Հա

Գաղափարական

18/02/2022 - 13:50

Փետրւարեան անկրկնելի պոռթկումը

1921 թ. Փետրւարեան համաժողովրդական ապստամբութեանը յաջորդած հարիւր տարիների ընթացքում, մասնաւորապէս՝ մինչեւ նախորդ դարի կէսերը, երբ դեռեւս ողջ էին ապստամբութեան առաջնորդներից ոմանք (Ս. Վրացեան, Բաշգառնեցի Մարտիրոս, Կ. Սասունի եւ ուրիշներ), եւ 1990-ից յետոյ, երբ հայ ժողովուրդը վերանւաճեց իր անկախութիւնը, այդ յիրաւի նշանաւոր, պատմական իրադարձութեան մասին յաճախ է գրւել, սակայն սխալւած չենք լինի, եթէ ասենք, որ մինչեւ օրս էլ այն մնում է ըստ արժանւոյն չգնահատւած: Մենք նկատի ունենք՝ պետականօրէն տրւող գնահատականը, որը դեռեւս չի հնչել Հայաստանի անկախ հանրապետութեան որեւէ իշխանական վարչակազմի կողմից:

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

1921 թ. Փետրւարեան համաժողովրդական ապստամբութեանը յաջորդած հարիւր տարիների ընթացքում, մասնաւորապէս՝ մինչեւ նախորդ դարի կէսերը, երբ դեռեւս ողջ էին ապստամբութեան առաջնորդներից ոմանք (Ս. Վրացեան, Բաշգառնեցի Մարտիրոս, Կ. Սասունի եւ ուրիշներ), եւ 1990-ից յետոյ, երբ հայ ժողովուրդը վերանւաճեց իր անկախութիւնը, այդ յիրաւի նշանաւոր, պատմական իրադարձութեան մասին յաճախ է գրւել, սակայն սխալւած չենք լինի, եթէ ասենք, որ մինչեւ օրս էլ այն մնում է ըստ արժանւոյն չգնահատւած: Մենք նկատի ունենք՝ պետականօրէն տրւող գնահատականը, որը դեռեւս չի հնչել Հայաստանի անկախ հանրապետութեան որեւէ իշխանական վարչակազմի կողմից: Պատճառը քաղաքական է, աւելի շուտ՝ կուսակցական: Անկախ շարժառիթներից, այդպիսի վերաբերմունքը չի կարող արդարացւած լինել:

Ճիշտ է՝ ապստամբութեան ղեկավարները, որոշ բացառութիւններով, դաշնակցական յայտնի գործիչներ էին, եւ այդպէս էլ պիտի լինէր, բայց ապստամբութիւնը կուսակցական չէր: Չնայած որ բոլշեւիկ յեղկոմականներն իրենց գործած վայրագութիւնները փորձել են արդարացնել՝ պատճառաբանելով իբրեւ թէ դաշնակցականներն իշխանութիւնը յանձնելու պահին արդէն իսկ այն վերանւաճելու որոշում են ունեցել, իրականում այդպիսի մեղադրանքն անհեթեթ է, որովհետեւ 1920-ի աշնանը հայ-թուրքական պատերազմում կրած ծանր պարտութիւնից յետոյ (ի դէպ՝ հիմնականում նոյն բոլշեւիկների՝ բանակում հակապետական ակտիւ քարոզչութեան պատճառով) ՀՅԴ-ի կողմից իշխանութեան համար պայքարելն այլեւս անմտութիւն կը լինէր, եւ դաշնակցական ղեկավարները դա շատ լաւ էին գիտակցում:

Ուստի պատահական չէր, որ ինչպէս Դրօն՝ մինչեւ իր «պատւաւոր» աքսորը, այնպէս էլ վերջին կառավարութեան վարչապետ Ս. Վրացեանն ընդհուպ մինչեւ փետրւարի 10-ը դէմ են եղել հակաբոլշեւիկեան որեւէ նախաձեռնութեան: Վերջինս սկզբնական շրջանում այդպիսի փորձը նոյնիսկ համարել էր «աւանտիւրա»։ Իսկապէս էլ, մի իրավիճակում, երբ Ալեքսանդրապոլում նստած էր յաղթական թուրքական զօրքը Կարաբեքիրի գլխաւորութեամբ, եւ չկար նրան դիմագրաւող մարտունակ բանակ, իշխանութիւնը վերանւաճելու մասին միտքն անգամ արկածախնդրութիւն կը լինէր: Փաստ է այն, որ չի եղել հակաբոլշեւիկեան ապստամբութիւն կազմակերպելու ՀՅԴ որեւէ մարմնի որոշում, որքան էլ որ բոլշեւիկեան պատմագրութիւնը ջանացել է ցոյց տալ հակառակը: Բացի այդ, որեւէ շարժման բնոյթը առաջին հերթին որոշւում է նրա մասնակիցների կազմով եւ թւաքանակով:

Փետրւարեան ապստամբութեանը մասնակցում էին ոչ միայն ժողովրդի լայն զանգւածներ Հայաստանի յատկապէս կենտրոնական գաւառներից, ուր ծաւալւում էին իրադարձութիւնները, այլեւ հասարակութեան տարբեր խաւերի ներկայացուցիչներ՝ մտավորականներ, զինւորականներ եւ յատկապէս գիւղացիութիւնը, որը կազմում էր Հայաստանի ազգաբնակչութեան գերակշռող մեծամասնութիւնը: Եւ որ ամենից կարեւորն է՝ մասնակցում էին ինքնաբուխ կերպով: Ոչ մի կուսակցութիւն, որքան էլ նա ազդեցութեան լծակներ ունենայ ժողովրդական զանգւածների վրայ, չի կարող հակաիշխանական տրամադրութիւններ գրգռել լայն զանգւածների մօտ, եթէ դրա համար չլինեն բաւարար նախադրեալներ, այսինքն՝ եթէ ժողովրդի մեծ մասը պատրաստ չլինի դրան:

