Հա

Գաղափարական

24/06/2021 - 19:00

«Երկիրը Արտերկրէն». բայց այս անգամ երկրեն

Այս գիրքը, թէեւ վերնագրւած է «Երկրին արտերկրեն», իրականում, այն ընթերցելիս ակնյայտ է դառնում, որ հեղինակը, ապրելով արտերկրում, երբեք բաց չի թողնում հայրենքի զարկերակը եւ ճիշտ ժամանակին արձագանքում է հրատապ խնդիրներին։

Այսօր չափազանց կարեւոր եւ արդիական է այս գրքի հրապարակումն ու ընթերցանութիւնը։ Յատկապէս այս իրավիճակում, ինչ որ տեղի ունեցան դեռ երէկ Արցախում եւ Հայաստանի Հանրապետութիւնում, մշտապէս եղել են Բրուտեանի յօդւածների կիզակէտում` համապարփակ ու հիմնարար վերլուծութիւններով:

(Վաչէ Բրուտեանի նոր լոյս տեսած գրքի առիթով)

ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ

Բանասիրական գիտ. թեկնածու

 

1929թ. Խարբերդից բռնագաղթւած Բրուտեան ընտանիքը խարբերդցի մնաց ու ապրեց Հալէպում, Բէյրութիւմ եւ այդպէս էլ շարունակում է ապրել ԱՄՆ-ում։ Հաստատւելով արտերկրում՝ Բրուտեաններն իրենց հոգում, սրտում տարել ու փայփայել են Երկիրը։ Այս ընտանիքի վառ արգասիքն է Վաչէ Բրուտեան մտաւորականը, որը կրթւելով եւ թրծւելով ազգային կրթութեան եւ գաղափարախօսութեան բովում` իր ողջ գործունէութիւնն առ այսօր նւիրել է ազգային կուսակցական կեանքին եւ Հայ Դատի արդար պահանջի պայքարին։ Ուստի պատահական չէ, որ Երկիրը-Հայաստանը մշտապէս բաբախում է Վաչէ Բրուտեանի սրտում։

Բէյրութում նա իր հրապարակախօսական գործունէութիւնը սկսել է «Պատանեկան արձագանք» շաբաթաթերթից։ Անցնելով մտաւորականի անբասիր եւ նախանձելի ճանապարհ եւ հնարաւորութիւն ունենալով աշակերտել անւանի երեւելիների մօտ` Վաչէ Բրուտեանը համագործակցել է Սփիւռքի ազգային ու կուսակցական գործիչներ Փօլ Ներսեսեանի, Վերապատւելի Պարգեւ Թարաքչեանի, Յարութիւն Քիւրքչեանի, Սարգիս Զէյթլեանի, դոկտ. Բաբգէն Փափազեանի, բանաստեղծ Մուշեղ Իշխանի, Հրայր Մարուխեանի հետ, եւ ինչպէս գրում է հեղինակը նաեւ. «դեռ չհաշւած «Բագին» գրական ամսագրի ու «Դրօշակ»-ի անձնակազմն ու այցելուները» (տե´ս գրքի կազմերեսի կենսագրական մասում)։

Դեռ ուսանող տարիներից սկսելով ուսուցչական գործունէութիւնը` 1977թ. մաս է կազմում ՀՅԴ Բիւրոյի Մամլոյ դիւանին։ Օրաթերթային մամուլի առաջին յօդւածը հրատարակում է «Ազդակ»-ում, եւ տարիների բեղուն գրիչը նրան հասցնում է Բոստոն` «Հայրենիք», ապա Լոս Անջելէ` «Ասպարէզ» օրաթերթերի խմբագրատուն՝ խմբագրի պատասխանատու առաքելութեամբ։ Վաչէ Բրուտեանը, ինչպէս խոստովանում է իր կենսագրականում, «գտած էի տարերքս ու սէրս՝ մամուլը»։ Իսկ ես, որպէս ընթերցող, կաւելացնեմ, որ մամուլն է գտել նրան` հրապարակախօսական բացառիկ հմտութիւններով, տաղանդաւոր, սուր եւ դիպուկ գրչով Վաչէ Բրուտեանին։

Այսօր ներկայացւող գիրքը` «Երկիրը արտերկրեն», ներառում է հեղինակի 95 յօդւած՝ ընդամէնը նրա բեղմնաւոր գրչի մի չինչին մասը։ Մեզ յայտնի են նաեւ Բրուտեանի բազմաթիւ այլ յօդւածներ` տպագրւած Սփիւռքի այլ պարբերականներում։ Յուսով ենք, որ դրանք եւս կը հաւաքւեն մէկ այլ գրքում։

