Հա

Գաղափարական

06/02/2021 - 13:00

Հանրապետութեան hիմնադիր Արամ Մանուկեանի կերպարը ներկայ պահի հրամայական պահանջ (Մահւան 102-րդ ամեակի առիթով)

Արցախ-Ղարաբաղում ծնւած Արամ Մանուկեանը (ծննդեան անւամբ Սարգիս Յարութիւնի Յովհաննիսեան) 19-րդ դարի 90-ական թւականներին անդամագրւելով հայոց ազատամարտին, իր ամբողջ գիտակից կեանքը նւիրեց թուրքական բռնապետութիւնից հայ ժողովրդի ազատագրութեանը, անկախ եւ արժանապատիւ ապագայի կերտմանը, երբեք չյոգնեց ու չընկճւեց պայքարելուց, երբեք չերկնչեց թշնամու ուժից եւ տեղի չտւեց նրա առաջ։ Որքան էլ որ ծանր ու յուսահատական եղաւ հայ ժողովրդի դրութիւնը, պարտութիւնները, զրկանքներն ու կորուստները` ծանր ու տեւական, նա մշտապէս մնաց ազատագրական պայքարի առաջին, ամենածանր, վտանգաւոր ու պատասխանատու դիրքերում: 

ԱՐՄԷՆ ԱՍՐԵԱՆ

Պատմ. գիտ. թեկնածու

 

Յունւարի 29-ին լրանում է Հայոց պատմութեան մեծերից մէկի՝ Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի մահւան 102-րդ տարին: Ներկայումս, երբ հայ ժողովուրդն ապրում է իր հինգհազարամեայ պատմութեան դժնդակ ժամանակաշրջաններից մէկը, երբ կեղծ արժէքներ դաւանող, աւելի ճիշտ՝ ազգային արժէքները բացարձակապէս մերժող ոչ բարով «վարչապետի» ու նրա արբանեակների ապաշնորհութեան, անգործունակութեան, գաղտնի, եւ նոյնիսկ բացայայտ դաւաճանութեան պատճառով ռազմաքաղաքական ծանր հարւածներ, մարդկային ու տարածքային կորուստներ կրած Հայաստանի Երրորդ Հանրապետութիւնը կանգնած է անկման եզրին, երբ Արցախի Հանրապետութեան մեծ մասը զաւթւել է Ադրբեջանի կողմից, մենք, թերեւս, պարտաւոր ենք անդրադառնալ Արամ Մանուկեանի ստեղծարար, օգտակար գործողութեան մեծ գործակից պարունակող, յոյս ու հաւատ ներշնչող, տարողունակ ու լուսաւոր, յաւերժ կենդանի եւ ուսուցանող կերպարին: Չէ՞ որ Արամն անհետացման սպառնալիքին դէմ յանդիման գտնւող պատմական Հայաստանի մի փոքրիկ հատւածում անձեւ քաոսից ու աւերակներից, չնչին հնարաւորութիւններով, կարողացաւ կերտել անկախ Հայաստան եւ ապահովել հայ ժողովրդի վերածնունդը։

Համոզւած ենք, նոյնիսկ ներկայիս ծանրագոյն պայմաններում ամէն ինչ դեռ առջեւում է, ուղղակի պէտք է արժեւորել մեր մեծերին, վերակենդանացնել նրանց վառ կերպարները, յաղթանակ բերող մտածողութիւնն ու գործելակերպը, հետեւել նրանց օրինակին։

Արցախ-Ղարաբաղում ծնւած Արամ Մանուկեանը (ծննդեան անւամբ Սարգիս Յարութիւնի Յովհաննիսեան) 19-րդ դարի 90-ական թւականներին անդամագրւելով հայոց ազատամարտին, իր ամբողջ գիտակից կեանքը նւիրեց թուրքական բռնապետութիւնից հայ ժողովրդի ազատագրութեանը, անկախ եւ արժանապատիւ ապագայի կերտմանը, երբեք չյոգնեց ու չընկճւեց պայքարելուց, երբեք չերկնչեց թշնամու ուժից եւ տեղի չտւեց նրա առաջ։ Որքան էլ որ ծանր ու յուսահատական եղաւ հայ ժողովրդի դրութիւնը, պարտութիւնները, զրկանքներն ու կորուստները` ծանր ու տեւական, նա մշտապէս մնաց ազատագրական պայքարի առաջին, ամենածանր, վտանգաւոր ու պատասխանատու դիրքերում: Նա միշտ եղաւ լաւատես, պայքարող, ոգի տւող եւ արարող:

