Հա

Գաղափարական

26/02/2022 - 13:15

Տեղի ունեցաւ ՀՅԴ մարտիկ Արցախեան նահատակ, աւագ լէյտենանտ Յակոբ Ռոստոմեանին նւիրւած «ՌՈՍՏ» ֆիլմի պրեմիերան

Փետրւարի 26-ին, «Մոսկւա» կինոթատրոնի դահլիճում տեղի ունեցաւ ՀՅԴ մարտիկ, 2020 թ․ Արցախեան ազատամարտի նահատակ, աւագ լէյտենանտ ՅԱԿՈԲ ՌՈՍՏՈՄԵԱՆԻՆ նւիրւած «ՌՈՍՏ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը համալրեց «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարը, որի ռեժիսորն է Սամուէլ Թադէոսեանը։

«alikonline.ir» - Փետրւարի 26-ին, «Մոսկւա» կինոթատրոնի դահլիճում տեղի ունեցաւ ՀՅԴ մարտիկ, 2020 թ․ Արցախեան ազատամարտի նահատակ, աւագ լէյտենանտ ՅԱԿՈԲ ՌՈՍՏՈՄԵԱՆԻՆ նւիրւած «ՌՈՍՏ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը համալրեց «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարը, որի ռեժիսորն է Սամուէլ Թադէոսեանը։

Յակոբ Ռոստոմեանը քաջարի մարդու տեսակ էր, որը մեծացել էր հայրենասիւն ընտանիքում, հայրենատէր կուսակիցների մէջ եւ չէր կարող ուրիշ կերպ լինել: Նա փառքի ճամփեն բռնեց 2020 թ. հոկտեմբերի 6-ին, գնաց` թողնելով սերունդ ասաց գրականագէտ Սերժ Սրապիոնեանը ֆիլմի պրեմիերայի ժամանակ:

Խօսելով ֆիլմի մասին՝ Սրապիոնեանն ասաց, որ Սամուէլ Թադէոսեանի ստեղծածը տարեգրութիւն է մեր հերոսացումների, ուղղւած այն պատմական կեղծարարների դէմ, որոնք վաղը կեղծելու են եւ այսօր էլ կեղծում են մեր պատմութիւնը: Գրականագէտը շեշտեց՝ այսօր հնարաւոր բոլոր ձեւերով մեր ուղեղից եւ ներսից քերում են հայի հերոսականութեան գաղափարը:

«Իմ հպարտութիւնն եմ յայտնում, որ Ռոստոմեան զինւորը ՀՅԴ անդամ էր: Դաշնակցութիւնը հիրաւի միայն նւիրեալներ է դաստիարակում: Ինքս դաշնակցական չեմ եւ այդ մասին մի քանի անգամ շեշտել եմ, բայց դա հպարտանալու բան չէ: Դաշնակցական լինելու համար պիտի քո ներսի նւիրումը մի քիչ աւելի շատ լինի: Պատահական չէ նաեւ այն, որ այս կուսակցութիւնից զինւորագրւած զինւորները ամենաշատը կորուստ տւեցին»,- ընդգծեց Սրապիոնեանը:

Ֆիլմի պրեմիերային ելոյթ ունեցաւ Տաւուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տէր Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը։ Սրբազանը, մինչ խօսքն ասելը, զոհւած տղաների հոգու խաղաղութեան աղօթք արեց, ապա, մէջբերելով Վահան Տէրեանի խօսքերը, շեշտեց՝ որպէս փիւնիկ կրակից, մենք նորից վեր ենք հառնելու այն մտածումով, ապրումով, զգացումով, որ մեր բոլոր նահատակներին պարտք ունենք վերադարձնելու եւ հայրենիք ունենք վերականգնելու:

«Այս բոլորի դիմաց ուրիշ արժէք, մտածում, միջոց, այլ տարբերակներ գոյութիւն չունեն մեր կեանքում: Եթէ խօսում ենք այս պահին մեր սիրելի հերոսի եւ մեր բոլոր նահատակ զաւակների մասին, ապա մէկ երդում եւ ուխտ ունենք իրենց առջեւ՝ հայրենիք վերականգնելու ուխտը: Ինքնախաբէութեամբ պէտք չէ զբաղւել, մեր քնելը եւ արթնանալը պէտք է լինի մեր տունը վերականգնելը: Մեր տղաներն իրենց կեանքի գնով վկայել են այդ ճշմարտութեան մասին»,- շեշտեց Բագրատ Սրբազանը:

Մենք պէտք է պատերազմի բոլոր հերոսներին փառաբանենք եւ մեր ոգեւորութիւնը փոխանցենք ժողովրդին, որովհետեւ հիմա շատ կարեւոր է հոգեւոր դաստիարակութիւնը՝ ոտքի կանգնելու համար. ասաց «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի ռեժիսոր Սամուէլ Թադէոսեանը՝ խօսելով այս շարքի մէջ տեղ գտած` ՀՅԴ մարտիկ, 2020 թ․ Արցախեան ազատամարտի նահատակ, աւագ լէյտենանտ Յակոբ Ռոստոմեանին նւիրւած «ՌՈՍՏ» ֆիլմի մասին:

«ՌՈՍՏ»-ը «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի 30-րդ ֆիլմն է: Սամուէլ Թադէոսեանը շեշտում է՝ Յակոբ Ռոստոմեանը նւիրեալ մարտիկ է եղել, միայն հինգ տարի Մարտակերտի դիրքերում է ծառայել, իսկ պատերազմը սկսւելուն պէս վերադարձել է ճակատ:

«Երբ ծառայութիւնն աւարտեց ու վերադարձաւ, սկսւեց 2020թ. սեպտեմբերեան պատերազմը, նա թողեց ամէն ինչ եւ կրկին մեկնեց ճակատ ու հերոսաբար նահատակւեց: Ես կարծում եմ, որ Ռոստին նւիրւած այս ֆիլմն իր խորհուրդն ունի եւ իր ճանապարհը պիտի անցնի, որովհետեւ մենք այստեղ հանդիպեցինք բացառիկ մի սխրանքի, որն ուղղակի դիմահար գնդացիրով նոյնիսկ օդում թռչող «Բայրաքթար»-ին է վայր գցում»,- մեկնաբանեց ռեժիսորը:

Յակոբ Ռոստոմեանի հայրը` ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէութեան անդամ Արա Ռոստոմեանը, լրագրողների հետ զրոյցում ֆիլմի մասին իր տպաւորութիւնները ներկայացրեց: Ասաց՝ տպաւորւած է, հուզմունքը շատ մեծ է:

«Երբ նշանակւեց ֆիլմի պրեմիերայի օրը, այդ օրւանից սկսած եւ այս վերջին մի քանի օրը, երբ ցուցադրւում էին տեսահոլովակները, ապրումներս վերապրեցի: Ես չեմ կարող ասել՝ հիմա եմ աւելի շատ հուզւած, թէ այն օրերին, որովհետեւ նոյն զգացումներն ապրեցի: Ֆիլմը, կարծում եմ, լաւի կը լինի, որովհետեւ բոլոր նիւթերի հաւաքագրմանը անձամբ մասնակցել եմ, Արցախ այցելութեան ժամանակ ինքս եմ այնտեղից հարցազրոյցներ, տեսանկարահանումներ արել»,- ասաց հերոսի հայրը ֆիլմի պրեմիերայից առաջ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։