Հա

Գաղափարական

25/05/2023 - 11:50

Իրանահայութեան դերը՝ Մայիսեան յաղթանակներում. 1918 թ. Մայիսեան հերոսամարտերի 105-ամեակի առիթով (Բ մաս)

1917 թ.-ին Սալմաստից ռուսների հեռանալուց յետոյ, համաթուրանական իղձեր փայփայող որոշ տարրեր, յանձինս Սալմաստի (թրքօֆիլ) նահանգապետի, գաղտնի բանակցութեան մէջ են մտնում աշիրէթապետ Սմկոյի հետ: Բոլոր միջոցներն ի գործ են դնում նրան սիրաշահելու եւ հանելու քրիստոնեաների դէմ: Բանակցութեան ընթացքում որոշւում եւ ծրագրւում է՝ դաւադրօրէն ասորի Ջելօների պարագլուխ Մարշիմոնի սպանութիւնը Քեօհնաշահր գիւղում, որից յետոյ պիտի հեշտանար նաեւ քրիստոնեայ ժողովրդի հաշւեյարդարը:

(Շարունակութիւն մայիսի 18-ի համարից)

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

 

1917 թ.-ին Սալմաստից ռուսների հեռանալուց յետոյ, համաթուրանական իղձեր փայփայող որոշ տարրեր, յանձինս Սալմաստի (թրքօֆիլ) նահանգապետի, գաղտնի բանակցութեան մէջ են մտնում աշիրէթապետ Սմկոյի հետ: Բոլոր միջոցներն ի գործ են դնում նրան սիրաշահելու եւ հանելու քրիստոնեաների դէմ: Բանակցութեան ընթացքում որոշւում եւ ծրագրւում է՝ դաւադրօրէն ասորի Ջելօների պարագլուխ Մարշիմոնի սպանութիւնը Քեօհնաշահր գիւղում, որից յետոյ պիտի հեշտանար նաեւ քրիստոնեայ ժողովրդի հաշւեյարդարը: «Սմկօն՝ քրիստոնեաներին կոտորելու, կողոպտելու եւ մեծ հարստութիւն ձեռք բերելու լաւագոյն հեռանկարով ոգեւորւած՝ սիրայօժար իր վրայ է վերցնում այդ եւ նման այլ պարտականութիւններ ... այնուհետեւ առերեւոյթ իրեն ցուցադրում է որպէս՝ հակառակորդ եւ թշնամի կառավարութեան, ինչպէսեւ տեղական թուրք ժողովրդի»23): Մինչդեռ ըստ Խոյի գործակալի. «Նոյն Սմկօն, բազմիցս համագործակցել է թէ՛ ռուսների եւ թէ՛ օսմանցիների հետ, ինչպէս իր հակահայ եւ հակաասորական դաւադրութիւններում, այնպէս էլ Կոթուրը գրաւելու յետին նպատակը իրագործելու համար»24):

Մարշիմոնը խրախուսւած դաշնակից ուժերի՝ քուրդ-ասորական համատեղ ուժերի ստեղծման գաղափարով, դեռեւս 1917 թւականին առաջին անգամ, բանակցութեան էր նստել Սմկոյի հետ: Երկրորդ անգամ սակայն, Մարշիմոնը բանակցութեան է հրաւիրւում Սմկոյի կողմից, որի առնչութեամբ մեծ յոյսեր էր փայփայում՝ դաշնակիցների ցանկութիւնը իրականացնելու մտադրութեամբ25):

Այդ դաւադիր հանդիպմանն էլ Սմկօն հաշւեյարդար է տեսնում Մարշիմոնի եւ նրան ուղեկցողների հետ:

«Ըստ որոշ տւեալների,- գրում է պարսիկ հետազօտող Ռ. Դեհղանին,- Մարշիմոնի սպանութիւնը կատարւել է Օսմանական իշխանութեան ուղղակի հրահանգով, քանզի ասորի առաջնորդի զինեալները նախկինում բազմիցս կռւել են օսմանական բանակայինների դէմ»26):

