Հա

Գաղափարական

02/01/2022 - 12:10

Շահէն Մեղրեան. Պարտիզանական նամակներ՝ Շահումեանի անտառներից

Յունւարի 2-ին Արցախի հերոս, Շահումեանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Շահէն Մեղրեանի 70-ամեակն է:

«Մեդիամաքս»-ը ներկայացնում է այդ տարիներին Մեղրեանի նամակագրութեան որոշ հատւածներ, որոնց մասին զրուցել ենք նրա որդու ու զինակից ընկերոջ հետ:

Յունւարի 2-ին Արցախի հերոս, Շահումեանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Շահէն Մեղրեանի 70-ամեակն է: 

1992թ.-ից ադրբեջանական ուժերի վերահսկողութեան տակ անցած Շահումեանի շրջանում՝ թշնամու խորը թիկունքում, Մեղրեանի մտահղացմամբ ու նախաձեռնութեամբ իրականացւել է Արցախեան ազատամարտի ընթացքում աննախադէպ ու ծաւալուն պարտիզանական պայքար: Շահումեանի անտառներում գործող հայկական ուժերը՝ «Եղնիկները», ոչ միայն լուրջ խնդիրներ էին ստեղծում թշնամու համար, այլեւ, շատերի համոզմամբ, ի վերջոյ կարող էին ազատագրել ամբողջ շրջանը: 

1993թ. ապրիլին, խոցւեց ուղղաթիռը, որում Շահէն Մեղրեանն ու նրա զինակիցներն էին: Հրամանատարի զոհւելուց յետոյ պարտիզանների մի մասը շարունակեց պայքարը, նոյնիսկ եղան որոշ յաջողութիւններ, բայց Շահումեանի շրջանն, այնուամենայնիւ, չազատագրւեց:

«Մեդիամաքս»-ը ներկայացնում է այդ տարիներին Մեղրեանի նամակագրութեան որոշ հատւածներ, որոնց մասին զրուցել ենք նրա որդու ու զինակից ընկերոջ հետ:

 

«Հայրիկը շատ լաւ է, շուտով կը սկսենք հայրենիքի ազատագրումը» 

«Ինը տարեկան էի, երբ հայրս զոհւեց, իսկ 6 տարեկանից նրան գրեթէ չեմ հանդիպել՝ ճակատում էր»,- ասում է Շահէն Մեղրեանի որդին՝ Զինաւոր Մեղրեանը:

«Բարեւ ձեզ, իմ սիրելի բալիկներ:

Հայրիկը շատ լաւ է զգում իրեն, միայն թէ շատ-շատ է կարօտում ձեզ: Մեր մօտ ամէն ինչ նորմալ է, շուտով կը սկսենք աշխատել հայրենիքի ազատագրման ուղղութեամբ: Հիմա գործում ենք Մարտակերտի շրջանում: 

Գարնանն անպայման դպրոց էք յաճախելու, դրա համար պէտք են ամէնօրեայ պարապմունքներ: Լուսինէ եւ Լիլիթ ջան, օգնէք Զինաւորին: Մամային լսէք, ապային ու այային մի մոռացէք: 

Շուտով կը հանդիպենք: Արտատափ, 17.02.1993թ.» 

 

«Սա մեզ գրւած երեւի եզակի նամակներից է ու նաեւ վերջինը՝ հայրիկի զոհւելուց առաջ: Այս նամակից յետոյ նրա հետ կապ այլեւս չի եղել»,- պատմում է Զինաւոր Մեղրեանը:

Նամակը գրելու պահին Զինաւորն 9 տարեկան էր, նրա քոյրերը՝ 11 եւ 12 տարեկան: Որդու խօսքով՝ զարմանալի չէ, որ այդ տարիքի երեխաների հետ Մեղրեանը կիսւում է «հայրենիքի ազատագրման պլաններով»:

«Այս նամակը գրելու ժամանակ մշակւում էր Գիւլիստանի ազատագրման գործողութիւնն ու յաջորդիւ նախատեսւում էր ազատագրել ամբողջ Շահումեանը: Արդէն այդ տարիքում հայրս մեզ հետ շփւում էր մեծ մարդկանց նման, որոնք պէտք է տեղեակ լինեն՝ ինչ է կատարւում ճակատում: Հիմա, երբ յետ եմ նայում, գիտակցում եմ՝ որքան յարգանքով էր վերաբերւում մեզ, տեղեկացնում պլանների մասին: Նա վստահ էր, որ այդ վերաբերմունքով յատուկ մի ժառանգութիւն է թողնում՝ հայրենիքը սիրելու, կարեւորելու: Քոյրերիս նկատմամբ, բնականաբար, աւելի փափուկ էր, իսկ ինձ հետ շփւում էր տղամարդու պէս: Կարծում եմ՝ հասկանում էր, որ ժամանակի խնդիր ունի ու ուզում էր հասցնել մեզ արագ դաստիարակել, որոշակի հմտութիւններ ու կեանքի կարեւոր սկզբունքներ փոխանցել»,- ասում է Զինաւոր Մեղրեանը:

Ռազմի դաշտից գրւած նամակում Մեղրեանը չի մոռանում երեխաներին յիշեցնել դպրոցի կարեւորութեան մասին:

«Սա իրեն շատ բնորոշ է: Պատերազմի ամենաթէժ օրերին, Շահումեանի անկումից յետոյ, այդ մեծ ողբերգութեան պայմաններում էլ նա երբեք չէր կորցնում սթափութիւնը: Բացառւում էր, որ ստեղծւած իրավիճակի պատճառով սկսէր ինչ-որ կարեւոր բաներ ստորադասել: Կրթութիւնը նրա առաջնահերթութիւններից էր՝ անկախ պատերազմից», - ասում է Զինաւոր Մեղրեանը:

«Հայրս սիրոյ ու խստապահանջութեան համադրութիւն էր: Այս երկուսի բալանսը նրա մօտ երբեք չէր խախտւում: Որքան սէր էր տալիս մեզ, նոյնչափ էլ խստապահանջ էր»:

 

«Շահէ՛ն, եզրակացութեան եմ եկել՝ կուսակցութիւնները մեր տունը կը քանդեն»

Նամակագրութեան մէջ ուշագրաւ է Վազգէն Սարգսեանի նամակը Շահէն Մեղրեանին: 

 

«Շահէն, բարեւ 

Դեռ ամէն բան չէ, որ կորած է: Ողջունում եմ ձեռնարկդ, կարծում եմ՝ յաջողելու ես:

Մեր յարաբերութիւններում ոչինչ չի փոխւել, չնայած... «երեսուն տանկ» քեզ չուղարկեցի...

Վերջերս եզրակացութեան եմ եկել՝ կուսակցութիւնները մեր տունը կը քանդեն: Քեզ էլ եմ զգուշացնում, եթէ դեռ գլխի չես ընկել: 

Կը հանդիպենք, կը խօսենք: Ձիգ մնայ: Քո ընկեր՝ Վ. Սարգսեան»

 

«Կարծում եմ՝ այս նամակը գրւած է 1992թ. աշնանը: Վազգէնի ու հայրիկի յարաբերութիւնները բաւականին ջերմ էին, բայց Շահումեանի անկման հետ կապւած դէպքերը որոշակի սառնութիւն էին մտցրել նրանց միջեւ: Նամակում եւս այդ մասին նշւած է: Խօսքը հետեւեալի մասին է՝ Շահումեանի անկումից յետոյ հայրիկը մամուլի ասուլիս տւեց, որի ժամանակ ասաց նաեւ, որ իրենք օգնութեան են սպասել, որը ժամանակին չի հասել: Նկատի ունենալով, որ պատասխանատուներից մէկն էլ Վազգէն Սարգսեանն էր, վերջինս այդ մասին նշել է նամակում՝ «մեր յարաբերութիւններում ոչինչ չի փոխւել, չնայած՝ երեսուն տանկ քեզ չուղարկեցի»:

Ինչ վերաբերում է ձեռնարկին, որն, ըստ Վազգէնի, յաջողելու է, Շահումեանի անտառներում պարտիզանական շարժում սկսելու մասին է: Պէտք է նկատի ունենանք, որ այն իր ձեւով ու բովանդակութեամբ Արցախեան առաջին ազատամարտի ու նաեւ մինչեւ օրս, թշնամու խորը թիկունքում մեր միակ պարտիզանական շարժումն է եղել: Երբ փաստացի մի ամբողջ շրջան արտագաղթած էր, ջարդւած, պարտւած, բայց ծնկի չեկած: Նրանք 17 պարտիզաններով սկսեցին պայքար, որն արդիւնքում կարող էր յանգեցնել ամբողջ շրջանի ազատագրմանը»,- ասում է Զինաւոր Մեղրեանը:

