Հա

Գաղափարական

01/02/2022 - 12:20

Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին վարչապետ Յովհաննէս Քաջազնունու ծննդեան 154-ամեակն է այսօր

Փետրւարի 1-ը Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին վարչապետ, եւ ականաւոր ճարտարապետ` Յովհաննէս Քաջազնունու ծննդեան օրն է։

Պուշկինի փողոցի թիւ 4 շէնքի բնակարաններից մէկում է ապրել ականաւոր քաղաքական եւ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ, տաղանդաշատ ճարտարապետ, պրոֆեսոր Յովհաննէս Քաջազնունին: Առաջին Հանրապետութեան անկումից յետոյ նա Խորհրդային Հայաստան էր վերադարձել 1924-ին, նպատակ ունենալով օգնել հայրենիքին եւ զբաղւել զուտ իր մասնագիտութեամբ՝ ճարտարապետութեամբ:

«...կարո՞ղ ենք ասել, որ ամէն բան վերջացած է: Ո՛չ: Անկախութիւնը այնպիսի բան է, որ նւէր չի ստացւում: Ամէն ազգ իր անկախութիւնը սեփական բռունցքով միայն կարող է ձեռք բերելՀայ ժողովրդի համար անկախութիւնն այսօր մահւան եւ կեանքի խնդիր է, եւ Հայաստանի ժողովուրդը ունի այդ գիտակցութիւնը»:

 

Փետրւարի 1-ը Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին վարչապետ, եւ ականաւոր ճարտարապետ` Յովհաննէս Քաջազնունու ծննդեան օրն է։

Պուշկինի փողոցի թիւ 4 շէնքի բնակարաններից մէկում է ապրել ականաւոր քաղաքական եւ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ, տաղանդաշատ ճարտարապետ, պրոֆեսոր Յովհաննէս Քաջազնունին: Առաջին Հանրապետութեան անկումից յետոյ նա Խորհրդային Հայաստան էր վերադարձել 1924-ին, նպատակ ունենալով օգնել հայրենիքին եւ զբաղւել զուտ իր մասնագիտութեամբ՝ ճարտարապետութեամբ:

1868թ. ծնւած Յովհաննէս Քաջազնունին աւարտել էր Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը, 1914թ. աշխատել Ազգային բիւրոյում, 1918թ. եղել Անդրկովկասի սէյմի անդամ: Ուսանողական տարիներից`1893 թւին, անդամագրւում է ՀՅԴ-ին:

Հայաստանի առաջին վարչապետ Յովհաննէս Քաջազնունին հետագայում ինքն իր մասին գրել է.

«Իբրեւ արեւելցի՝ հակւած եմ եղել երազելու եւ փիլիսոփայելու: Է՞լ ասեմ: Անբուժելի ռոմանտիկ եմ եղել եւ միաժամանակ՝ շեշտւած սկեպտիկ: Հաշտեցրէք, եթէ կարող էք: Իբրեւ գրասէր գրել եմ դէսից-դէնից: Իբրեւ տնաբոյս փիլիսոփայ՝ շատ մտածել եմ անլուծելի խնդիրների մասին»։

1907-1910թթ. զբաղւում է Բաքւի հայկական Սուրբ Թադէս-Բարդուղիմէոս մայր տաճարի նախագծման եւ շինարարութեան աշխատանքներով:

1917-ին Քաջազնունին ընտրւում է Հայոց Ազգային խորհրդի, 1918-ի փետրւարին՝ Անդրկովկասեան Սէյմի անդամ: Սէյմի կազմում 1918-ին մասնակցել է Տրապիզոնի բանակցութիւններին, նոյն տարւայ յունիսին, որպէս Հայաստանի ներկայացուցիչ (Ալեքսանդր Խատիսեանի եւ Միքայէլ Պապաջանեանի հետ) Օսմանեան կայսրութեան պատւիրակութեան հետ ստորագրել Բաթումի հայ-թուրքական Հաշտութեան եւ բարեկամութեան դաշնագիրը:

Հայաստանի Առաջին Հանրապետութեան կառավարման ձեւը խորհրդարանական էր, այսինքն` երկրի ամենակարեւոր քաղաքական դէմքը վարչապետն էր: Յովհաննէս Քաջազնունին հայոց պատմութեան այդ բարդ շրջանում իր վրայ է վերցնում վարչապետ դառնալու ծանր պատասխանատւութիւնը եւ մեծ ներդրում է ունենում հայոց պետականութեան կայացման գործում:

Յովհաննէս Քաջազնունու գործունէութեան երեք ամենակարեւոր կէտերից առաջինը Քաջազնունու վարած հայակենտրոն քաղաքականութիւն էր:

Յաջորդ կարեւոր կէտը Քաջազնունու խիստ զգուշաւոր մօտեցումն էր հարեւան Օսմանեան Թուրքիայի հանդէպ: Չնայած, որ կայսրութիւնն արդէն մահւան մահճում էր, միեւնոյնն է, շարունակում էր դամոկլեան սրի նման կախւած մնալ նոր պետականութեան գլխավերեւում:

Կարեւոր է նաեւ Քաջազնունու անմնացորդ նւիրումը գաղափարին եւ հանրապետութեանը: Դրա ամենախօսուն փաստերը Քաջազնունու անձնական կորուստներն են՝ պատերազմում զոհւած երկու որդիները: Միայն այսպիսի ծանր կորուստների գնով Քաջազնունուն եւ գործի միւս նւիրեալներին յաջողւեցին դնել Առաջին Հանրապետութեան հիմնաքարերը: «Բացառիկ ծանր պայմանների մէջ է գործի անցել իմ կազմած կառավարութիւնը... Կառավարութիւնը չունի ոչ մի յենարան անցեալում, նա չի յաջորդում նախկին կառավարութեանը՝ շարունակելու արդէն ընթացքի դրած պետական աշխատանքը»,- ասել է Քաջազնունին՝ ներկայացնելով կառավարութեան կազմը:

Դեռեւս վարչապետի պաշտօնում՝ Քաջազնունին ուղեւորւում է Վրաստան, Եւրոպա, ապա Միացեալ Նահանգներ, որտեղ կարեւոր դեր է կատարում ամերիկեան օգնութիւնը Հայաստան հասցնելու հարցում: 1920-ին վերադառնում է Հայաստան, ստանձնում խորհրդարանի նախագահի տեղակալի աթոռը, նոյեմբերի վերջերին դառնում նախագահ: Մասնակցում է 1921-ի փետրւարեան ապստամբութեան արդիւնքում ձեւաւորւած Հայրենիքի փրկութեան կոմիտէի աշխատանքներին:

1921-ի ամռանը հազարաւոր հայերի հետ անցնում է Արաքսը, ապրում ապա՝ Իրանում, Եգիպտոսում, Պոլսում, Ռումինիայում: 1923 թ. ապրիլի 7-ից մինչեւ մայիսի 19-ը Վիեննայում գումարւում է ՀՅԴ արտասահմանեան մարմինների արտակարգ խորհրդաժողովը (կոնֆերանս): Խորհրդաժողով հրաւիրւում է եւ Յ. Քաջազնունին, սակայն վերջին պահին նա հրաժարւում է մասնակցել եւ իր զեկուցումը, որը վերնագրւած էր «Հ.Յ.Դաշնակցութիւնը անելիք չունի» ուղարկում է փոստով: Գրքի վերնագիրը բովանդակութիւնից չի բխում եւ այն ճիշտ ընկալելու համար կարեւոր է կարդալ ողջ գիրքը, որը գրւել է մեր պատմութեան ամենակարեւոր քաղաքական գործիչներից մէկի՝ Յովհաննէս Քաջազնունու ձեռքով: Պէտք է նշել, որ Յ. Քաջազնունին իր յայտնի գրքոյկը գրել է ոչ թէ դէպի Հայաստան անցաթուղթ ստանալու նպատակով, այլ որպէս իր անձնական համոզմունքի դրսեւորում: Նա միամտօրէն կարծում էր, որ ՀՅԴ-ի քաղաքական ասպարէզից հեռանալը հնարաւորութիւն կը տայ խորհրդային պետութեանը վերականգնել տնտեսութիւնը, իսկ ապագայում կը լուծի նաեւ Հայ Դատը, սակայն վերադառնալով Խորհրդային Հայաստան՝ հասկանում է, որ իր պատկերացումները՝ բոլշեւիկների, Խորհրդային Հայաստանի եւ Հայ Դատի լուծման մասին սխալ էին․ ինքը մեծ սխալ է գործել, որի համար խիստ զղջացել է, սակայն արդէն ուշ էր:

1925 թ. յունւարի 19-ին նա արդէն Երեւանում էր: Եւ իրապէս մեծ յոյսերով ու նպատակներով Յ. Քաջազնունին վերադարձաւ Երեւան: Պատանեկան խանդավառութեամբ նա անցաւ գործի` իր մասնագիտական գիտելիքները ի նպաստ դնելու յանուն նոր Հայաստանի կերտմանը: Այդ տարիներին Հայաստանում ընթանում էին մեծ ծաւալի շինարարական աշխատանքներ, եւ ճարտարապետների խիստ կարիք էր զգացւում: Եւ Քաջազնունու բարձր պրոֆեսոնալիզմը եւ խորը գիտելիքները մեծ դեր խաղացին երիտասարդ Հանրապետութեան հասարակական եւ ճարտարապետական կեանքում: Լինելով բարձրակարգ ճարտարապետ` նա յաճախ էր հրաւիրւում տարբեր յանձնաժողովների աշխատանքներին եւ տալիս նախագծերի եզրակացութիւններ: 1926 թ. Յ. Քաջազնունին մասնակցում է կառուցւելիք ժողտան (օպերայի եւ բալետի շէնքի) յայտարարւած մրցոյթին (նախագիծը, ցաւօք, չի պահպանւել,-Հ. Մ.): 1927-29 թթ. Քաջազնունու նախագծերով եւ նրա անմիջական ղեկավարութեամբ Երեւանում եւ Սարդարապատում կառուցւեցին բամբակամշակման գործարաններ (չեն պահպանւել,-Հ. Մ.), նոյն թւականներին կառուցում է ձէթ-օճառի գործարանը Երեւանում` իր բոլոր օժանդակ կառոյցներով, բնակելի աւան աշխատողների համար: Դրանք կառուցւեցին «Գրախտ» ընկերութեան կողմից եւ դարձան Խորհրդային Հայաստանի առաջին արդիւնաբերական շինութիւնները:

1926 թ. Գիւմրու սարսափելի երկրաշարժից յետոյ Յ. Քաջազնունին մշտապէս գտնւել է այնտեղ, ուսումնասիրել քանդւած տների բնոյթը, առաջարկել շէնքերը ճիշտ կառուցելու ուղիներ: 1927 թ. հանդէս է եկել զեկոյցով Լենինականում իրականացւող վերականգնողական շինարարական աշխատանքների բնոյթի վերաբերեալ: Հետագայում 1935 թ. Յ. Քաջազնունին Լենինականում նախկին Բուլւարնայա (Կիրովի) եւ 27-րդ փողոցների խաչմերուկում կառուցում է բնակելի նոր շէնք: Այս կառոյցը մինչեւ օրս կանգուն է եւ դիմակայել է անգամ 1988 թ. աւերիչ երկրաշարժը, համարւում է Յ. Քաջազնունու լաւագոյն գործերից մէկը:

Միաժամանակ Յ. Քաջազնունին ակտիւօրէն մասնակցում է հասարակական գործունէութեանը: Հայաստանի Տեխնիկական ընկերութեան նախագահութեան անդամ էր, ապա` նախագահ: 1928 թ. Հ. Աճառեանի, Գ. Յակոբեանի, Ա. Տէրեանի հետ համահեղինակութեամբ Յ. Քաջազնունին իր տեխնիկական եւ գրական գիտելիքների մեծ պաշարով մասնակցում է «Շինարարական կառոյցների ռուս-հայերէն բառարանի» ստեղծմանը: Այդ բառարանը բաղկացած էր 7560 բառ-յօդւածներից: 1929 թ. նոյեմբորի 1-ից «Կորչի անգրագիտութիւնը» ընկերութեան անդամ էր:

1926 թ. աշնանից մինչեւ 1931 թ. գարունը Յ. Քաջազնունին դասաւանդում է Երեւանի համալսարանի նոր կազմակերպւած տեխնիկական ֆակուլտետում (շինարարական արւեստ), ապա շինարարական ինստիտուտում (ճարտարապետական նախագծում) առարկաները: 1930 թ. փետրւարի 9-ին ՀՍՍՀ Լուսժողկոմատի կոլեգիայի որոշմամբ Յ. Քաջազնունու շնորհում են պրոֆեսորի գիտական կոչումը:

Մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում նաեւ Քաջազնունու գրական ժառանգութիւնը: Հոգեպէս մեծ կապւածութիւն ունենալով ժամանակի գրական կեանքի եւ գործիչների հետ, հետագայում նրանց մասին յուշեր է գրել: Յատկանշական են Թումանեանի մասին նրա յուշերը. անկեղծ՝ անկաշկանդ, սիրով առլեցուն:

1937 թ. յուլիսի վերջերին Յ. Քաջազնունին հանգստանում էր Ստեփանաւանում եւ իր աղջկան` Մարգարիտային ուղղւած նամակում յիշատակում է, որ մտադիր է մնալ այնտեղ մինչեւ օգոստոսի 6-ը, սակայն Յ. Քաջազնունու վիճակւած չէր երկար հանգստանալ, քանի որ յուլիսի 28-ին ՆԳ Ժողկոմիսար Խ. Մուղդուսու ստորագրութեամբ տրւում է օրդեր թիւ 6/41 Յ. Քաջազնունու բնակարանը խուզարկելու եւ ձերբակալելու վերաբերեալ: Յուլիսի 29-ին նա Ստեփանաւանում ձերբակալւում է ՀՍՍՀ ՆԿՎԴ-ի կողմից:

Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին վարչապետ, ականաւոր ճարտարապետ, ՀՅԴ գործիչ Յովհաննէս Քաջազնունին մահացաւ 1938 թ. յունւարի 15-ին (այլ տւեալներով՝ 1937-ի դեկտեմբերի 29-ին) բանտային հիւանդանոցում գրիպից ու թոքաբորբից, այլապէս պիտի գնդակահարւէր դեռեւս 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռեակի կողմից կայացւած որոշման համաձայն, որը ժամանակաւորապէս կանխել էր բանտային բժիշկը։

 

Yerkirmedia.am

 

Յարակից լուրեր

  • Մի դրւագ Հայաստանի առաջին վարչապետ Քաջազնունու կեանքից՝ ի ցոյց Ալէն Սիմոնեանին
    Մի դրւագ Հայաստանի առաջին վարչապետ Քաջազնունու կեանքից՝ ի ցոյց Ալէն Սիմոնեանին

    Գրող, լրագրող եւ նկարիչ Արա Նախշքարեանը ֆէյսբուքի իր էջում գրել է. «Սիմոնեան Ալէնի այն պատճառաբանութեանը, թէ, բա, որ պարգեւավճար չստանայ, բա ոնց գնի իր հագուստը, բարձրագոյն հանդիպումներին պատշաճ ներկայանալու համար, յիշեցնեմ պատմական մի դրւագ Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ՝ Յովհաննէս Քաջազնունու պետական կեանքից․

  • Յովհաննէս Քաջազնունու գործունէութիւնն արտասահմանում
    Յովհաննէս Քաջազնունու գործունէութիւնն արտասահմանում

    Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին շրջանի պատմութիւնը, իր դժւարին, բարդ ու հակասական իրադարձութիւններով հանդերձ, անխզելիօրէն կապւած է Յ. Քաջազնունու անւան հետ: Նա բարձր պետական մտածելակերպի տէր անձնաւորութիւն էր եւ իր վարած խոհեմ, չափաւոր եւ պրագմատիկ քաղաքականութեամբ կարողացաւ զերծ պահել Հայաստանի մանուկ հանրապետութիւնը թուրքերի, վրացիների եւ ադրբեջանցիների քաղաքական թակարդներից, եւ այդ իսկ պատճառով անուրանալի են նրա ծառայութիւնները Հայաստանի Հանրապետութեան կերտման գործում:

  • Հայ քաղաքական մտքի անկեղծ զինուորը՝ Յովհաննէս Քաջազնունի
    Հայ քաղաքական մտքի անկեղծ զինուորը՝ Յովհաննէս Քաջազնունի

    Յովհաննէս Քաջազնունիի մահուան 82-րդ տարելիցն է։ Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջին վարչապետը իր աչքերը փակեց 1938 թուի յունուարի 15-ին բոլշեւիկեան բանտի ծանր պայմաններուն մէջ, հիւանդ եւ անտեսուած։

  • Ազգային եւ պետական մտածելակերպի տէր գործիչը. երէկ Յովհաննէս Քաջազնունու յիշատակի օրն էր
    Ազգային եւ պետական մտածելակերպի տէր գործիչը. երէկ Յովհաննէս Քաջազնունու յիշատակի օրն էր

    Ծաղկեպսակ ու թարմ ծաղիկներ Հայաստանի Առաջին Հանրապետութեան վարչապետ, ճարտարապետ, պրոֆեսոր, քաղաքական, հասարակական գործիչ, ՀՅԴ անդամ Յովհաննէս Քաջազնունու գերեզմանին. ՀՅԴ ներկայացուցիչներն երէկ՝ յունւարի 15-ին, յարգանքի տուրք մատուցեցին 82 տարի առաջ այս օրն իր մահկանացուն կնքած հայորդու յիշատակին:

  • Յովհաննէս Քաջազնունու ճակատագիրը Խորհրդային Հայաստանում
    Յովհաննէս Քաջազնունու ճակատագիրը Խորհրդային Հայաստանում

    Յովհաննէս Քաջազնունին լայն հասարակայնութեանը յայտնի է որպէս 1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ, Բաքւի հայկական Ս. Թադէոս-Բարդուղիմէոս մայր տաճարի ճարտարապետ եւ «Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս» հանրայայտ գրքի հեղինակ, սակայն քչերին է յայտնի, թէ ինչ ճակատագրի արժանացաւ մեծանուն հայը` հայրենիք վերադառնալուց յետոյ: Ընթերցողին ներկայացնում ենք մեծ հայի կեանքի Խորհրդային Հայաստանում ապրած տարիների չլուսաբանված էջերը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։