Հա

Գաղափարական

08/03/2021 - 12:00

Հայաստանը կարող է հանդէս գալ շահողի դերում. Ոսկանեանը` Իրանի ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին

Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցելու հեռանկարին եւ դրանով պայմանաւորւած հայ-իրանական յարաբերութիւններին։

«alikonline.ir» - Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցելու հեռանկարին եւ դրանով պայմանաւորւած հայ-իրանական յարաբերութիւններին։

Վարդան Ոսկանեանի դիտարկմամբ` ԵԱՏՄ-ին անդամակցելու յայտարարութիւններն Իրանում արւել են ամենաբարձր մակարդակով, քաղաքական այնպիսի գործիչների կողմից, որոնք ներկայացնում են թէ՛ իրանական քաղաքական դաշտի պահպանողական հատւածը, թէ՛ բարեփոխականների թեւը։ Առաջինում խորհրդարանի նախագահն է, երկրորդում` երկրի նախագահը, ինչը վկայում է, որ ԵԱՏՄ-ին անդամագրւելու ձգտումը բաւականին լուրջ է։

«Այդ հարցը կը լուծի Իրանի առջեւ ծառացած մի շարք մարտահրաւէրներ, յատկապէս տնտեսական բնոյթի, քանի որ ամերիկեան պատժամիջոցները զգալիօրէն ազդել են իրանական տնտեսութեան վրայ։ Իրանցիները ձգտում են աւելի լայն ներգրաււածութեան ձեւաչափերում ստանալ այն, ինչը կորցրել են պատժամիջոցների հետեւանքով»,- նշեց իրանագէտը։

Ոսկանեանի գնահատմամբ` թէեւ ԵԱՏՄ-ն բացառապէս տնտեսական կառոյց է, սակայն դիտարկւում է նաեւ որպէս աշխարհաքաղաքական համագործակցութեան կարեւոր հարթակ։ Հետեւաբար փորձելով խորացնել յարաբերութիւնները ԵԱՏՄ-ի հետ նաեւ անդամակցութեան ձևաչափով` Իրանը որոշակիօրէն ապահովում է իր աշխարհաքաղաքական անվտանգութեան բաղադրիչների գոնէ մի հատւածը։

«Հայաստանն այդ պարագայում կարող է հանդէս գալ շահողի դերում, քանզի կարող է նոյնպէս լուծել իր առջեւ ծառացած մարտահրաւէրները։ Նախապէս նշւում էր, որ Հայաստանը կարող է դառնալ այն հարթակը, որն Իրանին կը կապի ԵԱՏՄ-ի հետ։ Հիմա Իրանի անդամակցութիւնը կը բերի նրան, որ իրանցիներն ուղղակիօրէն կառանչւեն կառոյցի անդամ պետութիւնների հետ»,- նշեց Ոսկանեանը։

Նրա կարծիքով` հայկական կողմը պէտք է ձգտի ստեղծել այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում իրանական բիզնեսի համար աւելի ձեռնտու կը լինի Հայաստանի միջնորդութեամբ աշխատել Ռուսաստանի հետ եւ հակառակը։ Պէտք է  հաշւի առնել, որ հայերը ծանօթ են ռուսական շուկայի առանձնայատկութիւններին եւ Իրանի հետ կունենան փաստացի ցամաքային սահման նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակներում, հետեւաբար, ըստ իրանագէտի, ստեղծւած հնարաւորութիւնների իրացումը կախւած է նաեւ հայկական կողմի ջանքերից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։