Նամակը գրելու շրջանում բաւականին սրւած էին Դաշնակցութեան ու օրւայ քաղաքական իշխանութիւնների յարաբերութիւնները:

«Հաշւի առնելով, որ հայրիկը դաշնակցական էր, Վազգէն Սարգսեանն անդրադառնում է նաեւ այդ հարցին: «Եղնիկների» պայքարի սկիզբը միանշանակ դրւեց Դաշնակցութեան աջակցութեամբ՝ կորիզը շահումեանցիներն էին, իսկ ամբողջ նիւթատեխնիկական աջակցութիւնն անում էր Դաշնակցութիւնը: Յետագայում, սակայն, Հայաստանի իշխանութիւնը՝ պաշտպանութեան նախարարութիւնը, սկսեց լրջօրէն աջակցել այս պայքարին ու «Եղնիկների» դէպքում իշխանութիւն-Դաշնակցութիւն հակադրութիւնը հարթւեց»,- ասում է Զինաւոր Մեղրեանը:

 

«Նովի՛կ, Շահումեանի օպերացիան սկսում ենք երկու ուղղութեամբ» 

Շահէն Մեղրեանի ընկերներից, «Եղնիկների» պայքարի հիմքում կանգնած հրամանատար Նովիկ (Արմօ) Գիւլումեանը յաճախ է յիշատակւում Մեղրեանի նամակներում: Պարտիզանական պայքարի սկզբում Նովիկ Գիւլումեանը Վերիշէնի ջոկատի հրամանատարն էր, հետագայում տեղում ղեկավարում էր «Եղնիկների» գործողութիւնները, կատարում հետախուզութիւնների մեծ մասը: 

«Շահէն Մեղրեանը հայրենասիրութեան վերջին աստիճանն ունէր, դրանից այն կողմ ուղղակի հնարաւոր չէր: Պրոֆեսիոնալ զինւորական չէր, բայց երանի այսօրւայ մեր զինւորականները նրա կիսով չափ մտածէին, երեւի այլ իրավիճակում կը լինէինք հիմա»,- ասում է Նովիկ Գիւլումեանը: 

Նա յիշում է՝ Շահումեանի անկումից յետոյ չյանձնւելն ու պարտիզանական պայքար սկսելը Մեղրեանի միտքն էր. 

«1992թ.-ին, երբ ամբողջ Շահումեանի շրջանը մեր վերահսկողութիւնից դուրս էր, Հաթերքում էինք, Մեղրեանն այնտեղ մի տանն էր մնում, ինձ կանչեց, ասեց՝ «սէնց բան եմ մտածել, ի՞նչ կասես»: Պատասխանեցի՝ «ճիշտ էք մտածել, ամօթ կը լինի մենք այսպէս թողնենք, գնանք»: Ես Վերիշէնի ջոկատի հրամանատարն էի ու իմ տղերքն ամէն ինչի պատրաստ էին: Այդ ժամանակ անտառներում մեր ժողովրդից էլ էր շատ մարդ մնացել, մարդիկ տունը թողած, ոտքով անտառներով հեռանում էին, մտածեցինք՝ որքանով կարողանանք, իրենց էլ կօգնենք: Որոշ ժամանակ անց Շահէն Մեղրեանն ասաց՝ «քո տղաներից 4-5 մարդու վերցրայ, դուք անտառներին լաւ ծանօթ էք, մի յարմար տեղ գտէք, բազայի համար, յետոյ հետս կապւի, տեղն ասա, ուղղաթիռներով անհրաժեշտ ամէն ինչ կուղարկեմ»: Մօտ 3 օր հետախուզութիւն արեցինք ու բազայի համար յարմար տեղ գտանք: Յաջորդ օրը Մեղրեանն իսկապէս ուղարկեց բազայի համար անհրաժեշտ ամէն ինչ»:

«Յակոբին, Նովիկին: 

Տուն թողնել 5 մարդուց ոչ աւելի՝ միայն ամենաթոյլերին ու հիւանդներին: Այդ թւում՝ մէկ բժիշկ: 

Շահէն»

 

