Հա
04/03/2020 - 11:50

Ինչպէ՞ս կարձագանքի ՀՀ տնտեսութիւնը կորոնավիրուսի հետեւանքով Իրան-Հայաստան ապրանքների արտահանման արգելքին

Տնտեսական զարգացման նախաձեռնութիւնների կենտրոնը ներկայացնում է վերլուծութիւն այն մասին, թէ ինչպէ՞ս կարձագանքի ՀՀ տնտեսութիւնը կորոնավիրուսի հետեւանքով Իրան-Հայաստան եւ Վրաստանով իրանական ապրանքների արտահանման արգելքին:

«alikonline.ir» - Տնտեսական զարգացման նախաձեռնութիւնների կենտրոնը ներկայացնում է վերլուծութիւն այն մասին, թէ ինչպէ՞ս կարձագանքի ՀՀ տնտեսութիւնը կորոնավիրուսի հետեւանքով Իրան-Հայաստան եւ Վրաստանով իրանական ապրանքների արտահանման արգելքին: Տեղեկացնում է News.am-ը:

Կառավարութեան որոշմամբ Իրանի հետ հաղորդակցութեան ժամանակաւոր սահմանափակումը երկարաձգւելու է մինչեւ մարտի 24-ը, ինչը նաեւ տարածւելու է բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վրայ: Իսկ Վրաստանի կողմից իրանական ծագման միրգ եւ բանջարեղէնի վերաարտահանումը Ռուսաստան Վրաստանի տարածքով ժամանակաւորապէս դադարեցւել է:

Արտահանման եւ ներուծման կտրւածքով նշենք, որ 2019 թ.-ին Իրան-Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառութիւնը կազմել է 408.8 մլն. ԱՄՆ դոլար, ինչը 2018թ.-ի համեմատ 12.4% աճ է արձանագրել: Երկու երկրների միջեւ ապրանքների առեւտրաշրջանառութիւնը 2019 թ.-ին կազմել է Հայաստանի առեւտրաշրջանառութեան ընդամենը 5%-ը: 2019 թ.-ին Հայաստանը հիմնականում Իրան է արտահանել էլեկտրաէներգիա (արտահանման ծաւալների 75%) եւ ոչխարի կամ այծի թարմ միս (10%): Ներմուծման դէպքում՝ հիմնականում բնական եւ հեղուկ գազ (ներմուծման ծաւալների 20%), նաւթ եւ նաւթամթերք (10%), ցեմենտ (8%): Մինչեւ 2020 թ.-ի մարտի 24 բեռնափոխադրումների սահմանափակումը Հայաստանի տնտեսութեան վրայ զգալի ազդեցութիւն չի ունենայ, իսկ ուղեւորափոխադրումների սահմանափակումը զբօսաշրջութեան ոլորտի միջոցով կազդի մեր տնտեսութեան մի շարք ոլորտների վրայ՝ կացութեան եւ հանրային սննդի կազմկերպման վրայ եւ այլն, ինչը կարող է դանդաղեցնել տնտեսական աճի տեմպը:

Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով իրանական ծագման միրգ եւ բանջարեղէնի տեղափոխման արգելանքին, ապա եթէ այդ ապրանքները չվերաարտահանւեն Ռուսաստան, ապա իրացւելու են հայկական շուկայում՝ մրցակցութիւն առաջացնելով տեղական եւ իրանական ապրանքների միջեւ: Հայաստանի սպառողը ընտրութեան դէպքում կարող է ընտրել աւելի էժան ապրանք, ինչը կը յանգեցնի գիւղաբնակ տնային տնտեսութիւնների եկամուտների կրճատմանը:

Այսպիսով՝ Իրանի հետ բեռնափոխադրման վրայ սահմանափակումը Հայաստանի տնտեսութեան վրայ զգալի ազդեցութիւն չի ունենայ, ուղեւորափոխադրումը՝ կը դանդաղեցնի  տնտեսական աճի տեմպը յատկապէս 2020 թ.-ի առաջին եռամսեակում, իսկ Վրաստանի տարածքով իրանական ծագման ապրանքների վրայ արգելանքը՝ կը յանգեցնի հայկական գիւղմթերքի շուկայում գների իջեցմանը եւ գիւղաբնակ տնային տնտեսութիւնների եկամուտների կրճատմանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։