Այս գիրքը, թէեւ վերնագրւած է «Երկրին արտերկրեն», իրականում, այն ընթերցելիս ակնյայտ է դառնում, որ հեղինակը, ապրելով արտերկրում, երբեք բաց չի թողնում հայրենքի զարկերակը եւ ճիշտ ժամանակին արձագանքում է հրատապ խնդիրներին։

Այսօր չափազանց կարեւոր եւ արդիական է այս գրքի հրապարակումն ու ընթերցանութիւնը։ Յատկապէս այս իրավիճակում, ինչ որ տեղի ունեցան դեռ երէկ Արցախում եւ Հայաստանի Հանրապետութիւնում, մշտապէս եղել են Բրուտեանի յօդւածների կիզակէտում` համապարփակ ու հիմնարար վերլուծութիւններով:

Ժողովածուն ներառում է մեր նորօրեայ պատմութեան վերջին 30 տարիները։ Յօդւածների վերնագրերն իսկ արդէն չափազանց խօսուն են, դիպուկ, եւ ակնբախ է, թէ յօդւածներն ինչքան փոխկապակցւած են մէկը միւսին, լրացնող, եւ բացայայտում են հեղինակի ոչ միայն հրապարակախօսական տաղանդը, այլեւ ի յայտ են բերում նրա քաղաքագէտ-միջազգայնագէտ-պատմաբան վերլուծաբանի առանձնակի հարուստ գիտելիքներն ու ունակութիւնները։ Բրուտեանի յօդւածները, յիշեցնելով մոռացւած դէպքերն ու քննարկւած օրակարգերը, նաեւ ընթերցողին հնարաւորութիւն են տալիս պատմական յետնախորքի հիման վրայ ոչ վաղ անցեալի ու մեր օրերում տեղի ունեցող իրադարձութիւնները նորովի ընկալելու։ Այսինքն, ինքնատիպ իր յօդւածներով Վաչէ Բրուտեանը նոր որակ ու նշաձող է հաղորդում հայ մամուլին։

Այս ժողովածուն, ըստ հեղինակի ընտրած յօդւածների, ներկայացւած է մի քանի մասով` Հայաստան, Սփիւռք, Քաղաքական-գաղափարական։ Միայն, եթէ առանձնացնենք յօդւածների վերնագրերը, դրանք ոչ միայն ցոյց են տալիս հեղինակի ուսումնասիրութեան հարցադրումների լայն մտահորիզոնը, այլեւ իւրքանչիւր վերնագիր հաղորդում է յստակ տեղեկութիւն ու նաեւ յստակ ուղերձ:

Գրքի` Հայաստանին վերաբերող մասում Վաչէ Բրուտեանը բարձրացնում է երկրի ներքաղաքական իրավիճակին ու զարգացումներին, սոցիալ-տնտեսական, հասարակական բնոյթի, վերաբերող հրատապ խնդիրները։ Հրապարակախօսական այս յօդւածներն ունեն նաեւ ծրագրային արժէք եւ նշանակութիւն, որոնցում յստակ տրւում են հիմնահարցային լուծումներ։

Այս առումով խիստ այժմեական է «Մեր պետականութեան լինել-չլինելու մեծ փորձաքննութիւն» (էջ 111-115) յօդւածը, որը գրւել է դեռեւս 2018 թ. դեկտեմբերի 4-ին։ Հայաստանին սպառնացող վտանգների մասին այս յօդւածում ահազանգող վերլուծութեան եզրայանգումներն այսօր դարձան ցաւալի իրականութիւն, որում յայտնւել է համայն հայութունը։ Որպէս ի պատասխան յաճախ շրջանառւող այն միամիտների թեզին ներկայիս ՀՀ ապաշնորհ իշխանութիւների մասին` «Ձգէք թող աշխատի մարդը», միանգամայն ճշգրիտ է Բրուտեանի հետեւեալ բնորոշումը. «Կը ներէք, պարոնայք պետութիւնը սափրիչի խանութ չէ, ուր աշակերտը յաճախորդներու գլուխներու վրայ սովորի արհեստը» (էջ 112)։

Վաչէ Բրուտեանը, ապրելով տարբեր համայնքներում, առաւել համակողմանի է պատկերացնում Սփիւռքում հայապահապնութեան խնդիրները, որոնք եւս մշտապէս նրա ուշադրութեան կենտրոնում են։

