Հա

Ազգային

08/12/2016 - 10:40

ՆՒԻՐԵԱԼ ԱՆՁԻՆՔ - Պայքարի ու ծառայութեան նւիրեալներ (Շար. 3)

Հայրենիքի եւ հայ ժողովրդի համակ նւիրեալ, կրթական մշակ եւ դաստիարակ, կարգապահ ու անանձնական մի անհատականութիւն:
Թադէոս Թադէոսեանը ծնւել է 1881 թւականի հոկտեմբերի 4-ին՝ Քանաքեռ գիւղում:

Թադէոս Թադէոսեան

Գ

ԱԼԲԵՐՏ ԱՃԵՄԵԱՆ


Հայրենիքի եւ հայ ժողովրդի համակ նւիրեալ, կրթական մշակ եւ դաստիարակ, կարգապահ ու անանձնական մի անհատականութիւն:
Թադէոս Թադէոսեանը ծնւել է 1881 թւականի հոկտեմբերի 4-ին՝ Քանաքեռ գիւղում:
Նախնական կրթութիւնը ստացել է Քանաքեռի ծխական դպրոցում, միջնակարգը Երեւանի Թեմական դպրոցում եւ բարձրագոյնը Պետերբուրգի Գիւղատնտեսական ճեմարանում, որը սակայն չի աւարտել համաշխարհային պատերազմի հետեւանքով: Հետագայում աւարտել է Ն. Աբրահամեանի հաշւապահական կուրսերը Թիֆլիսում, եւ Հ. Յ. Դաշնակցութեան Թաւրիզի Պրոպագանդայի դպրոցը՝ 1923 թւականին:
Դաշնակցութեան շարքերն է անցել 1900 թւականին, երբ սկբզնական շրջանում մասնակցում է եկեղեցական կալւածների գրաւման դէմ Երեւանի հակապետական ցոյցերի կազմակերպմանը: Յաջողութեամբ նոյն աշխատանքով է զբաղւում նաեւ Կոտայքում:
1905-1906 թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Նիկոլ Դումանի յանձնարարութեամբ կատարում է զինման եւ ինքնապաշտպանութեան աշխատանքներ, միեւնոյն ժամանակ ղեկավարելով Երեւան, Դարալագեազ եւ Զանգեզուր զէնքի փոխադրութեան գործը:
1906-1913 թթ. Քանաքեռի Աբովեան երկդասեան դպրոցում վարում է աւագ ուսուցչի պաշտօնը:
1908-1913 թւականներին անդամակցում է Երեւանի «Մրգաստան»-ի Կենտրոնական կոմիտէութեանը, այդ տարիներում գլխաւորաբար զբաղւելով հողային խնդիրների լուծմամբ՝ կալւածատիրական հողերը գիւղացիութեան բաժանելու համար: Իսկ 1911 թւականին ընտրւում է ՀՅԴ «Մրգաստան»-ի Կենտրոնական կոմիտէի անդամ:
Եղել է Կոտայքի պատգամաւորը Երեւանի Թեմական Պատգամաւորական ժողովում:
Այդ շրջանում աչքի ընկող, ներդրում է ունեցել դպրոցների որակաւորման գործում, հիմնելով նաեւ նոր դպրոցներ:
Յանուն «Մրգաստան»-ի Կենտրոնական կոմտէի՝ մասնակցել է Կովկասի Ռայոնա կան ժողովներին՝ 1912 թ. Ղարաքիլիսայում եւ 1913 թ.՝ Դիլիջանում:
1914 թ. վերջերին, երբ պայթում է ռուս-թուրքական պատերազմը, Պետերբուրգի հայ ուսանողներից 60 հոգի, որոնց թւում նաեւ Թադէոս Թադէոսեանը կամաւոր են արձանագրւում՝ կամաւորական շարժմանը:
Թիֆլիս վերադարձին ՀՅԴ Արեւելեան Բիւրօն յանձնարարում է նրան անցնել Երեւան, կազմակերպելու «Մրգաստան»-ի Կենտրոնական կոմիտէութեան շրջանի զինումն ու ինքնապաշտպանութիւնը:
Այդ աշխատանքը կատարելուց յետոյ, նախ մտնում է Իշխանի, ապա Դրոյի կամաւորական գունդ եւ 1915 թ.-ին մեկնում է ճակատ, հասնելով մինչեւ Մուշ:
Երբ 1916 թւականին կամաւորական գնդերը լուծարքի են ենթարկւում, դարձեալ Բիւրոյի յանձնարարութեամբ ստանձնում է կամաւորական գնդերից իրենց ձեռքն անցած ռազմամթերքի գաղտնի պահեստների հսկողութիւնն ու պատասխանատւութիւնը:
1917 թ. Թիֆլիում գումարւած Կովկասի Ռայոնական ժողովին մասնակցում է որպէս պատգամաւոր: Նոյն թւականին ընտրւում եւ նախագահում է Քանաքեռի հասարակական Գործադիր կոմիտէն:
Այնուհետեւ ընտրւում է Երեւանի առաջին գաւառամասի կոմիսար (1917-1920 թ.) եւ միեւնոյն ժամանակ Արամ Մանուկեանի յանձարարութեամբ Կոտայքի ինքնապաշտպանութեան խմբերի լիազօր ղեկավար եւ իր մասնակցութիւնն է բերում Սարդարապատի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերին՝ Կոտայքի գաւառից կազմւած երկու ջոկատներ ուղարկելով ռազմաճակատ:
1920 թւականին ընտրւում է Երեւանի Գաւառային ինքնավարութեան վարչութեան անդամ եւ ղեկավարում Երեւանի Գաւառի միլիցիայի եւ ադմինիստրացիայի, հաղորդակցութեան եւ շինարարական բաժինները մինչեւ Հայաստանի խորհրդայնացումը:
Մասնակցում է 1920 թւականին հայ-թուրքական պատերազմին, որպէս Կոտայքի կամաւորական գումարտակի հրամանատար՝ Գայլի Դրուք ճակատում:
Մասնակցում է 1921 թ. Փետրւարեան ապստամբութեան, որպէս Կոտայքի Փրկութեան կոմիտէի նախագահ, մինչեւ իրենց նահանջը Երեւանից 1921 թ. ապրիլի 2-ը:
Անցնելով Պարսկաստան, Թաւրիզում եղել է տարագիրների «Նայիրի» կոմիտէի անդամ, ապա 1927 թւականին հաստատւում է Նախավկայի վանքում՝ Ձորագիւղ (Արաքսի աջ ափում) եւ ղեկավարում ԵՐԿՐԻ հետ ունեցած կապի գործը մինչեւ 1930 թւականի մայիսը, երբ Ձորագիւղի կայանի աշխատանքը դադարում է ժամանակաւորապէս:
Ուսուցչական պաշտօնով 1931 թւականին անցնում է Նոր Ջուղա եւ պաշտօնավարում հայոց ազգային երկսեռ դպրոցներում, մինչեւ 1935 թւականի ուսումնական տարւայ վերջը, երբ փակւում են հայոց ազգային դպրոցները:
Երկար տարիներ ծառայում է կուսակցական գործունէութեանը, որպէս շրջանի բարձրագոյն մարմնի ներկայացուցիչ, մասնակցելով Իրանի կազմակերպութեան բոլոր խորհրդաժողովներին եւ Հ. Յ. Դաշնակցութեան 13, 14, 15, 16 եւ 17-րդ Ընդհանուր ժողովներին:
1933 թւականին կազմում է անկուսակցական «Հայորդի» պատանեկան միութիւնը, որի նպատակն էր պատանեկութեանը տալ հայեցի դաստիարակութիւն եւ պատրաստել ՀՅԴ շարքերը անցնելու համար:
Ազգային դպրոցները փակւելուց յետոյ՝ 1935 թ. «Հայորդի» պատանեկան միութիւնը դարձնում է ՀՅԴ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹԻՒՆ թէ՛ երիտասարդներին կազմակերպելու, եւ թէ՛ նրանց միջոցով գիւղական շրջաններում միութիւն ստեղծելու նպատակով:
Տասնամեակներ շարունակ եղել է «ԱԼԻՔ» եւ «ՅՈՒՍԱԲԵՐ» օրաթերթերի եւ «Համազգային» ընկերութեան հրատարակչականների ներկայացուցիչը, տարածելով նրանց հրատարակութիւնները:
Դպրոցները պետականացւելուց յետոյ էլ կրօնի եւ հայոց լեզւի դասաւանդութեան համար, պարապմունքներ է ունենում տղայոց եւ աղջիկների դպրոցներում, իսկ 1952-1956 թւականներին՝ չորս տարի տեւողութեամբ դասաւանդում է հոգաբարձութեան ջանքերով բացւած երեկոյեան դասընթացներում:
Դասաւանդման գրքերի եւ նիւթերի չգոյութեան պատճառով Թադէոսեանը յատկապէս կազմում է հայոց պատմութեան դասագրքեր՝ որոնք դասաւանդւում էին երկար ժամանակ:
1955 թւականին հայոց ազգային դպրոցները վերաբացւելուց յետոյ եւս շուրջ վեց տարի շարունակում է պաշտօնավարել հայոց դպրոցներում:
1961 թւականին, երբ Իրանի ժամանակի կառավարութեան որոշումով, Սպահանի համալսարանի գրականութեան բաժնում հիմնւում է Հայագիտական ամբիոն, Թադէոս Թադէոսեանը հրաւիրւում է որպէս հայոց գրականութեան եւ պատմութեան դասախօս, որը 1963 թւականին հրաժարւում է իր պաշտօնից՝ հիւանդութեան պատճառով:
Խորը ծերութեան տարիքում, երկարատեւ հիւանդութիւնից յետոյ, 1975 թ. ապրիլի 7-ին Նոր Ջողայում իր մահկանացուն է կնքում վետերան ընկեր՝ Թադէոս Թադէոսեանը:
Նւիրեալ գործիչ, որ ստեղծեց հմայք իր անձի շուրջ, յարգանքի ու փայփայանքի արժանացաւ՝ թէ՛ իր աշակերտների, թէ՛ ընկերների, եւ թէ՛ հասարակութեան բոլոր խաւերի կողմից:
Մտաւ ժողովրդի մէջ, ճգնեց ու իր գաղափարներով տոգորեց շատերին...

