Հա

Գաղափարական

17/02/2022 - 10:40

«Ընկեր Էդիկը քննադատութիւնը վերագրում էր իրեն, որ դիմացինը հասկանայ»․ Վ․ Յակոբեանը՝ Էդուարդ Յովհաննիսեանի մասին

Ընկեր Էդիկը մի յատկութիւն ունէր՝ երբ գալիս էր սահմանը, չէր նայում դիւանագիտութեանը, պահի տակ շատ արագ կողմնորոշւում էր եւ արագ պատասխան էր տալիս՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ անդամ Վարդան Յակոբեանը։

«alikonline.ir»- Ընկեր Էդիկը մի յատկութիւն ունէր՝ երբ գալիս էր սահմանը, չէր նայում դիւանագիտութեանը, պահի տակ շատ արագ կողմնորոշւում էր եւ արագ պատասխան էր տալիս՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում դոկտոր, պրոֆեսոր, Միւնխէնի հայկական հարցերի հաստատութեան հիմնադիր տնօրէն Էդուարդ Յովհաննիսեանի մասին ասաց նրա մտերիմ ընկերը՝ ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազօր նախարար, ՀՅԴ անդամ Վարդան Յակոբեանը։

Նա մի պատմութիւն պատմեց․ «Երբ Մոսկւայում պէտք է բացւէր Դաշնակցութեան գրասենեակը, այսինքն դա պէտք է լինէր Հայ Դատի գրասենեակ, դեռ 1992 թիւն էր, դիմել էինք շատ քաղաքական գործիչների, նաեւ Մոսկւայի իշխանութիւններին, որ հնարաւոր դառնար բացումը։ Այն ժամանակ Մոսսովետի ղեկավարը Գոնչարն էր։ Վերջապէս համաձայնւեց ընդունել մեզ, գնում ենք մօտը, մտնում ենք ներս, դեռ չենք բարեւել, չենք խօսել, ես ու ընկեր Էդիկը մտնում ենք ներս, մէկ էլ Գոնչարը յայտարարում է՝ ձեր պրեզիդենտը ֆրանսիական շպիոն է։ Մինչ ես ուզեցայ հասկանալ՝ ինչ է կատարւում, ընկեր Էդիկը միանգամից պատասխանեց՝ իսկ ձեր պրեզիդենտը ամերիկեան շպիոն է։ Միանգամից կոնտակտը Գոնչարի հետ ստացւեց, եւ միանգամից իրար հասկացան ու յետոյ շատ լաւ բանակցութիւնների արդիւնքում մենք ստացանք մի տարածք Բաումանեան շրջանում, որտեղ Բրեժնեւն էր գրանցւած, եւ այնտեղ մեզ գրասենեակ տւեցին եւ այդ գրասենեակում  Էդուարդ Յովհաննիսեանն աշխատում էր մինչեւ 1996 թիւը, երբ արգելեցին մուտքը Ռուսաստան»։

Էդուարդ Յովհաննիսեանի մուտքը Ռուսաստան արգելում են Հայաստանի այն ժամանակւայ ղեկավարութիւնից պարբերաբար ուղարկւած բողոք նամակներից յետոյ, ասաց Վարդան Յակոբեանը, այդ մեծ մտաւորականը եւ դաշնակցականը ՀՀՇ-ական իշխանութեան կոկորդում փուշ էր։

Լայնախոհ այդ գործիչը, սակայն, դեռ ազատագրական շարժման ամենասկզբում էր զգուշացնում՝ յանկարծ Արցախի համար հայ ժողովրդի պայքարը չօգտագործւի քաղաքական այլ նպատակներով․ նա ասում էր՝ եթէ այս պոռթկումը օգտագործւի Խորհրդային Միութիւնը քանդելու համար, կարող է շատ վատ անդրադառնալ թէ՛ Արցախի, թէ՛ Հայաստանի վրայ։

«Լինելով շատ սթափ գիտնական՝ կարողանում էր միանգամից իրերի էութիւնը հասկանալ։ Մեր զրոյցների հիմնական թեման այն տարիներին Արցախն էր, եւ այն ժամանակ մենք հասկանում էինք՝ եթէ մտել ենք այս հարցի մէջ, ապա դա ունենալու է մի ընթացք, որը դառնալու է ճակատագրական»,- վերյիշեց Վարդան Յակոբեանը։

Նա յիշեց նաեւ, որ հէնց այդ թւականներին էլ հայ լիբերալներ էին յայտնւել՝ ի դէմս ՀՀՇ-ի եւ այլն, բայց Էդուարդ Յովհաննիսեանը իր վերլուծութիւններում համոզւած էր, որ եթէ Արցախը զիջւի, միւս հարցը գալու է Հայաստանը, նա դա համարում էր տրամաբանական զարգացում։

«Արցախի վերաբերեալ ամբողջ զարգացումներն այն ժամանակ՝ 93 թ-ին, արդէն պարզ էր իր համար, նա ո՛չ նայիւ ռոմանտիկ էր, ո՛չ կուրծք ծեծող մարտիկ, շատ լաւ հասկանում էր, որ Արցախի հարցը, այո՛, ազգային ազատագրական պայքար է, բայց կան միջազգային յարաբերութիւններ, կայ քաղաքականութիւն եւ այդ ճակատում էլ պէտք է արդէն օգտագործել դիւանագիտութիւնը։ Նա չէր նայում դիւանագիտութեանը որպէս պրիմիտիւ մի բանի, որ ոչ մի հարցով դիւանագիտական քննարկում պէտք չէ անցկացնել, ինչպէս անում էր Ադրբեջանը»,- ասաց Վարդան Յակոբեանը։