 

Իրավիճակն ապստամբութեան նախօրեակին

Հայաստանի առաջին հանրապետութեան իշխանութիւնները շուրջ երկուսուկէս տարւայ մաքառումներից յետոյ, յանուն հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգութեան, հարկադրւած էին 1920 թ. դեկտեմբերի 2-ին իշխանութիւնը խաղաղ ճանապարհով, «առանց մի կաթիլ արեան» զիջել Հիւսիսից՝ «խելագարւած ամբոխների» շնչով Հայաստան ներխուժած բոլշեւիզմին: Ս. Վրացեանի դիտարկմամբ, իշխանութիւնը բոլշեւիկներին զիջելու սկզբնական շրջանում պարզ ժողովուրդը նոյնիսկ լաւ ընդունեց այդ փաստը, որովհետեւ բոլշեւիկների կողմից իշխանութիւնը ստանձնելը նա ընկալեց իբրեւ հզօր Ռուսաստանի վերադարձ, որն առաջին հերթին նշանակում էր ֆիզիկական անվտանգութիւն եւ համեմատական բարեկեցութիւն:

Ժողովուրդն առանձնապէս ծանր չի տարել նոյնիսկ հանրապետութեան քաղաքական եւ զինւորական ղեկավարութեան ձերբակալութիւնները: Ա՛յն մարդկանց, որոնց կեանքի իմաստը եղել էր յանուն այդ նոյն ժողովրդի անձնուրաց պայքարը ամենուրեք:

Թէպէտ Առաջին հանրապետութեան ղեկավարութիւնը լաւատես չէր բոլշեւիկների գործելակերպի առումով, որովհետեւ տեղեակ էր ինչպէս Խորհրդային Ռուսաստանում, այնպէս էլ հարեւան Ադրբեջանում, ուր խորհրդային կարգեր հաստատւել էին աւելի վաղ՝ 1920 թ. ապրիլի 28-ին, նրանց վարած ներքին քաղաքականութիւնից, բայց եւ այնպէս յոյսեր էր տածում, որ հայ բոլշեւիկները հաշւի կառնեն հայ ժողովրդի կրած զրկանքները եւ նրան չեն մղի նոր փորձութիւնների: Սակայն մէկ-երկու շաբաթն էլ բաւական էր հասկանալու համար, որ բոլշեւիկների հետ կապւած լաւատեսական սպասումները միանգամայն անհիմն էին:

Նրանք ոչ միայն մտադիր չէին յարգելու «Դրօ-Տէրտէրեան եւ Լեգրան» պայմանագրի դրոյթները, այլեւ ձգտում էին ֆիզիկական հաշւեյարդար տեսնել Առաջին հանրապետութեան ղեկավարների հետ, թալանել առանց այդ էլ նիւթական խիստ կարիքներ ունեցող ազգաբնակչութեան ապրուստի միջոցները եւ որպէս եղբայրական օգնութիւն՝ ուղարկել Խորհրդային Ադրբեջան՝ կարմիր բանակին: Պարզւում է, որ Առաջին հանրապետութեան ներկայացուցիչների հետ իշխանութիւնը յանձնելու համաձայնագրի ստորագրման օրը՝ դեկտեմբերի 2-ին, բոլշեւիկների ներկայացուցիչ Բ. Լեգրանը, խախտելով նոյն համաձայնագրի 5-րդ կէտը, ըստ որի՝ Յեղկոմը պարտաւորւում էր Առաջին հանրապետութեան քաղաքական ղեկավարութեանը չհետապնդել անցեալի իր գործունէութեան համար, հրաման է տալիս ձերբակալել Հ. Օհանջանեանի կառավարութեան (Բիւրօ-կառավարութիւն) անդամներին։

Պատճառը պարզ է. Բիւրօ-կառավարութիւնը 1920 թ. ճնշել էր բոլշեւիկների կազմակերպած մայիսեան հակապետական խռովութիւնները, որի ընթացքում զոհւել էին խռովութեան որոշ ղեկավարներ: Եւ ահա՝ առաջին իսկ քայլերից բոլշեւիկները փորձում էին վրէժխնդիր լինել՝ հաշւի չառնելով նման քայլի հնարաւոր հետեւանքները:

Ս. Վրացեանի վկայութեամբ Հայաստանում ռուսական զօրամասերի թւի աճին զուգընթաց բոլշեւիկների գործողութիւնները դառնում էին աւելի ու աւելի յանդուգն եւ արհամարհական: Նա եւ իր կառավարութեան մի քանի անդամներ, այդ թւում՝ Դրօն, մնացել էին Երեւանում իշխանութիւնը բոլշեւիկներին փոխանցելու, ինչպէս նաեւ վերջինների հետ համագործակցութեան միջոցով՝ ժողովրդին նրանց հնարաւոր բռնաճնշումներից պաշտպանելու նպատակով: 1920-ի դեկտեմբերի վերջերից սկիզբ են առնում նախկին պետական եւ կուսակցական գործիչների, զինւորականների եւ մտաւորականների ձերբակալութիւնները: 1921 թ. փետրւարի սկզբներին Երեւանի, Էջմիածնի, Ղամարլուի, Ախտայի, Ելենովկայի եւ Նոր-Բայազետի բանտերում ձերբակալւածների թիւը հասնում էր 2200-ի, որը մի քանի անգամ գերազանցում էր այդ բանտերի համար նախատեսւած առաւելագոյն թիւը։