(Շար. 3)

 

Վրիպակ

Սոյն յօդւածաշարում լոյս տեսած Յակոբ Տէր-Յակոբեանի կենսագրականում (տպագրւած «Ալիք» օրաթերթ, նոյ. 24 համարի Գ էջում) նկատւել է վրիպում՝ Տատիանեան կոմիտէն սխալմամբ տպագրւել է Մատինեան կոմիտէ:
Ի միջի այլոց՝ Տատիանեան կոմիտէն ցարի օրօք Նիկոլայ ցարի դստեր անւան հետ է կապւած եղել:

Յարակից լուրեր

  • «Ակունք» եւ «Տաթեւ» պարային համոյթների միատեղ ելոյթը Թաւրիզում, հրաշալի կատարողութեամբ
    «Ակունք» եւ «Տաթեւ» պարային համոյթների միատեղ ելոյթը Թաւրիզում, հրաշալի կատարողութեամբ

    2006 թւականին, Թաւրիզին յատուկ ցրտաշունչ յունւարին էր, որ թաւրիզահայ համայնքի հարիւրաւոր անդամների միահամուռ եւ որոտընդոստ ծափերից թնդում էր Ազգային առաջնորարանիս «Հ. Ոսկանեան» սրահը, որի բեմում առաջին անգամն լինելով ելոյթ էր ունենում Կարինէ Մանուչերեանի գեղարւեստական ղեկավարութեամբ բոլորին հմայող «Ակունք» պարային համոյթը, որ Թաւրիզ էր հրաւիրւել Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի միջոցով, որով էլ հիմքն է դրւել Կարինէ Մանուչերեանի, նրա «Ակունք» պարային համոյթի ու Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի բարեկամութեանն ու համագործակցութեանը, որ շարունակւում է մինչեւ այսօր:

  • «Ատրպատական այցի գլխաւոր նպատակը երկրաշարժի աղէտից տուժածներին տեսակցելն է». Հանրապետութեան նախագահ
    «Ատրպատական այցի գլխաւոր նպատակը երկրաշարժի աղէտից տուժածներին տեսակցելն է». Հանրապետութեան նախագահ

    Երկրաշարժից տուժած հայրենակիցների դժւարութիւնները մեր բոլորիս դժւարութիւնն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, երկրաշարժից տուժած, Միանէի Դասթջերդ գիւղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

  • Նախագահը Թաւրիզ է ժամանել
    Նախագահը Թաւրիզ է ժամանել

    Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, նախարարներից մի քանիսի ընկերակցութեամբ ժամանել է Թաւրիզ՝ շինարարական եւ առողջապահական մի քանի նախագծերի բացումը կատարելու համար:

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 12 հոկտեմբեր 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով:

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզական յանձնախմբի ճաշկերոյթը Թաւրիզում
    Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզական յանձնախմբի ճաշկերոյթը Թաւրիզում

    Ուրբաթ, 11 հոկտեմբեր 2019 թ.-ի կէսօրին, կազմակերպութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզական յանձնախմբին, մասնաճիւղի կենտրոնատեղիում հասութաբեր ճաշկերոյթ տրւեց արարատականներին եւ առհասարակ թաւրիզահայերին, քաջալերելու համար վերոյիշեալ յանձնախմբի կատարած եւ ապագայում իրագործելի աշխատանքները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։