Հա

Ազգային

22/10/2018 - 15:00

ՀՅԴ-ն կողմ է քւէարկելու ընտրական օրէնսգրքի փոփոխութիւնների փաթեթին

ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութիւնը կողմ է քւէարկելու Ընտրական օրէնսգրքի փոփոխութիւնների փաթեթին:

«alikonline.ir» - ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութիւնը կողմ է քւէարկելու Ընտրական օրէնսգրքի փոփոխութիւնների փաթեթին: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասի ԱԺ-ում փաթեթի առաջին ընթերցմանը լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

«Ընտրական օրէնսգրքին մենք նայում ենք առանձնաբար: Միշտ կողմ ենք քւէարկել այն նախագծերին, որոնք առաջընթաց են ապահովում: Արարատ Միրզոյեանի հետ քննարկմանն արդէն ասել ենք, որ քանի որ փոփոխութիւնների ուղղութիւնը ճիշտ է, մենք չենք կարող սրան դէմ լինել»,- ասաց Ռուստամեանը:

Նա նկատեց՝ ընտրական օրէնսգրքում դրական տեղաշարժեր կան, ինչու պէտք է դէմ քւէարկեն: Միեւնոյն ժամանակ այս ընտրական օրէնսգրքով հապշտապ ընտրութիւնների գնալը սխալ են համարում: Օրէնսգրքի ընդունման համար 24-ժամեայ ռեժիմի ընդունումը եւս սխալ է համարում:

Ռուստամեանը նշեց նաեւ՝ Ընտրական օրէնսգրքում իրենց երեք առաջարկները չեն ընդունել ժամանակի սղութեան պատճառաբանութեամբ:

Աւելի վաղ ՀՅԴ-ն յայտարարութիւն էր տարածել, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին:

Հայաստանի հանրապետական կուսակցութիւնը յայտարարել է, որ կողմ չէ ԸՕ փոփոխութիւնների փաթեթին:

ՀՀ կառավարութիւնը հոկտեմբերի 16-ի նիստում հաւանութիւն էր տւել Ընտրական օրէնսգրքի բարեփոխումների փաթեթին: Այնուհետեւ ՀՀ փոխվարչապետի պաշտօնակատար Արարատ Միրզոյեանը, ՀՀ արդարադատութեան նախարարի պաշտօնակատար Արտակ Զէյնալեանը փաթեթի վերաբերեալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցութիւնների հետ, լսել նրանց առաջարկները: ԱԺ պետաիրաւական եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցերի մշտական յանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հաւանութիւն էր տւել Ընտրական օրէնսգրքում եւ յարակից նախագծերի փաթեթում փոփոխութիւնների նախագծին: Դրանից յետոյ Վենետիկի յանձնաժողովը եւս յայտարարութիւն էր ընդունել ՀՀ ընտրական օրէնսգրքի նախագծերի վերաբերեալ: Դրանում, մասնաւորապէս նշւել էր, որ առաջարկւող փոփոխութիւնները լեգիտիմ նպատակներ են հետապնդում եւ հիմնականում դրական են: Ընտրական օրէնսգրքի առաջարկւող բարեփոխումներով ռէյտինգային ընտրակարգից անցում է կատարւում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նւազեցւում է մէկ տոկոսով, կրճատւում է ընտրական գրաւը: Ընտրութիւնների արդիւնքում խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։