«Եթէ յիշողութիւնս չի դաւաճանում, այս նամակը գրւել է 1992թ. ձմռանը: Այդ ժամանակ շատ քիչ մարդ ունէինք, բազայում երեւի 15-20 հոգի էր մնացել: Եթէ անկեղծ, այդ իրավիճակում ես մի մարդու էլ տուն չէի թողնի: Մեղրեանի մարդկային յատկանիշները հասկանալու համար մի բան եմ ուզում ասել, այդ դժւար պայմաններում, երբ Հայաստանում էլ ոչինչ չկար, մթերքի պակաս կար, ես չգիտեմ՝ որտեղից էր հայթայթում, բայց մեր՝ պարտիզանների ընտանիքներն, ամէն ինչով ապահովւած էին: Այսինքն, մենք անտառում կարող էինք հանգիստ լինել, անել մեր գործը, որովհետեւ գիտէինք՝ մեր ընտանիքներին աջակցում են»,- ասում է Նովիկ Գիւլումեանը: 

Մէկ այլ նամակում, գրւած, հաւանաբար, Աստւածատուր Պետրոսեանին, ով այդ ժամանակ ՀՀ պաշտպանութեան նախարարի օգնականն էր Արցախի հարցերով, Շահէն Մեղրեանը խնդրում է «Ժորային օգնել ինչպէս հարկն է»:

1993թ.-ից Շահումեանի շրջանում պարտիզանական պայքարը զգալի յաջողութիւններ է գրանցում: Մարտի վերջին ազատագրւում է Գիւլիստանն ու յաջորդ քայլով նախատեսւում էր ամբողջ շրջանի ազատագրումը:

Գիւլիստանի ազատագրումը, Նովիկ Գիւլումեանի խօսքով, չափազանց կարեւոր էր, քանի որ Մեղրեանին հնարաւորութիւն էր տալիս իշխանութիւններին գործնականում ցոյց տալ՝ պարտիզանների պայքարն իրատեսական է:

«Նա այդ փաստով գալիս էր Երեւան՝ ասելու, որ մենք կարողանում ենք իրավիճակ փոխել: Մարդ տւէք՝ առաջ գնանք»:

«Նովիկ ջան, կարդա միայն դու: 

Ուղարկում եմ գլխաւոր շտաբի պլանը մեր զօրամասի համար: Մարտի 25-ը օպերացիան սկսելու նախնական օրն է:

Կարող է փոխւել, կամ մնալ նոյնը: 

Մենք պէտք է Թալիշից փախցնենք թուրքերին, բայց գիւղը չենք պահելու: 

Միւս թեւը պետք է լինի Մատաղիսի ջրամբարը: Երեւի այդ 2 կէտում 25-30-ական 2 դասակը հերիք է»:

 

«Նամակը գրւել է 1993թ.-ին՝ իր զոհւելուց երեւի 3-4 ամիս առաջ: Խօսել էինք, որ այդ գործողութիւնը պէտք է անել: Ճիշտն ասած՝ մարդ չունէինք: Մեղրեանն այդ նպատակով գնացել էր Երեւան ու այնտեղից էլ էր նամակ գրել, որ «մարդ ու առհասարակ անհրաժեշտ ամէն բան բերելու եմ, դու նորից հետախուզութիւն արա»: Նա ամէն ինչ հաշւի էր առնում, անպայման պիտի իմանար՝ թշնամին գործողութեան ուղղութեան շրջակայքում որքան զօրք ունի, այդ զօրքն ինչքան ժամանակում կարող է օգնութեան հասնել: Կրկնում եմ՝ երանի հիմա ունենայինք այդպէս մտածող զինւորական»:

«Նովիկ, 

Շահումեանի օպերացիան սկսում ենք 2 ուղղութեամբ. 

1. Թալիշ-Կարաչինար, այն հաշւով, որ Թալիշի մօտ թողնելու ենք 15 հոգի: 

2. Գիւլիստան-Խարխափոր-Կարաչինար: 

Սկսելու ենք միաժամանակ: Վերջացրու հետախուզութիւնը»:

 