Արամ Մանուկեանի մտահոգութեան կենտրոնում մշտապէս եւ ամենուր՝ թէ՛ Կարսում (1903-1904 թթ.), թէ՛ Վանում (1905-1915 թթ.), թէ՛ Երեւանում (1917-1919 թթ.), հայ ժողովուրդն էր, նրա ձգտումների իրականացումը, նրա անվտանգութեան եւ արժանապատւութեան պաշտպանութիւնը:

Արամը ազգային եւ պետական գործչի կատարեալ մարմնաւորում է։ Նա ամենից առաջ նպատակասլաց, ջերմեռանդ, շրջահայեաց, հեռատես ու հաւասարակշիռ գործիչ էր: Դա ակնյայտ է դառնում Արեւմտեան Հայաստան մուտք գործելու առաջին օրերից՝ 1905 թ. փետրւարից, երբ ելնելով թէ՛ իր անձնական համոզմունքներից, թէ՛ ՀՅԴ կողմից որդեգրւող նոր մարտավարութիւնից՝ նա համբերատար կերպով ծաւալեց մեղւաջան աշխատանք ազատագրական պայքարի նեղ, մասնակի գործողութիւններից համընդհանուր, համաժողովրդական ապստամբութեան նախապատրաստման ուղղութեամբ: Արամը գտնում էր, որ միայն համազգային հուժկու պայքարի միջոցով կարելի է հասնել ազգային նպատակների իրականացմանը: Եւ նա ամենուր ու բոլոր ժամանակներում ամէն ինչ արեց իր ժողովրդին համախմբելու, հայութեան ուժերը կենտրոնացնելու եւ յաղթանակի ժամը մօտեցնելու համար: Դա նրա յաջողութեան, բազում յաղթանակների կարեւոր գրաւականներից էր:

Արամի այս որակներն էին, որ հնարաւոր դարձրին հայ ժողովրդի բախտորոշ յաղթանակները թուրք ոսոխի դէմ 1915 թ. Վանում եւ 1918 թ. Երեւանում: Այս որակներն էին, որ նրան հնարաւորութիւն տւեցին 1917 թ. դեկտեմբերին առաջադրել ու կենսագործել հայ ժողովրդի համար միակ նպատակայարմար ու խոստումնալից քաղաքական ուղեգիծը, որը, ինչպէս ցոյց տւեց պատմութիւնը, ոչ այլ ինչ էր, քան հայ ժողովրդի փրկութեան եւ անկախ պետականութեան վերականգնման տանող ծրագիր:

Արամին յատուկ որակներն էին աշխատասիրութիւնը, նպատակասլացութիւնն ու վճռականութիւնը: Որակներ, որոնք պարտադիր են ցանկացած նպատակ կամ ծրագիր իրագործելու համար: Նա երբեք չյոգնեց եւ գործից աննշան չափով իսկ չհեռացաւ, մշտապէս մնաց գործի գլուխ, գործի եւ պայքարի առաջին, ամենածանր, աշխատատար ու վտանգաւոր գծերում:

Արամին յատուկ էին ռազմավարական մտածողութիւնը, կանխատես միտքը, իրադարձութիւններին ընթացք տալու, նւյնիսկ նրանցից առաջ անցնելու ունակութիւնները, եւ ընդհակառակը, խորթ՝ սպասողականութիւնը, յարմարւողականութիւնը:

Այս առումով, թերեւս, առաւել բնութագրականն այն է, որ 1917 թ. վերջին, երբ հայոց երկնակամարում տիրում էր համընդհանուր անորոշութեան, փոքր ժողովուրդներին ազատագրութեան խոստումներ տւած երկրներից օգնութեան ակնկալիքի մթնոլորտ, երբ արդէն արեւելահայութեան եւ 1915-1916 թթ. Հայոց Մեծ Եղեռնից յետոյ նրա օջախներում ապաստանած արեւմտահայ բեկորների գլխին կախւել էր թուրքերի կողմից կրկին ցեղասպանութեան ենթարկւելու վտանգը՝ Արամն յայտարարեց, որ հայ ժողովրդի փրկութեան, նրան յուզող բոլոր խնդիրների հանգուցալուծման համար պէտք է յոյսը դնել բացառապէս սեփական ուժերի վրայ: Նա նշում էր. «Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթէ ընդհանուր ուժերով ճակատ պահելու խօսք էլ է լինում, դա լոկ խօսք է՝ զուրկ իրական հիմքից ու անկեղծութիւնից: Հայերով ո՛չ ոք չի հետաքրքրւում, շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»[1]:

Նոյնիսկ այն դէպքերում, երբ Արամը հանդէս էր գալիս արտաքին ուժերի հետ համագործակցելու օգտին՝ գլխաւոր դերը վերապահում էր ազգային ուժերին: Այսպէս, երբ 1918 թ. գարնանը Թիֆլիսից պահանջեցին ներկայացուցիչներ ուղարկել Անդրկովկասեան Սէյմում ծաւալւելիք քննարկումներին մասնակցելու համար, նա նշեց, որ Երեւանի գործիչներն աւելի անհրաժեշտ են տեղում աշխատելու համար եւ որ ճիշտ կը լինի Թիֆլիսում աշխատելու համար մարդկանց ընտրել տեղում:

Դրա արդիւնքներն էին իրադարձութիւնների հանգուցալուծումից ամիսներ առաջ պետականութեան, երկրին տեր կանգնելու համար անհրաժեշտ բաղադրիչների՝ կանոնաւոր զօրքի, իշխանութեան իրապէս աշխատող մարմինների ստեղծումը, ապագայ վճռական իրադարձութիւններին լաւ նախապատրաստւելու եւ թիկունքն ապահովելու նպատակով թաթարական հակապետական որջերի ոչնչացումը: Այս որակն ունենալով էր, որ նա նախաձեռնեց հետագայում հայկական զօրքին այնքան պէտք եկած զէնք-զինամթերքի տեղափոխութիւնը ռազմաճակատի խորքից թիկունք՝ Երեւան:

Արամի՝ ազգային-պետական գործչի կատարեալ մարմնաւորում հանդիսանալու իրողութիւնը փաստող թերեւս ամենագլխաւոր որակն իշխանութեան մասին նրա պատկերացումն է, նրա կողմից իշխանութեան իրականացումը: Նրա համար իշխանութիւնը ոչ թէ առաւելութիւն էր, ոչ թէ փառքի միջոց կամ արտայայտութիւն, ոչ թէ արտօնութիւն կամ փառամոլութեան բաւարարում, այլ ժողովրդի վէրքերն ամոքելու, ժողովրդին ծառայելու, իր ինքնանւիրումը սեփական ժողովրդին առաւելագոյնս ծառայեցնելու, ազգային ձգտումների, ժողովրդի ամենօրեայ շահերը պաշտպանելու եւ հեռանկարային նպատակների իրականացման միջոց: Այսպէս, 1918 թ. մարտի 24-ին Երեւանի բնակչութեան, զօրքի եւ Հայոց Ազգային խորհրդի կողմից ընտրւելով Երեւանի նահանգի դիկտատոր եւ օժտւելով անսահմանափակ իշխանութեամբ՝ Արամը շարունակեց մնալ ժողովրդի մարդ, ժողովրդի շահերի արտայայտիչը[2]: Պատմութեան մէջ, թերեւս, եզակի դէպքերից է, երբ դիկտատորն իր անսահմանափակ իշխանութիւնը մինչեւ վերջ օգտագործեց բացառապէս յօգուտ համազգային շահերի, երբեք չփորձեց իրեն վեր դասել ազգային ու զինւորական կառոյցներից: 1918 թ. ամռանը նշանակւելով նորանկախ ՀՀ ներքին գործերի նախարար՝ նա դարձեալ մնաց նոյն համեստ եւ ազնիւ գործիչը:

Արամն իրատես, ազգային-պետական գործերում սառնասիրտ, սթափ դատող գործիչ էր: Ամբողջ կեանքը թուրքական լծի դէմ պայքարած, հայ ժողովրդի ազատագրութեանը անվերապահ նւիրւած գործիչը, 1918 թ. Մայիսեան հերոսամարտերի կազմակերպիչը, մայիսեան օրերին թուրքերին այլեւս ոչինչ չզիջելու առաջամարտիկը, յունիսի սկզբներին, երբ հայութեան մէջ տիրում էր ոգեւորութեան հիասքանչ մթնոլորտ, մի կողմ թողեց զգացմունքները, իր անձի դէմ հնարաւոր բացասական դրսեւրումները, եւ դարձեալ ու դարձեալ ելնելով միայն ու միայն հայ ժողովրդի անվտանգութեան, հեռահար նպատակից, սթափ գնահատելով հայկական եւ թուրքական ուժերի յարաբերակցութիւնը, համակերպւեց Բաթումի հաշտութեան պայմանագրին[3]: Նա քաջ գիտակցում էր, որ, ցաւօք, շատ առումներով անցանկալի եւ չափազանց ծանր այդ պայմանագիրը տւեալ ժամանակաշրջանում այն մաքսիմումն էր, որին կարելի էր հասնել, յատկապէս որ ամենակարեւոր խնդիրը հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգութիւնը եւ հայոց պետականութեան ստեղծումը այլեւս կատարւած փաստ էր:

Նոյն հաւասարակշռութիւնը, իրատեսութիւն ու սթափութիւնը նա դրսեւորեց նաեւ հետագայում՝ 1918 թ. օգոստոսի վերջին տեղի ունեցած հայ-թուրքական բանակցութիւնների ընթացքում։ Թէեւ տւեալ ժամանակաշրջանում Թուրքիայի պարտութիւնը կասկած չէր հարուցում, այնուամենայնիւ Արամը, ելնելով այն բանից, որ Թուրքիան դեռեւս իրենից մեծ ուժ է ներկայացնում եւ կարող է վնասել մեր երկրին, առերեւոյթ բարեկամական վերաբերմունք ցուցաբերեց այդ պետութեան նկատմամբ: Արամի այդ կեցւածքը նկատել եւ յատուկ կերպով շեշտել է Վրաստանում գերմանական առաքելութեան ղեկավար գեներալ Կրեսը, որը Խալիլի հետ ժամանել էր Երեւան։ Նա Արամին դասել է Թուրքիայի նկատմամբ սպասողական, ձգձգումների քաղաքականութեան կողմնակիցների թւին[4]: Դա էր պահանջում հայոց շահը, որը լիովին գիտակցում էր Արամը։ Չէ՞ որ նա հեռատես, սթափ քաղաքական գործիչ էր, ոչ թէ պատեհապաշտ։ Մշտապէս թուրքական բռնապետութեան դէմ պայքարի առաջին գծում գտնւող, այդ պահին նրա կողմից հրահրւող թաթարական (դրանք ներկայիս ադրբեջանցիներն են) խռովութիւնները հետեւողականօրէն ճնշող Արամը ոչ միայն ձեռնպահ մնաց Թուրքիայի յանցագործ կեցւածքը դատապարտող՝ տւեալ պահին ժամանակավրեպ արտայայտութիւններից, այլեւ բարձր մակարդակով ընդունելութիւն կազմակերպեց 1918 թ. օգոստոսի 31-ին Երեւան ժամանած թուրք զօրավար, ոճրագործ Խալիլի համար: Ժամանակը չէր խրոխտ կեցւածքի, այն միայն կը բարդացնէր հայոց կացութիւնը: Դրսեւորելով նոյն իրատեսութիւնն ու շրջայայացութիւնը՝ բանակցութիւններից կարճ ժամանակ անց նրա անմիջական եւ ակտիւ մասնակցութեամբ հայկական կողմը սանձահարեց Հայոց աշխարհում մահ ու աւեր սփռող թաթար խռովարարներին։

Արամի իրատեսութեան, սթափ մտածելակերպի մասին է խօսում նաեւ 1918 թ. գարնանը Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչների հետ կնքւած համագործակցութեան համաձայնութիւնը, որով յանուն հայ ժողովրդի ֆիզիկական ապահովութեան, յանուն Արեւմտեան Հայաստանի ազատութեան, նա եւ մի շարք այլ գործիչներ կողմ արտայայտւեցին Խ. Ռուսաստանի հետ ամբողջ Կովկասը խորհրդայնացնելու ծրագրին[5]:

Արամին խիստ բնորոշ էր ժողովրդի, ապա նաեւ պետութեան շահի գերակայութեան ընդունումն ամէն ինչի, այդ թւում եւ անձնականի նկատմամբ: Նրա իւրաքանչիւր քայլն ուղղւած էր հայ ժողովրդի շահերի պաշտպանութեան եւ հայոց պետականութեան կայացման գերնպատակին: Այդ ճանապարհին նրա համար չկային արտօնեալներ կամ արգելքներ: Նա պահանջկոտ ու խիստ էր բոլորի, յատկապէս պատասխանատու դիրք զբաղեցնող պաշտօնեաների, նոյնիսկ կուսակիցների նկատմամբ: Նա ամէն ինչ անում էր, որ բոլորը, այդ թւում եւ իր կուսակիցները, անգամ հայոց ազատամարտին մեծ մասնակցութիւն ունեցած գործիչներն ու պաշտօնեաները գործեն օրէնքի շրջանակներում եւ որեւէ կերպ չվնասեն ժողովրդին: Սա կրկին անգամ հաստատում է, որ Արամը յիրաւի պետական այր էր, ազնիւ եւ անաչառ գործիչ, որի համար անպատժելի արարքներ, անձեռնմխելիներ եւ արտօնեալներ չկային, երբ խօսքը ժողովրդի շահի եւ բարօրութեան մասին էր:

Նա պետական պաշտօնեաներին զգուշացնում էր, որ եթէ իրենց նկատմամբ լրագրերում հրապարակւած մեղադրանքները կարճ ժամանակում չհերքեն, ապա կը հեռացւեն աշխատանքից եւ դատի կը տրւեն:

Ժողովրդի շահի գերակայութիւն ցանկացած պարագայում, այդ թւում եւ այն ժամանակ, երբ օրէնքը կարող էր վնասել ժողովրդի շահերը: Օրինակ, Վանի նահանգապետութեան գոյութեան ընթացքում ժողովրդի շահերի ամենօրեայ պաշտպանութիւնն ամէն տեսակ ապօրինութիւններից, թաթարական հակապետական խռովութիւնների ճնշումը, հայ անիշխանական, հակապետական տարրերի ղեկավարների գնդակահարութիւնը 1918 թ. մայիսին[6] եւ այլն:

Երկաթեայ կամք, հաստատակամութիւն, վճռականութիւն ու հետեւողականութիւն: Արամի այս որակներն ապահովեցին առաջադրւած բոլոր դժւարագոյն խնդիրների յաջող իրականացումը, այդ թւում եւ Մայիսեան հերոսամարտերի կազմակերպումը: Բանն այն է, որ նոյնիսկ 1918 թ. մայիսին, երբ թուրքերը անյագ ախորժակով մօտենում էին Երեւանին, հայոց զօրքը եւ ժողովուրդը մի զգալի մասով մատնւել էին տագնապի եւ յուսալքութեան: Եւ եթէ չլինէին այդ որակները, չլինէին նրա լաւատեսութիւնն ու երկաթեայ կամքը, չէր ձեւաւորւի միասնական, հուժկու, անխորտակելի բռունցքը եւ Սարդարապատում, Ապարանում եւ Ղարաքիլիսայում թշնամուն չէր հասցւի ջախջախիչ հակահարւած եւ չէր ստեղծւի Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը[7]:

Նա կազմակերպչական բացառիկ ձիրքի տէր էր ու, միաժամանակ, ազգային միասնութեան, ներքին ուժի համախմբման համոզւած կողմնակից: Դա է պատճառը, որ ժամանակի ամենաազդեցիկ քաղաքական ուժի ներկայացուցիչ լինելով հանդերձ՝ նա համաժողովրդական խնդիրների լուծման ժամանակ հանդէս է բերել վերկուսակցական, վերանձնական մօտեցում: Այդ յատկանիշները նրան հնարաւորութիւն էին տալիս մէկ նպատակի շուրջ համախմբել հակոտնեայ մօտեցումներ, գաղափարներ ունեցող, նոյնիսկ իր անձի նկատմամբ բացասաբար տրամադրւած գործիչներին եւ ուժերին: Ասւածի արտայայտութիւններն են Վանի հերոսամարտի կազմակերպման եւ համանուն նահանգապետութեան կեանքի կազմակերպման, 1918 թ. հայկական զօրքի եւ իշխանութեան գործող մարմինների ստեղծման, Մայիսեան հերոսամարտերի կազմակերպման, 1918 թ. նոյեմբերին ՀՀ կոալիցիոն կառավարութեան ձեւաւորման ժամանակ նրա կեցւածքը: Ի դէպ, վերջին դէպքում նա կողմ էր արտայայտւել կոալիցիայի քաղաքական մի այնպիսի ուժի (Հայ ժողովրդական կուսակցութեան) հետ, որը ՀՅԴ հետ կոալիցիա կազմելու պայմաններից էր համարում Արամի հեռացումը կառավարութիւնից:

Արամը սակաւապետ էր, քչով բաւարարւող: Ունենալով ֆինանսական միջոցներից օգտւելու լայն հնարաւորութիւններ՝ նա ապրեց համեստ կեանքով, հասարակ երեւանցու նման: Նա երբեք իր հնարաւորութիւնները չօգտագործեց նոյնիսկ անձնական տարրական կարիքները բաւարարելու համար, փոխարէնը, անտեսելով գործող կարգն ու օրէնքը՝ աջակցեց այն մարդկանց, որոնք տառապում էին նիւթական կարիքից, տարատեսակ զրկանքներից, բայց պահպանում էին հոգու կորովը, հայրենիքի նկատմամբ պատւի ու պարտականութեան զգացումները: Շատ է նշւել, բայց կարծում ենք, վնաս չունի մէկ անգամ եւս ասել, որ Արամն այնքան ազնիւ էր, որ նոյնիսկ իր թաղման համար անհրաժեշտ գումարը, որն այն ժամանակների համար չնչին գումար էր, չունէր[8]:

Նա մշտապէս գերադասեց պետութեան եւ ժողովրդի շահերը եւ երբեք չփորձեց առաջ մղել իր անձնականը, նոյնիսկ դրանք երբեք համեմատութեան մէջ չդրեց:

Փառահեղ յաղթանակները, բարձրագոյն պաշտօններն ու հասարական դիրքը, անսահմանափակ լիազօրութիւններն ու հնարաւորութիւնները երբեք աննշան չափով իսկ չսասանեցին նրա բարոյական վեհ նկարագիրը: Նրան միշտ խորթ մնացին նիւթապաշտութիւնը, փառամոլութիւնն ու պաշտօնամոլութիւնը: Նա անզիջում էր անարդարութեան, ստորութեան, ընչաքաղցութեան, դաւաճանութեան հանդէպ եւ հակառակը, անհուն էր նրա սէրը, յարգանքն ու նւիրւածութիւնը իր ժողովրդի, իւրաքանչիւր առաքինի հայ մարդու նկատմամբ: Նրա նւիրւածութիւնն իր ժողովրդին հասնում էր անձնուրացութեան ու անձնազոհութեան, սեփական «ես»-ի անտեսման: Աւելի ստոյգ՝ նրա մօտ չկար անձնական «ես», այն միահիւսւած էր ժողովրդի մտահոգութիւններին, ապրումներին ու իղձերին: Մինչեւ կեանքի վերջին ակնթարթը նա մնաց սրտակից ընկեր բոլորի համար` լինէր դա հասարակ գիւղացի, զինւորական, կին, երեխայ, թէ ծերունի: Արամը, անկախ գործունէութեան վայրից, ժամանակից ու պայմաններից, մշտապէս եղաւ ժողովրդի մի մասնիկը, նրա սիրտը, հոգին ու կամքը: Լինելով հսկայական ազդեցութեան ու հեղինակութեան տէր՝ Արամը մշտապէս բաց էր իւրաքանչիւր հայի համար եւ պատրաստ էր օգտակար լինել իւրաքանչիւրին։

Անկասկած, այս ամէնը չէր վրիպում ժողովրդի աչքից եւ, բնականաբար, մեծապէս նպաստում էր նրա հեղինակութեան, ազդեցութեան, դրանով իսկ նաեւ պետութեան հեղինակութեան բարձրացմանը, հայոց պետութեան շուրջը ժողովրդի համախմբմանը:

Արամն անառարկելի հեղինակութիւն էր ժողովրդի համար ամենուր եւ իր գործունէութեան բոլոր ժամանակներում: Եւ դրա պատճառը նրա ամենօրեայ կեանքն էր, նրա անկեղծութիւնը, խօսքն ու գործը: Պետական միջոցների սղութեան, պետական լիարժէքօրէն ձեւաւորւած կառոյցների բացակայութեան պայմաններում առաջնորդի անառարկելի հեղինակութիւնը ազգային խնդիրների հանգուցալուծման, անկախ պետականութեան ամրապնդման համար խիստ անհրաժեշտ պայման էր եւ, կարծում եմ, է բոլոր ժամանակներում, նաեւ մեր օրերում:

Անկեղծ եւ անմնացորդ նւիրում հայ ժողովրդին, ազնւութիւն, անշահախնդրութիւն, ռազմավարական մտածողութիւն, իրատեսութիւն, հետեւողականութիւն, անկոտրում կամք, անդադրում աշխատանք, հաստատակամութիւն, հաւատ սեփական ուժերի նկատմամբ, հաւասարակշռւածութիւն, կենսակերպով ժողովրդից չտարբերւելու եւ նրանից չխորթանալու մեծ կամք՝ այս որակների կրողն էր Արամ Մանուկեանը եւ այս որակների շնորհիւ էր, որ նա կարողացաւ հայոց համար ծանրագոյն ժամանակաշրջանում կազմակերպել Մայիսեան հերոսամարտերը, որոնց շնորհիւ ոչ միայն կանխւեց հայոց նոր ցեղասպանութիւնը, Արեւելեան Հայաստանի ամբողջական աւերածութիւնն ու զաւթումը Թուրքիայի կողմից, այլեւ հնարաւոր դարձաւ հայոց անկախ պետականութեան վերականգնումը:

Արամին բնորոշ այս որակները մեր օրերում առաւել քան արդիական ու պահանջւած են։ Միայն ու միայն Արամի այս որակներով օժտւած ժողովուրդ եւ հասարակութիւն, առաջին հերթին պետական իշխանութեան կրողներ, այդպիսի յաւակնութիւններ ունեցող հասարակական-քաղաքական ուժեր, զինւորականութիւն ու մտաւորականութիւն եւ, իհարկէ, երիտասարդ սերունդ ունենալու դէպքում է հնարաւոր հասնել հայոց պետականութեան գերհզօրացմանը, Արցախի վերաազատագրմանն ու Արցախեան հիմնահարցի հայանպաստ լուծմանը, Միացեալ Հայաստանի ստեղծմանը, պարբերաբար հայոց առջեւ ծառացող եւ անխուսափելիօրէն ծառանալիք սպառնալիքների չէզոքացմանը:

Առանց ազգային-պետական մտածողութեան, առանց երկրին ու ժողովրդին նւիրւածութեան, նոյնիսկ նիւթական ռեսուրսների եւ գիտելիքների անսպառ պաշարի դէպքում, անհնար կը լինի հասնել մեր ժողովրդի նոյնիսկ տարրական անվտանգութեան ապահովմանը:

Ընդգծենք, Արամն անկախ Հայաստանը ստեղծեց անյուսալի թւացող իրավիճակում, որովհետեւ առաջնորդւեց ազգային-պետական մտածողութեամբ եւ ազգային շահերով, յոյսը դրեց հայ ժողովրդի վրայ եւ ամէն ինչ արեց նրա ու հայ քաղաքական բոլոր ուժերի գործակցութիւնն ու միասնութիւնն ապահովելու համար, մշտապէս մնաց պայքարի ամենավտանգաւոր ու պատասխանատու դիրքերում եւ, թերեւս, ինչը պակաս կարեւոր չէ, անմնացորդ եւ անվերապահօրէն հաւատարիմ մնաց իր ժողովրդին ու ազգային նպատակադրումներին, սիրեց ժողովրդին ու սիրւեց նրա կողմից։

Իւրաքանչիւր հայի, առաւել եւս պետական ու քաղաքական գործիչների համար պէտք է յարատեւօրէն ուղենշային լինեն Նիկոլ Աղբալեանի կողմից Արամի յուղարկավորութեան ժամանակ հնչեցրած հետեւեալ խօսքերը. «Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգիի սենեակը եւ խօսեցէք ձեր խղճի հետ եւ ըսէք, արդեօք աշխատե՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամը, տուե՞ր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը…»[9]:

 

——————————————————————————————

Յղումներ

1] ՀԱԱ, ֆ. 206, ց. 1, գ. 7, թ. 5; «Լրատու» Երեւանի Հայոց Ազգային խորհրդի, Երեւան, 1918, յուլիսի 23, N 6:

2] Ասրեան Ա., Արամ Մանուկեան. կեանքը եւ գործը (ազատագրական շարժման եւ անկախ պետականութեան վերականգնման ուղիներում), Երեւան, 2009, էջ 178; «Զանգ», Երեւան, 1918, մարտի 27, N 2

3] «Զանգ», 1918, յունիսի 7, N 40:

4] Deutschland und Armenien 1914–1918, Sammlung diplomatischer Aktenstücke, Herausgegeben und eingeleitet von Dr. Johannes Lepsius. Potsdam, 1919, S. 423.

5] Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հ. 7, Երեւան, 1990, էջ 142-143:

6] Շահխաթունի Ա., Սարդարապատի հերոսամարտը եւ մահափորձը Արամ փաշայի դէմ (Իմ յուշերից), «Հայրենիք», 1959, օգոստոս, N 8, էջ 27-30:

7] ՀԱԱ, ֆ. 289, ց. 1, գ. 2, թ. 10:

8] ՀԱԱ, ֆ. 199, ց. 1, գ. 16, թ.14, 15:

9] «Աշխատանք», 1919, փետրւարի 1, № 4։

«Դրօշակ», թիւ 1 (1647), յունւար, 2021 թ.  

Յարակից լուրեր

  • Արամ եւ Ռոստոմ
    Արամ եւ Ռոստոմ

    Այս տարւայ յունւարին լրացաէ է հայոց նորագոյն պատմութեան մեծագոյն գործիչներից երկուսի՝ Արամ Մանուկեանի եւ Ռոստոմի մահւան 102-րդ տարելիցը, ինչը եւս մէկ առիթ է՝ մէկ անգամ եւս յետադարձ հայեացք գցելու հայոց պատմութեան ոչ վաղ անցեալին, արժեւորելու մեր ազգային-ազատագրական պայքարի եւ հայոց պետականութեան հիմնադիր հայրերի անցած ճանապարհն ու նրանց թողած դասերը:

  • ՀՀ հիմնադիր Արամ Մանուկեանի գերեզմանը մատնւած է անտէրութեան՝ ի տարբերութիւն Վրաստանի եւ Ադրբեջանի հիմնադիրների
    ՀՀ հիմնադիր Արամ Մանուկեանի գերեզմանը մատնւած է անտէրութեան՝ ի տարբերութիւն Վրաստանի եւ Ադրբեջանի հիմնադիրների

    Արամի գերեզմանը նման է նրա կեանքի վերջին տարիներին՝ հպարտ, բայց «թշւառ»...

  • «Հանրապետութեան հիմնադիր Արամն ու երկիրը պարտութեան մատնած հակաԱրամը». «Անկեղծ ասած» Գեղամ Մանուկեանի հետ
    «Հանրապետութեան հիմնադիր Արամն ու երկիրը պարտութեան մատնած հակաԱրամը». «Անկեղծ ասած» Գեղամ Մանուկեանի հետ

    Խօսքս ուզում եմ այսօր վերնագրել՝ Արամն ու հակաԱրամը: Ահա թէ ինչու: Այսօր փոքրաթիւ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին Առաջին Հանրապետութեան հիմնադիր, մեր պետականութեան 600-ամեայ դադարից յետոյ վերականգման ճարտարապետներից մէկի՝ Արամ Մանուկեանի յուշարձանին: Այնպէս չէ, որ երկրում եղած մթնոլորտի պատճառով է, որ շատերը չեկան Արամին այցի: Այդպէս է եղել արդէն երկար տարիներին: Արամին յիշում են, խոնարհւում են դաշնակցականներն ու այն մարդիկ, որոնք գնահատում են նրա գործը, վաստակը, պայքարը: 

  • Մի՛շտ Արամի ճամբով
    Մի՛շտ Արամի ճամբով

    Բծաւոր տիֆով վարակուած՝ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿԵԱՆ աչքերը յաւիտենապէս փակեց Երեւանի մէջ, 102 տարի առաջ, այսօր, յունուար 29, 1919-ին։

  • Թուրքահաճոյ առարկայական չափորոշիչները եւ Հայոց պատմութեան կեղծման հերթական փորձերը
    Թուրքահաճոյ առարկայական չափորոշիչները եւ Հայոց պատմութեան կեղծման հերթական փորձերը

    1918 թ. յունիսի 4-ին Բաթումում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքւեց հաշտութեան պայմանագիր: Այն անչափ ծանր էր հայ ժողովրդի համար, քանզի նրա նորանկախ պետութեան տարածքը պարփակւում էր 12 հազար քառ.. կմ մէջ: Այդուհանդերձ իրականանում էր անկախ պետականութեան վերականգնման հայոց բազմադարեան ձգտումը, որն ինքնին մեծ նւաճում էր դարաւոր թշնամու դէմ երկարատեւ պայքար մղող հայութեան համար: Այդ ժամանակ դա առաւելագոյնն էր ինչ հայութիւնը կարող էր ձեռք բերել:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։