Հա

Գաղափարական

17/06/2021 - 09:40

Հայրենիք կամ մահ

Հայոց մեծագոյն Ցեղասպանութիւնը բառերի վերածելու համար սահմռկել է անգամ Յ․ Օշականի նման բառեր արարող հսկան, շեշտելով, որ «Բառերը Պէտք է հաւասար ըլլան կատարուածի տարողութեանը։ Իսկ կատարուած ցեղասպանութիւնը Սովորական Բառերու նշանակութենէ դուրս երեւույթ է»։

ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

 

Հայոց մեծագոյն Ցեղասպանութիւնը բառերի վերածելու համար սահմռկել է անգամ Յ․ Օշականի նման բառեր արարող հսկան, շեշտելով, որ «Բառերը Պէտք է հաւասար ըլլան կատարուածի տարողութեանը։ Իսկ կատարուած ցեղասպանութիւնը Սովորական Բառերու նշանակութենէ դուրս երեւույթ է»։

Մեր երկրում տիրող վերջին 8 ամիսների ցեղասպանութիւնը, հայրենի իշխանութեան ձեռքով կատարւած, անշուշտ առանց համեմատելու, մեր դէմ կատարւած առաջին անպարագրելի ցեղասպանութեան հետ, մեզնից շատերին այսօր կանգնեցրել են նոյն սահմռկեցուցիչ դժվարութեան առջեւ։

Մեր օգտագործած բառերից ոչ մէկը այլեւս համարժէք չէ այն իրավիճակի նկարագրութեանը, որը տիրում է մեր երկրում այս պահին։

Մենք օգտագործեցինք մեր բառարաններում տեղ գտած մեր անհամաձայնութեան, մեր բողոքի, մեր արդար ընդւզումի ողջ բառապաշարը, մեր տարածքների յանձնման ստորագոյն եղելութեան, մեր ազգի դիմագիծն ու էութիւնը օրէօր էլ աւելի խեղաթիւրող, դեռ շարունակւող ցեղասպանութեան, մեր յետագայ ոչնչացման ծրագիրը իրականացնող տիրող իշխանութեան հանդէպ։

Մենք մեր անկարողութեան պոռթկումը, ցասման ահռելիութիւնը, մեր ատելութիւնն ու հոգեկան, մտային ծանրագոյն ապրումները փորձեցինք ամենազուսպ բառերից մինչեւ ամենաանզուսպ, ամենահասարակով ճչալ, արտայայտել, սակայն չկարողացանք ոչ երկիրը, ոչ էլ մեզ փրկել։

Իր ազգին թշնամի ներկայ իշխանութիւնը յաղթականօրէն դեռ տիրում է երկրում, դեռ շարունակում է թշնամու հետ իր գործարքը ի վնաս մեր երկրի, դեռ ատելութիւն ու թոյն տարածելով, պատժամիջոցների դիմելով, բռնութեան հիստերիկ ճիչերի, փողոցային ամենավերջին հայհոյանքների ու խելակորոյս աղաղակների սարսափ տարածելով, փորձում է կրկին իշխանութեան մնալ։

Յատկապէս այսօր, երբ թուրքը իր էժանագին յաղթանակն է տօնում մեր երկրի վեհագոյն տարածքում՝ Շուշիում, երբ ոչ միայն դարերով, այլ ընդամենը 30 տարի առաջ, ընդդէմ այդ նոյն թշնամու դէմ է պայքարել մեր ժողովուրդը եւ փառաւոր յաղթանակով ազատագրել այդ նոյն տարածքը, որը մի պատահական ստահակի ձեռքով նւիրաբերւեց թշնամուն, հիմա մեր ժողովրդի մի զգալի զանգւած ուզում է իր ժողովրդին ոչնչացրած թշնամուն գրկաբաց ընդունել, յանուն այդ նոյն ստահակ իշխանաւորի երկարակեցութեան։

Իսկապէս հայոց բառարաններում տեղ գտած համեմատականներն ու ածականներն անզօր են այդ զանգւածին եւ կատարւած երեւոյթը, մտածելակերպը բնութագրելու։

