Հա

Գաղափարական

28/12/2021 - 13:40

«Աստւած եթէ մեզ հետ չէ, ապա ո՞ւմ հետ է». այսօր Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է

Այսօր ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, մտաւորական, պատմաբան, քաղաքական գործիչ ընկեր Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է: Վահան Յովհաննիսեանը կեանքից հեռացավ 2014 թւականի դեկտեմբերի 28-ին:

«Մենք երբեք ձեզ երկնային մանանայ չենք խոստացել: Մենք ասել ենք` եթէ դուք իրօք պատրաստ էք պայքարել ձեր իրաւունքների, ձեր ազատութեան համար, մենք կառաջնորդենք ձեզ դէպի յաղթանակ: Սակայն եթէ դուք պատրաստւում էք սպասել հրաշքով ձեզ փրկողին «deus ex machina» ոճով, իսկ ինքներդ ցանկանում էք ապրել ինչպէս ապրում էիք` մի փոքր գողանալ, մի փոքր քծնել եւ շատ լաց լինել, եթէ ցանկանում էք նստել հեռուստաէկրանի առաջ եւ հեռւից հետեւել սեփական փրկութեանը, ապա առաւելագոյնը, ինչ կը տեսնէք, կը լինի ձանձրալի բազմասերիանոց քաղաքական շոուն: ․․․ Արդէն 120 տարի է, ինչ մենք ձեզ խոստանում ենք բարդ պայքար եւ յաղթանակ: Ձեր պայքարը եւ ձեր հաղթանակը: Պարզապէս մենք ուրիշներից լաւ գիտենք, որ մէկն առանց միւսի չի լինում: Իսկ դուք պայքարի փոխարէն ընտրում էք կախարդական հեքիաթը․․․»:

Վահան Յովհաննիսեան

 

Այսօր ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, մտաւորական, պատմաբան, քաղաքական գործիչ ընկեր Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է: Վահան Յովհաննիսեանը կեանքից հեռացավ 2014 թւականի դեկտեմբերի 28-ին:

 

- Եթէ Ձեզ առաջարկւէր անմահութիւն առանց որեւէ նախապայմանի, կընդունէի՞ք:

- Այդպիսի գործարքները, որպէս կանոն, անգին չեն լինում: Դա կախւած է գնից: Բայց ես հակւած կը լինէի ընդունել այն: Միւս կողմից, անվերջ կեանքը նշանակում է արդեօ՞ք անվերջ երիտասարդութիւն է: Յիշէք, Սւիֆթի մօտ նկարագրւած է մի կղզի, որտեղ մարդիկ անմահ էին, սակայն թորշնում էին մինչեւ 90 տարեկան, եւ այդպէս ապրում էին դարերով: Եթէ այդպէս, ապա, ոչ, շնորհակալ եմ: Այնուամենայնիւ, եթէ առաջարկը լինէր առանց նախապայմանի, կարծում եմ, կընդունէի, բայց այդ դէպքում հնարաւոր է, որ նախապայմաններ կը լինէին իմ կողմից:

 

- Եթէ տեսնեք Աստծուն, ի՞նչ կասէք նրան:

- Կասէի, որ ոչ շատ արագ եւ ոչ հեշտութեամբ, սակայն հաւատացի եւ հաւատում եմ նրա գոյութեանը եւ այն բանին, որ աշխարհը ստեղծւել է իր կողմից: Անգամ իմ մասնագիտութիւնը, որը, կարծես թէ, պիտի շեղէր ինձ այդ հաւատքից, շատ յստակ հաստատում է իր գոյութիւնը:

 

Մի հարցազրոյցում էլ, անդրադառնալով յայտնի ռուս գիտնական, Էրմիտաժի տնօրէն Պիոտրովսկու կողմից ասւած այն մտքին, թէ ափսոսում է, որ Վահանը հեռացել է հնագիտութիւնից եւ դարձել քաղաքական գործիչ, Վահանն ասում է. «Ինձ յայտնի չէ, որ նման բան է ասել: Բայց եթէ որեւէ մէկն ասել է, ապա ես համաձայն եմ: Ես էլ եմ ափսոսում: Բայց ճակատագիրն է ստիպել: Երբ պատերազմը Ղարաբաղում անխուսափելի դարձաւ, ես շատ երիտասարդ չէի, բայց մինչ այդ սովետական բանակում, չինական սահմանի վրայ, յատուկ ջոկատներում էի ծառայել: Զէնքին եւ պատերազմի արւեստին տիրապետում էի: Եթէ գիտելիքներ ունես, որոնք քո ժողովրդին այդ պահին պէտք են, ուրեմն ընտրութեան առջեւ ես՝ եթէ ոչ՝ ես, ապա ո՞վ»:

1989 թւականի Վահան Յովհաննիսեանը անդամագրւել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը:

