտեց իր էութիւնը այնքան ստոր, զզւելի եւ կոպիտ կերպով, ոչ մի տեղ նա ցոյց չտւեց իր բարոյական այլանդակութիւնը այնքան շօշափելի փաստերով, որքան Վանի եւ ընդհանրապէս Վասպուրականի վերջին աղետալից դէպքերի ժամանակ:

Մուտք գործելով Տաճկահայաստան, շփւելով յաճախակի վայրագ կառավարութեան հետ`դրանք կարծես թէ մոռանում են իրենց ծագումը, մոռանում են այն միջավայրը, ուր ծնւել ու սնւել են, մոռանում են այն դարը, որի մէջ ապրում են: Առանց խղճահարութեան, առանց ամօթի, բացարձակ կերպով պաշտպան հանդիսանալով սուլթանի կառավարութեան`դրանք ամենանենգ ճանապարհներով ստիպում են յեղափոխական գնդերին հեռանալ քաղաքից: Դրանք մատնում են այդպիսով անզէն ժողովրդին վրէժխնդիր զինւորների ու վայրագ խուժանի կատաղութեան, իսկ յեղափոխական գնդերին՝ Պարսկաստանի ճանապարհի վրայ պատրաստւած զինւորների եւ համիդէականների անհամար բազմութեան:

Կոտորածի այդ սարսափներից յետոյ նրանք դեռ համարձակւում են ամբողջ յանցանքը բարդել հայերի վրայ, մեղմացնել կառավարութեան եւ բաշիբօզուկների վոհմակների գործած գազանութիւնները, ուրանալ քաղաքի ռմբակոծութիւնը, քաղաքի եւ շրջակաների աւերւիլը, թալանիլը, հազարաւոր զոհերի թիւը… Եւ այդ դեռ բաւական չէ, նրանք յանդգնում են հանրագրութիւններ պատրաստել հայերի կողմից, ստիպում են ստորագրել անճարացած, ահաբեկւած ժողովրդին, իբր թէ նա ինքն է մեղաւոր, որ իրեն կոտորել են, թէ նա շնորհակալ է կառավարութիւնից, որ կոտորածը չի շարունակւում… Սա արդէն չափից դուրս է, այս դէպքում մարդ դժւարանում է հաւատալ, թէ դրանք մարդկային արարածներ են եւ ոչ թէ հրէշներ` մարդկային կերպարանքով…

Վասպուրականի կոտորածի ահռելիութիւնը անյայտ մնաց շատ շատերից. դիպլօմատները կարող են դրանով պարծենալ: Բայց ռմբակոծւած տները, արիւնաներկ փողոցները, անթաղ դիակները, մոխիր դարձած գիւղերը դեռ մնայուն վկաներ են սուլթանի գազանութիւնների եւ դիպլօմատիայի լկտիութեան: Անօթի, մերկ, բոբիկ մնացած բազմաթիւ կենդանի էակների խուլ հեծեծանքը, առեւանգւածների, բռնաբարւածների ապարդիւն ճիչերը, հազարաւոր անմեղ զոհերի բարձրաձայն անէծքը… այս բոլորը դառը բողոք են Եւրոպայի հասարակական դատաստանի առաջ՝ իր ներկայացուցիչների տմարդութիւնների դէմ:

Վասպուրականն աւերւեց. սուլթանը, Շաքիրը, Սաադէտին եւ այլ փաշաներ հրճւում են: Հրճւում են եւ դիպլօմատները. նրանցից իւրաքանչիւրը հասաւ իր նպատակին: Իսկ մե՞նք…

Ճիշդ է, մենք կրեցինք սոսկալի հարւած, անհամեմատ աւելի զոհեր տւինք, քան մեր թշնամին, կորցրինք մեր լաւագոյն ընկերներից շատերին, բայց մեր ժամանակաւոր պարտութիւնը, մեր թշնամիների հրճւանքը մեզ չեն վհատեցնիլ: Տասնեակ հազարաւոր դժբախտների յուսահատական ճիչերը պահանջում են մեզանից արդար վրէժխնդրութիւն, մեր հարիւրաւոր նահատակւած ընկերների ստւերները կոչում են մեզ դէպի անձնազոհ գործունէութիւն:

Ռոստոմ,

«ԴՐՕՇԱԿ», 15 օգոստոս 1896 թիւ 19

«Դրօշակ», թիւ 1 (1647), յունւար, 2021 թ.  

