Հա

Գաղափարական

16/02/2021 - 15:00

«Արցախն աղքատ բարերար չէ, որին պէտք է օգնել, Արցախը պէտք է նւաճել». այսօր կը լրանար ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Մկրտչեանի 62-ամեակը

«Առաջին հարցը կանոնաւոր բանակ ստեղծելն է, չնայած դա շատ դժւար կը լինի, որովհետեւ համապատասխան միջոցները բացակայում են: Ամրացնել Ղարաբաղի սահմանները եւ մտածել Ղարաբաղի ներսում ժողովրդի կենսապահովման հետ կապւած հարցերը լուծելու ուղղութեամբ: Արցախի Հանրապետութեան յարաբերութիւնները Ադրբեջանի հետ պայմանաւորւած կը լինի նրանով, թէ Ադրբեջանը ինչքանո՞վ կը ճանաչի հայ ժողովրդի իրաւունքն Արցախում ապրելու»,- ասում էր Արթուր Մկրտչեանը։

«Արցախն աղքատ բարերար չէ, որին պէտք է օգնել, Արցախը պէտք է նւաճել, Արցախը պէտք է գրաւել, Արցախը պէտք է մերը դարձնել»,- ասում էր ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանը։

Այսօր կը լրանար ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Մկրտչեանի 62-ամակը: Ընդամէնը մի քանի ամիս ղեկավարելով Արցախը՝ նա դարձաւ այն առաջնորդը, ով ազնւութիւն բերեց քաղաքականութիւն:

Արթուր Մկրտչեանը ծնւել է 1959 թւականին Հադրութի շրջանի Ուխտաձոր գիւղում։ 1976 թւականին, աւարտելով գիւղի միջնակարգ դպրոցը, ընդունւել է Երեւանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը։ Համալսարանն աւարտելուց յետոյ սովորել է Մոսկւայի Միկլուխո Մակլայի անւան ազգագրութեան ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1981-1983 թւականներին աշխատել է Հայաստանի ազգագրութեան պետական թանգարանում: 1986 թւականին տեղափոխւել է ծննդավայր եւ աշխատել Հադրութի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրէն։ 1988 թւականին պաշտպանել է թեկնածուական թեզ եւ ստացել պատմութեան գիտութիւնների թեկնածուի աստիճան։ 

Արցախեան Շարժումն սկսւելուց Արթուր Մկրտչեանը դարձաւ նրա ակտիւ մասնակիցը՝ 9 հոգու թւում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին։ 1988 թւականի փետրւարի 12-ի Հադրութի հանրահաւաքից, Արթուր Մկրտչեանի ուղին եղել է սրընթաց։ 

1991 թւականի դեկտեմբերի 28-ին` ժողովրդի 99 ամբողջ 89 տոկոս կողմ ձայներով անկախ հռչակւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հանրաքւէից 18 օր անց, Լեռնային Ղարաբաղում անցկացւեցին առաջին գումարման Գերագոյն խորհուրդի ընտրութիւնները:

1992 թ. յունւարի 8-ին Արթուր Մկրտչեանն ընտրւեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի առաջին նախագահ։ Երբ ուրւագծւում էր անկախ Արցախի տեսիլքը միայն, Արթուրի գործը ժողովրդին ազգային-ազատագրական պայքարին պատրաստելն էր:

Այս հողն է ինձ ծնել, այս հողին եմ պարտական իմ ունեցածի համար, իսկ հիմա եկել է փոխհատուցման պահը. սա էր նրա հաւատամքը: «Թող ոչ մէկի մտքով չանցնի, թէ Ղարաբաղում հայ չապրելով` Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Հողը նրանն է, ով էդ հողի վրայ ապրում է եւ պաշտպանում է այդ հողը»,- ասում էր Արթուր Մկրտչեանը։

«Պատմութիւնը չպէտք է կարդալ հեքիաթի նման, այլ պէտք է դասեր քաղել` սխալները չկրկնելու եւ հերոսական էջերն իբրեւ օրինակ ընդունելու համար»,- ասում էր նա:

Կարեւորում էր եւ ճիշտ դիւանագիտութիւնը, որպէսզի շեշտադրւի ոչ միայն հանրապետութեան ճանաչումը միջազգային հանրութեան կողմից, այլ հակամարտութեան ճիշտ ընկալումը. ոչ թէ ազգամիջյան պատերազմ, այլ՝ ազգային ազատագրական:

«Առաջին հարցը կանոնաւոր բանակ ստեղծելն է, չնայած դա շատ դժւար կը լինի, որովհետեւ համապատասխան միջոցները բացակայում են: Ամրացնել Ղարաբաղի սահմանները եւ մտածել Ղարաբաղի ներսում ժողովրդի կենսապահովման հետ կապւած հարցերը լուծելու ուղղութեամբ: Արցախի Հանրապետութեան յարաբերութիւնները Ադրբեջանի հետ պայմանաւորւած կը լինի նրանով, թէ Ադրբեջանը ինչքանո՞վ կը ճանաչի հայ ժողովրդի իրաւունքն Արցախում ապրելու»,- ասում էր Արթուր Մկրտչեանը։