Էդուարդ Յովհաննիսեանը շատ լաւ պատկերացնում էր ուժերի դասաւորութիւնը եւ Արցախի խնդրին ոչ թէ նայում էր լոկալ, այլ աշխարհաքաղաքական միջազգային յարաբերութիւնների տեսանկիւնից՝ նշեց նա։ Հէնց այս վերլուծութիւնների հիմքով էլ Էդուարդ Յովհաննիսեանը իր յօդւածներից մէկում  90-ականների սկզբին կանխատեսում է Արցախի անկախութեան հնարաւոր 3 ուղղութիւններ․ առաջինը՝ ամրացնել բանակն ու իշխանութիւնը, դաշնակիցներ գտնել եւ ինքնապաշտպանւել, երկրորդը՝ ձեւականօրէն մտնել Ադրբեջանի կազմ, բայց իրական անկախութիւնը պահել՝ սեփական կառավարութեամբ ու բանակով, եւ երրորդը՝ մտնել Ռուսաստանի կամ այլ պետութեան կազմ, բայց գոնէ անկախանալ Ադրբեջանից։ 4-րդ ամենավատ սցենարը նրա համար ՀՀՇ-ի այն ժամանակւայ քաղաքական գիծն էր՝ «Արցախը տւէք Ադրբեջանին, որ պրծնենք բոլոր ցաւերից», այս ենթատեքստում ասում էր՝ նրանց հայ համարելը դժւար է, բայց այն էլ պիտի հաշւի առնենք, որ հայ ժողովուրդը ոչ միայն հայերից է բաղկացած։

Մտերիմ ընկերը՝ Վարդան Յակոբեանը, այս 4-րդ սցենարի մասին ասաց՝ շատ պարզ է, ՀՀՇ-ն եկաւ իշխանութեան «Արցախ» ասելով, բայց հէնց եկաւ իշխանութեան, հրաժարւեց դրանից եւ մի բան էր քարոզում՝ «Արցախի պատճառով մենք տուժում ենք, լաւ չենք ապրելու, առեւտուր չենք անելու»։ Նա յիշեց, որ դեռ պատերազմ էր գնում, բայց նրանք արդէն վարկաբեկում էին ազգային ազատագրական պայքարը, պահանջատիրութիւնը, Հայ Դատի գաղափարը, հետապնդում էին Դաշնակցութեանը․ այդ մարդիկ, ասաց նա, այն լիբերալ մասսան էին, որը հիմք դրեց հիմիկւայ իրավիճակին։

Այս ենթատեքստում Էդուարդ Յովհաննիսեանն իր յօդւածներից մէկում գրում է․ «Պէտք է գտնենք եւ ղեկավարման ղեկը տանք նրանց ձեռքը, որոնք գիտակցում են, որ քաղաքականութիւնը եւ դիւանագիտութիւնը ազգային բնազդի արտայայտութիւններ են, իսկ ազգային ազատագրական պայքարը յանուն հայրենիքի զոհաբերւելու արիութիւն»։

Ամբողջ քաղաքագիտութեան, դիւանագիտութեան պատմութիւնը հէնց սա է՝ նշեց Վարդան Յակոբեանը, այս երկու ֆրազով կարելի է ասել՝ եթէ դուք պատասխանատւութիւն էք վերցրել պետութիւն պահելու, զարգացնելու, ապա դա բնազդային մակարդակով պիտի ձեր էմ մէջ դրւած լինի։

«Ես չէի ասի, որ ընկեր Էդիկը այնպիսի մարդ էր, որ կարող էր յարձակւել, նեղացնել մարդկանց, բայց կարողանում էր հասկացնել, որ ձեւ թափելով, թէ դու նախարար ես, կամ դիւանագէտ ես, շարժուձեւով, անիմաստ բան է եւ ոչ մի օգուտ չի տալիս։ Ամէն ինչին նայում էր հէնց Դաշնակցութեան տեսանկիւնից, որպէս դաշնակցական, գիտնականի նման ուսումնասիրելով Դաշնակցութեան պատմութիւնը, այնքան էր այդ ամէնը մարսել, որ հասկանում էր եւ այդ խնդիրը դնում էր ընկերների առաջ»,-ասաց Վարդան Յակոբեանը։

Նա պատմեց, որ Էդուարդ Յովհաննիսեանը, լինելով շատ կիրթ մարդ, մտաւորական, երբեք իրեն թոյլ չէր տալիս ինչ-որ մէկին նսեմացնել, նա շատ նուրբ ձեւով էր փորձում հասկացնել, հիմնականում հումորի ձեւով, մէկ-մէկ ֆրազներ էր ասում եւ քննադատութիւնը վերագրում էր իրեն, իր վրայ էր ասում, որ դիմացինը հասկանայ․ սա տիպիկ մտաւորականի յատկութիւն է։

Եւ առաջին թիրախն էլ հէնց որդին էր՝ Վահան Յովհաննիսեանը, որը ժառանգեց նաեւ հօր սուր հումորը, բարեկրթութիւնը, խելքն ու հռետորական տաղանդը։

 

ԱՆՆԱ ԲԱԼԵԱՆ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։