Հա

Ազգային

11/08/2018 - 10:15

ՀՅԴ-ական նախարար. «Ժողովրդի գարնանային քաղաքական զարթօնքը եկաւ փաստելու, որ մեր մօտեցումները ճիշտ են եւ հիմնարար»

Տեղեկացրել ենք, որ երէկ տեղի ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի կողմից մշակւած` «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթների» նախագծի շնորհանդէսը:

ՀՅԴ Բիւրոյի անունից բացման խօսքով հանդէս եկաւ գիւղատնտեսութեան դաշնակցական նախարար Արթուր Խաչատրեանը, որը ներկայացնում ենք ստորեւ.

«alikonline.ir» - Տեղեկացրել ենք, որ երէկ տեղի ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի կողմից մշակւած` «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթների» նախագծի շնորհանդէսը:

ՀՅԴ Բիւրոյի անունից բացման խօսքով հանդէս եկաւ գիւղատնտեսութեան դաշնակցական նախարար Արթուր Խաչատրեանը, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Սիրելի ընկերներ, պատվարժան հիւրեր, բարեկամներ

Այսօր մենք հանրութեան դատին ենք ներկայացնում ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթները, մեր տնտեսական դոկտրինը։ Փաստաթուղթը դեռեւս նախագծի վիճակում է եւ ներկուսակցական ու աւելի լայն ֆորմատով քննարկումների արդիւնքներով կը բիւրեղանայ ու կը դառնայ այն ուղեցույցը, որի հիման վրայ կը մշակւեն հետագայ, աւելի գործնական նշանակութիւն եւ ուղղւածութիւն ունեցող տնտեսական փաստաթղթերը, որոնցով մենք կառաջնորդւենք տնտեսական քաղաքականութիւն իրականացնելիս։ Փաստաթղթի մշակումը սկսւել էր դեռեւս ձմռանը։ Ժողովրդի գարնանային քաղաքական զարթօնքը եւ յեղափոխութիւնը եկան փաստելու, որ մեր մօտեցումները ճիշտ են եւ հիմնարար։

Ցանկացած քաղաքականութիւն կառուցւում է արժէքային համակարգի վրայ։ Դաշնակցութեան արժէքային համակարգը Հայ Դատի եւ հայոց պահանջատիրութեան ասպարէզում յստակ է եւ անբեկանելի։ Այսօր, Սեւրի դաշնագրի ստորագրման 98-րդ ամեակին մենք եւս մէկ անգամ բարձրաձայնում ենք, որ հայ ժողովուրդն ունի իրաւունքներ եւ մենք մեր իրաւունքների պահանջատէրն ենք։ Միացեալ Հայաստանի գաղափարը մեր հիմնարար արժէքն է։ Մեր քաղաքականութիւնն արտաքին յարաբերութիւններում խարսխւած է մեր հէնց այդ հիմնարար արժէքի վրայ եւ միտւած է հայ ժողովրդի իրաւունքների վերականգնմանը։

Ազգային կուսակցութիւն լինելուց բացի, մենք նաեւ ընկերվարական կուսակցութիւն ենք, Ընկերվար միջազգայնականի՝ Սոցինտերնի լիիրաւ անդամ, Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Դաշնակցութիւնն անդամակցում է Եւրոսոցիալիստների խմբակցութեանը։ Երկկողմանի սերտ յարաբերութիւններ ունենք ընկերվարական կուսակցութիւների հետ՝ աշխարհով մէկ։ Այսօրւայ մեր հաւաքի նպատակն է ներկայացնել մեր, որպէս ընկերվարական, սոցիալիստական կուսակցութեան արժէքային համակարգը եւ դրանից ածանցւող հիմնական սոցիալ-տնտեսական մօտեցումները։

Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրաւական պետութիւն է: Սոցիալական պետութիւնն ապահովում է իր քաղաքացիների տնտեսական եւ սոցիալական բարեկեցութիւնը: Նրան է վերապահւում իր քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցութեան խթանման առանցքային դերը՝ հիմնւած հնարաւորութիւնների հաւասարութեան, եկամուտների վերաբաշխման եւ բարեկեցիկ կեանքի նւազագոյն պայմաններն ինքնուրոյն ապահովել անկարող անձանց պետական աջակցութեան սկզբունքների վրայ։ ՀՅԴ ընկալմամբ սոցիալական պետութեան հիմնական առաքելութիւնն իր քաղաքացիներին աղքատութիւնից զուրկ կեանքի ապահովումն է:

Սոցիալական պետութեան ընկալումը բխում է կուսակցութեան տնտեսական եւ ընկերային բնագաւառի հիմնարար արժէքներից` ազատութիւն, արդարութիւն, համերաշխութիւն:

Ազատութիւնը բացառում է որոշումների կայացումը պարտադրանքի կամ սպառնալիքի տակ: Դրանով կանխւում են պետութեան կամ հասարակութեան կողմից կամայական ոտնձգութիւնները կամ սահմանափակումները: Իրական ազատութեան կարելի է հասնել, երբ ապահովւած են տնտեսական եւ ընկերային նախադրեալները, մարդն ունի սոցիալական երաշխիքներ, որոնք ապահովում են նրա ազատ կամարտայայտութիւնը եւ ազատօրէն որոշումներ կայացնելու հնարաւորութիւնը:

Արդարութիւնը ենթադրում է կատարած աշխատանքի դիմաց համարժէք վարձատրութիւն, ինչպէս նաեւ սոցիալական ապահովութեան հաւասար երաշխիքներ՝ անկախ ընտանեկան դրութիւնից, սեռից, տարիքից, սոցիալական ծագումից, ունեցւածքից եւ այլ տարբերակիչ յատկանիշից:

Համերաշխութիւնը մարդկանց` միմեանց նկատմամբ պատասխանատւութիւն կրելու եւ փոխադարձաբար օգնելու պատրաստակամութիւնն է: Համերաշխութիւնը հասարակութեան շաղախն է: Այն իրար է կապում ուժեղին եւ թոյլին, հարուստինեւ աղքատին, երիտասարդին եւ ծերունուն: Որեւէ ազգ կամ պետութիւն չի կարող դիմագրաւել արտաքին մարտահրաւէրներին, եթէ այն ներսից համերաշխ չէ: Դաշնակցութեան ընկալմամբ հասարակութեան համերաշխութիւնը լոկ բարեգործութիւն կամ ալտրուիզմ չէ, համերաշխութիւնը գոյատեւման եւ ազգի տեսլականին հասնելու գրաւական է:

Ահա այս արժէքային համակարգից է ածանցւում մեր սոցիալ տնտեսական դոկտրինը, տնտեսական քաղաքականութեան մեր հիմնարար սկզբունքները՝

- Տնտեսական աճ

- Սոցիալական արդարութիւն

- Կայուն զարգացում

Ընդ որում, այս երեք սկզբունքները հաւասար են: Տնտեսական աճը երբեք չի կարող առաւել առաջնային լինել, քան կայուն զարգացումը, երբ տնտեսական աճն ապահովւում է բնութեան աղտոտման կամ բնական պաշարների անխնայ շահագործման հաշւին, կամ էլ սոցիալական արդարութիւնը, երբ տնտեսական աճի պտուղները համտեսում են միայն հասարակութեան «ընտրեալները»։

Յաջորդիւ, իմ ընկերն աւելի մանրամասն կը ներկայացնի թէ մենք ինչ ենք հասկանում իւրաքանչիւր սկզբունքի տակ։ Ես կը խօսեմ շատ համառօտ։