Գուցէ պէտք է իրապէս լուռ ողբալ մեր ազգի այսչափ այլասերման, ազգասպանման համար, որովհետեւ սա նոյնքան որեւէ արդարացման չենթարկւող, մարդկային մտքի ու զգայարանների մէջ չտեղաւորւող իրավիճակ է, որքան ներկայ իշխանութեան գործած ծրագրւած դաւաճանութիւնը։

Չէ՞ որ այն ինչ կատարւեց ու դեռ շարունակում է կատարւել մեր երկրում, մարդկային երեւակայութիւնից, պետութիւնների պատմութիւնից դուրս եղելութիւն է։

Բարեբախտաբար մեր անզօրութեանը կեանքի անբացատրելի շրջադարձն է օգնութեան հասնում։

Բոլորս ականատես ենք այն երեւոյթին, որ երկուս ու կէս տարի առաջ «հպարտ յեղափոխականը», իր յաղթանակի ճառում, իր համախոհների երջանիկ ծափերի տարափի տակ, աղբաման էր նետում մեր առաջին Հանրապետութիւնը ստեղծած ու մեզ յանձնած 131 Ամեայ կուսակցութեանը՝ ՀՅԴ-ը։

Այսօր այդ նոյն ՀՅԴ անխոնջ, ազգանւէր հետեւորդները, կրկին արթնացած, տէր են կանգնում իրենց երկրին ու ժողովրդին, ահ ու սարսափի մատնելով իրենց աղբաման նետողների անկարող խմբակին, ինչպէս ժամանակին ահ ու սարսափի էին մատնել նոյն ջանասիրութեամբ իրենց ոչնչացնել ցանկացող Թալաթներին ու թուրք պարագլուխներին։

Կեանքի շրջադարձի մէկ այլ փայլուն ապացոյց է նաեւ այն, որ նոյն ինքնակոչ «յեղափոխական»-ը, այսօր ազգային յանցագործ դարձած, ամենաստորագոյն միջոցներով փորձում է իշխանութեան մնալ, մինչդեռ նոյն «յեղափոխականի» դաւադիր ծրագրով մեղադրւած, երկու տարուց աւել մեծ արժանապատւութեամբ իր անօրէն կալանաւորում-բանտարկութիւնը կրած ու իր անմեղութիւնը նոյնքան արժանապատւօրէն հաստատած Ռոբերտ Քոչարեանը, այսօր կրկին իր մարդկային բարձրութեան վրայ մնալով, վաստակած քաղաքական փորձառութեամբ, հաստատած երկաթէ կամքով, երկիրը փրկելու ձեռք է մեկնում։

Եւ աւելի հետաքրքիրն այն է, որ այդ «յեղափոխականների» երկու մղձաւանջային ատելի թշնամիները՝ Ռոբերտ Քոչարեանն ու ՀՅԴ միասնաբար Դաշինք կազմած խորտակելու են իրենց այն դաւաճան ինքնիշխանութիւնը, որն ամէն կերպ դեռ փորձում են պարտադրել ժողովրդին։

Բոլորովին պատահական չէ նաեւ, Քոչարեան եւ ՀՅԴ դաշինքը։ Շատերն են յիշում, երբ ներկայ դաւաճան իշխանութեան հոգեւոր հայրը՝ ԼՏՊ-ն հայրենիքից արտաքսեց հայրենիք կերտած կուսակցութեանը1994-ին, յատուկ հրամանագրով կասեցրեց ՀՅԴ գործունէութիւնը։

1998-ին Ռ․ Քոչարեանը իշխանութեան գալով պատւով յետ ընդունեց ու վերականգնեց կուսակցութեան գործունէութիւնը։

ԵՍ ՄԻՇՏ ՇԵՇՏԵԼ ԵՄ ԵՒ ԿՐԿԻՆ ԵՄ ՇԵՇՏԵԼՈՒ, ՈՐ ՄԻԱՅՆ ՀՅԴ ԿԱՐՈՂ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՓՐԿԵԼ ԵՐԿԻՐԸ, ԱՅԼ ՍՏԵՂԾԵԼ ԱՄՈՒՐ, ԱԶԳԱՆԻԷՐ ԵՐԿԻՐ, ՈՐ ՄԻԱՅՆ ԱՅՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ ՍԵՐՄԱՆԵԼ։