Հարցազրոյցներից մէկում նա նշել է. «Եթէ չլինէր Ղարաբաղեան շարժումը, ես չէի պատրաստւում խառնւել քաղաքականութեանը եւ կուսակցական կեանքին: Իմ գործը գիտութիւնն էր: Սակայն, 1988 թ. հայ ժողովուրդը որոշեց, որ բարձր ատեաններ դիմելու միջոցով կարող է հասնել պատմական արդարութեան: Ես հասկանում էի, որ դա հարցի լուծում չէ, եւ սկսեցի միջոցներ փնտրել անխուսափելին` այսինքն` պատերազմը, դիմաւորելու համար: Այդ որոնումների մէջ հանդիպեցի մի կուսակցութեան, որը կազմակերպչական առումով աւելի լաւ էր պատրաստ այն իրողութիւններին, որոնք սպասում էին մեզ, եւ ինչն այն ժամանակ շատերի կողմից չէր գիտակցւում: Իսկ ցեղական գաղափարական ժառանգութիւնը պարզապէս օգնեց գտնելու Հայրենիքին ծառայելու ճշգրիտ ճանապարհը` ՀՅԴ միջոցով»:

 

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրւայ առիթով ներկայացնում ենք նրա յուշերից…

«Ֆիզիկապէս բանտը խլեց իմ կեանքից համարեա երեք տարի: Խլեց երեխաներիս հասունացման կարեւորագոյն ժամանակաշրջանում նրանց կողքին լինելու հնարաւորութիւնը: Եւ շատ ուրիշ հնարաւորութիւններ, որոնցից մի մասն այլեւս չես վերադարձնի: Առաջացան նաեւ որոշակի առողջական պրոբլեմներ, բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ: Բայց բանտը ոչ միայն ինձնից խլեց, ոչ միայն ընկերներիցս: Խլեց նաեւ ժողովրդից. արժանապատւութեան ու սեփական ուժերին ապաւինելու յոյսը խլեց: Շատերն այդ պահին վախեցան: Կուսակցութեան մասին չէ խօսքս` կուսակցութիւնը դիմացաւ: Խօսքս հասարակութեան այն շերտերի մասին է, որոնք քաղաքական առումով ձգտումներ ու իղձեր ունէին՝ նրանք մի կողմ քաշւեցին: Մեր ձերբակալումից յետոյ ու բանտարկութեան տարիներին, նոյնիսկ, արտագաղթի տեսակը փոխւեց, վերածւեց քաղաքականի: Շատերին թեւաթափ արեց այն միտքը, որ մեր երկրում որեւէ բան փոխել չի լինի: Տնտեսական հիասթափութեան դէպքում մարդը ժամանակ յետոյ ընդունակ է վերականգնել հաւատը, իսկ քաղաքական հիասթափութեան պատճառով գնացածները շատ հազւադէպ են վերադառնում երկիր:

Այնուամենայնիւ ես իմ երեք տարւայ մենութիւնը միանշանակ կորուստ չեմ համարում: Ձեռքբերումներ էլ եղան. օրինակ, ծխելը թողեցի: Անգլերէն լեզւին տիրապետեցի: Սկզբնական շրջանում գրքեր չէին տալիս, յետոյ կամաց-կամաց ահագին գրականութիւն կարդացի… Բանտը նաեւ մտածելու ժամանակ է տալիս: Արած-չարածներդ վերանայելու հնարաւորութիւն: Առհասարակ բանտում իրեն շատ վատ է զգում այն մարդը, որի համար հասարակական կեանքից բացի ուրիշ բան չկայ:

Հիասթափութեան պահեր լինում էին, բայց ոչ այն պատճառով, որ իբր սխալւել ես: Եթէ կային սխալներ, դրանք մարտավարական էին, բայց ռազմավարութիւնը, հօ, գիտէի, որ ճիշտ էր: Ու գիտեմ, որ իմ մեջ ոչինչ չի փոխւել: Պարզապէս քայլերս եմ վերանայել, որպէսզի հասկանամ՝ որ պահին եմ վրիպել: Պատժի գաղափարը պարտադիր չէ, որ մեղքի հետեւանք լինի, ճիշտ լինելու դէպքում էլ կարող ես պատժւել, եթէ սխալ ես քայլել: Յամենայն դէպս, բանտարկւած ժամանակ երբեք չեմ մտածել. վայ, էս ինչ արեցի, ինչու մտայ այս խաղերի մէջ, էլ չեմ անի…

Ոչ էլ հակառակն եմ մտածել. հիմա դուրս կը գամ ու դրանց աչքերը կը հանեմ: Վրէժխնդրութեան պահանջ երբեք չեմ ունեցել ու հիմա էլ չունեմ: Այս ռեժիմի ու դրա ղեկավարների նկատմամբ պարզապէս գարշանք եմ զգում: Իսկ վրէժխնդրութեամբ, առհասարակ, պետութիւն չես կառուցի. վենդետան իր յետեւից վենդետա է բերում, եւ այդպէս շարունակ…