Սմկոյի եւ օսմանցիների սերտ գործակցութեան մասին խօսուն փաստաթղթեր գոյութիւն ունեն, որոնք նաեւ ապացուցում են օսմանցիների հրահանգով Մարշիմոնի սպանութիւնը: Այսպէս՝ Ատրպատականի նահանգապետ Մեհդի Ղուլի խանը եւ կառավարիչ Մորթեզա Ղուլի Էղբալ օլ Սալթանէն ժամանակի նախարարապետներ (վարչապետ) Վոսուղ օլ Դովլէին եւ Սէյէդ Զիաէդդին Թաբաթաբայիին ուղարկած հեռագրերում տեղեկացրել են, որ. «Օսմանցիները Իսմայիլ աղային (Սմկօ) զինուժ, 500 զինւոր եւ երկու թնդանօթ են ուղարկել...»27): Ս. Զ. Թաբաթաբային իր հերթին հրահանգելով արտգործնախարարութեան, վերջնիս միջոցով կարգադրում է, որ Ստամբուլում Իրանի դեսպանը բողոքի նոտա յղի Օսմանական կառավարութեանը28): Օսմանական կառավարութեան պաշտօնատարները սակայն, «տեղեկացրեցին Իրանին, որ չեն հովանաւորում Իսմայիլ Աղա Սմկոյին եւ նրա հետ հակադրութեան մէջ են, քանզի նա միտում է Քրդստանի անկախութեանը»29):

Մարշիմոնի եւ 80 ընտիրների դաւադիր սպանութիւնից յետոյ մեծ զայրոյթ է առաջանում ասորի ժողովրդի յատկապէս Ջելօների30) մէջ, որի արդիւնքում վերջիններս վրէժխնդրական ոգով՝ սկսում են Ուրմիա քաղաքում եւ շրջաններում կոտորել քրդերին եւ պարսիկներին: Նոյն շրջանի հայ ղեկավարները դեմոկրատների ծրագրերին ու յետին նպատակներին քաջածանօթ լինելով հանդերձ, միջնորդի դեր են ստանձնում գազազած Ջելօներին հանդարտեցնելու եւ բոլոր կարելի միջոցները գործադրում են, իրանցի թուրքախօս հարեւան ժողովրդին պաշտպանելու համար: 500-ով, նոյնիսկ 1000-ով մարդկանց, ընտանիքների տեղաւորում են հայկական գիւղերում, իրենց յարկի տակ, հոգալով նրանց անհրաժեշտ պարէնը... բայց հետագային, երբ առիթը ներկայանում է, այդ նոյն պաշտպանւածները անխնայ կոտորում են հայերին..., քանի որ այդ էր պահանջում համաթուրանականների կարգախօսը31): Նման կարգախօսերի իրականացման գործում մեծ ջանքեր է ի գործ դրել թուրքական բանակի Թաւրիզի հրամանատար Միւնիր Բէյը, ով աշխատում էր պատերազմին տալ կրօնական բնոյթ (Ջիհադ) եւ գրգռել Պարսկաստանի բնիկ մահմեդականներին՝ քրիստոնեաների դէմ, ջարդեր կազմակերպելու համար32):

Ինչպէս արդէն նշւել է՝ 1918 թ. թուրքական բանակը գրոհում է Կովկասը, որի աջ թեւը մտնում է Հիւսիս.-արեւմտ. Պարսկաստան՝ Ալի Իհսան Փաշայի հրամանատարութեամբ: Միաժամանակ Անդրանիկի զօրագունդը Դարալագեազից բազմահազար գաղթականութեան հետ 5000 կռւողներով Նախիջեւան-Ջուլֆայից անցնում է դէպի Խոյ, նպատակ ունենալով անցնել Սալմաստի եւ Ուրմիոյ շրջանները, ապա՝ հարաւում միանալ անգլիական ուժերին: Բայց Խոյ քաղաքի շրջակայքում թուրք բանակի դիմադրութեանը հանդիպելով` Անդրանիկը նահանջեց դէպի Նախիջեւան եւ այնտեղից էլ, 1918 թ.-ի յուլիսին անցաւ Զանգեզուր: «.... Որոշեցի անցնել Պարսկաստանի սահմանները,- վկայաբերում է զօրավար Անդրանիկը իր իսկ նամակում,- միանալու անգլիացիներին, որով միայն հնար կը լինէր փրկել տաճկահայութեան մնացորդները: Այս մասին յայտնեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսին Երեւանում եւ հայկական զինւած ուժերին ... Չունենալով ճիշտ տեղեկութիւններ դաշնակից ուժերի մասին Պարսկաստանում, ես որոշեցի անցնել Խոյի վրայով Սալմաստ, ուր ըստ իմ տեղեկութեան կային ասորական երկու բատալիոն, չորս բատալիոն էլ Խոյում, հայ զինւած ուժեր եւս, որոնցից հնար կը լինէր կազմել պատկառելի ուժ՝ ապա գալ յառաջխաղացութեան համար: Սէյդավարից 10 վերստ հեռու Էւոզլույում մնացի 2 օր, ընդհարւեցի առաջին անգամ տաճկական զօրքի հետ, ջարդեցի եւ բռնեցի երկու թնդանօթ եւ երեք պուլիմիոտ: Գիշերը Սէյդավար հասնելով, մենք գտանք 12 հայեր, որոնք յայտնեցին նախ հայկական կոտորածների մասին իրենց գիւղում տաճիկների ձեռքով եւ ապա Սալմաստի նահանջի մասին: Դրութիւնը լրջանում էր, այդ հանգամանքը ունեցաւ իր հսկայ նշանակութիւնը իմ զօրաբանակի յառաջխաղացման խնդրում. առաւօտեան ունեցանք կռիւ տաճկաց հետ, սկզբում յաղթեցինք, գրաւեցինք քաղաքի (Խոյի) կէսը, բայց երեկոյեան նահանջեցինք, տեղի տալով տաճկական օգնական մեծ ուժերի առաջ, թողնելով 70 սպանւած եւ նոյնքան անյայտ կորած...»33):