Դա կրկին հաստատւեց, երբ Նոյ․ 9-ի դաւաճանութեան կապիտուլեացիան յայտնաբերւելուց յետոյ ՀՅԴ առաջինը արձագանգեց, դաւաճանի հրաժարականը պահանջող իր ցոյցերով։ Սակայն աւաղ, այն ջլատւեց, յաղթեց մեր ժողովրդի պառակտող հատկութիւնը։

Անցած 8 ամիսների ընթացքում մենք շատ ցաւալի բացայայտումների ականատես եղանք՝ հասարակ ժողովրդի իրար դէմ թշնամութիւնից սկսած, ոստիկանութեան ծառայողների գազանութիւնից, զինւորական բարձրաստիճան անձանց անողնաշարութիւնից, մինչեւ անգամ հայրենիքի համար իրենց կեանքերը զոհաբերածների մարմինների հանդէպ արհամարհանք տեսանք եւ յուսալքւած երբեմն ճչացինք, երբեմն երկար լռեցինք։

Մի քանի օր առաջ ես լսում էի իսրաէլցի Աւնէր Գւարյահու անունով մի երիտասարդի, պաղեստինցիներին ահաբեկելու համար ծառայած յատուկ գնդում, որը որոշել էր միջազգային հանրութեան եւ համապատասխան օրէնսդիր մարմիններին ներկայացնել այն գազանութիւնները, որոնք օգտագործում են պաղեստինցի հասարակ ժողովրդին ահաբեկելու, նրանց նւաստացնելու, նրանց ամենօրեայ վախի մէջ պահելու համար։ Որ նրանք երբեք ապահով չզգան իրենց, մոռանան, որ իրենք են այդ հողի տէրը։

Նա խոստովանում էր, որ մարդկայնօրէն այլեւս անկարող է շարունակել կատարել իրենց հրամայւող ոճիրները։

Ես լսում էի ու մտածում մեր մասին, որ շուտով մեր երկրում է նոյն վիճակը տիրելու, եթէ մենք շարունակենք հետեւել այս այլանդակ իշխանութեանը։

Եւ միաժամանակ մտածում էի, մեր այն այսպէս կոչւած գեներալների եւ բարձրաստիճան զինւորականների մասին, որոնք մասնակից են եղել մեր երկրի վաճառքին եւ մինչեւ օրս, մինչեւ այս յոյժ ճակատագրական պահին անգամ դեռ լուռ են։

Մտածում էի, հպատակի հնազանդութեամբ դաւաճան ստահակին հսկող ու փայփայող ոստիկանների, կարմիր բերետաւորների մասին ու մտածում՝ կը գա՞յ այն օրը, երբ նրանք ուշքի գան, սթափւեն, որ իրենց անմարդկային բռնութիւններով խորտակում են նաեւ իրենք իրենց կեանքը։

Ես չեմ հաւատում նրանց ոչ մէկի զարթօնքին, քանզի եթէ նրանք այդ յատկութիւնը ունենային ապա 8 ամիս առաջ այդ քայլին կը դիմէին։

Ես միայն հաւատում եմ ՀՅԴ կազմած Հայաստան Դաշինքին եւ յուսամ, մեր ժողովրդի գոնէ գիտակից հատւածը լրջօրէն կը մօտենայ իր ապագային, որ այս Դաշինքում կը տեսնի այն ուժը, որը կարող է երկիրը յետ ոտքի կանգնեցնել, փրկել նոյնիսկ Արցախը, ինչպէս դա արւեց Քոչարեանի օրօք, իր գլխաւորութեամբ։

Գիտեմ նաեւ, որ ներկա դաւաճանապետը եւ իրեն գործուղողները դիմելու են ամէն միջոցի, մինչեւ իսկ բախումների ու տեռորների, որ շարունակեն մնալ իշխանութեան եւ աւարտին հասցնեն իրենց կէս թողած պատւէրը։

Այս բոլորը իմանալով, մեր ժողովուրդը այս վերջին շաբաթում պիտի մեծ լրջութեամբ ու խոհեմութեամբ, միասնաբար գործի, թիկունք կանգնի, վստահի, հաւատայ, առանց տատանւելու եւ մտածւած ու արդարացի իր ձայնը տա Հայաստան Դաշինքին։

