Հա

Ազգային

26/07/2018 - 08:50

Մեր կեանքը հայապահպանման համար մղւող մեծ պատերազմ է

Յուլիսի 24-ին Երեւանի Ալեքսանդր Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացաւ Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան հիմնադրման 100-ամեակին նւիրւած միջոցառում: 

«alikonline.ir» - Յուլիսի 24-ին Երեւանի Ալեքսանդր Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացաւ Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան հիմնադրման 100-ամեակին նւիրւած միջոցառում:

Հանդիսութեան ընթացքում հիւրերից շատերը հանդէս եկան ելոյթներով, սակայն եզրափակիչ ելոյթը վերապահւեց Հ.Մ.Ը.Մ.-ի կենտրոնական վարչութեան ատենապետ` եղբայր Գառնիկ Մկրտիչեանին.

«100 տարին երկար ժամանակ է մարդու կեանքի համար, սակայն կարճ, այն էլ շատ կարճ ժամանակ է ազգային հաւաքականութեան համար, սովահար, գաղթական եւ որբացած սերունդներից մտքով ու մարմնով առողջ, ազգային իրենց ինքնութեամբ հպարտ եւ արժանապատիվ սերունդներ կերտելու համար: Զարմանալի բան չկայ սրանում, որովհետեւ սովորական միութիւն մը չի եղել Հ.Մ.Ը.Մ.-ն, ոչ էլ գործել է սովորական պայմաններում»,- ասաց Մկրտիչեանը` յիշեցնելով Հ.Մ.Ը.Մ.-ի անցած դժւար ուղու մասին:

«Հ.Մ.Ը.Մ.-ն թանկ վճարեց ազատ ու անկախ Հայրենիքի գաղափարակիրը լինելու համար։ Սփիւռքում նոյնպէս այն երբեք չգործեց հեշտ պայմաններում: Հ.Մ.Ը.Մ.-ն մարզախաղեր անցկացրեց առանց մարզադաշտ ունենալու, Հ.Մ.Ը.Մ.-ն սկաուտութիւն կազմակերպեց առանց անհրաժեշտ յարմարութիւններ ունենալու: Բայց Հ.Մ.Ը.Մ.-ը գործեց եւ շատ լաւ գործեց, որոհետեւ «կամաւոր բանակի» սկզբունքով նրա անդամներից իւրաքանչիւրն իր միտքն ու բազուկն ի սպաս դրեց հաւաքականին, ազգին ու Հայրենիքին: Հ.Մ.Ը.Մ.-ն գործեց, մեծացաւ, ուռճացաւ եւ հզօրացաւ` բացառաբար ապաւինելով իր անդամների կամաւոր աշխատանքի գիտակցութեանը, պատրաստակամութեանն ու զոհողութեան ոգիին»,- նշեց նա:

Մկրտիչեանը մէջբերեց նաեւ 100 տարի առաջ Հայաստանի լուսաւորութեան նախարար Նիկոլ Աղբալեանի այն բնորոշումը, թէ` «Մեծ է դերը Հ.Մ.Ը.Մ.-ի: Այդ դերը լաւ ըմբռնելու համար անհրաժեշտ է ազգային բարձր գիտակցութիւն, այսինքն` մեր ուժերի, մեր արժէքի, մեր ընթացքի եւ նպատակի պայծառ ըմբռնում: Յարգանք, պատկառանք եւ տեղ այս աշխարհի մէջ ուժով է ստացւում, պարտադրւում եւ ներշնչւում: Իսկ ուժեղ է առոյգը, առողջն ու կորովին»:

«Հ.Մ.Ը.Մ.-ն առոյգ, առողջ եւ կորովի հայութիւն պատրաստող այդ միութիւնն է: Հ.Մ.Ը.Մ.-ն մեր ուժի աղբիւրն է: Մեր յաջողութիւն գրաւականներից մէկը, որին պէտք է գուրգուրալ ազգովի: Մեր ժողովուրդը Հ.Մ.Ը.Մ.-ին տւել է «Կամաւոր բանակ»-ի կոչում եւ պարտականութիւն, վերջիններս թելադրում են այսուհետ լինել էլ աւելի զգօն եւ պատրաստ` դիմագրաւելու մեր ժողովրդին եւ Հայրենիքին սպառնացող բոլոր տեսակի մարտահրաւէրներին: Ի վերջոյ, մեր կայնքը` Հայրենիքում, թէ Սփիւռքում, հայապահպանման համար մղւող մի մեծ պատերազմ է: Հ.Մ.Ը.Մ.-ը կամաւոր այն բանակն է, որ այդ մեծ պատերազմը փոքր կռիւներով, մասնաճիւղ առ մասնաճիւղ մղում է երկրից երկիր, շրջանից շրջան: Ի՜նչ փոյթ, եթէ այդ տեղ-տեղ կռիւներում պարտւի, կարեւորը մեծ պատերազմում չպարտւելն է: Կարեւորը` հայապահպանութեան զրահները գետնին չդնելն է: Ի վերջոյ, Հ.Մ.Ը.Մ.-ը յաղթանակաների միութիւն է»,-եզրափակեց Գառնիկ Մկրտիչեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։