Վանի գաղթականութիւնը Սալմաստ հասնելուց յետոյ, Օսմանական բանակը եւս հասաւ Սալմաստ, ուր հայ եւ ասորական զինւորական ուժերը ամիսներ շարունակ հերոսական դիմադրութիւն ցոյց տւին, մինչեւ որ Սալմաստում հաւաքւած հայ եւ ասորի գաղթականութիւնը բռնեց Ուրմիի ճանապարհը՝ Ղուշչի գեադուկով: Օսմանական բանակը, սակայն, հետապնդում էր գաղթող ժողովրդին, որ արդէն հասել էր Ուրմի քաղաքը, ուր դարձեալ հայ-ասորական միացեալ զօրամասերը ուժեղ դիմադրութիւն են ցոյց տալիս տաճիկներին: Ուրմիում եւ Սալմաստում հաւաքւած ասորիների, հայերի եւ Վանի Ջուլամերիկ գաւառի ասորիների (Մարշիմոնի ժողովուրդը, որ յայտնի էր Ջելօ կոչումով) ընդհանուր թիւը հասնում էր 65-70.000-ի: Սալմաստում եւ Ուրմիայում, իբրեւ հայութեան ղեկավարներ կային զոյգ շրջաններում գտնւող ազգային եւ զինւորական գործիչներ եւ Վանից եկած հայկական կառավարութեան անդամներ: Հայ եւ ասորի միացեալ զօրամասերը երկար ժամանակ դիմադրում են Օսմանական կանոնաւոր զօրաբանակներին եւ ի վերջոյ ստիպւած են լինում նահանջել Ուրմիից՝ 1918 թւականի յուլիսի 31-ի գիշերը: Հայ եւ ասորի մօտ 65-70.000 ժողովուրդ բռնում է նահանջի նոր ճանապարհը՝ նպատակ ունենալով հասնել Համադան եւ ապա Քերմանշահից անցնելով՝ գնալ դէպի Բաղդադ, որը արդէն գրաււած էր անգլիացիների կողմից34): Այստեղ կարեւորութեամբ պէտք է մատնանշել, որ մինչեւ պարտադիր գաղթը դէպի Բաղդադ, «....Սալմաստի եւ Ուրմիայի հայութեան մղած հերոսամարտերը պատճառ են դառնում թուրքական բանակի աջ թեւի յառաջխաղացման յապաղման, որից ժամանակ է շահում Կովկասի հայութեան ճակատը»35):

Յատկանշական է, որ նոյն այս գաղթի ճամբին, որպէս գաղթականների անվտանգութիւնը պաշտպանող՝ Վանի հայկական կառավարութեան նախագահ Կոստի Համբարձումեանը իր երեք թիկնապահներով Սային Կալայի մօտերքում զոհւեց տաճիկների կողմից, որոնք անգլիական զինւորական համազգեստի ներքոյ թիւրիմացութեան էին մատնել նրան:

Միւս կողմից Ուրմիոյ ճակատում յառաջխաղացքից յետոյ, Իհսան Փաշայի զօրաբանակը մուտք է գործում Թաւրիզ, որտեղ եւս հայ համայնքին սպառնում էր կոտորած, քանզի մինչ այդ նոյն թուրքական բանակը ճանապարհին աւերել էր հայաբնակ տասնեակ աւաններ եւ գիւղեր:

Թէեւ տեղ-տեղ հայերը եւ իրենց հետ տեղացի ասորիները կազմում են ժողովրդային զօրախմբեր եւ դիմադրում նախայարձակներին, սակայն, տալիս են նաեւ եօթ հազարի չափ զոհ: Խոյի շրջանի վեց հայաբնակ գիւղերի բնակչութեան մեծ մասը բնաջնջւում է: Աւերներից տուժում են Արաքսի ափին գտնւող Ս. Ստեփանոս Նախավկայի վանքն ու նրա մօտակայ Դարաշամբ գիւղը, որի բնակիչները խոյս են տալիս Արաքսի միւս ափ՝ փրկւելու համար ստոյգ բնաջնջումից36):

Նոյն ժամանակաշրջանում թուրքական արիւնկզակ բանակի կողմից ջարդւում են Խոյի եւ Դզմարի (Ղարադաղ) հայ զանգւածները: Թուրք զօրքը մուտք է գործում Թաւրիզ եւ պատանդներ վերցնում հայ բնակչութիւնից37):

«Յատկանշական է, խիստ յատկանշական,- գրում է Անդրէ Ամուրեանը,- թուրքի ջարդարար էութեան այն պարագան, որ այդ ջարդերը՝ Խոյի, Մակուի, Ս. Թադէի եւ Դզմարի շրջանի տեղի էին ունենում 1918 թ.-ի յունիս, յուլիս ամիսներին, իսկ Թաւրիզում 10 պատանդներ էին վերցւում օգոստոսի 7-ին, երբ Բաթումի կոնֆերանսում 1918 թ.-ի յունիս 4-ին թուրք պետութեան պատւիրակներն արդէն ստորագրել եւ ճանաչել էին Հայաստանի անկախութիւնը:

Ուրեմն, թուրք բանակի աջ թեւի հրամանատար Ալի Իհսան Փաշան ոտնակոխ էր արել Բաթումիի դաշնագիրը, շարունակելով թուրքին յատուկ ցեղասպանութիւնը, ջարդը հայ քրիստոնեաների, այս անգամ արդէն չէզոք Պարսկաստանի հողի վրայ, բռնաբարելով Պարսկաստանի չէզոքութիւնը, կրօնական գրգռութիւն կատարելով Իրանի հողի վրայ, որպէսզի տեղական բնակչութիւնը հանեն հայերի դէմ...»38):

Այսպէս, ուրեմն, Թաւրիզ մուտք գործած թուրքական բանակի սպառնալիքը չէզոքացնելու հրամայականը կրկին մղում է Ատրպատականի ազգանւէր եւ հայրենասէր առաջնորդ՝ Ներսէս արք. Մելիք-Թանգեանին, որպէսզի ի գործ դնի իր խոհեմ, զգոյշ եւ հեռատես քաղաքականութիւնը:

Ըստ Հայկ Աճեմեանի.- «Ներսէս արքեպիսկոպոսը այդ յուսահատ օրերին, իր դիրքի եւ ազդեցութեան շնորհիւ, կարողացաւ այնպիսի մի քաղաքականութիւն վարել թէ՛ տաճիկների, եւ թէ՛ Պարսից կառավարութեան հետ, որ Թաւրիզի հայ գաղութը փրկւեց իսկական կոտորածից»39):

Յիշատակութեան արժանի պատմական խոշոր փաստ է նաեւ այն, որ Պարսից պետական բարձրաստիճան պաշտօնեաները եւ ժողովրդական լայն խաւերը մեծ պաշտպանութիւն ցուցաբերեցին հայերին: Թէ՛ Պարսից պետութիւնը, եւ թէ՛ ժողովուրդը այնքան ջերմ ու անկեղծ կերպով պաշտպան հանդիսացան հայերին, որ տաճիկները չյաջողեցին հասնել իրենց նպատակին40):