Ահաւասիկ, այդ թեմաներով ծաւալուն յօդւածներից մէկը` «Քալիֆորնիոյ հայութեան ներքին դրւածքը. (Խնդիրներ եւ լուծումներ)» (էջ 205-222), որտեղ հեղինակն, առանձնացնելով ժամանակի եւ միջավայրի ազդեցութիւնը Սփիւռքի տարբեր սերունդների հայապահապնութեան վրայ, վեր է հանում մարտահրաւէրները` տալով դրանց լուծումները։ Յօդւածագիրը կալիֆորնիահայութեան օրինակով, կարեւորելով սփիւռքի կենսունակ ուժը, շեշտում է որ իրականութեան մէջ (Հայաստան-Սփիւռք) այն կարող է շատ աւելի մեծ դերակատարութիւն ուենալ քաղաքական, տենտեսական եւ ներազգային բնագաւառներում (էջ 217)։ Նրա այս շարքը չափազանց կարեւոր ներդրում է արդի սփիւռքագիտութեան գիտահետազօտական ոլորտի համար։

Ժողովածուում տեղ գտած քաղաքական-գաղափարախօսական թեմաներին վերաբերող յօդւածներում Վաչէ Բրուտեանի խորքային վերլուծութիւններն իրականում ազգային գաղափարախօսական սահմանումներ են՝ ծրագրային նշանակութեամբ, գիտական հիմնաւորումներով եւ կուռ տրամաբանութեամբ: «Լիզպոնէն Երեւան», «Մամուլ եւ մտաւորականութիւն», «Ո՞ւր կ’երթայ Աշխարհը (Ու անոր հետ՝ մենք», «Մեր կողմնացոյցը», «Նոր պաղ պատերազմի յորձանուտի մէջ», «Դիմադրութիւն Գերմանիոյ մէջ եւս», «Վատիկանն ու Հալէպը. Հասկանալիօրէն նաեւ Թուրքիան», «Պայքար նոր զինակիցներու փնտռտուք» եւ այս շարքի այլ յօդւածները մէկ անգամ եւս փաստում են, որ Բրուտեանը նաեւ փայլուն տիրապետում է միջազգային յարաբերութիւններին, եւ Հայ Դատի ու հայ-թուրքական դարաւոր կնճիռը քննում է տարածաշրջանային քաղաքականութեան ու շահերի բախումների ծիրում։ Չափազանց ճշգրիտ եւ արդիական են հեղինակի հայ-թուրքական յարաբերութիւնները քննող յօդւածները, դրանցում տրւած գնահատականներն ու կանխատեսումները։

Այս շարքում ինձ համար, որպէս ընթերցող, բացայայտւում է Բրուտեանի մէկ այլ յատկանիշ եւս։ «Պանք Օտոմանի Յանդգնութենէն «Բանկ Օտոման»ի փախցուած առիթը» (էջ 253-256) յօդւածում նա դրսեւորում է իր գրականագիտական եւ գրաքննադատական տաղանդը։ Վերլուծելով եւ գնահատելով հայ գրականութեան մէջ 19-րդ դարի պատմավէպի ունեցած ազդեցութիւնն ազգային հաւաքական կամքի ամրապնդման ու գաղափարախօսութեան վրայ` միանգամայն իրաւացիօրէն նկատում է. տխուր փաստ է մեր գրողները 19-րդ դարի վերջին քառորդում մեր պատմութեան բազմաթիւ հերոսական դէպքերն ու դէմքերը ցարդ չեն դարձրել գրական գեղարւեստական թեմա (էջ 254)։ Եւ այս առումով կարեւորում է 2008թ. Ալեքսանդր Թոփչեանի «Բանք Օտոման» վէպը, միաժամանակ քննադատական վերլուծութեան է ենթարկում այն` վեր հանելով պատմական դէպքերի ու դէմքերի ոչ ճշգրիտ ներկայացնել։

Այս շարքում իր ուրիւն տեղն ունի «Դժւար բան է Դաշնակցական ըլլալ» (էջ 275) յօդւածը։ Խորագիրն առաւել քան արդիական է այսօր։ Եւ իսկապէս հայութեան այս բարդ մարտահրաւէրների պայմաններում ոչ միայն դժւար է, այլեւ` պարտաւորեցնող։ Մի քանի էջում Բրուտեանը սեղմ, բայց բովանդակալից ուրւագծելով դաշնակցականի ու Դաշնակցութեան անցած բարդ ու խոտոր պատմական ուղին, գրում է. «Բայց մեր պայքարը տակաւին իր վախճանական նպատակին հասած չէ։ Հայութիւնը ունի երկու հիմնական խնդիրներ։ Առաջինը` հողահաւաքի, երկրորդը` հայրենիքն ընկերային ու տնտեսական Արդար կարգերով օժտելու խնդիրը» (էջ 277)։