Արթուրը քաղաքական հայեացքներով անզիջում էր: Ապացուցում էր, որ քաղաքականութիւնն անբարոյականութիւն չէ, երբ չեն յարմարեցնում անձնական շահերին: Արթուր Մկրտչեանի դաշնակցական լինելը պատճառ էր դարձել նրա` Հայասատանի իշխանութիւնների թշնամական վերաբերմունքին արժանանալու համար, ինչը դրսեւորւեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի նախագահ դառնալու առաջին իսկ օրից: Ազատագրութեան համար մարտնչող եւ Արցախին ազատութիւն բերած ղեկավարը մերժւում է մայր հայրենիքի կողմից։ Անկախ Հայաստանի նախկին իշխանութիւնների կոկորդում նա ոսկորի նման էր. ոմանք չէին հանդուրժում դաշնակցական, միւսներն էլ` սկզբունքային լինելու համար:

«Մի օր, շատ պատահական խօսակցութիւն լսեցի այն մասին, թէ ինչպէս է ՀՀ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը դժգոհել, որ Արթուրն է ընտրւել Ղարաբաղի Գերագոյն խորհրդի նախագահ եւ ասել էր՝ նախագահը «ձերոնքական է», թող գոնէ տեղակալը «մերոնքական» լինի: Յետոյ ինձ բացատրեցին, որ «ձերոնքականը» նշանակում էր դաշնակցական է, իսկ «մերոնքականը»` ՀՀՇ-ական: Միայն յետոյ իմացայ, որ Արթուրը Տող գիւղում երդում է տւել եւ Դաշնակցութեան անդամ դարձել»,- պատմում է  ԼՂՀ Գերագոյն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի կինը՝ Գոհար Մկրտչեանը:

ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարեանը յիշում է. «Արթուրը մեծ պատասխանատւութեամբ անցաւ աշխատանքի, բայց ամենամեծ հարւածը ստացաւ սկզբից: Դա այն է, որ ՀՀ նախագահը չշնորհաւորեց ընտրութեան կապակցութեամբ: Շատ վատ ազդեց Արթուրի վրայ, որովհետեւ յիշում եմ, երբ հանդիպեցի Արթուրին, ասում էր, թէ` այդպիսի բան ինչպէս կարող էր լինել: Որովհետեւ մենք էլ շատ լաւ գիտակցում էինք, որ Ղարաբաղում կարելի չէ ունենալ մի իշխանութիւն, որը հակադրւած լինի Հայաստանի իշխանութեանը: Մենք պատկերացնում էինք այսպէս` ճիշտն այն է, որ Ղարաբաղում լինի, այսպէս կոչւած, դաշնակցական իշխանութիւն, իսկ Հայաստանում ` ոչ դաշնակցական, սակայն  ներքուստ ամէն ինչ համադրւած ու համաձայնեցւած լինի: Եւ ուզում էինք այդ զանազանութիւնը տեսանելի դարձնել արտաքին աշխարհին»:

Ըստ Հրանտ Մարգարեանի` յոյս կար, թէ այդպիսի զանազանութիւնը օգտակար պիտի լինէր մեր պայքարին այն առումով, որ Ղարաբաղի անկախացումը հնարաւորութիւն կը տար ըմբռնելու Հայաստանի ոչ ծաւալապաշտական մտադրութիւնը, որովհետեւ Արցախի ազատագրումը ամենից առաջ Արցախի հայութեան ազատագրումն է Ադրբեջանից: Դա, ըստ Հրանտ Մարգարեանի, միջազգային ասպարեզում մեզ կը տար մանեւրելու հնարաւորութիւն: «Բայց դա, դժբախտաբար, տեղի չունեցաւ Հայաստանի այդ օրերի իշխանութիւնների վախւորածութեան, անտեղի հակադաշնակցական տրամադրութեան բերումով, անտեղի կուսակցամոլութեան, եւ վերջին հաշւով իրենց մօտեցումի պտուղն էին ստեղծւած դժւարութիւնները»:

1992-ի ապրիլի 14-ին իր բնակարանում խորհրդաւոր պայմաններում գտան մահացած: Այդպէս էլ չբացայայտւած մնացին նրա մահւան հանգամանքները՝ սպանութի՞ւն, թէ՞: 

ԼՂՀ Գերագոյն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանը պաշտօնավարեց ընդամէնը 97 օր, սակայն նրա անձը, կեանքի ուղին եւ ճակատագիրն անջնջելի հետք թողեցին հայոց նորագոյն պատմութեան մէջ։ Իր հայրենիքի վերջնական ազատագրութեան եւ հզօրացման նպատակով Արթուր Մկրտչեանը ձգտում էր ազգային առաւելագոյն միաբանութեան, ի սկզբանէ ճշմարիտ հիմքերից էին բխում նրա արժէքների ընտրութեան, դաւանանքի եւ դրանց իրագործման դիրքորոշումները: Նա Հայ էր եւ Մարդ: 

 

«Երկիր մեդիա»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։