Համաշխարհային Առաջին պատերազմի զինադադարից յետոյ, տաճիկները հեռանում են Թաւրիզից, սակայն Մակւի, Ս. Թադէի գիւղի եւ մնացած հայերը, իրենց հարեւան տեղաբնիկների մօտ ապաստան գտած՝ սպասում են իրենց հայրենակիցների օգնութեանը: Այստեղ եւս առաջնորդարանը Մելիք-Թանգեան Սրբազանի գլխաւորութեամբ չի ուշանում օգնութեան հասնել Մակւի, Խոյի եւ Ս. Թադէի վանքի խլեակներին փրկելու ստոյգ մահից: Իրանի պետական պատասխանատուների օգնութեամբ եւ Մելիք-Թանգեան Սրբազանի հետապնդումների արդիւնքում, Թաւրիզ են փոխադրւում Խոյի կոտորածից ազատւած կանայք եւ երեխաները, բոլոր տղամարդիկ41):

Ատրպատականի հայութեան շղթայական արհաւիքներին զուգընթաց եղել են նաեւ խրախուսիչ եւ առանձնայատուկ նշանակութեամբ հերոսական գոյամարտեր, որոնք արգելակեցին թուրքական հայաջինջ քաղաքականութեան ամբողջացումը՝ Ատրպատականում: Այդպիսին է եղել Ուրմիայի հերոսամարտը (1918 թ.-ի գարնան), «որի մասին,- ինչպէս բնութագրում է Ա. Ամուրեանը,- դժբախտաբար քիչ բան է գրւած: Նրա կարեւորութիւնը, սակայն, շատ մեծ է հետեւեալ նկատառումներով.

1. Թուրքական արշաւող բանակի աջ թեւի յառաջխաղացումը դանդաղում է ամիսներ շարունակ (առնւազն 5-6 ամիս), որը կատարւում էր պարսկական Ատրպատականի վրայով:

2. Այդ դանդաղեցումը հնարաւորութիւն է տալիս Արարատեան դաշտի Երեւանի հայութեան ինքնապաշտպանութեան միջոցների դիմել, որը արդիւնաւորւեց Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսէի հերոսամարտերով:

3. Թիւրքը չկարողացաւ հասնել իր նպատակին՝ ջարդել գլխովին Սալմաստ-Ուրմիայի հայութեանը:

Ահա այս երեք գլխաւոր պարագաներն են, որ պատմականօրէն արժեւորում են Ուրմիայի հերոսամարտը եւ նշում այն նպաստը, որ Պարսկաստանի հայութիւնը ընծայել է Հայ Դատին»42): Եւ իզուր չէ, որ նոյն ինքն Ալի Իհսան Փաշան հետագային խոստովանել է. «Եթէ չլինէին հայերը, մենք կը գրաւէինք Կովկասը»43):

Այսպէս, իրանահայութիւնը եւս Ա Աշխարհամարտին (1914-1918) իր արեան տուրքը տւեց թուրքական մոլոխին, հազարաւոր հայերի նահատակութեամբ, իր յիշատակը յաւերժացնելով Հայ Դատի պատմութեան էջերում:

 

Մայիս 2018 թ.

 

(շար. 2 եւ վերջ)

-------------------------------------------------------- 

23) Նոյն տեղում, էջ 21:

24) Իրանի ԱԳՆ-ի փաստաթղթերի եւ դիւանագիտութեան պատմութեան կենտրոն, արկղ 43, սերիա 115, թղթ. 6:

25) Սայքս Պերսի,«Իրանի պատմութիւնը», Բ. հատոր, էջ 628:

26) Դեհղանի Ռ., «Հայերը Առաջին Աշխարհամարտում», էջ 226:

27) Իրանի ԱԳՆ-ի փաստաթղթերի եւ դիւանագիտութեան պատմութեան կենտրոն, GH1333-54-32-21:

28) Նոյն տեղում, GH1333-43- 37-16:

29) Նոյն տեղում, GH1333-66-18-9:

→դէպքում առաջին հարւածը պէտք է կրէին լեռնական ասորիները, որոնք թէպէտ եւ Պարսկաստանի ժողովուրդներից չեն, այլ ժամանակաւոր հիւրեր մեր երկրում, բայց միակ կազմակերպւած ուժն են ներկայացնում մեր շրջանում: Ջելօների այդ բատալիօնները, որ կազմւեցին ռուսական միջոցներով եւ պիտի ծառայէին միմիայն դաշնակիցների ռազմական նպատակների համար, ներկայումս միակ օտար զօրքերը չեն, որ գտնւում են Պարսկաստանում. դրանք մի մասնիկն են հէնց մինչ այս օր էլ Պարսկաստանի սահմաններում գտնւող դաշնակից անգլիական ու ռուսական զօրքերի, որոնք ոչ մի տրամադրութիւն չեն ցոյց տալիս մեր կառավարութեան պահանջներին բաւարարել, այն է՝ մաքրել պարսկական տերիտորիան օտար ուժերից: Այն, ինչ որ կատարւում է հարաւում դիպլոմատիկական ճանապարհով, մեզ մօտ՝Ատրպատականում ուզում են կատարել զինու զօրութեամբ, որից եւ ստացւում է ներկայ արիւնոտ օրերը Ուրմիոյ շրջանում: Զինաթափութեան այս ձեւը ուրիշ հետեւանք ունենալ չէր կարող: Ջելօների համար իրենց բատալիօններն ու ձեռքի տակ ունեցած զէնքը իրենց գոյութեան միակ խարիսխն է թէ՛ այժմ, երբ գաղթական ու անտէր վիճակում են գտնւում, եւ թէ՛ հաշտութիւնից յետոյ, երբ նրանք պիտի վերադառնան իրենց.

30) «....Ուրմիայից Մելիք Խոչապան եւ Աղա Պետրոսը, Սալմաստից Աղա Դաւուդը, Մահլամից Ջիբրայէլ Վարդանեանը, հայդուկ Ջիրօն յարձակւում են Ջահրա բերդի վրայ եւ Սմկոյին պարտութեան մատնում: Սմկօն 150 հեծեալով փախչում է Խոյ, գրաւում Կոթուրի բարձրունքները՝ Վասպուրականի հայութիւնից վրէժխնդիր լինելու համար: Դրա շնորհիւ մարտի 29-30-ը Սալմաստ հասած 18000 հայեր փրկւում են» («Տարօնի Արծիւ», 1950 թ., համար 30, էջ 16-18, տ՛ես. Պօղոսեան Ստ., Հայոց Ցեղասպանութեան պատմութիւն, 3-րդ հատոր, էջ 75):

31) Սարօ Յ., նշւ. աշխ., էջ 22:

32) Ամուրեան Ա., նշւ. աշխ., էջ 7:

. Հայրենիքը: Այս հանգամանքը հաշւի առնելով պէտք է ենթադրել, որ շատ էլ դիւրին չպիտի լինէր նրանց զինաթափութեան ենթարկելու գործը» («Այգ» շաբաթաթերթ, 18 փետրւարի, 1918 թ., համար 8, Ա էջ):

- Մի այլ տեղ կրկին «Այգ» -ը անդրադառնալով նոյն թեմային գրում է.- «.... Ռուս - անգլիական մինչայժմեան քաղաքականութիւնից դժգոհ պարսիկները, ռուսական յեղափոխութիւնից յետոյ շարունակ ժողովներ, պրոպագանդ էին մղում այն մասին, որ քրիստոնեաներին պէտք է զինաթափ անել, հեռացնել այստեղից ոչ պարսկահպատակ տարրերին, որպէսզի ապահոված լինեն Պարսկաստանի կատարեալ չէզոքութիւնը»:

33) «Այգ» շաբաթաթերթ, 1919 թ., համար 4, էջ 2:

34) Ասլան Ստեփանեանի յուշերը, նշւ. աշխ., էջ 255-256:

35) Ամուրեան Ա., ՀՅԴ-ը Պարսկաստանում, էջ 181:

36) Շառոյեան Լ., Ներսէս արք. Մելիք-Թանգեան (1866-1948), «Արտազ» ամսագիր, Գ տարի, մայիսի 20, 2013 թ.:

37) Ամուրեան Ա., ՀՅԴ- ը Պարսկաստանում, էջ 180-181:

38) Ամուրեան Ա., Ատրպատականի հայութեան վիճակը թուրքական բանակների ներխուժման օրերին, էջ 18-19:

39) «Ներսէս արք. Մելիք-Թանգեան», նշւ. աշխ.:

40) «Արտազ» ամսագիր, Թաւրիզ, Դ. տարի, թիւ 5-6 , սեպտ.-հոկտ., 2006 թ., էջ 22:

41) Նոյն տեղում:

42) Ամուրեան Ա., Ատրպատականի հայութեան վիճակը թուրքական բանակների ներխուժման օրերին, էջ 21:

43) Յուշամատեան Մեծ Եղեռնի, էջ 30: (Տե՛ս. Պօղոսեան Ստ., նշւ. աշխ., 2-րդ հատոր, էջ 343):

 

Յարակից լուրեր

  • Յանուն կայուն եւ համերաշխ համայնքի...
    Յանուն կայուն եւ համերաշխ համայնքի...

