Հա

Գաղափարական

26/08/2021 - 10:45

1918 թ. Ուրմիայի հերոսամարտի դերն ու նշանակութիւնը Մայիսեան ճակատամարտերի յաղթական աւարտի գործում…

19-րդ դարի 80-ական թւականները հայոց պատմութեան մեջ բնութագրելի են որպէս նախակուսակցական պայքարի տասնամեակ: Նախակուսակցական պայքար ասելով հասկանում ենք այն ոգորումները, որոնցով «….նոր ու գերադրական աստիճանի բարձրացաւ հայ ազատագրական, համազգային շարժման գաղափարաբանութիւնը»: «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը կազմակերպելու եւ գլխաւորելու նպատակով 1870-1880-ական թթ. ինչպէս արեւելահայերի, այնպէս էլ արեւմտահայերի մէջ ստեղծւում են գաղտնի խմբակներ», որոնց նախատիպերը դարձան մի շարք հայրենասիրական խմբակցութիւններ եւ միութիւններ:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Ատրպատականի հայութիւնը եւ հայ ազատագրական պայքարը Պարսկաստանը՝ միջնաբերդ հայ ազատագրական պայքարի

 

19-րդ դարի 80-ական թւականները հայոց պատմութեան մեջ բնութագրելի են որպէս նախակուսակցական պայքարի տասնամեակ: Նախակուսակցական պայքար ասելով հասկանում ենք այն ոգորումները, որոնցով «….նոր ու գերադրական աստիճանի բարձրացաւ հայ ազատագրական, համազգային շարժման գաղափարաբանութիւնը»: «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը կազմակերպելու եւ գլխաւորելու նպատակով 1870-1880-ական թթ. ինչպէս արեւելահայերի, այնպէս էլ արեւմտահայերի մէջ ստեղծւում են գաղտնի խմբակներ», որոնց նախատիպերը դարձան մի շարք հայրենասիրական խմբակցութիւններ եւ միութիւններ:

Պարսիկ փորձագէտ Ռեզա Դեհղանին, կարեւորելով «Միութիւն ի փրկութիւն» խմբակցութեան հիմնադրման վայրը՝ Վան քաղաքը, երեք գործօն է շեշտադրում. «Նախ` Խրիմեան Հայրիկի եւ Գարեգին Սրւանձտեանցի ջանքերով «Արծւի Վասպուրական» թերթի հրատարակումը Վանում, երկրորդ՝ նոյն այդ քաղաքի աշխարհագրական դիրքը, որով այն սահմանակից էր դառնում Ռուսաստանին եւ Իրանին, ինչպէս եւ նոյն երկրներից նիւթական եւ զինական օժանդակութիւն ստանալու հարցը, եւ երրորդ՝ Վանի վիլայէթում հայութեան` մեծամասնութիւն լինելը»:

Վերը նշւած միութիւններին որպէս «օրգանական շարունակութիւն հետեւեցին եւ շռնդալով հրապարակ իջան քաղաքական կուսակցութիւնները»: Մինչ այդ, սակայն, հայ յեղափոխութիւնը, անցնելով պարտիզանական, ահաբեկչական, մարտական եւ քաղաքական տարբեր փուլերով, վերածւել էր ազգային-ազատագրական պայքարի:

Պարսիկ պատմաբան Թուրաջ Խոսրաւիի կարծիքով` հայ ազատագրական պայքարի նպատակը թէ՛ Ռուսաստանի եւ թէ՛ օսմանցիների լծից ազատւելն էր, եւ, «…. Հաշւի առնելով, որ տւեալ ժամանակաշրջանում օսմանեան լուծը թօթափելը կայսրութեան տկարութեան բերումով աւելի իրատեսական էր, ազատագրական պայքարը կենտրոնանում էր Արեւմտեան Հայաստանում»:

«Հայ ազատագրական շարժումը,- գրում է Միքայէլ Վարանդեանը,-ծնունդն է երկու տեսակ հոլովոյթի, երկու շարք ազդակներու.-

1. Իրերու հոլովոյթ (էւօլիւսիոն).

