Հա

Գաղափարական

23/04/2021 - 09:10

Սողոմոն Թեհլիրեան. ծննդեան 125-ամեակի առթիւ

Սողոմոն Թեհլիրեանը1 (1896 թ. ապրիլի 2-1960 թ. մայիսի 23) իրաւամբ Յատուկ գործի2 («Նեմեսիս» գործողութեան) ամենայայտնի դէմքն է: Դա պայմանաւորւած է ոչ միայն այն բանով, որ նրա թիրախը Հայոց Ցեղասպանութիւնը իրագործած ամենայայտնի ոճրագործն էր՝ Թալէաթը, այլեւ նրա դատավարութեան` հասարակական լայն հնչեղութիւն ունենալու փաստով: Յաճախ «Նեմեսիս» գործողութիւնը հանրութեան շրջանում անձնաւորւում է հէնց նրա կերպարով:

ԳՈՀԱՐ ԽԱՆՈՒՄԵԱՆ

 

Սողոմոն Թեհլիրեանը1 (1896 թ. ապրիլի 2-1960 թ. մայիսի 23) իրաւամբ Յատուկ գործի2 («Նեմեսիս» գործողութեան) ամենայայտնի դէմքն է: Դա պայմանաւորւած է ոչ միայն այն բանով, որ նրա թիրախը Հայոց Ցեղասպանութիւնը իրագործած ամենայայտնի ոճրագործն էր՝ Թալէաթը, այլեւ նրա դատավարութեան` հասարակական լայն հնչեղութիւն ունենալու փաստով: Յաճախ «Նեմեսիս» գործողութիւնը հանրութեան շրջանում անձնաւորւում է հէնց նրա կերպարով: Ի դէպ, եթէ Սփիւռքում դեռ 1920-ական թւականներից Սողոմոն Թեհլիրեանին ճանաչում էին որպէս հերոս, ապա Խորհրդային Հայաստանում հասարակութեան լայն շերտերի համար նրա անունը մինչեւ 1990-ական թւականների սկիզբը գործնականում անյայտ էր։ Միայն նորանկախ Հայաստանում հնարաւոր դարձաւ լայնօրէն վեր հանել «Նեմեսիս»-ի հանիրաւի մոռացւած հերոսների անունները: Հէնց այս շրջանում տպագրւեց Ս. Թեհլիրեանի դատավարութեան սղագրութիւնը3: Ի դէպ, այդ հրատարակութեան մէջ Ս. Թեհլիրեանի ազգանունը սխալ ձեւով է գրւած՝ Թեհլիրեան: Թեհլիրեանի ազգանւան գրութեան ոչ ճիշտ ձեւն այսօր էլ շատ տարածւած է, յատկապէս՝ հանրագիտարաններում, համացանցում, անգամ դասագրքերում: Մինչդեռ դատավարութեան ռուսերէն թարգմանութեան մէջ այն ճիշտ է տառադարձւած` Тейлирян4: Սողոմոնի ազգանւան սխալ գրութիւնը հանդիպում ենք ինչպէս արեւելահայերէն, այնպէս էլ արեւմտահայերէն գրելաձեւերում: Օրինակ` Ս. Թեհլիրեանի դատավարութիւնից մի քանի օր անց «Առաւօտ» թերթը, ազդարարելով գերմանական դատարանի վճիռը, յօդւածում Սողոմոնի ազգանունը գրում է «Թայլէրեան»5:

Հարկ է նշել, որ յատկապէս ոչ մասնագիտական շրջանակներում, յաճախ շրջանառութեան մէջ են դրւում Ս. Թեհլիրեանի կենսագրութեան այնպիսի դրւագներ, որոնք վերցւած են նրա դատավարութեան սղագրական զեկոյցից, սակայն չեն համապատասխանում իրականութեանը: Օրինակ` այն, որ նա իբր ականատես է եղել իր ընտանիքի անդամների սպանութեանը, տեղահանւել է հայրենի քաղաքից, բողոքական ընտանիքից է սերում եւ այլն:

Թեհլիրեանի կենսագրութեան վաղ շրջանի՝ 1914-1921 թթ. իրադարձութիւնների ուսումնասիրութեան լաւագոյն աղբիւրը Վահան Մինախորեանի6 գրի առած Ս. Թեհլիրեանի յուշագրութիւնն է7: Ուշագրաւ է այն փաստը, որ Վ. Մինախորեանը մահացել է Բելգրադում 1946 թւականին8, իսկ Թեհլիրեանի` նրա կազմած յուշագրութիւնը հրատարակւել է 1953 թ. Կահիրէում: Այսինքն` յուշերը գրի են առնւել հրատարակութիւնից առնւազն 7-8 տարի առաջ: Թէեւ յուշագրութիւնը հրատարակւել է Թալէաթի մահապատժից 32 տարի անց, այնուամենայնիւ, Թեհլիրեանը չի գաղտնազերծում գործողութեան որոշ մասնակիցների անունները (երբեմն ստեղծելով կեղծանուններ կամ անւան եւ ազգանւան տառերից կազմւած նոր անուններ, օրինակ՝ Հրափ (Հրաչ Փափազեան - Գ. Խ.), Յազօր (Յակոբ Զօրեան - Գ. Խ.)9, Վազա (Վահան Զաքարեան - Գ. Խ.)10:

Թեհլիրեանի կենսագրութեան կարեւոր դրւագը՝ Բեռլինի բանտում անցկացրած օրերը եւ մտորումները, ներկայացւած են նրա գրառումներում, որոնք կինը՝ Անահիտ Թաթիկեանը, ամուսնու մահից տարիներ անց՝ 1970-ական թւականներին, բերել է Խորհրդային Հայաստան եւ պահ տւել Ազգային արխիւին11:

Նախքան Յատուկ գործի մէջ ներգրաւելը Ս. Թեհլիրեանը, չնայած երիտասարդ տարիքին, անցել էր մարտական հարուստ ուղի՝ դառնալով ազգային-ազատագրական պայքարի նշանաւոր գործիչների՝ Զօրավար Անդրանիկի, Սեբաստացի Մուրադի, Կայծակ Առաքելի, Սեպուհի եւ այլոց զինակից ընկերը: Ընդ որում, մարտական բազմաթիւ գործողութիւններին մասնակցելուց բացի (որոնցում նոյնիսկ վիրաւորւում է)12, Ս. Թեհլիրեանը 1916-1917 թթ. զբաղւել է նաեւ որբահաւաք գործունէութեամբ, ինչը տակաւին նրա կենսագրութեան չլուսաբանւած եւ պատշաճ ուշադրութեան չարժանացած դրւագներից է: 1916 թ. ամռանը նրա աւագ մարտական ընկերը՝ Սեբաստացի Մուրադը, հռչակել էր «մէկ հայ-մէկ ոսկի» կարգախօսը, որը կարճ ժամանակահատւածում վերաճեց համահայկական փրկութեան ծրագրի13:

Դրանից ոգեշնչւելով՝ Ս. Թեհլիրեանն իրականացնում է ազգանւէր կարեւոր առաքելութիւն. Երզնկայում 1916 թ. յայտնաբերում է անմարդաբնակ վայրերում՝ քարանձաւներում, անտառներում, լքւած ու աւերակ տներում թաքնւած անապաստան ու ծնողազուրկ երեխաների եւ նրանց յանձնում հայկական որբանոցների խնամքին: Նա Երզնկայում հայ կամաւորականներից կազմւած որոնողական խմբի անդամ էր եւ ստացել էր «որբեր հաւաքողի պաշտօն»14: Իր յուշերում, անդրադառնալով որբահաւաք աշխատանքներին, Ս. Թեհլիրեանը գրում է. «Ապրիլին ռուսները գրաւեցին Տրապիզոնը, իսկ յուլիսի կէսերին՝ Երզնկան: Էրզրումի դաշտում ամէն տեղ յայտնւում էին ոսկրացած, վայրենական վիճակի մատնուած մանուկներ, որոնց մեծ մասը իր գոյութիւնն էր պահպանել աւերուած հայ գիւղերի փլատակներում: Ձեռք ընկնողները դողում էին աշնան տերեւի պէս. մեծ ջանք էր պէտք հասկացնելու, որ իրենց այլեւս վտանգ չի սպառնում: Մոռացել էին լեզու, հայութիւն, մարդկութիւն: Խնուսում դրանցից խմբուած էին շուրջ երկու հարիւր հոգի: Ամէն տեղ առաջնակարգ արժէք էր ստացել որբերի գործը. ամէն որբուկ մի նոր աղիւս էր ազգը վերակառուցելու համար»15:

Թալէաթին որպէս հայերի կոտորածների հիմնական կազմակերպիչ թիրախաւորելու եւ ոչնչացնելու մտայղացումը Ս. Թեհլիրեանի մտքում ծագել է 1916 թ., երբ երիտասարդ կամաւորականը, իր զինակից ընկերների հետ մտնելով հայրենի Երզնկա քաղաքը, տեսնում է հայրական տունը դատարկւած, թալանւած եւ աւերակ դարձած: Հոգեկան ծանր ապրումներից նա կորցնում է գիտակցութիւնը եւ ունենում սպանւած մօր տեսիլքը16: Թեհլիրեանը յիշում է. «….Ու իմ առջեւ դարձեալ պատկերում է Թալէաթի փքուն, ինքնագոհ դէմքը, որ մթութեան մէջ կարծես վեր է հանում բրդոտ թաթը…. Ա՛խ, կտրել այդ ձեռքը ու թողնել, որ արիւնաքամ լինի հրէշը, որ կարող լինի զգալ ու հասկանալ իր կատարած ոճիրի ահաւոր չափերը… Հաւատա՞լ արդեօք, որ մի օր կը լինի արդար դատաստան….»17: Թալէաթին նա, ինչպէս նաեւ իր ժամանակակիցներից շատերը համարում էին Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչ եւ կոտորածների պատասխանատու: Ի դէպ, մոր տեսիլքը հետագայում դատավարութեան ժամանակ օգտագործւեց դատապաշտպանների կողմից՝ նրա պաշտպանութիւնն աւելի արդիւնաւէտ կազմակերպելու համար:

Ս. Թեհլիրեանը 1918 թ. վերջին` պատերազմի աւարտից անմիջապէս յետոյ, երբ իր կորցրած հարազատներին գտնելու յոյսով թերթերում յայտարարութիւն տալու համար ժամանել էր Կոստանդնուպոլիս, փորձեց գործնական քայլեր անել Թալէաթի սպանութիւնն իրագործելու ուղղութեամբ: Աջակցութիւն ստանալու նպատակով նա անգամ դիմեց աքսորից Կ. Պոլիս նոր վերադարձած Զաւէն պատրիարքին՝ ստանալով վերջինիս մերժումը18: Կ. Պոլսում հէնց այս ընթացքում՝ 1919 թ. սկզբին, նա պատահական տեղեկանում է հայ մատնիչ-դաւաճան Յարութիւն Մկրտչեանի19 հայադաւ գործունէութեան մասին «Ճակատամարտ» թերթի աշխատակից Երանուհի Դանիէլեանի միջոցով, ով հետագայում առանցքային դերակատարութիւն է ունենում Թեհլիրեանին Յատուկ գործում ներգրաւելու հարցում20: Անդրադառնալով մատնիչի սպանութեանը՝ Թեհլիրեանը գրում է, որ նրան մահապատժի ենթարկելը իր սեփական նախաձեռնութիւնն է եղել. «Երկար ճանապարհին միակ միտքս այդ նոր հրէշն էր՝ մատնիչ Յարութիւնը. անհրաժեշտ չէ՞ր վրէժխնդրութեան առաքելութիւնս, որ վաղուց դարձել էր գոյութեանս նպատակ, նրանից սկսել….»21: Որոշ ժամանակ հետապնդելով իր զոհին, ճշտելով նրա ինքնութիւնը՝ երիտասարդ վրիժառուն ի վերջոյ իրագործում է սպանութիւնը22: Թէեւ Թեհլիրեանը կոնկրետ չի նշում սպանութեան օրը, սակայն, դատելով նրա կողմից իրադարձութիւնների շարադրման ընթացքից, կարող ենք եզրակացնել, որ դէպքը տեղի է ունեցել 1919 թ. մարտի վերջին23: Այսինքն՝ հայ դաւաճանի սպանութիւնը չի կարող համարւել Յատուկ գործի մաս, քանի որ այն ժամանակագրօրէն աւելի վաղ է կատարւել, քան գործի է դրւել «Նեմեսիս» գործողութիւնը: Բացի այդ, հէնց Թեհլիրեանի վկայութեամբ, այն իր սեփական նախաձեռնութիւնն է եղել եւ ոչ թէ ուղղորդւել որեւէ մէկի կողմից: Սակայն մատնիչի սպանութիւնը նպաստեց նրան, որ Ս. Թեհլիրեանն ընդգրկւեց Յատուկ գործի մէջ: Յ. Մկրտչեանի սպանութիւնից յետոյ Թեհլիրեանը 1919 թ. նոյեմբերին մեկնում է Փարիզ, որտեղ մնալով շուրջ մէկ տարի՝ 1920 թ. հոկտեմբերին ուղեւորւում է Բոստոն՝ ստանձնելու յատուկ առաքելութիւնը՝ Յատուկ գործի առանցքային գործողութեան՝ Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչ Թալէաթի նկատմամբ մահապատժի իրագործումը:

ՀՅԴ-ի կողմից ստեղծւած Յատուկ մարմինն արդէն 1920 թ. կէսերից անցել էր գործուն քայլերի, այն է՝ հետախուզական խմբերի միջոցով յայտնաբերել դատավարութիւնից խուսափած երիտթուրք յանցագործներին, որոնք կեղծ անձնագրերով, փոփոխւած արտաքինով ծպտեալ բնակութիւն էին հաստատել հիմնականում եւրոպական երկրներում, եւ ընտրել նրանց մահապատիժն իրականացնելու համար համապատասխան թեկնածուների: Ինչպէս արդէն վերը նշւեց, մատնիչ Յ. Մկրտչեանի սպանութիւնը նպաստեց, որ Թեհլիրեանն ընդգրկւի Յատուկ գործի կարեւոր առաքելութեան մէջ: Այս կապակցութեամբ նա գրում է. «Մատնիչի մահը Պոլսոյ հայութեան մէջ առաջ բերեց ընդհանուր ցնծութիւն: Կուսակցութեան շրջաններում հարց բարձրացաւ հետամուտ լինելու մեծ մարդասպաններին, յարաբերութեան մէջ մտնելու այդ առթիւ Ռուսաստանի, Անդրկովկասի, Բերլինի, Ժընեւի կուսակցական մարմինների հետ»24: «Նեմեսիս» գործողութեան մէջ Թեհլիրեանին ներգրաւելու հարցում իրենց նպաստն ունեցան նրա վաղեմի ծանօթներ Երանուհի Դանիէլեանի եւ Համոյի (Համազասպ Բարաղամեան)25 միջնորդութիւնները, ովքեր Յատուկ գործի մէջ ներգրաււած անձինք էին:

1920 թ. հոկտեմբերին ստանալով Համոյի նամակը՝ Թեհլիրեանն ուղեւորւում է ԱՄՆ եւ Բոստոնում հանդիպում Արմէն Գարոյի26 հետ, որից ստանում է համապատասխան հրահանգներ, Թալէաթի եւ Բեռլինում գտնւող նրա թուրքական շրջապատի անձանց լուսանկարները: 1920 թ. դեկտեմբերի 3-ին Թեհլիրեանը ժամանում է Բեռլին՝ իբրեւ ուսանող:

 

Թալէաթի մահապատիժը

Սողոմոն Թեհլիրեանն անձամբ չէր ճանաչում Թալէաթին, երբեւիցե չէր հանդիպել նրան երես առ երես, Բեռլին ժամանելու պահին բացարձակապէս չէր տիրապետում գերմաներէնին: Նրան վստահւած կարեւոր առաքելութիւնն իրագործելու համար Բեռլինում սպասում էր արհեստավարժ թիմը, որն արդէն կատարել էր հետախուզական եւ կազմակերպչական զգալի աշխատանք: Ձեռք բերւած տեղեկութիւններից պարզ էր դարձել, որ Եւրոպա ճողոպրած ու թուրքական դատարանի վճռից խուսափած երիտթուրքերի շրջանում27 մեծ ոգեւորութիւն էին առաջացրել Մուստաֆա Քեմալի ռազմական եւ քաղաքական յաջողութիւնները Թուրքիայում: Կիլիկիայում մարում էին հայերի ինքնապաշտպանութեան վերջին օջախները, իսկ 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացւել էր. երկրում հաստատւել էր նոր՝ բոլշեւիկեան իշխանութիւն: Ուստի ռազմաքաղաքական նոր շրջադարձը պահանջում էր հնարաւորինս արագ եւ գրագէտ գործել: Բեռլինեան գործողութեան մէջ ներգրաււած էր Հրափը (Հրաչ Փափազեանը)28, որը, ծնունդով լինելով Բուրսայից (Օսմանեան կայսրութիւն), փայլուն տիրապետում էր թուրքերէնին եւ մուտք էր գործել Բեռլինում ծպտեալ ապրող երիտթուրքերի շրջանակ, մասնաւորապէս՝ Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիի որդու «մտերիմ ընկերն էր»: Նա գործում էր Մեհմեդ Ալի կեղծանունով եւ արժէքաւոր տեղեկութիւններ էր փոխանցում ճողոպրածների գործունէութեան վերաբերեալ29: Հետախուզական խմբի միւս անդամներն էին Վազան (Վահան Զաքարեանը), Յազօրը (Յակոբ Զօրեանը)30, որն առաջինն էր բացայայտել Թալէաթին Բեռլինում եւ գերմանական դատարանում դարձաւ Ս. Թեհլիրեանի թարգմանիչը31, Հայկոն, որին հետազօտող Վարդան Մատթէոսեանը նոյնացրել է ՀՅԴ անդամ Հայկ Տէր-Օհանեանի հետ32, եւ Բեռլինում ՀՀ ներկայացուցիչ, փոխհիւպատոս Լիպարիտ Նազարեանցը:

Թալէաթը Բեռլինում փոխել էր իր անձնական տւեալները եւ իր կնոջ հետ Ալի Սալիհ բէյ անունով ապրում էր Հարդենբերգ փողոցում վարձակալած ինը սենեականոց շքեղ բնակարանում: Ըստ լեգենդի՝ Ալի Սալիհը սնանկացած նախկին վաճառական էր, ով Բեռլինում արեւելեան սրճարան էր աշխատացնում: Բնակարանը նրա եւ կնոջ համար վարձակալել էր թուրքական դեսպանատունը33: Նա փոխել էր նաեւ արտաքին տեսքը, հագուկապը. իր սիրելի թուրքական ֆեսի փոխարէն կրում էր եւրոպացուն բնորոշ գլխարկ: Թալէաթի նկատմամբ տարւող հետախուզութիւնն ուղղորդւում էր Բոստոնից, որտեղից պարբերաբար ուղարկւում էին ծածկագրւած հեռագրեր: Ս. Թեհլիրեանին յաջողւում է բնակարան վարձել Թալէաթի վարձակալած բնակարանի հարեւանութեամբ եւ մի քանի օր շարունակ մօտիկից հետեւել նրան:

Թալէաթը բացայայտւած էր. մանրակրկիտ ստուգւած էր նրա ինքնութիւնը, քանի որ կարեւոր էր, որ գործողութեան ընթացքում պատահական մարդ չտուժի: 1921 թ. մարտի 15-ին՝ առաւօտեան, Բեռլինի Հարդենբերգ փողոցում Ս. Թեհլիրեանն ատրճանակով գնդակահարում է Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր պատասխանատուին՝ Թալէաթ փաշային: Այն, որ սպանւածը Թալէաթն էր, այդ պահին գիտէր միայն Սողոմոնը:

Թեհլիրեանը ձերբակալւեց սպանութեան վայրում եւ տարւեց ոստիկանութիւն, որտեղ սկսւեց հարցաքննութիւնը: Քանի որ նա հարցաքննութեան պահին գրեթէ չէր տիրապետում գերմաներէնին34, իբրեւ թուրքահպատակի՝ նրան առաջարկեցին հարցաքննւել թուրքերէնով: Սակայն Թեհլիրեանի պահանջով հարցաքննութիւնը կատարւեց հայ թարգմանչի միջոցով: Նա պնդում էր, որ Թալէաթին սպանել է վրէժից դրդւած, գործել է միայնակ եւ յանցակիցներ չի ունեցել:

«Ալի Սալիհի» դին ճանաչել էր նրա վաղեմի ընկերը՝ Բեհաէդդին Շաքիրը, ով հաստատել էր, որ սպանւածը Թուրքիայի նախկին մեծ վեզիր Թալէաթն է35: Թալէաթին յուղարկաւորեցին միայն մահւան 5-րդ օրը, քանի որ թուրքական իշխանութիւններն արգելեցին նրան ամփոփել հայրենիքում: Բեռլինում նախկին դաշնակիցները՝ գերմանացիները, կազմակերպեցին Թալէաթի ճոխ յուղարկաւորութիւնը. բազմաթիւ ծաղկեպսակներ, տարբեր երկրներից ժամանած թուրքեր, հակահայկական ելոյթներ եւ կոչեր…36։

 

Սողոմոն Թեհլիրեանի դատավարութիւնը եւ Յատուկ գումարը

Ս. Թեհլիրեանի դատավարութիւնը դարձաւ Յատուկ գործի ամենահնչեղ էջը։ Այն դարձաւ նաեւ քաղաքական հարթակ՝ հայկական կոտորածների մասին բարձրաձայնելու եւ միջազգային հանրութեան ուշադրութիւնը վերստին այդ հարցի վրայ հրաւիրելու համար37: Անհրաժեշտ էին նիւթական զգալի միջոցներ՝ Գերմանիայի լաւագոյն դատապաշտպաններին վարձելու եւ Թեհլիրեանի պաշտպանական գործը պատշաճ կազմակերպելու համար: Այդ միջոցները հայթայթւում էին Յատուկ գումարի ֆոնդից, որը ստեղծւել էր դեռ 1920 թ.: Շահան Նաթալին այն անւանում էր «Վրէժի ֆոնդ»38: Յատուկ գործի ֆինանսական պատասխանատու Ահարոն Սաչակլեանի39 անձնական արխիւում Յատուկ գումարի վերաբերեալ հանդիպում ենք ինչպէս դրամական նւիրատւութիւնների մասին նշումների, այնպէս էլ կատարւած ծախսերի վերաբերեալ հաշւետւութիւնների40: Ինչպէս նշում է ամերիկահայ իրաւաբան Վարդգէս Եղիայեանը, համայն հայութեան կողմից այդ նպատակի համար հանգանակւեց շուրջ 700.000 մարկ:

Դրանից բացի` այդ օրերին Փարիզում Խաղաղութեան կոնֆերանսին մասնակցող հայկական պատւիրակութեան ղեկավար Պօղոս Նուբար փաշայի կողմից կազմակերպւած հանգանակութեան շնորհիւ հաւաքագրւեց շուրջ 300.000 մարկ: Միայն դատավարութեան ընթացքում ծախսւեց 306.484 մարկ41:

Ս. Թեհլիրեանին դատարանում պաշտպանելու էին Գերմանիայի անւանի իրաւաբաններ Ադոլֆ ֆոն Գորդոնը՝ իրաւական գաղտնի խորհրդական, Եօհաննէս Վերթաուէրը՝ իրաւական խորհրդական, եւ Նիմայէրը՝ Քիլի համալսարանի իրաւագիտութեան բաժնի պրոֆեսոր: Իւրաքանչիւր դատապաշտպանի վճարւեց 75.00042 մարկ:

Դատապաշտպանները Թալէաթի յանցանքը հիմնաւորելու համար օգտագործեցին ժամանակին տրւած հայերի բնաջնջման եւ տեղահանութեան հրամանների բնօրինակ հեռագրեր, որոնք գերմանական դատարանին էր ներկայացրել Արամ Անտոնեանը: Դատավարութեան ընթացքում (Բեռլին, 2-3-ը յունիսի 1921 թ.) վկայութիւններ տւեցին գերմանացի բարձրաստիճան սպայ Լիման ֆոն Սանդերսը, յայտնի հասարակական գործիչ, հայասէր Եօհաննէս Լեփսիուսը, ցեղասպանութիւնը վերապրած հայեր, այդ թւում՝ Գրիգորիս Պալաքեանը, որի հետ դատավարութեան աւարտից յետոյ Թեհլիրեանը մեկնեց Մանչեստր43:

Իրաւական առումով Թեհլիրեանի պաշտպանութիւնը հիմնւում էր Գերմանիայի քրէական օրէնսգրքի 51-րդ յօդւածի վրայ, որը սահմանում էր. «Պատժելի արարք չկայ, եթէ արարքը կատարելու պահին յանցագործը գտնւում էր անգիտակից վիճակում կամ հոգեկան գործունէութեան պաթոլոգիական խախտում ունի, որի պատճառով բացառւում էր նրա կամարտայայտութիւնը»44: 1921 թ. յունիսի 3-ին երդւեալ ատենակալների վճռով Ս. Թեհլիրեանն ազատ արձակւեց եւ արտաքսւեց երկրից45:

Դատավարութեանը մասնակցում էր նաեւ երիտասարդ հրեայ իրաւաբան Ռաֆայէլ Լեմկինը, որի կեանքում Թեհլիրեանի դատական գործը ճակատագրական նշանակութիւն ունեցաւ: Տարիներ անց արդէն փորձառու իրաւաբանը ստեղծեց «գենոցիդ» եզրոյթը, եւ նրա անմիջական ջանքերով նորաստեղծ Միացեալ ազգերի կազմակերպութեան գլխաւոր ասամբլեան 1948 թւականին ընդունեց «Ցեղասպանութիւն յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնւենցիան:

Ս. Թեհլիրեանի դատավարութիւնը հասարակական-քաղաքական մեծ արձագանք գտաւ. այն լայնօրէն լուսաբանւեց ինչպէս ժամանակի եւրոպական, ամերիկեան ու հայկական մամուլում, այնպէս էլ գերմանացի եւ թուրք լրագրողների կողմից:

Դատավարութիւնից յետոյ Ս. Թեհլիրեանը բնակութիւն է հաստատում նախ Մանչեստրում, ապա՝ Բելգրադում (Սերբիա)՝ իբրեւ Սարօ Մելիքեան46: Ունեցել է սեփական բիզնես: Անւան փոփոխութիւնը կապւած էր նրա եւ իր ընտանիքի անվտանգութեան հետ: 1953 թ. տեղափոխւել է Կասաբլանկա (Մարոկկօ), այնտեղից էլ 1954 թ.՝ Սան Ֆրանցիսկօ (ԱՄՆ), որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին՝ Սողոմոն Մելիքեան անունով: Նրա աճիւնը հողին է յանձնւել Ֆրեզնոյում:

Անահիտ Թաթիկեանի հետ ամուսնութիւնից Ս. Թեհլիրեանն ունէր 2 որդի՝ Զաւէնը եւ Շահէնը:

 

_________________________________________________________

1. Ս. Թեհլիրեանի կենսագրութիւնը տե՛ս Խանումեան Գ., Սողոմոն Թեհլիրեան-120 /http://www.genocide-museum.am/arm/soghomon-tehliryan.php (մուտք՝ 30.03.2021):

2. Յատուկ գործի մասին տե՛ս Խանումեան Գ., Սողոմոն Թեհլիրեանը եւ «Նեմեսիս» գործողութիւնը, «Վէմ» համահայկական հանդէս, Եր., 2019, № 4 (68), էջ 67-84:

3. Տե՛ս Սողոմոն Թեհլիրեանի դատավարութիւնը (սղագրութիւն), Եր., «Արեւազուն», 1990:

4. Տե՛ս Судебный процесс Талаата паши: стенографический отчет. Под редакцией, с предисловием и примечениями доктора исторических наук, профессора Степана Степаняна, Ер., 2007:

5. Տե՛ս «Առաւօտ», 6 յունիս, 1921, թիւ 11 (63):

6. Վահան Մինախորեան (1884 թ., Գանձակ - 1946 թ., Բելգրադ) - քաղաքական գործիչ, էսէռ, 1918-1919 թթ.` ՀՀ խորհրդարանի անդամ, 1920 թ. վերջին` հանրային կրթութեան նախարար, Ալեքսանդրապոլի հայ-թուրքական բանակցութիւններում` ՀՀ պատւիրակութեան անդամ: 1921 թ. մասնակցել է Փետրւարեան ապստամբութեանը, անցել Պարսկաստան, այնուհետեւ՝ Պրահա: 1934-1946 թթ. հաստատւել է Բելգրադում:

7. Տե՛ս Մինախորեան Վ., Սողոմոն Թեհլիրեան. վերյիշումներ (Թալէաթի ահաբեկումը), Գահիրէ, տպ. «Յուսաբեր», 1953:

8. Այդ տարիներին Ս. Թեհլիրեանը նոյնպէս ապրում էր Բելգրադում:

9. Տե՛ս Քեշիշեան Մ., Նեմեսիսի զինւորը՝ Յակոբ Զօրեան, «Հայ զինւոր», Եր., 23.05.2013, № 20 (987):

10. Մանրամասն տե՛ս Մատթէոսեան Վ., ՀԱՅԿՕ. Թալէաթի ահաբեկումին վերջին անծանօթ մասնակիցը,

11. «Բանբեր Մատենադարանի», Եր., 2014, № 21, էջ 249-260:

12. Տե՛ս Հայաստանի ազգային արխիւ (ՀԱԱ), ֆ. 314, ց. 24, գ. 2: 1918 թ. ապրիլի 6-ին Կարաքուրդի կիրճում՝ Սարիղամիշի մօտ, Թեհլիրեանը հրազէնային վնասւածք է ստանում եւ ապաքինւելու համար տեղափոխւում Թիֆլիս (տե՛ս Մինախորեան Վ., նշւ. աշխ., էջ 140):

13. Մանրամասն տե՛ս Խանումեան Գ. Վ., Հայոց Ցեղասպանութեան տարիներին «մէկ հայ-մէկ ոսկի» փրկութեան առաքելութեան հարցերի շուրջ, «Ցեղասպանագիտական հանդէս», Եր., 2017, № 5 (2), էջ 35-47:

14. Տե՛ս Մինախորեան Վ., նշւ. աշխ., էջ 75:

15. Նոյն տեղում, էջ 88:

16. Տե՛ս նոյն տեղում, էջ 95:

17. Նոյն տեղում, էջ 75:

18. Տե՛ս նոյն տեղում, էջ 212: Տե՛ս նաեւ նոյն տեղում, էջ 222:

19. Յարութիւն (Արթին) Մկրտչեան-թուրքական գաղտնի ոստիկանութեան աշխատակից, լրտես: Նրա կազմած «սեւ» ցուցակով սկսւեցին հայ մտաւորականութեան ձերբակալութիւնները Կ. Պոլսում 1915 թ. ապրիլի 24-ին:

20. Վ., Մինախորեան Վ., Սողոմոն Թեհլիրեան. վերյիշումներ (Թալէաթի ահաբեկումը), Գահիրէ, տպ. «Յուսաբեր», 1953, նշւ. աշխ., էջ 235:

21. Տե՛ս նոյն տեղում, էջ 190:

22. Տե՛ս նոյն տեղում, էջ 205-206:

23. Տե՛ս նոյն տեղում, էջ 199: Տե՛ս նաեւ Mesrobian MacCurdy M., էջ 136:

24. Մինախորեան Վ., Ս. Թեհլիրեան, նշւ. աշխ., էջ 207:

25. Համազասպ Բարաղամեան - հայ կամաւորական, «Հորիզոն» (Երեւան) թերթի թղթակից, «Հայրենիք» (Բոստոն) թերթի խմբագրութեան անդամ, ԱՄՆ-ում ՀՅԴ ԿԿ քարտուղար, յատուկ գործի մէջ ներգրաււած անձ:

26. Արմէն Գարօ (Գարեգին Փաստրմաճեան) (1872 թ., Կարին -1923 թ., Ժնեւ) - հայ ականաւոր քաղաքական, պետական ու հասարակական գործիչ, ՀՅԴ անդամ:

27. Բեռլինում ծպտեալ ապրում էին Թալէաթը կնոջ հետ, Ջեմալ Ազմին ընտանիքի հետ, Պոլսի նախկին ոստիկանապետ Բեդրի բէյը, Իսմայիլ Հագգը բէյը եւ Բեհաէդդին Շաքիրը:

28. Հրաչ Փափազեանի մասին տե՛ս Սապունճեան Զ., Հրաչ Փափազեան. Յեղափոխական եւ ազգային մեծ գործիչ (կեանքն ու գործը), Պէյրութ, 1987:

29. Տե՛ս Մինախորեան Վ., նշւ. աշխ., էջ 255:

30. Տե՛ս Mesrobian MacCurdy M., նշւ. աշխ., էջ 138:

31. Տե՛ս Քեշիշեան Մ., նշւ. աշխ.:

32. Մանրամասն տե՛ս Մատթէոսեան Վ., նշւ. աշխ., էջ 249-260։

33. Մինախորեան Վ. Ս. Թեհլիրեան Վերյիշումներ

34. Բեռլինում գտնւելու երեք ամիսների ընթացքում նա որոշակի քայլեր արել էր գերմաներէն սովորելու ուղղութեամբ, սակայն բաւականաչափ չէր տիրապետում հաղորդակցւելու համար:

35. Տե՛ս Մինախորեան Վ., նշւ. աշխ., էջ 335:

36. Տե՛ս նոյն տեղում, էջ 338:

37. Ս. Թեհլիրեանի դատավարութեան մասին մանրամասն տե´ս Hoffman T., New Aspects of the Talaat Pasha Court case, Armenian Review. Winter, 1989, volume 42, Number 4/168:

38. Տե՛ս Mesrobian MacCurdy M., նշւ. աշխ., էջ 129:

39. Ահարոն Սաչակլեան (1879 թ., Մալաթիա, Օսմանեան կայսրութիւն - 1964 թ., Սիրակուզա, ԱՄՆ) - ՀՅԴ գործիչ, «Հայրենիք» թերթի (Բոստոն) աշխատակից, Յատուկ գործի ֆինանսական հարցերով պատասխանատու:

40. Տե՛ս Mesrobian MacCurdy M., նշւ. աշխ., էջ 216-219:

41. Տե՛ս Yeghiayan V., The case of Soghomon Tehlirian, 2-nd edition, «Center for Armenian rememberance (CAR)», Glendale, 2006, էջ xxvii:

42. Տե՛ս նոյն տեղում:

43. Տե՛ս Mesrobian MacCurdy M., նշվ. աշխ., էջ 129։

44. https://lexetius.com/StGB/51,4 (մուտք՝ 22.11.2019).

45. Տե՛ս Hoffman T., նշւ. աշխ., էջ 47:

46. Տե՛ս «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, օգոստոս, 1960, № 8, էջ 84: Տե՛ս նաեւ «ՀՅ Դաշնակցութեան թանգարան» հիմնադրամ, ֆոնդ 330 դ։

 

«Դրօշակ», թիւ 4 (1650), ապրիլ, 2021 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։