Հա

Ազգային

24/11/2018 - 13:22

Արմէն Ռուստամեան. «Դաշնակցութիւնն իր ծրագրերի եւ մօտեցումների մէջ անշեղ է եղել»

Ինչո՞ւ է Արմէն Ռուստամեանը գլխաւորում արտահերթ խորրդարանական ընտրութիւններում ՀՅԴ համապետական ցուցակը: «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդմանը հիւրընկալւած ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը քաղաքացու այս հարցին պատասխանել է, որ դա եղել է կուսակցութեան որոշումը, ինչպէս նախորդ տարի։

«alikonline.ir»- Ինչո՞ւ է Արմէն Ռուստամեանը գլխաւորում արտահերթ խորրդարանական ընտրութիւններում ՀՅԴ համապետական ցուցակը: «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդմանը հիւրընկալւած ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը քաղաքացու այս հարցին պատասխանել է, որ դա եղել է կուսակցութեան որոշումը, ինչպէս նախորդ տարի։

«Գիտէք, որ 2017 թւականին մենք դրել են խնդիրներ՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան» յայտնի կարգախօսով, որն ընթացքի մէջ է։ Այդ ժամանակ մենք առիթ ունեցանք մեր ժողովրդին ներկայացնելու, թէ որն է Դաշնակցութեան առաքելութիւնը, որը դեռ պէտք է շարունակւի։ Այն ժամանակ էլ ես էի ղեկավարում ցուցակը։ Կարծում եմ՝ այդ տրամաբանութիւնը պահպանելով է, որ կուսակցութիւնը նման որոշում է կայացրել»,- ասել է նա:

Ռուստամեանը շեշտել է, որ, այնուամենայնիւ, այստեղ ղեկավարելու խնդիր չկայ։ «Մեր կուսակցութեան մէջ ընդհանրապէս ղեկավարներ չկան, ՀՅԴ-ն կոլեգիալ ղեկավարւող կուսակցութիւն է, ամբողջական մէկ թիմ է, որտեղ ամէն մէկն իր ուրոյն դէմքն ու դիմագիծը, իր ոճն ու տրամաբանութիւնն  ունի»,- ասել է նա։

Հարցին, թէ ցուցակը գլխաւորելու` կուսակցութեան որոշման մէջ կարեւորւե՞լ է, արդեօք, ԱԺ-ում իր փորձը, պատգամաւորը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո։ Իմ փորձը միայն ԱԺ-ում չէ։ Չգիտեմ՝դա լաւ է, թէ՝ վատ, բախտաւորութիւն է, թէ՝ ոչ այնքան, կարելի է ասել, որ 30 տարի քաղաքական պայքարի մէջ եմ։ 1988 թւականի մեր համազգային շարժումը բոլորին, այդ թւում՝ նաեւ ինձ, կտրեց հիմնական զբաղմունքից։ Ես մասնագիտութեամբ ֆիզիկոս եմ, եւ այդ օրերին գիտութեան մէջ էի խորացած, բայց կեանքը ստիպեց, որ զբաղւենք ազգային հարցերով եւ, մեզանից անկախ, դարձանք քաղաքական գործիչ։ Իհարկէ, 30 տարւայ այդ փորձառութիւնը հիմա շատ կարեւոր է, որովհետեւ մեր կուսակցութիւնը, իրաւունք ունեմ ասելու, քաղաքական դաշտում լինելով ամենափորձառուն, ցանկացած քայլ կատարելիս նախեւառաջ ամբողջ պատմական ընթացքի վրայ է այն տեղաւորում եւ դրա հետ համեմատելով է նայում՝ ճի՞շտ է, թէ՞ սխալ»։

Ռուստամեանի խօսքով՝ Դաշնակցութիւնը միւսների նման չէ, որ այսօր ինչ-որ բան ասի, վաղը նրանից պատասխան չպահանջեն։ «Շատ յաճախ անձի շուրջ ստեղծւած կուսակցութիւններ են։ Անձ է` այսօր մի բան կասի, վաղը՝ ուրիշ բան։ Խօսքը չի էլ գնում երկար, տարիներ շարունակ նոյն բանն ասելու մասին, մարդիկ կան, որ օրումէջ տեսակէտ են փոխում։ Յաճախ մեզ էլ են փորձում դա վերագրել՝ առանց խորամուխ լինելու, որ Դաշնակցութիւնն իր ծրագրերի եւ մօտեցումների մէջ անշեղ է եղել։ Դաշնակցութեան գաղափարական եւ քաղաքական ընդհանուր ուղեգիծը միշտ մնացել է նոյնը։ Եւ այս 30 տարւայ ընթացքում, իմ տեսակէտն ու մասնակցութիւնը ունենալով, վստահաբար կարող եմ ասել, որ չկայ տեղ, որ որեւէ մէկը կարող է ապացուցել, որ Դաշնակութիւնը շեղւել է իր ասածներից եւ ուղեգծից։ Հնարաւոր է` եղել են քայլեր, որ մէկը տակտիկական առումով սխալ է համարել: Մենք մեր ամենամեծ քննադատն ենք։ Դաշնակցութեան ուժը հէնց դա է, որ, ամէն փուլ ամփոփելով, անգամ՝ ոչ միայն պատմական, այլ նաեւ ամէն մի քաղաքական իրադարձութիւն մեր կուսակցութեան մէջ շատ լուրջ քննարկումների առարկայ է դառնում։ Մենք ամէն քայլը փորձում ենք կատարել համոզումով, միասնական: Սա է մեր ուժը»,- նշել է նա։

Ռուստամեան կրկնել է, որ որոշումները Դաշնակցութեան մէջ կայացւում են ժողովրդավարութեամբ՝ լայն քննարկումների արդիւնքում, բոլորն ազատ են իրենց տեսակէտները ժողովների ժամանակ ներկայացնել, կարող են իրենց մօտեցումները պաշտպանել՝ անկախ կուսակցական հանգամանքից,  բայց երբ որոշումներն ընդունւում են, բոլորն էլ պարտաւոր են այդ որոշումները կատարել անշեղօրէն։ Նա խոստովանել է, որ եղել են նաեւ դէպքեր, որ իր սրտով չեն եղե դրանքլ, բայց որոշումը կատարել է։

«Շատ յաճախ պարզւել է, որ դու տեսակէտում սխալւում էիր, եւ մեծամասնութեան ասածն, այնուամենայնիւ, աւելի ճիշտ էր։ Միշտ էլ կարելի է ցանկացած որոշում, քայլ քննադատել, այն էլ՝ ռետրոսպեկտիւ, այսինքն՝ անցնում է մի 100 տարի, յետ են գնում ու, այդ օրերի մէջ չլինելով, սկսում են որոշել՝ Դաշնակցութիւնն այն ժամանակ ճի՞շտ է իրեն պահել, թէ՞ սխալ՝ առանց խորամուխ լինելու պայմանների եւ իրավիճակի նրբութիւնների մէջ։ Ես վստահ եմ, որ Դաշնակցութեան հիմքերն այնքան անաղարտ են, եւ այնքան նւիրեալներ կան մեր կուսակցութեան մէջ, որ միայն դա բաւարար է՝ ստիպելու յարգել այս կուսակցութիւնը»,- ասել է պատգամաւորը։

Ռուստամեանը նաեւ ընդգծել է, որ Դաշնակցութիւնը բազմաթիւ մեծեր է տւել, անգամ անուններ կան, որ շատեր տեղեակ չեն, որ նրանք դաշնակցական են եղել։ «Օրինակ՝ Յովհաննէս Թումանեան, Վահան Տէրեան, Աւետիք Իսահակեան, դեռ չեմ խօսում կարկառուն դաշնակցականների մասին՝ Դրօ, Արամ Մանուկեան եւ այլն։ Այդ մարդիկ պատահական չէ, որ մտան Դաշնակցութեան մէջ եւ շատ մեծ դեր խաղացին, որ ամրապնդւի այս կառոյցը` իր պլատֆորմով, մանիֆեստով, ծրագրերով, կանոններով, կանոնագրով, որը շատ քիչ փոփոխութիւնների է ենթարկւում, որովհետեւ ժամանակի փորձութիւնն է անցել»,- նշել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։