2. Գաղափարներու հոլովոյթ:

Մէկը միւսին անհրաժեշտ լրացուցիչն է:

Իրերը, կամ ըսենք՝ իրականութիւնը, ժողովրդի մը առօրեայ կեանքը բռնատիրական լուծին տակ կարող է լինել ծանր, տանջալի, անհանդուրժելի, բայց այդ ժողովուրդը չի յուզւիր, չի փոթորկւիր, երբ չկայ տակաւին Ոյժ-գաղափարը, որը կուգայ անոր մտաւորականութեան թեւերուն վրայ որպէս թարգման, անդրադարձում նոյն դժնդակ իրականութեան, կուգայ որպէս պատմութիւն, գրականութիւն, քարոզչութիւն՝ առաջնորդելու զանգւածները դէպի լոյս ու ազատութիւն»:

Հայ ազգային կուսակցութիւնները սկիզբ են առել կեանքի հարկադրական պահանջների բերումով, տառապող եւ ստրկական պայմաններում ապրող հայ ժողովրդի մարդկային եւ ազգային տարրական իրաւունքներն ապահովելու համար, որոնք հասարակա-քաղաքական զարգացման տարբեր փուլեր են անցել թէ՛ արեւմտահայութեան, թէ՛ արեւելահայութեան եւ թէ՛ այդ երկուսի սահմանադուռը հանդիսացող Պարսկաստանի ու մասնաւորապէս Ատրպատականի հայութեան կեանքում:

Պարսկաստանի ռազմավարական նշանակութիւնը գրեթէ հաւասարապէս խնդրոյ առանցքային առարկայ է եղել հայ ազգային կուսակցութիւնների (Արմենական, Ս. Դ. Հնչակեան եւ Հ. Յ. Դաշնակցութիւն)` ազատագրական պայքարի ծրագրային, մարտավարական ու նպատակային դրոյթներում: Դա հիմնականում վերաբերւում էր Պարսկաստանի` որպէս տարանցիկ, համեմատաբար առաւել ազատօրէն դեպի արևմտահայաստանի շրջաններ մուտք գործելու, զէնք ու զինամթերք, ինչպէսեւ գրականութիւն, թերթեր ու մարդուժ տեղափոխելու երկիր, քան կարող էր լինել անմիջական ռուս-թուրքական սահմանանցմամբ, որը յաճախ աւարտւում էր ի վնաս հայկական զինատար-մարտական խմբերի: Եւ իզուր չէ, որ երեք կուսակցութիւնների հիմնադրման հէնց սկզբնական քայլերում պարսկական վերոգրեալ գործօնը եղել է օրակարգային խնդիր:

19-րդ դարավերջին Պարսկաստանի Ատրպատական նահանգի հասարակա-քաղաքական համեմատաբար բարենպաստ պայմանները եւ առհասարակ աշխարհագրական դիրքը ստեղծում էին դրական ենթահող` հայ ազգային-ազատագրական պայքարի համար:

Հայ ազատագրական շարժումն իր անմիջական արձագանքն է ունեցել Պարսկաստանի Ատրպատականի շրջանում, մասնաւորապէս` Դաւրէժում, Հեր եւ Զարեւանդ գաւառներում, որոնք «նախադուռն ու խարիսխն» էին դէպի Երկիր՝ Թուրքահայաստան տանող ճանապարհների:

Իրանի հիւսիսարեւմտեան շրջանների վերոնշեալ քաղաքներում բնակւում էին մեծ թւով հայեր: Յատկանշելի է, որ «այդ քաղաքները աշխարհագրական առումով մօտ եւ նպատակայարմար էին Արեւմտեան Հայաստանի հետ կապ հաստատելու տեսանկիւնից»:

19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին թէ՛ Հնչակեան եւ թէ՛ Դաշնակցութիւն կուսակցութիւնները, կազմաւորելով փոքր խմբակներ ու կազմակերպելով դրանց զինավարժական աշխատանքները Թաւրիզում, Սալմաստում ու Խոյում, ենթահող էին պատրաստում օսմանական սահմանն անցնելու համար:

Թաւրիզը, Սալմաստն ու Խոյն այն կամուրջներն էին, որոնցով անցնում էին «առաջին առաքեալները»` դէպի Երկիր մեկնելու համար: Յատկապէս Սալմաստում էր, որ վարժւում ու մարզւում էին յեղափոխական մարտիկները, կազմաւորւում զինատար եւ մարտական խմբերը` Երկիր մեկնելու համար: Յեղափոխական շարժման, կազմակերպւած պայքարի հետագայ տարիներին է, որ սկսում են կարեւոր նշանակութիւն ստանալ նաեւ Խոյը (Աւարայր), Ս. Թադէոսի վանքը (Մենաւոր), Ուրմիան (Կապուտան) եւ Ղարադաղը (Փայտակարան):

«….Եթէ կայ երկիր մը,- գրում է Ռուբէն Տէր-Մինասեանը,- որ ջերմապէս կը բաղձար հայ ժողովուրդի ազատագրման, Պարսկաստանն է այդ: Այնտեղ էր, որ անարգել կը պատսպարւէին հայ ազատագրութեան միտքն ու ոյժը»:

Սալմաստը՝ իբրեւ ծննդավայրը հայ ազատագրութեան փոթորկաշունչ մարգարէի՝ Րաֆֆիի, եւ Վան-Վասպուրականը՝ իբրեւ ծննդավայրը եւ գործունէութեան վայրը Խրիմեանի, աշխարհագրօրէն հարեւան եւ միմեանց կապւած վայրեր էին: Դեռեւս Դաշնակցութիւնից առաջ արմենականներն էին գործում այդ վայրերում, եւ Վանն ու Սալմաստը իրար հետ սերտօրէն կապւած էին:

Պարսկաստանը հայ ազգային-ազատագրական պայքարի «խարիսխը» համարելով` Մ. Վարանդեանն ընդգծել է.«Պարսկաստանը դուռ Վասպուրականի: Իտալացի յեղափոխականները ունէին Ֆրանսիան, իբրեւ ապաստան, մակեդոնացիք՝ Բուլղարիան, լեհերը՝ Գալիցիան, հայ յեղափոխականները ունեցան Պարսկաստանը - աւա՜ղ, ոչ այնքան ազատ կայան, ինչպէս Ֆրանսիան եւ Բուլղարիան իտալացիներու եւ մակեդոնացիներու համար:

Այնուամենայնիւ,- շարունակում է Վարանդեանը,- խոշոր չափով մը, Շահերու երկիրը ապաստարանի ու մարզարանի դեր խաղացած է հայ յեղափոխականներու համար ամբողջ տասնեակ տարիներու ընթացքին, եւ մեր բիւրաւոր խոչընդոտներուն ու ցաւերուն մէջ այդ հանգամանքը հազւագիւտ սփոփանքներէն մէկն էր, անշուշտ:

Քիչ-շատ ապահով կայան մըն էր, ուր կարելի էր նւիրւիլ նախապատրաստական երկար աշխատանքներու, այլեւ յեղափոխական քարոզչութիւնը մղելու, խումբեր կազմակերպելու, զէնքեր շինելու եւ դէպի Երկիր փոխադրելու: Եղեր են, անշուշտ, վայրկեաններ, երբ Պարսից կառավարութիւնը եւս Եըլդըզի տէրերու դրդումով, անոնց հաճելի լինելու համար անողոք կերպով հալածեր է մեր ընկերները - մասնաւորապէս Խանասորի արշաւանքէն յետոյ - երբեմն նոյնիսկ վատթարագոյն պաշտօնեաները բարբարոսաբար կոտորել են մերիները (Մահլամի դէպքը): Սակայն, ընդհանուր առմամբ, Պարսից իշխանութիւնները բարեացակամութեամբ աչք են գոցեր մեր խումբերու երթեւեկին եւ մեր երկարատեւ դաւադրական գործունէութեան վրայ՝ ընդդէմ օսմանեան բռնակալութեան»: Կամ՝ պարսից կառավարութիւնը ցարական կառավարութեանը հաճոյանալու համար եւս քայլերի է դիմել, զորօրինակ` 1906 թւականի յունիս-յուլիս ամիսներին ենթարկւելով ցարի ներկայացուցիչների պահանջին՝ արգելել է ՀՅ Դաշնակցութեան օրգան «Դրօշակ»-ի մուտքը Պարսկաստան: Եւ ինչպէս «Դրօշակ»-ն է նշում իր 1906 թ. յուլիսի համարում. «….Կամենալով հաճելի լինել Թեհրանի Ռուսաց դեսպանութեան՝ Պարսից իշխանութիւնը հրամայում է բռնել եւ այրել «Դրօշակ»-ը եւ «Դրօշակ»-ի խմբագրութեան բոլոր հրատարակութիւնները…»:

Պարսից կառավարութեան բարեացակամ վերաբերմունքի եւս մէկ փաստ. «Վերջերս,- գրել է ՀՅԴ օրգան «Դրօշակ»-ը,- տարածւած լուրերը Պարսկաստանի մէջ հայոց կրած նեղութիւններու մասին չափազանցւած են: Սալմաստը քիւրդերու կողմէն ոչ մի հալածանք չկրեց: Պատմւած խստութիւնները կառավարութեան կողմէն չէր, այլ մասնաւոր պաշտօնեաներու, ինչպէս այնտեղի գաւառապետը, որ բաւական կաշառք էր կերած: Բայց քիչ ետք Ատրպատականի ընդհանուր նահանգապետը Թաւրիզ բերել տւաւ զինքը եւ, կաշառք առած դրամները խլելով անկէ, Սալմաստի հայերուն ետ տւաւ, ու դեռ խիստ պատժի ալ ենթարկեց: Իսկ Խոյի մօտ քիւրդերը յարձակեցան միայն Վառ գիւղի վրայ, անխտիր կոտորելով թէ՛ պարսիկ եւ թէ՛ հայ:

Վերջին ատեններս Պարսից կառավարութիւնն սկսաւ աւելի հաշտ աչքով նայել հայոց վրայ, եւ ատոր իբրեւ ապացոյց կրնայ համարւիլ Շահի վերջին հեռագիրը` ուղղւած Ատրպատականի նահանգապետին: Հեռագրին իմաստը մօտաւորապէս այսպէս էր.

«Վերջին դէպքերու առթիւ Թուրքիոյ ըրած պահանջները պարզ ցոյց տւին, որ թուրք կառավարութիւնը կը ձգտի նոյն դրութիւնն ստեղծել Պարսկաստանի մէջ հայոց համար, ինչ որ Թուրքիոյ մէջ: Ուստի կը հրամայեմ, որ ամէն կերպով պաշտպանէք հայերը ու խիստ պատժի ենթարկէք Սալմաստի գաւառապետը, որու յիմարութեան շնորհիւ այնտեղի հայերը վերջերս շատ վշտացած են»»:

Պարսիկ պատմաբան դոկտ. Մուհամմեդ Ամին Ռիահին, այս դեպքերի կապակցութեամբ վկայակոչելով պարսկերէն հանրագիտարանը, գրում է. «1895 թւականին Անգլիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կառավարութիւնների հրահրմամբ հայերի յեղափոխական ապստամբութիւններին որպէս հակահարւած օսմանեան պետութիւնը քիւրդերի միջոցով վայրագ կոտորածներ կազմակերպեց հայերի դէմ, որոնց հետեւանքով 200.000 հայեր Թուրքիայի ասիական հատւածում եւ յաջորդ տարի 7.000 հայեր Կոստանտնուպոլսում սպանւեցին»: Նա ապա շարունակում է, որ հայերի դէմ քրդական հալածանքները տարածւել են Իրանի հողում եւս: Մատնանշելով Խոյի հեռագրատան հաղորդումները` պարսիկ պատմաբանն աւելացնում է.«Օսմանեան քրդերը հայերին կոտորելու նպատակով յարձակւում են Կոթուրի մօտակայքում գտնւող հայկական գիւղերի վրայ, սակայն Կոթուրի գաւառապետ Ռահիմ խանը, հայ գիւղաբնակներին պաշտպան հանդիսանալով, նրանց տեղափոխեց Կոթուր: Միւս կողմից Խոյի իշխանութիւնը 50 հեծեալ է ուղարկում` ի պաշտպանութիւն Կոթուրի, եւ երբ քրդերը որոշել էին մի հայ քահանայի եւ նրան ուղեկցող հայերին առեւանգել, նոյն Ռահիմ խանի զինեալները, նրանց պաշտպանելով, դէպի Խոյ են տեղափոխում: Նոյն օրերին լուր է ստացւում, թէ քրդերն ուզում են յարձակւել հայկական Վառ գիւղի վրայ: Չնայած նրան, որ պարսիկ հրամանատարներ Հէյդար խանն ու Նոռուզ խանը մի խումբ զինեալների հետ ի պաշտպանութիւն հայերի շարժւեցին դէպի Վառ գիւղ, բայցեւայնպէս այդ շրջանում մեծ թւով հայեր կոտորածի ենթարկւեցին»:

Ռուս կոզակների ջոկատի հրամանատար Կազակովսկու 1897 թ. հոկտեմբերի 2-ի յուշագրութիւնները մէջբերելով` Մ. Ա. Ռիահին վկայում է հայ յեղափոխականների նկատմամբ պարսիկ իշխանաւորների դրական կեցւածքի մասին, որոնց յարձակման արդիւնքում սպանւել էին շուրջ 300 քուրդ բարբարոսներ: Իսկ վերջիններիս աշիրեթապետերի` հայ զինեալներին պատժելու բազմաթիւ դիմումները մերժւում են պարսիկ թագաժառանգի (Խոյի, Սալմաստի եւ Ուրմիոյ գաւառների պետ) կողմից: Ըստ Կազակովսկու` այդ մերժման պատճառով է, որ քուրդ հրոսակները վրէժխնդիր են լինում հայկական Վառի գիւղացիներից:

Հայ յեղափոխական շարժումների առաջին իսկ օրերից Ատրպատականի Սալմաստ գաւառը (Մինարէթ) կարեւոր կայան է եղել, այնտեղ գործունէութիւն են ծաւալել արմենական Գոլոշեանն ու Ագրիպասեանը: Միաժամանակ ստեղծւեցին նաեւ զինատար խմբերը: Առաջին խումբը Սալմաստում ձեւաւորել է Վարդանը (Մեհրաբեան, Խանասորի Վարդան):Այդ գործով էր զբաղւում նաեւ Նիկոլ Դումանը, որի ստեղծած 60 հոգանոց խումբը Սարայի մերձակայքում յարձակման է ենթարկւում, եւ միայն Տէրոյեանին է յաջողւում մի քանի հոգով հասնել Վան: Զինատար խմբերը Երկիր էին գնում հիմնականում 3 ուղերթերով՝ Երեւան-Փոքր Մասիս-Սասուն, Կարս-Խնուս եւ Սալմաստ-Վան:

Պատմաբան Ստեփան Պօղոսեանն իր «Հայոց Ցեղասպանութեան պատմութիւն» պատմագիտական գրքի առաջին հատորի 440-րդ էջում մէջբերում է Ֆ. Սիբիրիսկու վկայութիւնը. «Ռուսաստանի զէնքը տեղափոխւում էր Բաքու կամ Թիֆլիս, այնտեղից` պարսկական Սալմաստ քաղաք, այնուհետեւ… հրացանները տանում էին ուսերին գցած: 15-20 մարդուց բաղկացած խումբը վերցնում էր 20-30 հրացան, հազարաւոր փամփուշտ… Րաֆֆու գրքերի կապոցները… գիշերով, լեռնային կածաններով ու կիրճերով, վայրի գազանների նման թաքնւելով մարդկանց հայեացքներից, ուսներին երկուական հրացան գցած, երկուական փամփշտակալ կրծքներին, խաչաձեււած դաշոյնն ու ատրճանակը գօտիները խրած… թափառական գայլի պէս ապաստանից ապաստան էին անցնու… Վան հասցւած գրեթէ իւրաքանչիւր հրացան արժում էր մի կեանք»:

Ի յաւելումն հարկ է նշել նաեւ «Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան» գրքի վկայութիւնը. «….Պապը Ալիի ցոյցէն եւ Զէյթունի ապստամբութենէն ետք, որոնք խանդավառած եւ ոգեւորած էին ամբողջ հայութիւնը, Սալմաստը սկսաւ լեցւիլ հայ յեղափոխականներով: Կուգային կովկասահայ եւ արտասահմանեան գործիչներ եւ մարտիկներ, հնչակեաններ եւ դաշնակցականներ…»:

«Ատրպատականի միւս հայաբնակ գաւառ Խոյը եւս, որ կեղծ անունով Աւարայր կը կոչւէր, բնական կեդրոնն էր Մակուա եւ Մենաւորի, միաժամանակ եւ առաջին կայանը՝ Կովկասէն Երկրի համար մտցւած ռազմամթերքին, որ ներս կուգար Նախավկայի ճամբով: Վերջէն, Կոմսը հնարաւորութիւն ստեղծեց նաեւ ուղղակի Վանի հետ հաղորդակցւելու Ղոթուրի վրայով: Թեթեւ սուրհանդակային ճանապարհ մըն էր այդ, գրականութիւն մտցնելու, նոյնպէս եւ իրար հետ արագ հաղորդակցւելու համար»:

Ահա այսպէս 19-րդ դարի վերջերին Իրանում գործունէութիւն է ծաւալել Արմենական կուսակցութիւնը, որը, սակայն, լինելով արեւմտահայերի ունեւոր խաւի ներկայացուցիչ, թէեւ հետագային կայուն դիրքեր չկարողացաւ գրաւել իրանահայերի շրջանում, բայցեւայնպէս, նրա բջիջները հիմնադրութեան առաջին տարիներից իսկ` մինչ 1890-ական թթ., երբ արդէն կազմակերպւած եւ զօրեղ ուժ էին, գործել են Պարսկաստանի Ատրպատականի տարբեր գաւառներում եւ, փորձելով «արմատաւորւել Պարսկահայքում, ուժեղ կազմակերպւած մասնաճիւղեր են ստեղծել Սալմաստում, Խոյում, Հաւթւանում, Ուրմիայում, Փայաջուկում եւ Թաւրիզում….»:

Արմենական կուսակցութիւնը թէպէտ երկարատեւ գործունէութիւն չծաւալեց, սակայն, լինելով առաջինը, անհրաժեշտ ենթահող ու հիմք ստեղծեց աւելի կազմակերպւած եւ համեմատաբար աւելի երկարակեաց Հնչակեան կուսակցութեան, իսկ աւելի ուշ`«Հայ Յեղափոխական Դաշնակցութեան» համար, որն առաջինների համեմատ աւելի երկարատեւ եւ արմատաւորւած գործունէութիւն ծաւալեց Պարսկաստանում հայ ազատագրական պայքարի հոլովոյթում:

Ահա եւ նոյն ազատագրական պայքարի միջնաբերդը լինելու ուշագրաւ ցուցանիշ կարող են համարւել Ատրպատականի հայութեան խրախուսիչ եւ առանձնայատուկ նշանակութեամբ հերոսական գոյամարտերը, որոնք արգելակեցին թուրքական հայաջինջ քաղաքականութեան ամբողջացումը Ատրպատականում: Այդպիսին է եղել Ուրմիայի հերոսամարտը (1918 թ. գարուն): «Այդ մասին,- ինչպէս նշում է Ա. Ամուրեանը,- դժբախտաբար քիչ բան է գրւած: Նրա կարեւորութիւնը, սակայն, շատ մեծ է հետեւեալ նկատառումներով.

