Հա

Գաղափարական

03/07/2021 - 12:55

29 տարի առաջ յուլիսի 3-ին ընկաւ Դուշման Վարդանը

«Ես պատերազմին շատ եմ պէտք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթէ զոհւեմ, միայն դաւադիր ականից կը լինի»: Մեծերը կանխազգում են գալիքը… Այդպէս էլ եղաւ. Վարդանը զոհւեց 1992 թւականի յուլիսի 3-ին, Արցախի Միւրիշէն գիւղի մօտ, դաւադիր ականից։ Վարդանը զոհւեց 1992թ. յուլիսի 3-ին, երբ իր զինւորական ընկեր Երոյի (Արմէն Երիցեան) եւ Արայիկի (Արա Աւագեան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Միւրիշէն գիւղի մօտակայքում:

«Գլխիս տակ դաշոյն կը դնէք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»․․․

«Ես պատերազմին շատ եմ պէտք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթէ զոհւեմ, միայն դաւադիր ականից կը լինի»: Մեծերը կանխազգում են գալիքը… Այդպէս էլ եղաւ. Վարդանը զոհւեց 1992 թւականի յուլիսի 3-ին, Արցախի Միւրիշէն գիւղի մօտ, դաւադիր ականից։ Վարդանը զոհւեց 1992թ. յուլիսի 3-ին, երբ իր զինւորական ընկեր Երոյի (Արմէն Երիցեան) եւ Արայիկի (Արա Աւագեան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Միւրիշէն գիւղի մօտակայքում:

«Եթէ զոհւեմ՝ զինւած, մաքուր հագնւած կը գաք թաղմանս ու գլխիս տակ դաշոյն կը դնէք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»,- պատգամել էր ազատամարտիկը:

Վարդանի մարմինը յանձնւել է իր այդքան սիրելի հողին՝ Երեւանում, հայ զինւորների գերեզմանոցում՝ Եռաբլուրում:

Արցախեան պատերազմի հերոս Վարդան Դուշման Ստեփանեանը ծնւել է 1966թ. մարտի 9-ին Երեւանում: Սովորել է Երեւանի Յովհաննէս Թումանեանի անւան N32 միջնակարգ դպրոցում: Աչքի ընկել գերազանց առաջադիմութեամբ: Մանկութեան տարիներին շատ ժամանակ է անցկացրել գրադարանում, որտեղ աշխատում էր նրա մայրը: 1983թ. աւարտելով դպրոցը՝ աշխատանքի է անցել բրդէ գործւածքների գործարանում: 1984թ. կամաւոր ծառայութեան է անցել Աֆղանստանում՝ սովետական բանակի կազմում: Նա երազում էր տիրապետել ռազմական արւեստի ամբողջ հմտութիւններին, քանի որ կանխազգում էր, որ հայ ժողովրդին մի քանի տարի անց սպասւում էր իր պատերազմը, որ լինելու էր նոյնքան դաժան ու արիւնալի:

«Աֆղանստան ծառայելու գնացի կամաւոր, ուզում էի լաւ կռւել սովորել եւ կռւեցի: Վատ զինւոր չեմ եղել եւ միշտ հաւատացել եմ, որ մի օր Հայոց բանակի զինւոր եմ լինելու»,- գրում էր Վարդանը իր յուշերում։

Զօրացրւելուց յետոյ Դուշմանը ընդունւում է Երեւանի պետական համալսարանի «Իրաւաբանական» ֆակուլտետ: 1988թ.-ից Դուշմանն ամբողջապէս նւիրւում է Արցախեան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու յարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում եւ դեռեւս կենդանութեան օրօք դառնում է իսկական լեգենդ:

«Ամօթ է այն երիտասարդների համար ովքեր գնում են Ռուսաստան եւ դառնում այնտեղ հնոցապան կամ մեխանիկ: Թուրքիան մեր դարաւոր թշնամին է, ո՞վ պէտք է դառնայ զինւոր կամ սպայ, ո՞վ պէտք է կռւի»,- սրտնեղում էր Վարդանը:

Վարդանը միշտ առանձնացել է իր հայրենասիրութեամբ, իր բարոյական սկզբունքներով, գրագէտ գործունէութեամբ: Դուշմանը վստահութիւն էր ներշնչում տղաներին: Նրա համոզւածութիւնը, որ հայերը անպայման կազատագրեն Արցախ աշխարհի պատմական Շուշի մայրաքաղաքը, ոգեպնդում էր տղերքին:

«Հայրենիքի անունից սխրանքներ գործել եւ հաւատալ յաղթանակին-ահա սա է մեր ուժի աղբիւրը»: Եւ հայ զէնքի, հայ զինւորի իսկական սխրանքը դարձաւ հնամենի Շուշիի ազատագրումը ադրբեջանաթուրքական 72-ամեայ օկուպացիայից:

Անառիկ բերդ յիշեցնող Շուշի մտած ստորաբաժանումների մէջ առաջիններից էր Աշոտ Բեկորի գլխաւորած 1-ին դաշնակցական վաշտը, որի մէջ մտնում էր նաեւ Դուշման Վարդանի գլխաւորած խումբը: Մայիսի 7-8-ի գիշերը Շուշիի ուղղութեամբ իրականացւեց հրետանային հուժկու հարւած, որից յետոյ սկսւեց գրոհը: Դուշմանի կռւողներն յարձակումն սկսեցին քաղաքի արեւելեան կողմից եւ արդէն առաւօտեան գրաւել էին Շուշիին յարակից թաղամասերը: Շոշ գիւղի կողմից սկսւեց գնդապետ (այժմ՝ գեներալ-մայոր) Արկադի Կարապետեանի գլխաւորած գումարտակի գրոհը: Հիւսիս-արեւմուտքից գրոհին միացան նաեւ Աշոտ Բեկորի գլխաւորած ուժերի մնացած մասը: Հարաւից յարձակում գործեցին Նւէր Չախոյեանի, այսպէս կոչւած «աֆղանների» վաշտը, ինչպէս նաեւ Ժիրայր Սեֆիլեանի եւ Աշոտ Խաչատրեանի գլխաւորած գումարտակները: Նոյն ժամանակ գնդապետ Սէյրան Օհանեանի գլխաւորած ուժերը շրջանցեցին քաղաքը հարաւ արեւմուտքից՝ ազատագրելով Քեսալար (Кесалар), Բաշքենդ (Башкенд), Ջաւադլար եւ ուրիշ բնակավայրեր՝ ընդհանուր առմամբ 17: Շուտով յարձակմանը միացաւ նաեւ Վալերի Չիտչեանի գումարտակը: Սամուէլ Բաբայեանի գլխաւորած ջոկատը Բերձորի կողմից փակեց ադրբեջանցիների հնարաւոր օգնութեան ճանապարհը:

Առաւօտեան դէմ հայկական ուժերն իրականացրեցին միասնական գրոհ: Շուշիում թողնւել էր մարդասիրական միջանցք՝ թշնամու հեռանալու համար (Բերձորի (այն ժամանակ՝ Լաչին) կողմից): Մայիսի 9-ին կէսօրին մօտ քաղաքը ազատագրաւեց: Մարտի դաշտում բազմաթիւ զոհեր թողնելով թշնամին դիմեց փախուստի թողնւած մարդասիրական միջանցքով: Հայկական կողմը տւեց 27 զոհ եւ շուրջ 180 վիրաւոր: Ադրբեջանական կողմը տւեց շուրջ 300 զոհ եւ 700 վիրաւոր: Որպէս ռազմավար հայկական կողմին մնաց թշնամու ամբողջ հրետանին, զէնքեր եւ այլն: Շուշիի ազատագրումից յետոյ ընկերները երկար որոնեցին Վարդանին եւ գտան հայկական գերեզմանոցում: Նա շամպայն էր լցնում հին գերեզմանաքարերին՝ «Ցնծացէք, նախնիներ, Շուշին ազատագրւեց»:

 

Yerkirmedia.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։