Վստահիր ՀՅԴ այս զինանշանին, որը երբեք չի խաբել, ոտնատակ չի տւել իր ժողովրդին ու նրա ստեղծած արժէքները, երբեք չի դաւաճանել իր սկզբմունքներին, որն է՝ ՀԱՅՐԵՆԻՔ ԿԱՄ ՄԱՀ։

 

15 յունիս, 2021

 

Յարակից լուրեր

  • «Եթէ բաճկոնս իմանայ գաղտնիքս, կայրեմ այն». Բաբգէն Սիւնի
    «Եթէ բաճկոնս իմանայ գաղտնիքս, կայրեմ այն». Բաբգէն Սիւնի

    Երկու օր առաջ մեր պատմութեան մէջ առաջին քաղաքական մեծ իրադարձութեան՝ Բանկ Օտոմանի գրաւման 125-ամեակն էր, որը ցաւալիօրէն ցաք ու ցրիւ արձագանգ ունեցաւ ու անձայն անցաւ։

    Անշուշտ դա սպասելի էր, քանզի ինչպէս միշտ, այն համարւելով արեւմտահայութեան պատմական դէպք, նշւում է առաւել սփիւռքում։ Հայրենի երկրի համար, յատկապէս այս վերջին շրջանում, դա իր պատմութեան մասը չի կազմում, ինչպէս Արցախը եւ մինչեւ իսկ իր սահմանները։

  • Խոնարհումով յիշենք այս հինգ երիտասարդների անունները
    Խոնարհումով յիշենք այս հինգ երիտասարդների անունները

    Յուլիս 27, 1983թ. Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզպոն։

    Ինչո՞ւ Լիզպոն, ինչո՞ւ յուլիսեան այդ օրը։

    Այդ օր Լիզպոնում գումարւելու էր Եւրոպայում թուրքական դեսպանների խորհրդակցութիւն։

  • Եղե՞լ է պահը երբեւէ այսքան վտանգով լեցուն ու պոռթկուն
    Եղե՞լ է պահը երբեւէ այսքան վտանգով լեցուն ու պոռթկուն

    Այս վտանգով լեցուն օրերին ով թիկունք է կանգնում, կամ լռում, մեկուսանում, դարան մտած հետեւում է, թէ դէպքերը ի՛նչ ուղղութեամբ են շարժւում, ո՛ր լծակն է աւելի ծանր, ո՛ր դրան յարի, նոյնքան թրքասէր եւ դաւաճան է, որքան` ներկայ իշխանութեան ողջ կազմը, ներառած` ոստիկանութիւնն ու գիշեր-ցերեկ ամենայն հոգատարութեամբ նրանց պաշտպանող ծառայութիւնները, նրանց կամակատարը դարձած իրաւապահ մարմինները, պետական ողջ համակարգը:

  • Մեր երկիրը դարձել է դաւաճաններին սնող երկիր
    Մեր երկիրը դարձել է դաւաճաններին սնող երկիր

    Նոյնիսկ գարշելի է մտածելը, որ այսքան կարճ ժամանակում, այսքան դաւաճաններ աճեցին ու արագօրէն բազմացան մեր երկրում, որոնց ոչ թէ ոչնչացնում, ինչպէս ընդունւած է ողջ հողագնդում, այլ պաշտպանում ու սնում ենք, անգէտ, վաշխառու հասարակութեան մի շերտով, նաեւ ներքոյ ցուցադրւող այսպիսի ջոկատներով։ 

  • Գիշատիչները կործանում են երկիրը, իսկ մեն՞ք...
    Գիշատիչները կործանում են երկիրը, իսկ մեն՞ք...

    Երբեք չէի կարծում, որ իմ երկիրը այսքան «քաղաքակիրթ» է, որ մէկ ամիս խաղաղ ցոյցերով, առանց արդիւնքի, իր երկիրը դաւաճանած, վաճառած, վարչապետի հրաժարականը պահանջի եւ շարունակի սպասել նրա ինքնակամ հրաժարականին։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։