Հա

Գաղափարական

10/08/2021 - 13:30

Այսօր լրանում է Սեւրի պայմանագրի ստորագրման 101-ամեակը

Այսօր՝ օգոստոսի 10-ին, լրանում է Սեւրի պայմանագրի ստորագրման 101-ամեակը։

Սեւրի հաշտութեան պայմանագիրը ստորագրւել է 1920թ. օգոստոսի 10-ին Սեւրում (Փարիզի մօտ), Թուրքիայի կառավարութեան եւ 1914-18թթ. Առաջին համաշխարհային պատերազմում յաղթած դաշնակից պետութիւնների միջեւ:

Այսօր՝ օգոստոսի 10-ին, լրանում է Սեւրի պայմանագրի ստորագրման 101-ամեակը։

Սեւրի հաշտութեան պայմանագիրը ստորագրւել է 1920թ. օգոստոսի 10-ին Սեւրում (Փարիզի մօտ), Թուրքիայի կառավարութեան եւ 1914-18թթ. Առաջին համաշխարհային պատերազմում յաղթած դաշնակից պետութիւնների միջեւ:

Պայմանագրում մի ամբողջ բաժին (բաժին VI, 88-93 յօդւածներ) նւիրւած է Հայաստանին: Հայաստանի Հանրապետութեան անունից պայմանագիրը ստորագրել է Փարիզի հաշտութեան խորհրդաժողովում Հայաստանի Հանրապետութեան պատւիրակութեան ղեկավար, ՀՅԴ անդամ Աւետիս Ահարոնեանը: Նա եւ արեւմտահայութեան Ազգային պատւիրակութեան ղեկավար Պօղոս Նուբարը գլխաւոր դաշնակից պետութիւնների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների, դիւանագիտական եւ առեւտրական յարաբերութիւնների վերաբերեալ:

Պայմանագրով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպէս ազատ ու անկախ պետութիւն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում երկու պետութիւնների միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացեալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպէս նրա որոշումը, նոյնպէս եւ բոլոր առաջարկները՝ Հայաստանին դէպի ծով ելք տալու եւ յիշեալ սահմանագծին հարող օսմանեան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերեալ։ Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշւելու էին այդ պետութիւնների հետ ուղղակի բանակցութիւնների միջոցով։ Եթէ այդ պետութիւններին չյաջողւէր համաձայնութեան գալ, ապա գլխաւոր դաշնակից տէրութիւնները խնդիրը պէտք է լուծէին յատուկ յանձնաժողովի օգնութեամբ՝ տեղում։ Սեւրի հաշտութեան պայմանագրի համապատասխան յօդւածները թոյլատրում էին բնակչութեան կամաւոր փոխադրում, տասնութից բարձր տարիք ունեցող անձինք կարող էին քաղաքացիութիւն ընտրել տարածաշրջանի մի այլ երկրոււմ՝ համապատասխան իրենց ազգութեան կամ կրօնական պատկանելիութեան, որտեղ նրանք մեծամասնութիւն էին կազմում։ Այդ մարդիկ պահպանում էին իրենց իրաւունքը անշարժ գոյքի նկատմամբ, բայց պարտաւորւում էին մէկ տարւայ ընթացքում իրենց շարժական գոյքը փոխադրել այն երկիր, որն ընտրել էին։ Անօրինական էր յայտարարւում լքեալ գոյքի մասին օսմանեան կառավարութեան 1915 թ. օրէնքը։

Մինչեւ Սեւրի հաշտութեան պայմանագրի ստորագրումը ԱՄՆ նախագահ Վուդրօ Վիլսոնի նշանակած յանձնաժողովը ուսսումնասիրել էր տեղագրութիւնը, տնտեսութիւնը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առեւտրական ճանապարհները, ժողովրդագրական եւ միւս խնդիրները, որոնք պէտք է հաշւի առնւէին սահմանները որոշելիս։ Յանձնաժողովն իր յանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920 թ. սեպտեմբերին: Վիլսոնի որոշման համաձայն՝ Հայաստանը պէտք է ստանար Վանի եւ Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթէ ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառեալ նաւահանգիստը։ Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մօտ 90 հազար կմ2։ Միաւորելով Անդրկովկասում արդէն գոյութիւն ունեցող Հայաստանի Հանրապետութեան հետ՝ հայկական անկախ պետութիւնը կունենար շուրջ 160 հազար կմ2 տարածութիւն՝ դէպի Սեւ ծով ելքով։

Սեւրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց եւ ամրագրեց Հայաստանի անկախութիւնը: Հայաստանի Հանրապետութիւնը հանդէս էր գալիս որպէս այդ պայմանագրի իրաւահաւասար կողմ: Անկախութեան կորստից դարեր անց Հայաստանի իշխանութիւններն առաջին անգամ աշխարհի մեծ տէրութիւնների հետ մէկտեղ կնքում էին միջազգային պայմանագիր: Հայաստանի Հանրապետութիւնը պայմանագրում նախանշւած սահմաններում ճանաչւում էր որպէս միջազգային յարաբերութիւնների լիիրաւ անդամ եւ միջազգային իրաւունքի իրաւահաւասար սուբիեկտ:

Սակայն Սեւրի հաշտութեան պայմանագիրը մնաց թղթի վրայ։ Այն չվաւերացրեց նոյնիսկ սուլթանական կառավարութիւնը։ Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին եւ որպէս առաջին քայլ նոր արշաւանք սկսեցին Հայաստանի Հանրապետութեան դէմ՝ այն ոչնչացնելու մտադրութեամբ։ Յաջորդ տարւայ ընթացքում քեմալականները, օգտւելով միջազգային նոր իրադրութիւնից, որը ստեղծւել էր Խորհրդային Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի մերձեցման հետեւանքով, հասան Սեւրի հաշտութեան պայմանագրի սառեցմանը (այն ուղղակի չի վաւերացւել մինչեւ օրս)։

Հետագայում 1923 թ. կնքւեց Լօզանի պայմանագիրը (Լօզանի կոնֆերանս, 1922-23 թթ.)։ Դաշնակիցները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի Անկարայի կառավարութիւնը եւ նրա իրաւունքը Արեւելեան Թրակիայի, Իզմիրի, բայց ոչ Կիլիկիայի նկատմամբ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։