Հա

Գաղափարական

14/02/2021 - 13:40

Այսօր Արցախի հերոս, «Ոսկէ արծիւ» շքանշանի ասպետ Պետրոս Ղեւոնդեանի (Պետոյի) յիշատակի օրն է

Պետոն զոհւել է 1994 թ. փետրւարի 14-ին Քարվաճառում: Այդ օրը մարտի դաշտում վիրաւոր զինւոր էր միայնակ մնացել: Շտապօգնութեան մեքենայի անձնակազմը չէր համարձակւում առաջ շարժւել, քանի որ թշնամին ականապատել էր ճանապարհը: Պետոն ինքն է նստում շտապօգնութեան մեքենայի ղեկին եւ միայնակ դուրս բերում վիրաւոր զինւորին: Նա զոհւում է ականի պայթիւնից:

Ծնւել է 1964 թւականի յունւարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռօշեան գիւղում։ Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռօշեանի կամաւորական ջոկատի փոխհրամանատարը։ 1990-1994 թթ. մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին։ 1990 թւականից Պռօշեանի կամաւորական ջոկատի հրամանատարի տեղակալ, Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար մասնակցել է Տաւուշի, Նոյեմբերեանի, Զանգեզուրի, ԼՂՀ Շահումեանի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի շրջանների ինքնապաշտպանական եւ Աղդամի, Ֆիզուլու, Կուբաթլուի, Ջաբրայիլի, Քարվաճառի շրջանների ու Գետաշէնի ենթաշրջանի ազատագրական մարտերին:

1992 թ. նոյեմբերի 1-ին կազմաւորւեց Շուշիի առանձնակի գումարտակը: Պետոն նշանակւեց նրա փոխհրամանատար: 1993 թ. յունւարին Սրխաւենդում նա ԻԳԼԱ-ով խփեց թշնամու գերձայնային «Միգ-25» ինքնաթիռը, ինչի համար Արցախի բանակից ստացած գումարը փոխանցեց զոհւած ընկերների ընտանիքներին:

Որ ճակատում էլ եղաւ Պետոն, որ մարտին էլ որ մասնակցեց, մշտապէս մնաց նոյն հոգատար ընկերն ու հրամանատարը, համեստ ու լռակեաց զինւոր:

«Բարեւ յարգելի ընկեր Հրանտ։ Երեւանից ստացւած լուրերը տղերքը պայթուցիկի զորութեամբ եմ ընդունւմ։ Այդ քաղաքական ինտրիգաններին ու «վայ» հայրենափրկիչներին մի կերպ համոզիր, ուղարկիր այստեղ։ Մի քիչ քրիստոնեայ, մի քիչ հայ դարձնենք։ Կը դարձնենք, գիտես։ Տղերքը այստեղ արիւն եւ քրտինք են թափւմ ու ուզում են համոզւած լինեն, որ իզուր չէ այս ամէնը։ Որոշները վհատւում են, բայց հին տղերքը կանգնած են։ Մխիթարւում եմ, որ Ասկոլկայի նման լուսաւոր մարդ կայ աշխարհում։ Արթուրն ու Էրիկը, Մարտակերտի Նորիկն ու Ռադիկը, որպէս պահապան սիւն պահում են տղերքին։ Իրարով մխիթարւում ենք։ Ասկոլկայի մօտ ունենք 56 հոգի, 42 հոգի Հադրութում, էս վերջին մէկ ամսում բաւականին կորուստներ ունեցանք։ Ձեռքերս դողում են, երբ նայում եմ զոհւածների եւ վիրաւորների ցուցակներին։ Այդտեղ կամ թէ եւրոպաներւմ ինչ շահարկումներ են տեղի ունենում՝ մեր գործը չէ, մենք, գիտես, ընկեր Հրանտ, միչեւ վերջ կռւելու ենք, չենք թողնելու, որ պսակը դառնայ խարամ։ Խմբերին ուղարկէք իրենց հանդերձանքով։

Էհ՜, ի՞նչ ասեմ, ցտեսւթիւն ընկեր…»:

1994 թ. յունւարին Պետոն փոքր խմբով անցնում է Քարվաճառ` Օմարի լեռնանցք` տեղի պաշտպանական ջոկատներին օգնելու նպատակով: Նա մշակում եւ իր գումարտակով իրականացնում է լեռնանցքի ազատագրման ծրագիրը:

Զոհւել է 1994 թ. փետրւարի 14-ին Քարվաճառում: Այդ օրը մարտի դաշտում վիրաւոր զինւոր էր միայնակ մնացել: Շտապօգնութեան մեքենայի անձնակազմը չէր համարձակւում առաջ շարժւել, քանի որ թշնամին ականապատել էր ճանապարհը: Պետոն ինքն է նստում շտապօգնութեան մեքենայի ղեկին եւ միայնակ դուրս բերում վիրաւոր զինւորին: Նա զոհւում է ականի պայթիւնից:

Պետոյի անունն են կրում Եղեգնուտի եւ հարազատ Պռօշեանի դպրոցները: 2010 թւականի ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գիւղի միջնակարգ դպրոցը անւանակոչւել է Պետրոս Ղեւոնդեանի անւամբ։ 2007 թ. ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, որտեղ սովորել է Պետրոսը, նրա անունը կրող լսարան է բացւել: 1994 թ. լոյս է տեսել Համլետ Գէորգեանի «Պետոն» գիրքը:

1996 թ. Պետոյին յետմահու շնորհւել է ԼՂՀ ՊԲ մայորի կոչում: 2001 թ. Պետրոս Ղեւոնդեանին շնորհւել է Արցախի հերոսի կոչում: Պարգեւատրւել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի եւ «Ոսկէ արծիւ» շքանշաններով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։