Հա
27/04/2019 - 08:15

«Իրանի շուկայ մուտքի բարելաւումը լուրջ խթան է ԵԱՏՄ երկրների տնտեսական ակտիւութեան համար». Տիմուր Մաքսիմով

Իրանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ազատ առեւտրի գօտու ձեւաւորումը կարող է լուրջ խթան լինել Հայաստանի տնտեսութեան համար: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ, Մոսկւա-Երեւան տեսակամուրջի ժամանակ այս մասին է նշել ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը:

«alikonline.ir» - Իրանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ազատ առեւտրի գօտու ձեւաւորումը կարող է լուրջ խթան լինել Հայաստանի տնտեսութեան համար: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ, Մոսկւա-Երեւան տեսակամուրջի ժամանակ այս մասին է նշել ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը: Նա կարեւորել է Իրանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ազատ առեւտրի գօտու ձեւաւորմանն ուղղւած աշխատանքները եւ նշել, որ լաւագոյն օրինակներից է, թէ ինչպէս ԵԱՏՄ միջազգային ակտիւութիւնը կարող է իր ներդրումն ունենալ անդամ երկրների զարգացման գործում:

«Իրանական շուկայ մուտքի հնարաւորութիւնների բարելաւումը կարող է խթան հանդիսանալ տնտեսական ակտիւութեանը: Իրանն աշխարհում մեծ տնտեսութիւն, մեծ թւով բնակչութիւն ունեցող երկրներից է, իսկ դա նշանակում է, որ այդտեղ խօսքը սպառման հսկայական ծաւալների մասին է: Մենք տեսնում ենք, որ Իրանի նկատմամբ կիրառւող արտաքին գործօններով պայմանաւորւած խոչընդոտներ են լինում, սակայն ԵԱՏՄ-ն ակտիւօրէն աշխատում է ազատ առեւտրի գօտու ձեւաւորման ուղղութեամբ»,- ասաց նա:

Տիմուր Մաքսիմովը նկատեց, որ Հայաստանը շահեկան դիրքերում է՝ Իրանի հետ ունենալով ընդհանուր սահման, եւ տրանսպորտային միջանցք: Դա հնարաւորութիւն կը տայ Իրանի հետ միութեան առեւտրաշրջանառութեան ծաւալն աւելացնել Հայաստանի տարածքով:

«Երբ աւարտւի միութեան անդամ երկրների ներսում համաձայնագրի վաւերացման ընթացակարգերը, յոյս ունեմ կը տեսնենք կոնկրետ արդիւնքներ: Նորից եմ կրկնում, կայ հսկայական պահանջարկ, եւ ԵԱՏՄ-ն կարող է այն բաւարարել»,- ասաց նա:

ՀՀ Ազգային ժողովը մարտի 27-ին ընդունեց Իրանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ազատ առեւտրի գօտու ձեւաւորման մասին ժամանակաւոր համաձայնագիրը վաւերացնելու մասին օրէնքի նախագիծը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։