«Ընտրակաշառքի եւ գաղափարի միջեւ կռիւն է (Չակերտաւոր խոստումը կեղծ է)» յօդւածում, անդրադառնալով ՀՅԴ-ի ծրագրերում Արցախեան հարցի վերաբերեալ կեցւածքին, գրում է` դեռեւս 1960-ական թթ.` Խորհրդային տարիներին, դաշնակցական մամուլն էր, որ լայնօրէն արձագանքում էր Արցախում տեղի ունեցող հակահայ ոտնձգութիւններին` յիշեցնելով, թէ ինչպէս էր ազերի դասատուն պղծել Բենիկ Մովսիսեանի որդուն, եւ ինչպէս այդ դասատուին արդարացրեց ադրբեջանական դատարանը։ Իսկ Բենիկ Մովսիսեանը, որ արդար հաշւեյարդար տեսաւ յանցագործի հետ, նոյն դատարանը նրան պատժի ենթարկեց (էջ 309)։ Սա այն վառ օրինակն է, որ յիշեցնում եւ այսօր էլ ահազանգում, թէ ինչ կարող է լինել թշնամու հետ այսպէս կոչւած «համակեցութեան» հետեւանքով, մի սին ու հայութեան գոյութեան համար չափազանց վտանգաւոր գաղափար, որ քարոզում եւ նաեւ ամէն գնով կեանքի են ուզում կոչել ՀՀ թուրքադրբեջանամէտ իշխանութուններն ու նրանց մանկլաւիկները։

Երբ ընթերցում էի «Մենք ճիշտ ենք. Այցելութիւն Կարս եւ Անի» (էջ 115-124) յօդւածը պէտք է խոստովանեմ, որ ցաւս կրկնակի էր։ Այս յօդւածում Բրուտեանը նկարագրում է կորսուսեալ հայրենիքի եւ այնտեղ անցկացրած օրերի զգացողութիւնները։ Արեւմտահայերէնի քաղցրաբոյր բառերի համաձուլւածքով ընթերցողին տանում է դէպի պատմութեան խորքերը եւ կարծես կինոժապաւէնի նման աչքերիդ առջեւ վեր են յառնում մայրաքաղաք Անիի երբեմնի փառահեղ օրերն ու փառքը։ Այնուհետեւ իր խորը ցաւն ու ցասումն է արտայայտում այն անարդարութեան, որ շղթայել են մեր երբեմնի հզօր քաղաքները։ Բայց ամենակարեւորը, որ հեղինակը չի կորցնում իր հաւատը` գրելով. «Եւ այդ սրբագրութիւնը կատարելու, հայ ժողովուրդին արդարութիւնը վերականգնելու յանձնառութիւնը աւելիով կը կը զօրանայ իւրաքանչիւր հայու մօտ, երբ այցելէ հայապատկան այս տարածքները։ Մանաւանդ երբ ինքզինքը տաւատաւր զինւորը կը համարէ Միացեալ Հայաստանին իտէալին» (էջ 123)։

Նրա ողջ տրամաբանութիւնը, զգացական աշխարհը, հարցադրումները եւ Միացեալ Հայաստանի երազանքը շատ հարազատ է իմ հոգուն եւ վստահ եմ՝ շատ ու շատ հայերի համար։ Այս յօդւածը գրւած է 2014թ., բայց այնքան արդիական է, որ եթէ մտովի Անի ու Կարս անունները դարձնենք Շուշի, կը տեսնենք, որ Բրուտեանի բարձրացրած հարցադրումները ցաւալիօրէն կրկնւեցին։ Միանգամայն իրաւացի է Բրուտեանը, երբ գրում է, որ մեզանից շատերը չեն յարմարւել ու երբեք չեն յարմարւի մեր տան ճանապարը կիսող արեւմտեան սահմանակէտի առկայութեանը ու տանդ դռանը «Հոշ գելդինիզ» (բարի եկաք) ասող ողջիւնի հետ։ Մէջբերելով նրա հետեւեալ տողերը՝ «Դժւար նկարագրւող կացութիւն է չէ՞, երբ մարդ իր իսկ սեփական հայրենի հողը մտնելու համար արտօնութիւն պէտք է առնէ օտար իշխանութենէ մը» (էջ 117), կարող ենք ասել, որ այսօր այս ցաւը կրկնապատկւել է նաեւ Հայաստանի արեւելեան սահմանում։ Այսօր մենք ապրեցին նոյն կորուստը, եւ այդ կորստի ցաւը պարզապէս պատմական յիշողութիւն չէ. «Անին կ´եռայ երակներուն մէջ բոլոր անոնց, որոնք հայ ժողովուրդի պահանջատիրութեան նւիրեալներն են: Իբրեւ անվիճելիօրէն հայկական ժառանգութիւն, Անին իւրաքնչիւր հայ այցելուի արիւնին, միս ու ոսկորին մաս կը կազմէ: «Վարակիչ» է ան:

Վերադարձի ժամն է արդէն: Ֆիզիքապէս յոգնած ենք Անիի «փողոցներէն» ժամերով թափառելէ ետք: Յոգնած ենք, բայց ոչ ճնշուած: Ընդհակառակը. այն հաւատքը, որմով դաստիրարակւած ենք իբրեւ դաշնակցական, անբացատրելի ձեւով բազմապակւած է մեր մէջ: Միացեալ Հայաստանի իտէալով, արդարութիւնը վերկանգնելու ձգտումով ու պահանջատիրութեան տրամաբանութեամբ առաջնորդւած, մեր անմիջական նախնիները ճիշդ են ուրեմն:

Անին մեզի այդ ըսաւ» (էջ 123-124):

Խորհրդանշական է նաեւ յետգրութիւնը, երբ Բրուտեանն ասում է, որ տարբեր անձնական պատճառներով յետաձգում էր յօդւածը, սակայն Անին իրեն հանգիստ չէր թողնում: «Անին հոս եւս «յաղթեց» (էջ 124): Հաւատում եմ, որ նախախնամութիւն կայ յօդւածի յետգրութեան մէջ, ու մենք կը վերդառնանք Անի, Կարս եւ նրանց բախտակից Շուշի:

Այս յօդւածում մենք բացայայտում ենք նաեւ մէկ այլ Բրուտեանի։ Հայագիտական փայլուն գիտելիքները նա ընթերցողին է յանձնում վիպական ոճային համապատկերում։ Եւ չափազանցրած չեմ լինի, եթէ ասեմ, որ Վաչէ Բրուտեանը կարող էր նաեւ փայլուն վիպասան լինել։ Նաեւ ուզում եմ շեշտել, որ նրա գրչի միջոցով ընթերցողն առանձնակի գեղեցութեամբ եւ իր ողջ ճողութեամբ կարող է ըմբոշխնել արեւմտահայերէնը։

Ամփոփելով` նշեմ, որ ակադեմիական տեսանկիւնից, Վաչէ Բրուտեանի այս գրիքն ունի գիտական լայն հենք ոչ միայն ՀՅԴ պատմութիւնն ու նորօրեայ գործունէութիւնն ուսումնասիրելու, այլեւ ընդհանրապէս Հայաստանի եւ սփիւռքի արդի խնդիրները քննելու համար: Բրուտեանի «Երկիրը արտերկրէն» արժէքաւոր այս գրիքը լրացնում է մամուլի պատմութիւնը եւ իր ուրոյն տեղն է զբաղեցնելու հայ մամուլի մեր հսկայածաւալ եւ պարտաւորեցնող ժառանգութեան մէջ:

Յօդւածների մեթոդաբանութիւնը, կառուցւածքը, հարցադումների ձեւը, պատմահամեմատական մեթոդի կիրառումը կարող են ուղեցոյց դառնալ լրագրութեամբ եւ հրապարակախօսութեամբ զբաղւող սկսնակ եւ ոչ միայն սկսնակ մասնագէտների համար:

Բրուտեանի փորձն ու գիտելիքներն անգնահատելի են մեր երիտասարդներին ազգային կրթութիւն տալու գործում, եւ մենք պէտք է խնդրենք նրան հնարաւորինս յաճախ հանդէս գալ դասախօսութիւններով ու ելոյթներով:

Ուզում եմ նշել, որ Վաչէ Բրուտեանի հետ շփւելու հարաւորութիւն եմ ունեցել վերջին 2,5 տարւայ ընթացքում, եւ չեմ դադարում զարմանալ այսքան խորը գիտելիքներ եւ ձեռբերումներ ունեցող մարդու, մտւորականի այսչափ համեստ կեցւածքով:

Վստահեցնում եմ, որ ընթերցողը ունենալու է նոր բացայայտումներ, լուրջ մտորումներ, գտնելու է շատ ու շատ հարցերի պատասխաններ եւ պարզապէս առնչւելու է փայլուն մտքի հետ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։