Հա

Գաղափարական

16/08/2022 - 13:00

Այսօր Վահան Յովհաննիսեանը կը դառնար 66 տարեկան

1989 թւականից Վահան Յովհաննիսեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ էր: Հայրենիքում կուսակցութեան պաշտօնական վերահաստատումից յետոյ 1990 թւականին ընտրւել է Դաշնակցութեան առաջին Կենտրոնական կոմիտէի անդամ եւ գործուղւել Արցախ, ուր մասնակցել է ինքնապաշտպանութեան կազմակերպմանն ու իրականացմանը, եւ որտեղ վերջապէս պէտք եկան 5-րդ գրոհային բանակի զինւորական հրաձգարաններում ձեռք բերւած գիտելիքները:

«…Ո՛չ Ղարաբաղեան շարժման սկզբում, ո՛չ Սպիտակի երկրաշարժի սարսափելի օրերին, ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ մութ ու ցուրտ, սովի 90-ականներին, ո՛չ, առաւել եւս, 2000-ականների սկզբին մենք չէինք կարող պատկերացնել, որ, որպէս ազգ ու երկիր, կարող ենք յայտնւել այն կեղտի մէջ, որում այսօր ենք: Հասկանալ իրադրութիւնը մեզ կօգնի ոչ միայն այսօրւայ իրավիճակի` որպէս մեր քաղաքական պատմութեան առանձին փուլի, վերլուծութիւնը (մեր լրատւամիջոցներում այդ թեմայով նիւթերի պակասութիւն չկայ), այլ նաեւ մեզ այսօրւայ աննախանձելի վիճակին հասցրած իրադարձութիւնների շղթայի սթափ ուսումնասիրութիւնը…». Վահան Յովհաննիսեանի՝ տարիներ առաջ ասւած այս խօսքերը գրեթէ ոսկերչական ճշգրտութեամբ բնորոշում են Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների եւ համայն հայութեան այսօրեական վիճակը:

Օգոստոսի 16-ին լրանում է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, մտաւորական, պատմաբան, քաղաքական գործիչ Վահան Յովհաննիսեանի ծննդեան 66-ամեակը:

1973 թ. Երեւանի թիւ 55 դպրոցը աւարտելուց յետոյ, կիսատ թողնելով ուսումը Վ. Բրիւսովի անւան ինստիտուտում, Վահան Յովհաննիսեանը մեկնեց Մոսկւա եւ 1978 թւականին այնտեղ աւարտեց Մոսկւայի պետական մանկավարժական համալսարանը: Աւարտելուց յետոյ նշանակւեց աշխատանքի Հարաւային Սիբիրում գտնւող Երոֆէյ Պաւլովիչ անունով մի քաղաք: Բայց Վահան Յովհաննիսեանը գերադասեց վերադառնալ հայրենիք եւ աշխատել գիւղում որպէս ուսուցիչ: Նա պատրաստ էր դասաւանդել ամէն ինչ` պատմութիւն, գրականութիւն, ռուսերէն, գերմաներէն: Սակայն, հայրենիքը, ի դէմս այն ժամանակւայ կրթութեան նախարարութեան, անյարմար զգալով ուղիղ մերժել վտարանդու որդուն, պատասխանեց, որ նա ՌՍԴՀ կադր է եւ պէտք է աշխատի հէնց Ռուսաստանում:

1989 թւականից Վահան Յովհաննիսեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ էր: Հայրենիքում կուսակցութեան պաշտօնական վերահաստատումից յետոյ 1990 թւականին ընտրւել է Դաշնակցութեան առաջին Կենտրոնական կոմիտէի անդամ եւ գործուղւել Արցախ, ուր մասնակցել է ինքնապաշտպանութեան կազմակերպմանն ու իրականացմանը, եւ որտեղ վերջապէս պէտք եկան 5-րդ գրոհային բանակի զինւորական հրաձգարաններում ձեռք բերւած գիտելիքները:

1992 թւականին Վ. Յովհաննիսեանն ընտրւեց ՀՅԴ Բիւրոյի անդամ պարտականութիւնների մօտաւորապէս նոյն շրջանակով: Սակայն քաղաքական մթնոլորտը Հայաստանում շիկանում էր ՀՀՇ-ական իշխանութիւնների ամէն մի ապաշնորհ սայթաքումի հետեւանքով, եւ Ղարաբաղեան հարցից զատ Դաշնակցութեան առջեւ կանգնում էին նորանոր խնդիրներ:

Կուսակցութիւնը միւս ընդդիմադիր ուժերի հետ միասին հաստատուն քայլերով գնում էր դէպի յաղթանակ 1995 թւականի խորհրդարանական ընտրութիւններում: Դրանից խուսափելու նպատակով իշխանութիւնները մի շարք կեղծ քաղաքական գործեր մոգոնեցին` քրէական երանգներով, մեղադրեցին Դաշնակցութեանը բոլոր տեսակի մահացու մեղքերի մէջ եւ բանտարկեցին կուսակցութեան շատ ղեկավարների:

Գտնւելով կալանքի տակ` Վ. Յովհաննիսեանը 1997 թւականին հեռակայ կերպով ընտրւեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ: 1999 թւականից մինչ կեանքի աւարտը՝ 2014 թւականի դեկտեմբերի 28-ը, ՀՅԴ Բիւրոյի անդամ էր:

Ստորեւ առաջարկում ենք ընթերցել Վահան Յովհաննիսեանի` միշտ այժմեական յօդւածներից մէկը` «Վրէժխնդրութեամբ, առհասարակ, պետութիւն չես կառուցի»։

«Ֆիզիկապէս բանտը խլեց իմ կեանքից համարեա երեք տարի: Խլեց երեխաներիս հասունացման կարեւորագոյն ժամանակաշրջանում նրանց կողքին լինելու հնարաւորութիւնը: Եւ շատ ուրիշ հնարաւորութիւններ, որոնցից մի մասն այլեւս չես վերադարձնի: Առաջացան նաեւ որոշակի առողջական պրոբլեմներ, բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ: Բայց բանտը ոչ միայն ինձնից խլեց, ոչ միայն ընկերներիցս: Խլեց նաեւ ժողովրդից. արժանապատւութեան ու սեփական ուժերին ապաւինելու յոյսը խլեց: Շատերն այդ պահին վախեցան: Կուսակցութեան մասին չէ խօսքս` կուսակցութիւնը դիմացաւ: Խօսքս հասարակութեան այն շերտերի մասին է, որոնք քաղաքական առումով ձգտումներ ու իղձեր ունէին՝ նրանք մի կողմ քաշւեցին: Մեր ձերբակալումից յետոյ ու բանտարկութեան տարիներին, նոյնիսկ, արտագաղթի տեսակը փոխւեց, վերածւեց քաղաքականի: Շատերին թեւաթափ արեց այն միտքը, որ մեր երկրում որեւէ բան փոխել չի լինի: Տնտեսական հիասթափութեան դէպքում մարդը ժամանակ յետոյ ընդունակ է վերականգնել հաւատը, իսկ քաղաքական հիասթափութեան պատճառով գնացածները շատ հազւադէպ են վերադառնում երկիր:

Այնուամենայնիւ ես իմ երեք տարւայ մենութիւնը միանշանակ կորուստ չեմ համարում: Ձեռքբերումներ էլ եղան. օրինակ, ծխելը թողեցի: Անգլերէն լեզւին տիրապետեցի: Սկզբնական շրջանում գրքեր չէին տալիս, յետոյ կամաց-կամաց ահագին գրականութիւն կարդացի… Բանտը նաեւ մտածելու ժամանակ է տալիս: Արած-չարածներդ վերանայելու հնարաւորութիւն: Առհասարակ բանտում իրեն շատ վատ է զգում այն մարդը, որի համար հասարակական կեանքից բացի ուրիշ բան չկայ:

Հիասթափութեան պահեր լինում էին, բայց ոչ այն պատճառով, որ իբր սխալւել ես: Եթէ կային սխալներ, դրանք մարտավարական էին, բայց ռազմավարութիւնը, հօ, գիտէի, որ ճիշտ էր: Ու գիտեմ, որ իմ մէջ ոչինչ չի փոխւել: Պարզապէս քայլերս եմ վերանայել, որպէսզի հասկանամ՝ որ պահին եմ վրիպել: Պատժի գաղափարը պարտադիր չէ, որ մեղքի հետեւանք լինի, ճիշտ լինելու դէպքում էլ կարող ես պատժւել, եթէ սխալ ես քայլել: Յամենայն դէպս, բանտարկւած ժամանակ երբեք չեմ մտածել. վայ, էս ինչ արեցի, ինչու մտայ այս խաղերի մէջ, էլ չեմ անի…

Ոչ էլ հակառակն եմ մտածել. հիմա դուրս կը գամ ու դրանց աչքերը կը հանեմ: Վրէժխնդրութեան պահանջ երբեք չեմ ունեցել ու հիմա էլ չունեմ: Այս ռեժիմի ու դրա ղեկավարների նկատմամբ պարզապէս գարշանք եմ զգում: Իսկ վրէժխնդրութեամբ, առհասարակ, պետութիւն չես կառուցի. վենդետան իր յետեւից վենդետա է բերում, եւ այդպէս շարունակ…