Նոր բանտարկեալներին տեղաւորելու համար բանտերից ազատ էին արձակում քրէական յանցագործներին եւ նրանց դարձնում իրենց գործակալները նախկին իշխանութեան ներկայացուցիչներին լրտեսելու գործում: Քաղաքացիներից խլում էին իրենց բնակարանները եւ ամբողջ ընտանիքների, մասնաւորապէս՝ նախկին ղեկավարների ընտանիքներին, թողնում էին փողոցում կամ լաւագոյն դէպքում մի քանի ընտանիքի պարտադրում էին ապրել մի բնակարանում, յաճախ՝ կիսախաւար ու ցուրտ նկուղներում: Երեւանի բոլոր աչքի ընկնող տները զբաղեցրել էին բոլշեւիկեան Յեղկոմի անդամները: Փետրւարեան ապստամբութեան յաղթանակից յետոյ, երբ ՀՓԿ-ի ներկայացուցիչները ցուցակագրել են յեղկոմականների կողմից բռնագրաււած տների գոյքը, ամենից համեստը եղել է Աշոտ Յովհաննիսեանի զբաղեցրած բնակարանը, որը, ի դէպ, բռնագրաւել էին նախկին ռազմական նախարար Ռուբէն Տէր-Մինասեանի ընտանիքից՝ վերջինին թողնելով փողոցում:

Իշխանափոխութեան նախօրեակին ՀՅԴ ղեկավարութեան որոշման համաձայն Ռուբէնը, խմբապետ Մարտիրոսի եւ մի քանի թիկնապահների ուղեկցութեամբ, հեռացել էր Զանգեզուր: Նշւած բնակարանում գրանցւած գոյքը հաւաքւել էր տարբեր տեղերից եւ «ոչ մի համեմատութիւն չէր կարող լինել «Ռուբէն փաշայի» աղքատիկ կարգ ու սարքի հետ»: Ռուս զինւորներին, փոխանակ տեղաւորելու զօրանոցներում, բաժանել էին քաղաքացիների տների վրայ եւ բնականաբար նրանք ապրում էին վերջինների հաշւին: Եւ կարելի է միայն պատկերացնել, թէ ինչերի էր ընդունակ խմիչքի հանդէպ թուլութիւն ունեցող, իր ընտանիքին կարօտող, բայց պարտադրաբար օտարութեան մէջ յայտնւած ռուս զինւորը աւանդապահ հայ ընտանիքի հետ միեւնոյն յարկի տակ ապրելիս:

Իհարկէ, դա արւել էր ոչ թէ այն պատճառով, որ զօրանոցներում հնարաւոր չէր տեղաւորել այդ զինւորներին, այլ որպէսզի նրանց ներկայութիւնը իւրաքանչիւր տան մէջ ազգաբնակչութեանը պահէր մշտական լարւածութեան եւ հնազանդութեան վիճակում:

Ամենատարբեր կարգավիճակի բոլշեւիկ ղեկավարները, որոնք պարբերաբար, իբրեւ թէ պետական այս կամ այն կարիքի համար, կազմակերպում էին այսպէս կոչւած «թալշաբաթներ» (ժողովուրդն այդպէս է անւանել նրանց բռնագրաւումները), իրենք գիշերները լուսացնում էին ցոփ խնջոյքներով: Եւ այդ ամէնը նոյն ժողովրդի աչքի առաջ, որի ունեցւածքի հաշւին կազմակերպւում էին գիշերային խրախճանքները:

Այդ ամենին գումարւում էր Կարաբեքիր փաշայի գլխաւորած թուրքական բանակի ներկայութիւնը Ալեքսանդրապոլում եւ շրջակայ գիւղերում, որոնք ամենեւին չէին շտապում հեռանալ զբաղեցրած տարածքներից, չնայած որ պարտաւոր էին դա անել ըստ Ալեքսանդրապոլի պայմանագրի (2 դեկտեմբերի, 1920 թ.), իսկ Յեղկոմն էլ պարտաւորւել էր զօրքերի դուրսբերումը պահանջել իրենց դաշնակից Թուրքիայից, սակայն ոչ միայն գործնական քայլերի չէր դիմում այդ ուղղութեամբ, այլեւ Չեկայի պետ Աւիս Նուրիջանեանը յաճախ սպառնում էր, որ ժողովրդի անհնազանդութեան դէպքում իրենք կը դիմեն թուրքական բանակի օգնութեանը: Թուրքական զօրամասերի հսկողութեան տակ գտնւող բնակավայրերում պարբերաբար տեղի էին ունենում բնակչութեան ունեցւածքի թալան, սպանութիւններ ու բռնաբարութիւններ: Տղամարդկանց բռնի քշում էին Թուրքիայի խորքերը հարկադիր աշխատանքի:

Բոլշեւիկեան Յեղկոմը, փոխանակ զբաղւելու այդ կենսական նշանակութեան խնդիրներով, իր հերթին զբաղւած էր սեփական ժողովրդի հարստահարութեամբ: Որքան որ պետական ունեցւածքի նկատմամբ խնայող էին նախկին իշխանութիւնները, նոյնքան շռայլ ու վատնող էին նորերը՝ բոլշեւիկեան իշխանութիւնները: Պիտի խոստովանել, որ յատկապէս սկզբնական շրջանում բոլշեւիկները կարողանում էին ապահովել իրենց գործողութիւնների գաղտնիութիւնը եւ որպէս կանոն՝ բնակչութեանը անակնկալի բերել:

Նրանք ճիշտ կողմնորոշվեցին նաեւ հնարաւոր ռազմական հակազդեցութիւնը չէզոքացնելու գործում. նախ՝ 1921 թ. յունւարի 10-ին ռուսական զօրահրամանատարութեան կողմից կազմակերպւած «հրաւէրով» երկրից դուրս բերեցին Դրոյին՝ իր սպայակոյտի հետ միասին, որից ամենից շատն էին զգուշանում, ապա յունւարի 24-ին կազմակերպեցին շուրջ 1500 սպաների զինաթափումն ու աքսորը՝ «ալեզարդ» սպարապետ Թ. Նազարբէկեանի գլխաւորութեամբ: Իսկ մինչ այդ Բաքու էին աքսորել 70 սպաների՝ ըստ կարմիր բանակի ռազմական դրւածքի վերապատրաստւելու պատրւակով: Իհարկէ, ինչպէս Դրօն, այնպէս էլ ուրիշները հասկանում էին, որ կազմակերպւած հրաւէրը իրականում նշանակում էր աքսոր, եւ որ երկրից դուրս են գալիս անվերադարձ, բայց այդ զոհողութեանը գնում էին բոլշեւիկներին նոր գրգռութիւնների առիթ չտալու եւ ժողովրդին բռնաճնշումներից զերծ պահելու մտահոգութեամբ: Այլապէս, ինչպէս նշել է Ս. Վրացեանը, Դրօն միայնակ աւելի մեծ ազդեցութիւն ունէր երկրում, քան Յեղկոմն՝ իր Չեկայով եւ ռուսական զօրամասերով միասին վերցրած, եւ ցանկացած պահի կարող էր յետ վերցնել իշխանութիւնը:

Դրոյի ներկայութիւնը ժողովրդի համար յոյս էր, որ անհրաժեշտ ժամին նա անպայման մի ելք կը գտնի, իսկ մեկնումը համարժէք էր ողբերգութեան, որովհետեւ ժողովուրդը զրկւում էր իր վերջին յոյսից: Ականատեսի վկայութեամբ Երեւանի գրեթէ ողջ բնակչութիւնը, ճնշող լռութեամբ փողոց դուրս եկած, հրաժեշտ էր տալիս Դրոյին, ինչպէս որ վերջին ճանապարհ են ուղեկցում մեծ հանգուցեալին։

Երեւանի բանտում էին ժողովրդի քաղաքական եւ մշակութային էլիտայի ներկայացուցիչներից շատերը՝ նախկին վարչապետներ Յ. Քաջազնունին, Հ. Օհանջանեանը, Խորհրդարանի նախագահ Ա. Սահակեանը (Հայր Աբրահամ), անւանի գրող, Խորհրդարանի փոխնախագահ Լ. Շանթը, Կրթութեան նախարար, տաղանդաւոր գրաքննադատ Ն. Աղբալեանը, արդարադատութեան նախարար Ռ. Դարբինեանը (Ա. Չիլինգարեան), խմբապետներ Համազասպը, Մակեդոնը, գնդ. Ղորղանեանը, Երեւանի քաղաքագլուխ Մ. Մուսինեանը, քաղաքային խորհրդի անդամ Ա. Աստւածատրեանը, Վանի ինքնապաշտպանութեան ղեկավարներից Հ. Կոսոյեանը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան ղեկավար Բախշի Իշխանեանը եւ շատ ուրիշներ: Ձերբակալութիւնների եւ բռնութիւնների ալիքը երկրում սաստկանում է յատկապէս Գ. Աթարբէկեանի ժամանումով, որը Ռուսաստանում արդյն յայտնի էր դարձել իր առանձնակի դաժանութիւններով: Փետրւարի 4-ին Ս. Վրացեանը Գ. Աթարբէկեանի հետ հանդիպումով մի վերջին փորձ է անում՝ նրան բացատրելու Յեղկոմի գործելակերպի ողջ վտանգաւորութիւնը ժողովրդի եւ երկրի համար, սակայն համոզւում է, որ բոլշեւիկներն ի վիճակի չեն սթափօրէն գնահատելու դրութիւնը: Աւելին, սթափութեան կոչերը նրանք ընկալում են որպէս իրենց ուժի եւ դիմացինի թուլութեան նշան:

Ընդհանուր գծերով այսպիսին էր պատկերը բոլշեւիկների տիրապետութեան երկուսուկէս ամիսների ընթացքում եւ հէնց նշւած հանգամանքները լցրին ժողովրդի համբերութեան բաժակը, որն այլեւս չցանկացաւ հանդուրժել բոլշեւիկեան անարգ լուծը: Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ Յ. Քաջազնունին, որը, ինչպէս նշեցի նոյնպէս ձերբակալւածների մէջ էր, այդ օրերի մասին գրել է. «… հաստատւեց մի րեժիմ, որին չի կարելի տալ ուրիշ անուն, քան սանձարձակ ու վայրագ բռնութիւն: …. Բոլշեւիկների բռնութիւնը ու Հայաստանում գործադրւած միջոցների դաժանութիւնը ունէին մի առանձնայատուկ գիծ, որ ամենից աւելի գրգռիչ ու անհանդուրժելի էին,- այն, որ անիմաստ էին բռնութիւնները, աւելորդ ու աննպատակ»:

 

Փետրւարեան ապստամբութիւնը եւ քառասնօեյայ գոյամարտերը

Այդ ընթացքում դեռեւս չձերբակալւած քաղաքական ու զինւորական գործիչները գտնւում էին թաքստոցներում: Բաշ-Գառնին խմբապետ Մարտիրոսի գլխաւորութեամբ առաջինը անհնազանդութիւն յայտնեց բոլշեւիկյան իշխանութիւններին: Դեկտեմբերի սկզբներին նախկին ռազմական նախարար Ռուբէն Տէր-Մինասեանին Զանգեզուր ուղեկցելուց յետոյ խմբ. Մարտիրոսը դեկտեմբերի վերջերին արդէն Բաշ-Գառնիում էր եւ մօտից հետեւում էր իրադարձութիւնների զարգացմանը՝ կապ պահելով ղեկավար ընկերների՝ Ս. Վրացեանի եւ Դրոյի հետ: 1921-ի յունւարի սկզբներին Բաշ-Գառնիում կեանքի է կոչւում առաջին Հայրենիքի փրկութեան կոմիտէն, որի գաղափարը Մարտիրոսին յուշել էր Գ. Նժդեհը Զանգեզուրից վերադարձի ճանապարհին՝ հնարաւոր շարժմանը ապակուսակցական բնոյթ հաղորդելու նպատակով:

Յունւարի վերջերին, երբ սաստկանում է ձերբակալութիւնների ալիքը եւ յաճախակի են դառնում ձերբակալւածների, մասնաւորապէս՝ ղեկավար ընկերների նկատմամբ հաշւեյարդար տեսնելու մասին լուրերը, խմբ. Մարտիրոսը դիմում է գործնական քայլերի: Նա մարտական վիճակի է բերում Բաշ-Գառնիի ուժերը՝ հրամանատար նշանակելով իր օգնական եւ փորձառու խմբապետ Խնկօ Ասատրեանին, ապա, անցնելով Կոտայքի միւս գիւղերը, տեղի փորձառու մարտական գործիչների հետ հանդիպումների միջոցով նոյն աշխատանքները կազմակերպում է նաեւ այդ գիւղերում: Յունւարին նա զէնք ստանալու համար դիմում է Երեւանում գտնւող պատասխանատու ընկերներին, բայց վերջիններս, վաղաժամ համարելով ապստամբութիւն բարձրացնելը, նրան մերժում են: Զէնքի եւ զինամթերքի հայթայթման գործը Մարտիրոսը կազմակերպում է տեղական ուժերով:

Ապստամբութեան կազմակերպական աշխատանքները սկսում են թափ հաւաքել միայն փետրւարի 10-ից յետոյ, երբ դրա անխուսափելիութիւնն այլեւս փաստ էր բոլորի համար: Այդ փուլում Կոտայքի ապստամբներին է միանում նաեւ Կուռօ Թարխանեանը: Փետրւարի 13-ին Կոտայքի Զառ գիւղում գումարւում է ապստամբութեան ղեկավարների ժողովը՝ ՀՅԴ Հայաստանի ԿԿ-ի անդամներ Յ. Տէր-Յակոբեանի եւ Ե. Սարգսեանի մասնակցութեամբ:

Ընտրւում են զինւորական ղեկավարները եւ ճշտւում է ապստամբութեան օրը: Խմբ. Մարտիրոսի առաջարկութեամբ ապստամբ ուժերի ընդհանուր հրամանատար է ընտրւում Կուռօ Թարխանեանը: Նոյն ժողովի կողմից խմբ. Մարտիրոսը նշանակւում է Երեւանի վրայ արշաւող ապստամբ ուժերի հրամանատար: Այդ ժողովին մասնակցում են նաեւ Ախտայի ապստամբների ղեկավարները:

Զուգահեռաբար նմանօրինակ կազմակերպական աշխատանքներ իրականացւել են նաեւ Թալինի սասունցիների շրջանում՝ Կ. Սասունու, Մուշեղ Աւետիսեանի, Մորուք Կարոյի եւ Չոլոյի գլխաւորութեամբ:

Որքան էլ ապստամբութեան ղեկավարները գործել են քողարկւած, նրանց գործողութիւնները չեն վրիպել յեղկոմականների աչքից: Մանաւանդ որ վերջիններն արդէն տեղեակ էին Զանգեզուրից խմբ. Մարտիրոսի վերադարձի մասին: Յեղկոմը փորձում է Բաշ-Գառնիի վրայ անակնկալ յարձակումով վիժեցնել ապստամբութիւնը, սակայն Բաշ-Գառնիի վրայ արշաւող բոլշեւիկեան երկու զօրամասերին փետրւարի 16-ին անակնկալ յարձակումներով եւ առանձին-առանձին ջարդում են խմբ. Խնկոյի հրամանատարութեամբ գործող բաշգառնեցիները: Այդ լուրը ոգեւորիչ մեծ նշանակութիւն է ունենում Երեւանի վրայ արշաւող Կոտայքի ապստամբների համար:

Մասնաւորապէս վերոյիշեալ դէպքերը նկատի ունենալով՝ Ե. Սարգսեանը գրել է. «Խնկօն մեզ հետ չէր: Մարտիրոսը նրան իր ուժերով (Գեառնիի եւ շրջանի) թողել էր Ողջաբերդի շրջանում: Բոլշեւիկները, ոչ մի տեղեկութիւն չունենալով ոչ Խնկոյի ուժերի եւ ոչ էլ Կոտայքի մասին, մտահոգուած էին Գեառնիով, ուր պիտի լինէին իրենց քունը կտրող Մարտիրոսն ու Խնկօն: Նրանք գիտէին, որ այս երկու շատ վտանգաւոր խմբապետները եւ իրենց մեծ ու կռուի պատրաստ գիւղը (ընդգծումն իմն է՝ Վ. Պ.) ամենակատաղի թշնամիներն են Սովետական սարք ու կարգի համար: Եւ ահա փետրուարի 15-ի գիշերը նրանք դէպի Գեառնի ճանապարհ են հանում երկու զօրամասեր, երկու ուղղութեամբ»:

Ապստամբութեան ծրագրի համաձայն Կոտայքի ուժերը դէպի Երեւան պիտի շարժւէին Քանաքեռի կողմից, Բաշ-Գառնիի ուժերը՝ Նորքի եւ պիտի ազատէին Երեւանի բանտում եւ Չեկայի նկուղներում գտնւող բանտարկեալներին, իսկ Թալինի սասունցիները Աշտարակի եւ Էջմիածնի կողմից պիտի փակեին փախչելու փորձ անող բոլշեւիկների ճանապարհը: Երեւանի ներսից այդ գործողութիւններին պիտի օժանդակեին ՀՅԴ ուսանողական եւ երիտասարդական կազմակերպութիւնները: Փետրւարի 16-ին սկսւած ձիւնամրրիկի պատճառով Երեւանի վրայ շարժւող ապստամբները կորցնում են ճանապարհը, որի պատճառով ապստամբութեան ժամանակացոյցը խախտւում է մէկ օրով: Ապստամբ ուժերի առաջնորդների միջեւ ոչ կանոնաւոր կապի պատճառով եղել են նաեւ որոշ թիւրըմբռնումներ, բայց դրանք վճռորոշ նշանակութիւն չեն ունեցել եւ չեն խանգարել ապստամբութեան յաղթական ելքին:

Ս. Վրացեանը հետեւեալ կերպ է ներկայացնում ապստամբների մուտքը Երեւան. «Փետրւար 16-17-ին մայրաքաղաքը ամէն կողմից շրջապատւած էր ապստամբ ժողովուրդով: Յեղկոմը յուսահատական դիմադրութեան փորձեր արաւ, բայց անյաջող: …. Փետրւար 18-ը յարութեան օր եղաւ Հայաստանի ժողովուրդի համար: Վաղ առաւօտեան ազատագրւած շրջաններից Երեւան իջան Ախտայի, Կոտայքի եւ Բաշ-Գառնիի ժողովրդական ապստամբ ուժերը Կուռօ Թարխանեանի եւ խմբապետ Մարտիրոսի ղեկավարութեան տակ: Թաքստոցից դուրս եկան վերջին կառավարութեան անդամները …»: Իհարկէ, փետրւարի 16-17-ի գիշերը բոլշեւիկներն սկսել էին իրենց սեւ գործը. Երեւանի բանտում եւ Չեկայի նկուղներում գազանաբար սպանւել ու կացնահարւել էր մօտ 60 մարդ, այդ թւում՝ խմբապետներ Համազասպը, Մակեդոնը, գնդ. Ղորղանեանը, բանւոր Սերգօն եւ ուրիշներ:

Սպանութիւններն աննախադէպ չափերի կը հասնէին, եթէ Յեղկոմի իշխանութիւնը երկարեր եւս մի քանի օրով: Բոլշեւիկները, երկու զրահապատներով՝ «Ազատամարտ» եւ «Վարդան զօրավար», Երեւանից փախչելով Ղամարլուի ուղղութեամբ, կազմակերպւում եւ շարունակում են իշխանութեան համար պայքարը: Փետրւարի 18-19-ին ձեւաւորւում է կառավարութիւն Ս. Վրացեանի գլխաւորութեամբ, որը կոչւում է Հայրենիքի փրկութեան կոմիտէ: Ձեւաւորւում են ռազմաճակատներ բոլոր ուղղութիւններով: Բանակի ընդհանուր հրամանատար է նշանակւում գնդ. Կուռօ Թարխանեանը՝ Սպարապետ Սուրէն անունով, իսկ խմբ. Մարտիրոսը նշանակւում է Ղամարլուի ռազմաճակատի հրամանատար:

Հայաստանը թեւակոխում է պարտադրւած քաղաքացիական պատերազմի փուլ, որի մասին այնքան երազում էին հայ բոլշեւիկները եւ որից խուսափել չյաջողւեց Առաջին հանրապետութեան ղեկավարներին: Քաղաքացիական պատերազմը փոփոխակի յաջողութիւններով տեւեց շուրջ քառասուն օր՝ մինչեւ ապրիլի 2-ը: Ռուսաստանից ստացած ռազմական օժանդակութեան շնորհիւ բոլշեւիկները, մարդուժի եւ ռազմական տեխնիկայի գերազանցութիւն ձեռք բերելով հիւսիսային ռազմաճակատներում՝ Ախտայի եւ Սպիտակի, կարողացան կոտրել ապստամբների դիմադրութիւնը, որին հետեւեց ռազմաճակատների փլուզումը: Միւս կողմից՝ սպառւեց ՀՓԿ-ի զինամթերքը եւ ժողովրդական ուժերը ստիպւած եղան տեղի տալ այդ եղբայրասպան պատերազմում:

 

Փետրւարեան ապստամբութեան արժեւորումը

Չնայած որ հայ յեղկոմականներն առերեւոյթ ՀՅ Դաշնակցութեանը վերագրել են հակաբոլշեւիկեան (իմա՝ Փետրւարեան - Վ.Պ.) ապստամբութիւնը նախապէս պլանաւորած լինելու մեղադրանք, իրականում, սակայն, նրանցից ոմանք նամակներում եւ զեկոյցներում խոստովանել են, որ ապստամբութիւնն իրենց թոյլ տւած կոպիտ սխալների հետեւանք էր: Այդ առումով ուշագրաւ են, մասնաւորապէս, Յեղկոմի անդամ եւ ՀԿ(բ)Կ կենտկոմի քարտուղար Ա. Յովհաննիսեանի հետեւեալ խօսքերը. «Հակայեղափոխութիւնը (իմա՝ Փետրւարեան ապստամբութիւնը - Վ. Պ.) ստեղծւել է ոչ թէ դաշնակների աշխատասենեակներում, այլ հանդիսացել է մեր քաղաքականութեան արդւնքը»։ Փետրւարի 21-ին Գ. Օրջոնիկիձէին նոյնաբովանդակ խոստովանական հեռագիր է ուղարկել բռնութիւնների հիմնական կիրառող Գ. Աթարբէկեանը: Միթէ՞ այլ բան էին ասում դաշնակցական գործիչները. «Փետրւարեան ապստամբութիւնը - բոլշեւիկների գործն էր ամբողջովին, բնական հետեւանք նրանց բռնութիւնների ու՝ մանաւանդ՝ անվերջ բռնագրաւումների, որ քանդում էին ժողովրդական տնտեսութեան վերջի մնացորդները, զրկում էին սովահար մարդկանց վերջի կտոր հացից»։ Նոյնն է ասում նաեւ ՀՓԿ-ի ղեկավարը. «…. Վայրկեանը ծայր աստիճան աննպաստ էր եւ դրսից դիտողի համար աններելի՝ որեւէ խռովութիւն Հայաստանում: Մենք գիտակցում էինք այդ եւ ամէն կերպ խուսափում էինք քաղաքացիական կռիւներից:

Բոլշեւիկների համար, ընդհակառակը, քաղաքացիական կռիւը ցանկալի էր»: Աւելացնենք: - Ցանկալի էր, որովհետեւ բոլշեւիկները գիտակցում էին, որ իրենք իշխանութեան հասել էին հանգամանքների բերումով, այլ ոչ թէ սեփական ուժերով եւ իրենց չէին զգում դրութեան լիարժէք տէրեր: Այսինքն՝ կար յաւակնութիւնների բավարարման անհրաժեշտութիւն, եւ դա պիտի արւէր սեփական ժողովրդի արեան հաշւին:

Որ Փետրւարեան ապստամբութիւնը մի խումբ արկածախնդիրների գործ չէր, այլ կրում էր համաժողովրդական բնոյթ, շատ արագ համոզւել է նաեւ Յ. Թումանեանը, որը մարտի 20-ին Օրջոնիկիձեի գիտութեամբ Թբիլիսիից Հայաստան էր եկել՝ ապստամբներին զէնքը վայր դնելու յորդորով. «…. էս խոմ ամբողջ ժողովուրդն է, որ ոտքի ելած է»։

ՀՓԿ-ի գլխաւորած քառասնօրեայ գոյամարտերի պարտութեան մասին եւս շատերն են գրել՝ մատնանշելով մի շարք թերութիւններ: Օր., Յ. Քաջազնունու կարծիքով պարտութեան հիմնական պատճառներից է այն, որ Հայրենիքի փրկութեան շարժման ուժերը անհրաժեշտ նւիրւածութեամբ ու յաղթանակի նկատմամբ հաւատով չեն կռւել. «…. Ապստամբութիւնը իր իսկ ներսը կրում էր արդէն պարտութեան սաղմը, որովհետեւ հաւատ չունէր յաջողութեան»: Ըստ մէկ այլ ժամանակակցի՝ քաղաքացիական կռիւների ընթացքում իրեն զգալ էր տալիս հմուտ հրամանատարական կազմի պակասը, երբեմն էլ՝ անկարգապահութիւնը զօրամասերում, որովհետեւ յունւարի 24-ին աքսորւել էր բարձր սպայութիւնը, իսկ եղածների մի մասը, չնայած իրենց անձնական քաջութեանը, ի վիճակի չէին մեծ մարտեր ղեկավարել: Պատճառներից մէկն էլ կարող է համարւել այն, որ, գերազանցապէս կազմւած լինելով գիւղացիներից, ՀՓԿ-ի կռւող ուժերին մարտի կէսերից սկսած ձգում էին հողագործական աշխատանքները, որով գիւղացին ամբողջ տարին պիտի կերակրէր իր ընտանիքը: Ուստի ոչ հազւադէպ ապստամբ զօրամասերի հրամանատարները բաւարար ուժեր չունենալու պատճառով չէին կարողանում ժամանակին կատարել Գլխաւոր շտաբի առաջադրանքները, որոնց ապահովումից յաճախ կախւած էր ընդհանուր գործի յաջողութիւնը: Այսպէս կարելի է թւարկել նաեւ այլ պատճառներ, բայց դրանք միայն ածանցեալ երեւոյթներ էին, որոնք գուցէ եւ արագացրել են պարտութիւնը, սակայն դրանցից եւ ոչ մէկը չէր կարող ապստամբութեան պարտութեան հիմնական պատճառը լինել:

Նախ, երբ խօսւում է Փետրւարեան համաժողովրդական ապստամբութեան մասին, միմեանցից պիտի տարանջատել երկու իրողութիւն.

1) բուն ապստամբութիւնը, որը տեղի ունեցաւ փետրւարի 17-ի, լոյս 18-ի գիշերը,

2) ՀՓԿ-ի՝ որպէս ազգային իշխանութեան ձեւաւորումով սկիզբ առած քառասնօրեայ գոյամարտերի շրջանը:

Փետրւարեան ապստամբութիւնն իր խնդիրը կատարել է: Նա տապալել է բոլշեւիկեան ատելի վարչակազմը, բանտերից ազատել է ստոյգ մահւան դատապարտւած հազարաւոր քաղբանտարկեալների եւ հնարաւորութիւն է տւել ձեւաւորելու ազգային իշխանութեան մարմիններ՝ ի դէմս ՀՓ հանրապետական եւ տեղական կոմիտէների: Պարտւել է երկրորդը: Իսկ ունէ՞ր չպարտւելու տարբերակ:

Կարծում ենք՝ ի սկզբանէ այս հարցի պատասխանը կանխորոշւած էր. «Ո՛չ, չուներ»: 1920-1921 թթ. Հայաստանի Հանրապետութեան շուրջ ձեւաւորւած աշխարհաքաղաքական իրավիճակում ՀՓԿ-ի ջանքերը չէին կարող ցանկալի արդիւնք տալ, եթէ նոյնիսկ չլինէին վերը նշւած եւ այլ բացթողումները: «Բոլշեւիկեան մուրճի եւ թիւրքական սալի միջեւ» գտնւող Հայաստանն այլեւս չէր կարող անկախ լինել: Սակայն բոլշեւիկեան Յեղկոմի վարած տհաս եւ ազգակործան քաղաքականութիւնը ժողովրդին այլ ելք չթողեց, քան այդ ապօրինի վարչակարգի դէմ ընդվզելը եւ կռւով իր պատիւը պաշտպանելն էր: Քառասնօրեայ գոյամարտերի ընթացքում երկու կողմերից զոհւեցին հազարաւոր մարդիկ, գերազանցապէս հայեր, բայց նաեւ ռուսներ: Մարդիկ, որոնք միմեանց հետ կիսելու ոչինչ չունէին: Այդ եղբայրասպան պատերազմին յանգեցնող որոշ քայլեր, մասնաւորապէս՝ հայ սպայութեան աքսորը, Հայյեղկոմին թելադրւել էր բոլշեւիկների մոսկովեան կենտրոնից եւ իրագործւել էր ըստ խորհրդային հասարակարգի կառուցման գէորգաթարբէկեանական եւ աւիսնուրիջանեանական կարճամիտ ըմբռնման: Աւելի քան քառասնօրեայ կռիւների ընթացքում երկուստեք զոհւածների արիւնը ծանրանում է յեղկոմականների չունեցած խղճին:

Փետրւարեան համաժողովրդական ապստամբութիւնը 20-րդ դարասկզբի հայոց ազգային-ազատագրական պայքարի ամենից հերոսական եւ միաժամանակ ամենից ողբերգական էջերից է: Հայոց ազատագրական պայքարի պատմութեան մէջ իր նշանակութեամբ այն կարող է համեմատւել Մայիսեան հերոսամարտերի հետ, մի տարբերութեամբ, որ եթէ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովուրդը բռունցքւել էր իր դարաւոր ոսոխի՝ թուրքի դէմ եւ գոյութեան պայքար էր մղում, ապա 1921 թ. նոյն ժողովուրդը յանուն արժանապատւութեան ըմբոստացել էր իր ծոցից դուրս եկած «բոլշեւիկ» կոչւող օտարի դէմ, որն իրականում փոքրամասնութիւն էր Հայաստանում, բայց պարտադրւել էր ռուսական սւինի օժանդակութեամբ՝ օգտւելով երկրի համար ստեղծւած խիստ անմխիթար վիճակից:

Փետրւարեան ապստամբութիւնը բոլշեւիզմի երեսին իջած մի շառաչուն ապտակ էր, որի ձայնը պիտի հնչի բոլոր ժամանակների՝ իշխանութեան մարմաջով տառապողների ականջներում, որպէսզի գիտակցեն, որ իշխանութիւնը միջոց է ժողովրդին ու հայրենիքին ծառայելու, այլ ոչ թէ յանուն սեփական իշխանութեան պահպանման ժողովրդին ստրկութեան դատապարտելու եւ հայրենիքը վաճառքի առարկայ դարձնելու համար:

Կարծում ենք՝ Փետրւարեան համաժողովրդական ապստամբութեան դասերն աւելի քան արդիական են նաեւ այսօր՝ հարիւր տարի անց:

 

Arfd.am

  

Յարակից լուրեր

  • Անկախութեան սաղմը
    Անկախութեան սաղմը

    1988 թ. փետրւարի 13-ից ԼՂԻՄ-ի շրջկենտրոններում եւ Ստեփանակերտ քաղաքում սկսւեցին զանգւածային ցոյցեր եւ հանրահաւաքներ՝ պահանջելով Արցախի միացումը մայրհայրենիքին: Ժողովրդի պոռթկմանը իրաւական լուծում տրւեց փետրւարի 20-ին: 1988 թ. փետրւարի 20-ին, ադրբեջանական ճնշումներին հակառակ, ԼՂԻՄ ժողովրդական պատգամաւորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը գումարւեց, որի արդիւնքում որոշում ընդունւեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապէս ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան ձգտումները եւ լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի առջեւ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»:

  • Խմբագրական. Գծուող եւ չգծուող զուգահեռներ (Փետրուարեան ապստամբութեան 101-ամեակին առիթով)
    Խմբագրական. Գծուող եւ չգծուող զուգահեռներ (Փետրուարեան ապստամբութեան 101-ամեակին առիթով)

    Ազատագրական շարժման պատմութեան կամ ընդհանրապէս մեր ժամանակակից պատմութեան շրջադարձային իրադարձութիւններու նշումի այժմէականացման փորձը օրինաչափ է հայ հրապարակագրութեան մէջ: Միշտ չէ, որ կարելի կ՛ըլլայ հարազատ աղերսներ գտնել պատմական եւ ժամանակակից իրադարձութիւններու խորհուրդներուն միջեւ:

  • Արցախի շարժման մոլուցքով
    Արցախի շարժման մոլուցքով

    34 տարի առաջ էր, այս օրերուն, Ստեփանակերտի մէջ, Արցախի հայութիւնը քայլարշաւներով եւ հաւաքներով պոռթկաց, պահանջելով դուրս գալ Ատրպէյճանի կազմէն եւ միանալ Մայր Հայաստանին։

  • Ազգայինի յաւերժական հրամայականով... Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով
    Ազգայինի յաւերժական հրամայականով... Փետրւարեան ապստամբութեան 100-ամեակի առիթով

    Հայութեան ու Հայաստանի պատմութեան անցքերի ու վճռորոշ դրւագների մասին մերօրեայ գիտահետազօտական փորձերն ու մեկնաբանութիւնները, ինչ խօսք՝ խիստ անհրաժեշտ են ու օգտաւէտ: Դա արդէն տարիներ ի վեր կիրառւել է Հայաստանի Հանրապետութեան ակադեմական-գիտական շրջանակների մակարդակում: 

  • Մեր օրերի իրականութիւնն ու Փետրւարեան ապստամբութեան արդիական գաղափարները
    Մեր օրերի իրականութիւնն ու Փետրւարեան ապստամբութեան արդիական գաղափարները

    Փետրւարեան ապստամբութիւնը բոլորեց իր 100 տարին:

    100 տարի առաջ այս օրը՝ 1921 թւականի փետրւարի 18-ին հայ ժողովուրդն ընդվզեց հայրենիքը զաւթած բոլշեւիկների դէմ, որոնց աշխարհայեացքը, իդէալներն ու գաղափարները որեւէ կապ չունէին հայրենիքի այդ օրերի իրականութեան, անցեալի, ներկայի եւ ապագայի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։