1. Թրքական արշաւող բանակի աջ թեւի յառաջխաղացումը դանդաղում է ամիսներ շարունակ (առնւազն 5-6 ամիս), որը կատարւում էր պարսկական Ատրպատականի վրայով:

2. Այդ դանդաղեցումը հնարաւորութիւն է տալիս Արարատեան դաշտի Երեւանի հայութեան ինքնապաշտպանութեան միջոցների դիմել, որը արդիւնաւորւեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսէի հերոսամարտերով:

3. Թիւրքը չկարողացաւ հասնել իր նպատակին՝ ջարդել գլխովին Սալմաստ-Ուրմիայի հայութեանը:

Ահա այս երեք գլխաւոր պարագաներն են, որ պատմականօրէն արժեւորում են Ուրմիայի հերոսամարտը եւ շեշտում այն նպաստը, որ Պարսկաստանի հայութիւնը ընծայել է Հայ Դատին»:

 

«Դրօշակ», թիւ 8 (1654), օգոստոս, 2021 թ.

 

Յարակից լուրեր

  • «Թուրքիայի դրական ազդակները» եւ հարեւան Իրանի արձագանգը...
    «Թուրքիայի դրական ազդակները» եւ հարեւան Իրանի արձագանգը...

    Իրանի հիւսիս-արեւմտեան սահմանի (ներառեալ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները) երկայնքով երկրի զինւած վիթխարի ուժերի աննախընթաց տեղակայումը գերազանցապէս յուշում է այն մասին, որ տւեալ ուժի ցուցադրումը ոչ թէ սոսկ ինչ-որ թուրք-ադրբեջանական հակաիրան վայրահաչութիւններով են պայմանաւորւած, այլեւ կրում են առաւել՝ տարածաշրջանի գլոբալ եւ ստրատեգիական հեռահար նպատակների շուրջ միջազգային գերուժերի ու դերակատարների հաւանական նկրտումներով…

  • ԵՌԱԲԼՈՒՐԻ ՊԱՏԳԱՄԸ…
    ԵՌԱԲԼՈՒՐԻ ՊԱՏԳԱՄԸ…

    Հարիւրամեակների կենսագրութեան երկայնքում հայութեանը, որպէս ազգային ուրոյն միաւոր, ուղեկից են եղել ազգի ամենափառաբանւած հասկացութիւն-գերաժէքներ` Անկախութիւնը, Ինքնիշխանութիւնը, Հայրենիք-Պետականութիւնը…

  • ՄԵՆՔ ԵՒ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ...
    ՄԵՆՔ ԵՒ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ...

    Փաստօրէն, որպէս սփիւռքահայեր ու մեր դէպքում՝ որպէս Հայաստանամերձ հինաւուրց համայնք, խորը մտահոգւած եւ ինչու չէ՝ անորոշ ապագայի հաշւին ծանր ենք տանում Հայաստան երկրին եւ բնականաբար դրանից բխող համազգային նշանակութեան որեւիցէ սպառնալիքի առկայութիւնը։

  • ՄԵՆՔ ԵՒ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ...
    ՄԵՆՔ ԵՒ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ...

    Մեր ԽՕՍՔ-ի այսօրւայ սիւնակում փորձել ենք նախորդ օրերի անդրադարձումներին որպէս լրացուցիչ քննարկում, ամփոփել մեր համընդհանուր կարծիքը առհասարակ հայաստանեան լրջագոյն եւ մարտահրաւէրային իրավիճակների առնչութեամբ:

  • ՄԵՆՔ ԵՒ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ...
    ՄԵՆՔ ԵՒ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ...

    Որպէս շարունակութիւն մեր երէկւայ ԽՕՍՔ-ի, հարկաւոր ենք համարում անդրադառնալ հայկական հանրոյթում շրջանառւող մէկ այլ երեւոյթի, որն էլ համացանցային «քննարկումների» տիրոյթում է գտնւում եւ որ փաստօրէն միտւած է վարկաբեկել Հայոց Ազգային գաղափարախօսութիւնն ու նրա 130-ամեայ պաշտպան ՀՅԴ-ին...

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։