Հա

Ազգային

21/09/2013 - 11:30

ԽՈՋԻՎԱՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ - Նիկոլ Դուման

Նիկոլ Դուման (Նիկողայոս Տէր-Յովհաննիսեան) (յունւարի 12, 1867-սեպտեմբերի 27, 1914), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ կուսակցութեան անդամ: Ծնւել էր 1867 թւականին՝ Լեռնային Ղարաբաղի Ասկերան շրջանի Ղշլաղ գիւղում: Աւարտել է Շուշիի Թեմական դպրոցը (1887): Եղել է ուսուցիչ՝ Հիւսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894-1896-ին՝ Թաւրիզի եւ Սալմաստի վարժարաններում: Մասնակցել է 1894-1896-ի Դերիկի կռիւներին: 

ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐԵԱՆ

Նիկոլ Դուման (Նիկողայոս Տէր-Յովհաննիսեան) (յունւարի 12, 1867-սեպտեմբերի 27, 1914), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ կուսակցութեան անդամ:
Ծնւել էր 1867 թւականին՝ Լեռնային Ղարաբաղի Ասկերան շրջանի Ղշլաղ գիւղում:
Աւարտել է Շուշիի Թեմական դպրոցը (1887): Եղել է ուսուցիչ՝ Հիւսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894-1896-ին՝ Թաւրիզի եւ Սալմաստի վարժարաններում: Մասնակցել է 1894-1896-ի Դերիկի կռիւներին: Բողազ-Քեասանի մարտում վաստակել է ԴՈՒՄԱՆ անունը:
1895-ին խմբով (50 հոգի) անցել է Վան: 1896-ին Նիկոլի մօտ առաջացել է Խանասորի արշաւանքի (1897) կազմակերպման եւ քրդական մազրիկ ցեղից վրէժխնդիր լինելու գաղափարը: Արշաւանքին մասնակցել է որպէս յիսնապետ: Յետոյ անցնելով Կովկաս՝ ապրել է Բաքւում: 1904-ին փորձել է հասնել ապստամբ Սասունին օգնութեան, սակայն սահմանի վրայ կռւի է բռնւել եւ տեղ չի հասել:
1905-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երեւանի նահանգում եւ Արարատեան դաշտում գործող ուժերը, կարողացել հմտօրէն կազմակերպել հայերի ինքնապաշտպանութիւնը: Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան հարցում կողմ էր կազմակերպւած ապստամբութեանը: 1910-ին մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի՝ Կոպենհագէնի կոնգրեսին: Իրանի Սահմանադրական յեղափոխութեան ժամանակ ղեկավարել է Թաւրիզի պաշտպանութիւնը: Այնուհետեւ վերադարձել է Կովկաս, եղել Արեւմտեան Հայաստանում ու Պարսկաստանում:
Թոքախտով հիւանդ Նիկոլ Դումանը, զգալով, որ չի կարող մասնակցել 1914-ին սկսւած պատերազմում հայկական կամաւորական շարժմանը, 1914 թւականի սեպտեմբերի 27-ին ինքնասպան է եղել՝ ատրճանակով իր վրայ կրակելով:
Հայ ազգի կողմից սիրւած հերոսի մարդաշատ յուղարկաւորութիւնը տեղի է ունենում Թբիլիսիում՝ Խոջիվանքի պանթէոնում: Նիկոլին թաղում են Դաշնակցութեան հիմնադիր Սիմոն Զաւարեանի կողքին:
1930-ական թւականներին Խորհրդային Վրաստանի կառավարութիւնը քանդեց Խոջիվանքը եւ պանթէոնը՝ այնտեղ թաղւած հարիւրաւոր հայ ազգի արժանաւոր զաւակների գերեզմանների հետ:

ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ

Նիկոլ Դուման... Հին օրերի նւիրական անուններից է, այն անդրանիկ պլէագից, որ գնացել է բռնակալութեան եւ ստրկութեան շամփուրների մէջ ճանապարհ հարթելու՝ գալոց ըմբոստ սերունդների համար: Երկա˜ր է իր անցած ճանապարհը եւս - անհունօրէն, դաժանօրէն երկար: Թաւրիզ, Դերիկ, Բողազ-Քեասան, Խանասոր, Բաքու, նորէն Վասպուրական, Երեւան, նորէն Թաւրիզ- այդ ճանապարհի հանգրւաններն են, այդ հոյակապ կեանքի սրտառուչ դրւագները: Հերոսը կանգ էր առնում ամէն մի ծանր ու տանջալի ճիգից յետոյ՝ նւիրւում էր «օրինական», կուլտուրական աշխատանքի, յոգնում էր, տաղտկանում եւ առաջին առիթով իսկ գրկում էր վերստին հրացանը, շտկում էր կորացած իրանը, որսորդի սուր ու թափանցող աչքերով հայում էր հորիզոնը եւ նետւում էր յորձանքի մէջ, պաղ, ստոյիկեան վճռականութեամբ ու արիութեամբ:
Վճռականութիւնը, անսասան կամքը, որոշումների պաղ եւ անյողդողդ կատարումը, կուսակցական պողպատեայ դիսցիպլինը - անհրաժեշտ գծեր են ամէն մի կռւում, եւս առաւել՝ հայոց դաժան յեղափոխական պայքարի մէջ: Այդ գծերի անձնաւորումն էր ղարաբաղցի հերոսը եւ նրանց համար պատրաստ էր նա ամէն վայրկեան իր կեանքը զոհաբերելու: Բարոյական ամենաբարձր սկզբունքներն իւրացրած եւ կուսակցութեան անաղարտ դրօշակի նախանձախնդիր՝ նա մարմնացած վեհանձնութիւն էր դէպի թոյլն ու անպաշտպանը - անգամ թշնամի բանակի մէջ-, բայց եւ անհաշտ ու անընկճելի էր, երբ պէտք էր պատժել յանցաւորին, լինէր դա մի թշնամի կամ ցեղակից, մի դաւաճան, մի մատնիչ կամ թէկուզ կուսակցական դիսցիպլինի դէմ մեղանչող մի անհատ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։