Ի վերջոյ, Տէր-Պետրոսեանի դէմ շարժումը յաղթեց: Ուրիշ բան է, որ անմիջապէս իր նկատմամբ պէտք է արւէին որոշակի քայլեր. գահընկեցութիւնից յետոյ սահմանադրական ժողովը պէտք է որոշէր նրա քաղաքական նոր կարգավիճակը, որից յետոյ արդէն ձեւաւորւած լեգիտիմ իշխանութիւնը քննութիւն անցկացներ: Դա մեր խնդիրը չէր: Մենք տեսնում էինք երկիրը թալանչիներից, ապազգային տարրերից ազատագրելու նպատակը, որն, ի դէպ, բոլորովին չէր ենթադրում իշխանութեան գալու պարտադիր պայման: Այդ ժամանակ կային, յիշում եմ, հնգեակներ, վեցեակների բլոկներ, հանրապետականները սկզբից մեզ հետ էին, յետոյ Լեւոնի հետ ինչ-որ ձեւով լեզու գտան, Վազգէն Մանուկեանը նշանակւեց պաշտպանութեան նախարար…

Մի խօսքով Լեւոնին յաջողւեց քայքայել ընդդիմադիր միասնութիւնը՝ մէկին կաշառեց, մէկին համոզեց, իսկ մեզ՝ քանի որ ոչ կաշառել էր կարելի, ոչ էլ համոզել, փորձեց ջարդել: Բայց ի՞նչ շահեց. մեզ չջարդեց, իսկ ինքը պարտւեց»:

 

Arfd.am

 

Յարակից լուրեր

  • «Նրա կարիքը շատ ենք զգում քաղաքական դաշտում». Երէկ՝ Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն էր
    «Նրա կարիքը շատ ենք զգում քաղաքական դաշտում». Երէկ՝ Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն էր

    Երեւանի քաղաքային պանթէոնը երէկ սովորականից մարդաշատ էր՝ Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն էր. մարդ-գիտնական, մարդ-քաղաքական գործիչ։ Այստեղ էին նրա կուսակցական ընկերներն ու հարազատները։ Մի առիթով անկեղծօրէն խոստովանել է, որ գիտութիւնն է եղել իր ուղին, սակայն երբ 1988թ.-ին Հայաստանը յայտնւում է ծանրագոյն եւ վճռորոշ իրավիճակի առջեւ, որոշում է, որ պէտք է մտնի ՀՅԴ-ի շարքերը՝ գիտակցումով, որ Հայրենիքին ծառայելու ճշգրիտ ճանապարհը ՀՅԴ-ի միջոցով է։

  • «Աստւած եթէ մեզ հետ չէ, ապա ո՞ւմ հետ է». այսօր Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է
    «Աստւած եթէ մեզ հետ չէ, ապա ո՞ւմ հետ է». այսօր Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է

    Այսօր ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, մտաւորական, պատմաբան, քաղաքական գործիչ ընկեր Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է: Վահան Յովհաննիսեանը կեանքից հեռացավ 2014 թւականի դեկտեմբերի 28-ին:

  • Ընկեր Վահանին յիշելիս... Օգոստոսի 16-ին Վահան Յովհաննիսեանը կը դառնար 65 տարեկան
    Ընկեր Վահանին յիշելիս... Օգոստոսի 16-ին Վահան Յովհաննիսեանը կը դառնար 65 տարեկան

    Այսօր լրանում է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, մտաւորական, պատմաբան, քաղաքական գործիչ ընկեր Վահան Յովհաննիսեանի ծննդեան 65-ամեակը...

  • Այսօր Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է
    Այսօր Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է

    Դեկտեմբերի 28-ը ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է: 2014 թւականի այս օրը կեանքից հեռացաւ հայ ժամանակակից քաղաքական մտքի գագաթներից մէկը:

  • Վահան Յովհաննիսեանի կեանքի վէպը
    Վահան Յովհաննիսեանի կեանքի վէպը

    Երբ ամէն անգամ տարին եւ մէկ պտոյտ է կատարում, օգոստոսի 16-ին, ես յիշում եմ 96 թւականի նոյն այս օրը: Այդ օրը լրանում էր Վահան Յովհաննիսեանի 40-ամեակը եւ այդ առթիւ, նախագահական ընդդիմադիր թեկնածուները այցելեցին դատարան՝ նախագահի թեկնածու Վահան Յովհաննիսեանի տարեդարձը շնորհաւորելու: Փաստօրէն ընդդիմադիր դաշինք կազմած թեկնածուների եւ նրանց ներկայացնող քաղաքական ուժերի առաջին հրապարակային գործողութիւնն էր սա՝ մի քիչ արտառոց, մի քիչ համարձակ եւ անկասկած խորքում իշխանութեան դէմ մարտահրաւէր պարունակող:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։