«Մինչեւ Գիւլիստանը վերցնելը, մենք հետախուզադիվերսիոն գործողութիւն արեցինք Մատաղիսի, Տօնաշէնի ուղղութեամբ՝ հասկանալու ինչքան զօրք կայ այնտեղ, որպէսզի երբ Գիւլիստանի գործողութիւնը սկսենք, իմանանք՝ մեր հետեւից ինչքան ժամանակում կը գան: Այդտեղ ես վիրաւորւեցի, բայց ինձանից յետոյ Գիւլիստանը վերցրեցին: Գործողութիւնից որոշ ժամանակ յետոյ՝ ապրիլի 17-ին, Շահէնը զոհւեց: Նրա զոհւելուց մօտ 10 օր անց մեր տղաներն անյայտ հրամանով իջան Գիւլիստանի դիրքերից ու գիւղն անցաւ թշնամուն: Երբ վիրաւորւելուց յետոյ վերադարձայ, տղաների հարցնում էի՝ ո՞վ է հրաման տւել. ոչ ոք չէր կարողանում պատասխանել: Այդ հարցը բաց է մինչեւ այսօր էլ»,- ասում է Նովիկ Գիւլումեանը: 

Մեղրեանի զոհւելուց յետոյ պարտիզանների մի մասը յուսահատւեց ու դադարեցրեց պայքարը, Նովիկն ու իր տղաները, սակայն, մնացին մինչեւ վերջ: 

«Մենք հաւատում էինք, շատ էինք հաւատում, որ Շահումեանն անպայման վերցնելու ենք ու գնալու ենք նոյնիսկ մինչեւ Գետաշէն: Շահէնի զոհւելուց յետոյ ամէն ինչ խառնւեց: Եթէ չլինէր նրա մահը, կարծում եմ՝ պատմութիւնը լրիվ այլ կերպ կը գրւէր: Մենք փորձում էինք ինչ-որ բան անել, քանի որ պէտք էր շարունակել Շահէնի, մեր բոլորի գործը, բայց մեծ մասը յուսահատ էր: Արդիւնքում անտառներում մնաց այնքան պարտիզան, որքանով եւ սկսել էինք պայքարը՝ 15-20 մարդ»:

 

Եանա Շախրամանեան 

 

Յարակից լուրեր

  • «Շահումեանի արծիւը». այսօր Շահէն Մեղրեանի 70-ամեակն է
    «Շահումեանի արծիւը». այսօր Շահէն Մեղրեանի 70-ամեակն է

    Այսօր Արցախի հերոս, Շահումեանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Շահէն Մեղրեանի 70-ամեակն է:

  • «Շահումեանի արծիւը». Ապրիլի 17-ը՝ Շահէն Մեղրեանի յիշատակի օրն է
    «Շահումեանի արծիւը». Ապրիլի 17-ը՝ Շահէն Մեղրեանի յիշատակի օրն է

    Շահէն Մեղրեանի մարտական ուղին սկսւել է 1988 թ.: Այն ժամանակ Շահէնը առաջիններից էր, որ զգաց, թէ առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել շրջանը եւ սկսեց կազմակերպել զինւած ջոկատներ:

  • Երիցմանկան արցունքները
    Երիցմանկան արցունքները

    ...Ես հիմա չեմ կարող պատմել այնպէս հրաշալի, ինչպէս Շահէնն ինքը պատմեց Երիցմանկանց եկեղեցու մասին, որ անակնկալ յայտնւել էր հայդուկների նահանջի ձիւնոտ, անտառոտ, կիրճ ու ձորոտ ճանապարհին:

  • Շահումեանի արծիւը` Շահէն Մեղրեան
    Շահումեանի արծիւը` Շահէն Մեղրեան

    1993 թ. ապրիլի 17-ին՝ հերթական մարտական առաջադրանքը կատարելիս, Շահումեանից Երեւան վերադառնալու ճանապարհին Արցախի երկնքում խփւեց «Շահումեանի արծիւ» Շահէն Մեղրեանին ու նրա 7 մարտական ընկերներին փոխադրող ուղղաթիռը...

  • «Շահումեանի արծիւը». Շահէն Մեղրեանի յիշատակի օրն է
    «Շահումեանի արծիւը». Շահէն Մեղրեանի յիշատակի օրն է

    Շահէն Մեղրեանի մարտական ուղին սկսւել է 1988 թ.: Այն ժամանակ Շահէնը առաջիններից էր, որ զգաց, թէ առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել շրջանը եւ սկսեց կազմակերպել զինւած ջոկատներ: 1990 թ. յունւարի 9-ին Խանլարի ոստիկանութիւնը տեղի զինւորականների օժանդակութեամբ շրջանի ղեկավարութեանն ամբողջութեամբ գերի է վերցնում Մարտունաշէնի ճանապարհին, երբ նրանք շտապում էին մասնակցելու ադրբեջանցիների կողմից սպանւած մարտունաշէնցի պահակի յուղարկաւորութեանը։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։