    Իրանահայ հինաւուրց համայնքում, յատկապէս ներհամայնքային ընտրութիւններն, շատ չնչին բացառութիւններով, ընթացել ու կայացել են գերազանցապէս ՅԱՆՈՒՆ-ի եւ ոչ թէ ԸՆԴԴԷՄ-ի հասարակական գիտակցութեամբ։ Պատճառը պարզից էլ պարզ է՝ ընդհանրական հիւրընկալ երկիր Իրանում որպէս կենսունակ համայնք, բարոյական մեր հաւաքական պարտաւորութիւնը մեզ տրամաբանօրէն պէտք է առաջնորդէր դէպի ոչ այլ ինչ, քան՝ համերաշխութեան։

  • Յանուն կայուն ու կենսունակ համայնքի...
    Յանուն կայուն ու կենսունակ համայնքի...

    Շուտով կայանալու են Թեհրանի հայոց թեմի 17-րդ շրջանի ՊԺ-ի ընտրութիւնները։

    Աւանդաբար, տասնամեակների ընթացքում, ՊԺ-ները հանդիսացել են թեմի գործադիր մարմին՝ Թեմական խորհրդի ու յարակից կառոյցների գործունէութեան այսպէս ասած՝ վերահսկողն ու հաշւառողը։ Վերջին ժամանակաշրջաններում, սակայն, ՊԺ-ի ֆունկցիան (գործառոյթը) ոչ լիարժէք, բայց համայնքում ընկալւել է որպէս օրէնսդիր մի մարմին, յար եւ նման պետական մակարդակներում աշխատող խորհրդարանների ու Ազգային ժողովների։

  • Իրանահայութեան դերը՝ Մայիսեան յաղթանակներում. 1918 թ. Մայիսեան հերոսամարտերի 105-ամեակի առիթով (Ա մաս)
    Իրանահայութեան դերը՝ Մայիսեան յաղթանակներում. 1918 թ. Մայիսեան հերոսամարտերի 105-ամեակի առիթով (Ա մաս)

    Յարգելի ընթերցող, աւանդութեան կարգով՝ հայկական իրականութեան մէջ ձեւաւորւած է եղել այն միտքը, որ մայիս ամիսը խորհրդանշւել է որպէս յաղթանակների ամիս։

    Արդէն անցնող օրերում ու շաբաթներում այսպէս թէ այնպէս տօնակատարեցինք համայնքային մասշտաբով աշխատաւորութեան օրւայ՝ ՄԱՅԻՍ 1-ի, մեր չքնաղ ու ցաւօք, այժմ բռնագրաււած, Շուշիի ազատագրման ու յաղթանակի ամեակներն ու արդէն գալիք օրերին նշանաւորելու ենք 1918 թ. Մայիս 28-եան յաղթանակներով նւաճած՝ հայոց անկախ պետականութեան ու Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 105-րդ տարեդարձը։

  • Վերընձիւղենք զէնքի ուժի հանդէպ կորսւած հաւատը
    Վերընձիւղենք զէնքի ուժի հանդէպ կորսւած հաւատը

    Հայաստանի Հանրապետութիւնում եւ Լ. Ղ. Հանրապետութիւնում Մայիսի 9-ը պաշտօնապէս յայտարարւած է եղել՝ Շուշիի ազատագրման եւ յաղթանակի օր։

    Մայիսի 9-ը նաեւ Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի կազմաւորման օր է հռչակւել...

  • ՆՇՄԱՐ. Պահանջատէր՝ նաեւ մշակոյթով...
    ՆՇՄԱՐ. Պահանջատէր՝ նաեւ մշակոյթով...

    Օրերս Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում արժանավայել կերպով նշանաւորւեց «Կակաչ» պարային համոյթի 40-ամեակը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։