30 տարի առաջ՝ մայիսի 8-ի գիշերը, ժամը 2:30-ին, տրւեց յարձակման հրամանը, եւ չորս ուղղութիւններով սկսւեց բերդաքաղաք Շուշիի ազատագրումը:
30 տարի առաջ՝ մայիսի 8-ի գիշերը, ժամը 2:30-ին, տրւեց յարձակման հրամանը, եւ չորս ուղղութիւններով սկսւեց բերդաքաղաք Շուշիի ազատագրումը:
«Հարսանիք լեռներում» անւանումը ստացած Շուշիի ազատագրումը եզակի ռազմական գործողութիւն էր։
Անառիկ համարւող քաղաքը չորս կողմից շրջապատւած էր սարերով, Շուշին պաշտպանում էր լաւ զինւած ադրբեջանական կայազօրը՝ մօտ 2500 զինւոր ու սպայով։
Քաղաքի ազատագրումը սկսւեց մօտ երեք հազար հայ զինւորով։ Ռազմական պրակտիկայում ուժերի այդպիսի համադրութիւնն անհեթեթութիւն էր, քանի որ նման դէպքերում յարձակւող կողմի անձնակազմն առնւազն երեք անգամ պէտք է գերազանցի պաշտպանւող կողմին։ Պէտք է նշել նաեւ, որ հայկական կողմը որակեալ ու ժամանակակից զէնքի պակաս ունէր։
Գործողութեան հրամանատարի` լեգենդար Արկադի Տէր-Թադէոսեանի յիշողութիւններով` նախատեսւում էր քաղաք մտնել մայիսի 5-ին, սակայն այդ օրը առատ ձիւն էր տեղացել։ Եղանակային անոմալիան ստիպեց հայկական հրամանատարութեանը՝ գործողութիւնն իրականացնել մայիսի 8-ին։
«Եթէ այս մարտիկները սովորական զօրքերի կազմում լինէին, ես եւ միւս հրամանատարները նրանց պիտի ստիպելով տանէինք գրոհի: Բայց ես այնպիսի ուժերի հրամանատար էի, որ ենթարկւում էի մարտիկների կամքին, որովհետեւ նրա՛նք էին պահանջում գնալ խելայեղ գրոհի, գնալ անհնար թւացող ազատագրման: Ես երբեք չեմ մոռանայ Խոջալուի ազատագրման յաջորդ առաւօտը, երբ երիտասարդ մարտիկը, որին բոլորս Ճուտ էինք կոչում, քարտէզը փռեց դիմացս ու հրամայաբար հարցրեց. «Հրամանատար, ե՞րբ ենք գրոհելու Շուշին»: Շուշին այդպէս ազատագրւեց:
Գործում էր Նապոլէոնի հանրայայտ դրոյթը՝ բարձր մարտական ոգին եռապատկում ու քառապատկում է եղած ուժերը: Շուշիի ազատագրումը դրա դասական արտայայտութիւնն էր, երբ ոգու արիութիւնը փոխհատուցեց ուժերի ու միջոցների մեծ պակասը»,- պատմում է գեներալ-մայոր Արկադի Տէր-Թադէոսեանը:
Առանձնայատուկ նշանակութիւն է ունեցել 1992 թւականի յունւարի 25-26-ը Քարինտակի ինքնապաշտպանութիւնը, երբ փոքրաթիւ հայկական զինուժին յաջողւել է յետ մղել ադրբեջանական բազմաքանակ ուժերի յարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի աւելի քան 8 տասնեակ զինւորի։
Այդ յարձակումից յետոյ շարունակւել են Ստեփանակերտի ու շրջակայ հայկական բնակավայրերի հրթիռահրետակոծութիւնները։ Մէկ շաբաթւայ ընթացքում Շուշիից ադրբեջանական զինուժը արձակւել է շուրջ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիւ, ինչի հետեւանքով զոհւել են 20 խաղաղ բնակիչ։ 1992 թւականի ապրիլի 27-ի դրութեամբ Շուշիում, որտեղից դուրս էր բերւել ամբողջ խաղաղ բնակչութիւնը, կենտրոնացւել էր մեծ քանակութեամբ ռազմական տեխնիկա եւ զինամթերք։
Ռազմաճակատի ընդհանուր գիծը մօտաւորապէս 40 կիլոմետր էր եւ ընդգրկում էր չորս հարւածային ուղղութիւն։ Հիւսիսային ուղղութեան հրամանատար նշանակւեց Վալերի Չիթչեանը, Շոշի ուղղութեան հրամանատար՝ Արկադի Կարապետեանը, Հարաւային (Բերձորի) ուղղութեան՝ Սամուէլ Բաբայեանը, Ջանհասան-Քեոսալար ուղղութեան հրամանատար՝ Սէյրան Օհանեանը։
Շուրջ 300 զինւորից կազմւած պահեստային ստորաբաժանման հրամանատար էր նշանակւել Իւրա Յովհաննիսեանը:
Շուշիի ռազմական գործողութեան փայլուն աւարտը, մանաւանդ կորուստների եւ տեւողութեան նւազագոյն չափը, որ յարուցել է ռազմարւեստի մասնագէտների հիացումը, առաջին հերթին հայ մարտիկների խիզախութեան, գրոհի լաւ կազմակերպման արդիւնքն էր:
Yerkir.am