Ի վերջոյ, Տէր-Պետրոսեանի դէմ շարժումը յաղթեց: Ուրիշ բան է, որ անմիջապէս իր նկատմամբ պէտք է արւէին որոշակի քայլեր. գահընկեցութիւնից յետոյ սահմանադրական ժողովը պէտք է որոշէր նրա քաղաքական նոր կարգավիճակը, որից յետոյ արդէն ձեւաւորւած լեգիտիմ իշխանութիւնը քննութիւն անցկացնէր: Դա մեր խնդիրը չէր: Մենք տեսնում էինք երկիրը թալանչիներից, ապազգային տարրերից ազատագրելու նպատակը, որն, ի դէպ, բոլորովին չէր ենթադրում իշխանութեան գալու պարտադիր պայման: Այդ ժամանակ կային, յիշում եմ, հնգեակներ, վեցեակների բլոկներ, հանրապետականները սկզբից մեզ հետ էին, յետոյ Լեւոնի հետ ինչ-որ ձեւով լեզու գտան, Վազգէն Մանուկեանը նշանակւեց պաշտպանութեան նախարար…

Մի խօսքով Լեւոնին յաջողւեց քայքայել ընդդիմադիր միասնութիւնը՝ մէկին կաշառեց, մէկին համոզեց, իսկ մեզ՝ քանի որ ոչ կաշառել էր կարելի, ոչ էլ համոզել, փորձեց ջարդել: Բայց ի՞նչ շահեց. մեզ չջարդեց, իսկ ինքը պարտւեց»:

 

Yerkirmedia.am

 

Յարակից լուրեր

  • «Նրա կարիքը շատ ենք զգում քաղաքական դաշտում». Երէկ՝ Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն էր
    «Նրա կարիքը շատ ենք զգում քաղաքական դաշտում». Երէկ՝ Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն էր

    Երեւանի քաղաքային պանթէոնը երէկ սովորականից մարդաշատ էր՝ Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն էր. մարդ-գիտնական, մարդ-քաղաքական գործիչ։ Այստեղ էին նրա կուսակցական ընկերներն ու հարազատները։ Մի առիթով անկեղծօրէն խոստովանել է, որ գիտութիւնն է եղել իր ուղին, սակայն երբ 1988թ.-ին Հայաստանը յայտնւում է ծանրագոյն եւ վճռորոշ իրավիճակի առջեւ, որոշում է, որ պէտք է մտնի ՀՅԴ-ի շարքերը՝ գիտակցումով, որ Հայրենիքին ծառայելու ճշգրիտ ճանապարհը ՀՅԴ-ի միջոցով է։

  • Ընկեր Վահանին յիշելիս... Օգոստոսի 16-ին Վահան Յովհաննիսեանը կը դառնար 65 տարեկան
    Ընկեր Վահանին յիշելիս... Օգոստոսի 16-ին Վահան Յովհաննիսեանը կը դառնար 65 տարեկան

    Այսօր լրանում է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, մտաւորական, պատմաբան, քաղաքական գործիչ ընկեր Վահան Յովհաննիսեանի ծննդեան 65-ամեակը...

  • Այսօր Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է
    Այսօր Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է

    Դեկտեմբերի 28-ը ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է: 2014 թւականի այս օրը կեանքից հեռացաւ հայ ժամանակակից քաղաքական մտքի գագաթներից մէկը:

  • Վահան Յովհաննիսեանի կեանքի վէպը
    Վահան Յովհաննիսեանի կեանքի վէպը

    Երբ ամէն անգամ տարին եւ մէկ պտոյտ է կատարում, օգոստոսի 16-ին, ես յիշում եմ 96 թւականի նոյն այս օրը: Այդ օրը լրանում էր Վահան Յովհաննիսեանի 40-ամեակը եւ այդ առթիւ, նախագահական ընդդիմադիր թեկնածուները այցելեցին դատարան՝ նախագահի թեկնածու Վահան Յովհաննիսեանի տարեդարձը շնորհաւորելու: Փաստօրէն ընդդիմադիր դաշինք կազմած թեկնածուների եւ նրանց ներկայացնող քաղաքական ուժերի առաջին հրապարակային գործողութիւնն էր սա՝ մի քիչ արտառոց, մի քիչ համարձակ եւ անկասկած խորքում իշխանութեան դէմ մարտահրաւէր պարունակող:

  • Նրա կարիքը դեռ շատ ենք զգալու... Օգոստոսի 16-ին Վահան Յովհաննիսեանը կը դառնար 64 տարեկան
    Նրա կարիքը դեռ շատ ենք զգալու... Օգոստոսի 16-ին Վահան Յովհաննիսեանը կը դառնար 64 տարեկան

    Վահան Յովհաննիսեանը մեր երկրի վերջին 30 տարւայ պատմութեան լաւագոյն եւ ամենավառ ու պայծառ գործիչներից էր, որն իր բացառիկ եւ իւրայատուկ տեղն ունէր ոչ միայն կեանքի օրօք: Նոյնիսկ հիմա` նրա մահից գրեթէ վեց տարի անց, կարող ենք ասել, որ անփոխարինելի մարդիկ կան` իսկական քաղաքական գործչի տեղը այդպէս էլ մնաց թափուր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։