Յարակից լուրեր

  • Արամ եւ Ռոստոմ
    Արամ եւ Ռոստոմ

    Այս տարւայ յունւարին լրացաէ է հայոց նորագոյն պատմութեան մեծագոյն գործիչներից երկուսի՝ Արամ Մանուկեանի եւ Ռոստոմի մահւան 102-րդ տարելիցը, ինչը եւս մէկ առիթ է՝ մէկ անգամ եւս յետադարձ հայեացք գցելու հայոց պատմութեան ոչ վաղ անցեալին, արժեւորելու մեր ազգային-ազատագրական պայքարի եւ հայոց պետականութեան հիմնադիր հայրերի անցած ճանապարհն ու նրանց թողած դասերը:

  • Այսօր լրանում է ՀՅԴ հիմնադիրներից՝ Ռոստոմի մահւան 101-ամեակը
    Այսօր լրանում է ՀՅԴ հիմնադիրներից՝ Ռոստոմի մահւան 101-ամեակը

    101 տարի առաջ, այս օրը` 1919 թւականի յունւարի 19-ին, իր մահկանացուն կնքեց Ստեփան Զօրեանը, նոյն ինքը` ՌՈՍՏՈՄԸ: Հ.Յ.Դ. հիմնադիրներց, Դաշնակցութեան ոգու մարմնացումը, մեծ հայն ու հումանիստը, նւիրեալ յեղափոխականն ու երդւալ սոցիալիստը:

  • Յովհաննէս Թումանեանի յուշերը Ռոստոմի մասին
    Յովհաննէս Թումանեանի յուշերը Ռոստոմի մասին

    1883 թւականին էր:

    Ինձ մեր գիւղից Թիֆլիս էին բերել Ներսիսեան դպրոցը տալու: Պէտք է ապրէի մօրս կողմից իմ ազգական Բաղդասար քեռու, կամ ինչպէս մենք էինք ասում, Բաղդի քեռու տանը:

  • Ռոստոմ եւ Արամ
    Ռոստոմ եւ Արամ

    Տարբեր սերունդի եւ տարբեր տարիքի մարդիկ, բայց մեր այս երկու թանկագին ընկերները ո՜րքան կը նմանէին իրարու շատ մը տեսակէտներով:

    Ամենէն առաջ՝ իբրեւ սերմանացան: Ուսուցիչ՝ երկուքն ալ, իրենց տքնութիւնը խոր հետքեր կը ձգէր նոյնիսկ այս տարրական եւ խաղաղ ասպարէզին մէջ: Կը յիշենք Ռոստոմը, երբ թւաբանութեան դաս կուտար 8-10 տարեկան մանուկներու, ի հարկին ամբողջ դասաժամը յատկացնելով միայն մէկ դանդաղամիտ աշակերտի դասը սորվեցնելու:

  • Դաշնակցութեան միտքը, կամքն ու խիղճը. Ռոստոմին յիշելիս (Մահւան 100-ամեակի առիթով)
    Դաշնակցութեան միտքը, կամքն ու խիղճը. Ռոստոմին յիշելիս (Մահւան 100-ամեակի առիթով)

    Եթէ դժւար է պատկերացնել հայ ժողովրդի ազգային-ազատագրական, յեղափոխական պայքարն առանց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, ապա Հայ Յեղափոխական Դաշնակցութեանն անհնար է պատկերացնել առանց Ստեփան Զօրեանի, նոյն ինքը՝ Ռոստոմի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։