Հայաստանեան Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Վարդանանց զօրավարների եւ 1036 վկաների յիշատակութեան օրը:
«alikonline.ir» - Հայաստանեան Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Վարդանանց զօրավարների եւ 1036 վկաների յիշատակութեան օրը:
Ազգային եւ կրօնական ազատագրական պայքարի այդ ակտիւ մասնակիցները հետագայում իրենց պատւաւոր տեղը գտան Հայ Առաքելական Եկեղեցու տօնելի սրբերի ցանկում` ձեռքբերելով «հայրենիքի սուրբ նահատակներ» հաւաքական անունը, ովքեր յանուն հաւատքի կռւեցին պարսկական զօրքերի դէմ եւ նահատակւեցին:
451 թւականի մայիսին, Աւարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնէական հաւատի պահպանման համար նահատակւած Վարդանանց զօրավարներն ու 1036 մարտիրոսները Առաքելական Եկեղեցու մեծագոյն սրբերից դարձան: Իրենց նահատակութեամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիութեան իրաւունքը:
Հայաստանում քրիստոնէութիւն ընդունելուց ի վեր Հայ Եկեղեցին սերտօրէն կապւած է եղել հայրենիքի պաշտպանութեան գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զօրքերի դէմ մղւած պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին: Յովսէփ կաթողիկոսի եւ Ղեւոնդ Երէցի առաջնորդութեամբ: Մարտից առաջ հայ հոգեւորականները ոչ միայն քաջալերում էին զօրքին մակաբայեցիների օրինակով, այլեւ մկրտութեան եւ ս. պատարագի խորհրդով առաւել ամրապնդում էին նւիրեալների հաւատն ուոգին: «Եւ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաեւ աւազան, եւ եթէ զօրքի բազմութեան մէջ չմկրտւած մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. Եւ առաւօտեան Ս. հաղորդութիւն ընդունեցին»,- գրում է Եղիշէ պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարւածի մասին: Վարդանանց տօնին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում եւ հայկական բոլոր եկեղեցիներում մատուցւում է ս. պատարագ:
Վարդանանցը շատ սիրւած ժողովրդական տօն է: Մեզ յայտնի է, թէ ինչպէս են նշել այն հայկական տարբեր բնակավայրերում: Մեր ունեցած տեղեկութիւնները ցոյց են տալիս, թէ ժամանակին որքան էին կարեւորում այս տօնն ու նրա աւանդոյթները, մեծ սիրով զբաղւում նախապատրաստական, կազմակերպչական գործերով` ընդգրկելով թէ՛ երիտասարդ, թէ՛ տարիքով մարդկանց: Բաւականին լայն տարածում ունէր Աւարայրի ճակատամարտին նւիրւած ներակայացում կազմակերպելը, ինչպէս նաեւ Վարդան անունը կրող որեւէ գիւղացու տանը մատաղ անելու արարողութիւնը: