Հա

Ազգային

27/11/2018 - 14:30

Արթուր Խաչատրեան. «Քւէարկէք Դաշնակցութեան օգտին, եւ մենք կը շրջենք տնտեսական քաղաքականութեան անիւը»

Հ.Յ. Դաշնակցութեան քարոզարշաւի առաջին հաւաքի ընթացքում, իր ելոյթում ՀՅԴ պատգամաւորի թեկնածու, նախկին գիւղնախարար Արթուր Խաչատրեանը նշեց, որ Դաշնակցութիւնը իւրօրինակ կուսակցութիւն է եւ էապէս տարբերւում է Հայաստանում գործող միւս քաղաքական կառոյցներից` ոչ միայն նրանով, որ մասնաճիւղեր ունի Հայաստանում, Արցախում, Սփիւռքում, որ արդէն 128 տարի ժողովրդի հետ է, այլ նաեւ նրանով, որ կուսակցութեան սոցիալ-տնտեսական պատկերացումը, գաղափարախօսութիւնը ձախակողմեան է` սոցիալիստական:

«alikonline.ir»- Հ.Յ. Դաշնակցութեան քարոզարշաւի առաջին հաւաքի ընթացքում, իր ելոյթում ՀՅԴ պատգամաւորի թեկնածու, նախկին գիւղնախարար Արթուր Խաչատրեանը նշեց, որ Դաշնակցութիւնը իւրօրինակ կուսակցութիւն է եւ էապէս տարբերւում է Հայաստանում գործող միւս քաղաքական կառոյցներից` ոչ միայն նրանով, որ մասնաճիւղեր ունի Հայաստանում, Արցախում, Սփիւռքում, որ արդէն 128 տարի ժողովրդի հետ է, այլ նաեւ նրանով, որ կուսակցութեան սոցիալ-տնտեսական պատկերացումը, գաղափարախօսութիւնը ձախակողմեան է` սոցիալիստական: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Մենք հաւատում ենք, որ պետութիւնն էական դեր ունի կատարելու երկրի տնտեսական զարգացումն ապահովելու գործում: Մենք չենք հաւատում, որ շուկայի անհատ ձեռքը կարող է կարգաւորել շուկան, ստեղծել բարեկեցիկ, արդար հասարակութիւն, մի հասարակութիւն, որտեղ իւրաքանչիւրը կը ստանայ իր արժանիքներին, ներդրմանը վայել: Մենք գտնում ենք, որ պետութիւնը չի կարող ձեռքերը ծալած նստել, որ պետութեանն է վերապահւած շատ կարեւոր դեր, որպէսզի երկիրը զարգանայ»,- ասաց Խաչատրեանը:

Նա նշեց նաեւ, որ Դաշնակցութեան համար երկրի զարգացումը նոյնչափ կարեւոր է, որքան սոցիալական արդարութիւնը: Խաչատրեանի խօսքով` սոցիալական արդարութիւնը կոչւած է բաշխել սոցիալական այն արժէքը, որը ստեղծել են հասարակութեան անդամները:

Ըստ նրա` ժողովուրդը չի բողոքում միայն աղքատութիւնից, ծանր սոցիալական պայմաններից, այլ ժողովրդի հիմնական բողոքն անարդարութիւնից է: «Տասնեակհազարաւոր մարդիկ օրնիբուն աշխատում են, բայց գրոշներ են ստանում, իսկ օլիգարխները, որոնք կոչւում են սեփականատէր, գռփում են ազգային արժէքի զգալի մասը: Եւ այս սկզբունքային դիրքորոշումից է բխում մեր սոցիալ-տնտեսական քաղաքականութիւնը: Մենք պահանջում ենք առաջանցիկ զարգացում, ներառական աճ, սոցիալական արդարութիւն եւ կայուն զարգացում: Առաջանցիկ տնտեսական աճի մէջ էական դեր ենք վերագրում պետութեանը. պետութիւնը պասիւ կարգաւորումից պէտք է ստանձնի տնտեսական զարգացման լոկոմոտիւի դերը, ակտիւօրէն վերացնի շուկայի ձախողումները, ճգնաժամերը»,- ասաց Խաչատրեանը:

Ըստ նրա` պետութիւնը պէտք է կարողանայ ստեղծել աշխատատեղեր պետութիւն-մասնաւոր ընկերութիւններ, պետութիւն-մասնաւոր հատւած գործընկերութեան ֆորմատով: Եթէ չի գալիս մասնաւոր ընկերութիւնը, ապա, ըստ Խաչատրեանի, պետութիւնը պէտք է լրացնի այդ բացն այն բնագավառներում, որտեղ մասնաւորը վախենում է մտնել:

Բացի այդ` ՀՅԴ անդամը նշեց, որ պետութեան ստեղծած արժէքը պէտք է արդար բաշխւի` մարդիկ աշխատում են, բայց չեն ստանում եկամտի իրենց բաժինը: «Տնտեսական աճի պտուղներն արդար չեն բաշխւում: Ունենք թոշակառուներ, գործազուրկներ, որոնք ստանում են գրոշներ, մարդիկ ամբողջ կեանքն աշխատում են, բայց նրանց կենսաթոշակները նոյնիսկ աղքատ գոյութիւնը չեն երաշխաւորում: Արդեօ՞ք դա ենք մենք ուզում: Իհարկէ` ոչ: Մենք խօսում ենք համերաշխ հասարակութեան մասին եւ պէտք է մեր տնտեսական քաղաքականութեամբ երաշխաւորենք այդ համերաշխութիւնը: Այսօրւայ հասարակութիւնը պէտք է ստեղծի նաեւ գալիք սերունդների բարեկեցութեան հիմքերը, պէտք է ճիշտ առողջապահական, կրթական քաղաքականութիւն վարենք: Այսօրւայ սերունդը պատասխանատու է նաեւ գալիք սերունդների համար»,- յայտարարեց Խաչատրեանը:

Նրա խօսքով` կայուն զարգացումը բնապահպանական էական բաղադրիչ ունի. շատ հեշտ է այսօր քամել ընդերքը, կեղտոտել օդը, հողը, ջուրը եւ հանել ոսկի, արծաթ, պղինձ, մոլիբդեն, ինչ-որ գրոշներ նետել պետութեանը` եկամտահարկի կամ շահութահարկի տեսքով, բայց հիմնականում նաեւ օֆշորներում գրանցւած ընկերութիւնները տանեն ամբողջ շահոյթը: Խաչատրեանը նշեց, որ այսօրւայ սերունդը չպէտք է գալիք սերունդներին թողնի քամած երկիր: «Գալիք սերունդներին պէտք է թողնենք այն եւ աւելին, ինչ այսօրւայ սերունդն է ժառանգել մեր նախնիներից: Ցաւոք, վերջին 30 տարիներին շեղւել ենք մեր նշած երեք սկզբունքներից` առաջանցիկ զարգացում, ներառական աճ, սոցիալական արդարութիւն եւ կայուն զարգացում: Բոլոր կառավարութիւններն աջակողմեան են եղել, եւ տնտեսական ձախողումները, որ ունենք, նաեւ դրանից է գալիս: Քւէարկէ'ք Դաշնակցութեան օգտին, եւ մենք կը շրջենք մեր տնտեսական քաղաքականութեան անիւը, առաւել մեծ պատասխանատւութիւն կը վերագրենք պետութեանը, կը հասնենք տնտեսական աճի ներառականութեանը, սոցիալական արդարութեանն ու կայուն զարգացմանը»,- խօսքն ամփոփեց Խաչատրեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։