Տնտեսական աճի ապահովման մի քանի հիմնարար մօտեցում կայ։ Ազատականներն (լիբերալները) ասում են․ թողէք մարդուն ազատ, մի փորձէք ամէն ինչ կարգաւորել ու կանոնակարգել եւ ազատ մարդը կինքնադրսեւորւի, կը ստեղծի արդիւնք, կը դառնայ տնտեսութեան լոկոմոտիւը եւ կապահովի տնտեսական զարգացումը։ Սոցիալիստների համար այս մօտեցումն ընդունելի չէ։ Անհատը պատասխանատու է սոցիումի առաջ, սոցիումը պատասխանատու է անհատի համար։ Բոլորը մէկի եւ մէկը բոլորի համար։ Ազատականների գովերգած շուկայի անտեսանելի կարգաւորիչ ձեռքը չի գործում, շուկաները չեն ինքնակարգաւորւում։ Դրա վկայութիւններն են տնտեսական ճգնաժամերը եւ հասարակութեան բեւեռացումը։ Անհրաժեշտ է պետութեան միջամտութիւնը՝ վերացնելու շուկայի ձախողումները, իսկ որոշ դէպքերում նաեւ առաջնորդելու տնտեսութեան աճը։ Մենք մերժում ենք թէ՛ վայրի կապիտալիզմը, թէ՛ պետական կոմունիզմը։ Պետական միջամտութեան ոլորտում մենք առաջնորդւում ենք՝ «այնքան շուկայ, որքան հնարաւոր է, այնքան միջամտութիւն, որքան անհրաժեշտ է» սկզբունքով։ Պետական կը շռադատւած միջամտութեամբ բարեկեցիկ հասարակութեան մէջ է, որ անհատը կարող է իրեն ազատ զգալ։

Սոցիալական արդարութիւնը Դաշնակցութեան համար հիմնական օրակարգ է։ Սոցիալական արդարութիւնը սոցիալական պետութեան հիմնքն է, այն երաշխաւորում է հասարակութեան համերաշխութիւնը, ինչն արտաքին մարտահրաւէրների պայմաններում ազգային անվտանգութեան խնդիր է։ Տնտեսական արժէք ստեղծւում է հասարակութեան ջանքերով։ Իւրաքանչիւր ոք, ով ներդրում է ունեցել տնտեսական արժէքի ստեղծման մէջ պէտք է իր արդար բաժինը ստանայ։ Այլապէս կունենանք այն, ինչ որ ունենք։ Վերջին տասը տարիների ընթացքում տնտեսութիւնն անշեղօրէն աճում է, բայց անշեղօրէն աճում է սոցիալական բեւեռացում։ Սա բերում էր արտագաղթի ու պետութիւնից օտարման։ Բայց ժողովրդի համբերութեան բաժակը լցւեց, եւ ժողովուրդը դուրս եկաւ փողոց։ Սոցիալական պետութեան պարտաւորութիւնն է նաեւ պատշաճ խնամք եւ հոգատարութիւն ապահովել բոլոր նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը, ապահովել մարդկանց սոցիալ աշխատանքային երաշխիքները։ Սոցիալական պետութիւնում սեփականութեան եւ ժառանգականութեան իրաւունքներն անձեռնմխելի են, բայց պէտք է գիտակցնեք, որ սեփականութիւնը, իրաւունքից զատ, բերում է նաեւ պատասխանատւութիւն։

Եւ վերջապէս կայուն զարգացում։ Կայուն զարգացումը սերունդների միջեւ համերաշխութեան եւ ազգի շարունակականութեան գրաւականն է։ Պետութեան քաղաքականութիւնը պէտք է ուղղւած լինի բնական ռեսուրսների գերշահագործումը, հիւծումը բացառելուն, շրջակայ միջավայրի, այդ թւում` մարդու կեանքի եւ առողջութեան վրայ բացասական ազդեցութիւնը նւազեցնելուն, բնական ռեսուրսների համալիր կառավարմանը եւ դրանցից ստացւող եկամուտների արդար բաշխմանը հասարակութեան բոլոր անդամների միջեւ: Բնական ռեսուրսները` հողը, ընդերքը, ջուրը, կենդանական ու բուսական աշխարհը, անտառը, բնական լանդշաֆտներն ու մթնոլորտային օդը, համաժողովրդական սեփականութիւն են։ Սակայն, կայուն զարգացումը միայն բնապահպանութիւնը չէ։ Կայուն տնտեսական զարգացումը պահանջում է, որ այսօրւայ քաղաքականութիւնը պէտք է միտւած լինի նաեւ վաղւայ բարեկեցութեան ապահովմանը: Այս նպատակով սոցիալական պետութիւնն էական ներդրում է կատարում կրթութեան, առողջապահութեան, հիմնարար հետազօտութիւնների ու ենթակառուցւածքների զարգացման ուղղութեամբ:

Ի մի բերելով Դաշնակցութեան սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթները՝ կարող ենք փաստել։ Մեր քաղաքականութիւնը միտւած է

1.  Առաջանցիկ տեմպերով արդիւնք ստեղծելուն

2.  Ստեղծւած արդիւնքն արդար կերպով հասարակութեան անդամների միջեւ բաշխելուն

3.  Ստեղծւած արդիւնքը ներկայ եւ գալիք սերունդների միջեւ արդար եւ պատասխանատու կերպով բաշխելուն»:

Յարակից լուրեր

  • Կապիտուլեացիայից մինչեւ պարենային անվտանգութեան խնդիրներ եւ հացի թանկացում
    Կապիտուլեացիայից մինչեւ պարենային անվտանգութեան խնդիրներ եւ հացի թանկացում

    Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրւած «կապիտուլեացիայի» համաձայնագրից յետոյ ՀՀ-ն կանգնելու է պարենային անվտանգութեան լուրջ խնդրի առջեւ՝ յատկապէս հացահատիկային մշակաբոյսերի հետ կապւած։ Panorama.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ՀՀ գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը։

  • Այդ մարդը իրականացրեց թուրքերի երազանքը
    Այդ մարդը իրականացրեց թուրքերի երազանքը

    Վարչապետ Նիկոլ Փաշինեանն նոյեմբերի 20-ին Պաշտպանութեան նախարարութիւնում ներկայացրեց նորանշանակ նախարար Վաղարշակ Յարութիւնեանին՝ նշելով, որ մենք պէտք է լրջօրէն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թէ որտեղ ենք սխալւել, ինչու եւ ինչ պէտք է անենք՝ հետեւութիւններ անելու համար։ 

  • Պարտւած մարդու հետ չեն բանակցում
    Պարտւած մարդու հետ չեն բանակցում

    Պաշտպանութեան նախարարը պէտք է հրաժարական տար կապիտուլեացիոն փաստաթուղթը ստորագրւելուց 15 րոպէ յետոյ, ոչ թէ 10 օր յետոյ, եւ հրաժարականի առաջին քայլը պէտք է անէր նա, ով իր կոտրած ձեռքով ստորագրել է եւ բանակը հասցրել է այս վիճակին, որի պատճառով ունեցանք նոյեմբերի խայտառակութիւնը. Tert.am-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով պաշտպանութեան նախարարի պաշտօնից ազատման որոշմանը:

  • «Թուրքական զօրքը Ադրբեջանում է՝ տուրիստ ե՞ն եկել»․ Արթուր Խաչատրեան
    «Թուրքական զօրքը Ադրբեջանում է՝ տուրիստ ե՞ն եկել»․ Արթուր Խաչատրեան

    Ես կը փորձեմ խօսել ձեր բանականութեան հետ՝ այն բանականութեան հետ, որ Նիկոլը 2.5 տարի փորձել է բթացնել ու լռեցնել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը «Հայրենիքի փրկութեան շարժման» հանրահաւաքի ելոյթի ժամանակ։

  • «Արայիկ Յարութիւնեան, ես ամաչում եմ, որ քո հետ նոյն կառավարութեան կազմում եմ եղել». Արթուր Խաչատրեան
    «Արայիկ Յարութիւնեան, ես ամաչում եմ, որ քո հետ նոյն կառավարութեան կազմում եմ եղել». Արթուր Խաչատրեան

    ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։