Հա

Ազգային

27/10/2018 - 10:40

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը պահանջում է Բաքւին օգնութիւն չտրամադրելու 907-րդ բանաձեւի պարտադիր կիրառումը

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի խօսքով՝ Բաքւի թափ առնող ռազմատենչութիւնը պահանջում է ուժեղացնել 907-րդ բանաձեւը, մասնաւորապէս՝ ադրբեջանական բանակին ցանկացած ռազմական կամ երկակի նշանակութիւն ունեցող ապրանքների վաճառքը կանխելու տեսանկիւնից:

«alikonline.ir» - Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի խօսքով՝ Բաքւի թափ առնող ռազմատենչութիւնը պահանջում է ուժեղացնել 907-րդ բանաձեւը, մասնաւորապէս՝ ադրբեջանական բանակին ցանկացած ռազմական կամ երկակի նշանակութիւն ունեցող ապրանքների վաճառքը կանխելու տեսանկիւնից:

«Tert.am»-ը նրանից հետաքրքրւել է, թէ Հայ Դատի յանձնախմբում ինչ տպաւորութիւն են ստացել ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնի՝ Երեւան այցից եւ այդ ընթացքում արւած յայտարարութիւններից:

Նա մասնաւորապէս ներկայացրել է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի դիտարկումները՝ կապւած Կոնգրեսի կողմից 1992 թւականին ընդունած «Ազատութեան աջակցութեան» ակտի 907-րդ լրացման հնարաւոր փոփոխութեան մասին:

«Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը յամառօրէն պահանջում է 907-րդ ուղղմամբ սահմանւած սահմանափակումների պարտադիր կիրառումը (այդ թւում՝ ռազմական օգնութեան հետ կապւած) Ալիեւի ռեժիմի նկատմամբ եւ Բաքւի մեծացող ագրեսիայի պայմաններում կոչ անում Սպիտակ տանը դադարեցնել այդ օրէնքը չկիրառելու պրակտիկան»,- ասաց նա:

Ըստ Արամ Համբարեանի՝ դա չանելու պարագայում՝ Կոնգրեսին հարկ կը լինի վերյիշել Սպիտակ տանը շնորհւած օրէնքի չկիրառման տխրահռչակ իրաւասութիւնը:

«907-րդ ուղղման պահանջներին զուգահեռ մենք ուշի ուշով հետեւում ենք սպառազինութիւնների արտահանման վերահսկողութեանը` կապւած երրորդ կողմերի միջոցով Ադրբեջանի՝ վերջերս կատարած ռազմական գնումների հետ»,- ասաց նա:

Յիշեցնենք, որ 907-րդ բանաձեւը Կոնգրեսի կողմից ընդունւել է 1992 թ. ու ամերիկեան վարչակազմին արգելում է պետական մակարդակով օգնութիւն տրամադրել Բաքւին՝ հաշւի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտութիւնը:

Տարիներ շարունակ ադրբեջանական դիւանագիտութիւնը փորձում է այնպէս անել, որ 907-րդ լրացումը չեղարկւի:

Խօսելով արդէն Ջան Բոլթոնի այցի մասին՝ նա մի քանի նկատառում արեց: Նախ յիշատակեց՝ ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի սեպտեմբերի 21-ի նամակների ոճով՝ Բոլթոնը ողջունեց Հայաստանում կատարւած խաղաղ, ժողովրդավարական, սահմանադրական անցումը:

«Առերեւոյթ դուրս մղելով Քլինթոնի, Բուշի եւ Օբամայի վարչակազմերի համար ամենաբարձր առաջնահերթութիւն համարւող Արցախի հիմնախնդրի լուծումը՝ որպէս Ռուսաստանի ազդեցութիւնը տարածաշրջանում նւազեցնելու միջոց՝ Բոլթոնը, գոնէ հրապարակայնօրէն, ընդգծեց ԱՄՆ-ի համար Արցախեան հիմնախնդրի կարգաւորման օգուտները Իրանի մեկուսացմանն ուղղւած իր ջանքերում: Մենք կարող ենք Արցախի հարցում ակնկալել դիւանագիտական տեղաշարժ, ինչը հաւանաբար նախանշւեց Արցախի տարածքի վերադարձի վերաբերեալ Հայաստանում դեսպանի իր առաքելութիւնն աւարտող Ռիչարդ Միլսի անողոք յայտարարութիւնում: Պատերազմին միշտ պէտք է լինել պատրաստ»,- նկատեց Արամ Համբարեանը:

Նա մատնանշեց՝ Բոլթոնը յայտնեց Հայաստանին զէնք վաճառելու՝ ԱՄՆ պատրաստակամութեան մասին, ինչը, ամենայն հաւանականութեամբ, տեղի կունենայ Ադրբեջանին զէնք վաճառելու համատեքստում:

«Վտանգն այն է, որ Ադրբեջանն իր ռազմական բիւջէով կարող է թոյլ տալ իրեն ձեռք բերել աւելի կատարելագործւած ամերիկեան զէնքեր, քան Հայաստանը՝ առաջացնելով անհաւասարակշռութիւն ինչպէս ռազմադաշտում, այնպէս էլ ամերիկացի զէնք արտադրողների (եւ նրանց քաղաքական դաշնակիցների) հետ յարաբերութիւնների տեսակէտից: Այստեղ կարեւոր է առաջնորդւել իմաստութեամբ»,- ասաց նա:

Արամ Համբարեանի խօսքով՝ Բոլթոնը նաեւ ազդարարեց Իրանի նկատմամբ խստագոյն պատժամիջոցների գործադրման մասին՝ մեղմացնելով պատժամիջոցների վերաբերեալ խօսակցութիւնը՝ տարածաշրջանային գործընկերներին վնասելուց զերծ մնալու համար:

«Բայց սատանան, անկասկած, մանրուքների մէջ է: Հայ Դատի յանձնախումբը կը շարունակի հետեւել այդ զարգացումներին վստահ լինելու համար, որ այս այցելութիւնից յետոյ հայկական ծագմամբ ամերիկացիների տեսակէտներն ու արժէքները Վաշինգտոնում այս քննարկումների մաս են կազմում»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։