Հա

Ազգային

22/12/2018 - 12:40

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Ադրբեջանը աշխատում է ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերը թուլացնելու ուղղութեամբ»

ԼՂ համակարտութեան կարգաւորման հարցում ի՞նչն է լաւատեսութիւն հաղորդել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովին եւ ի՞նչ փոխըմբռման են հասել նա ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանի հետ։ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղի կարգաւորման հարցում այսօր կան որոշակի գործընթացներ, որոնք մտածելու տեղիք են տալիս։ 

«alikonline.ir» - ԼՂ համակարտութեան կարգաւորման հարցում ի՞նչն է լաւատեսութիւն հաղորդել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովին եւ ի՞նչ փոխըմբռման են հասել նա ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանի հետ։ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղի կարգաւորման հարցում այսօր կան որոշակի գործընթացներ, որոնք մտածելու տեղիք են տալիս։ Նա նաեւ համոզւած է, որ Ադրբեջանը աշխատում է ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերը թուլացնելու ուղղութեամբ։ Այս հարցերի շուրջ իր մտահոգութիւնների մասին Արսէն Համբարձումեանը պատմել է «news.am»-ի հետ հարցազրոյցում, որը ներկայացնում ենք ստորեւ.

 

- Ադրբեջանի ԱԳ նախարարը յայտարարել է, որ ՀՀ իշխանութեան հետ յաջողւել է փոխըմբռնման գալ: ՀՀ ԱԳՆ-ն, սակայն նշում է, որ Միլանում հնարաւոր դարձաւ համաձայնութիւն ձեռք բերել հնգակողմ յայտարարութեան տեքստի շուրջ: Ինչպէ՞ս էք առհասարակ գնահատում Արցախի խնդրի շուրջ վերջին զարգացումները:

- Ես կարծում եմ, որ վերջին զարգացումները, որոնց վերաբերեալ մեր անհանգստութիւնների մասին նաեւ յայտնելու առիթ ունեցել ենք նախընտրական քարոզարշաւի ժամանակ, այնուամենայնիւ, սպառիչ պատասխաններ են ակնկալում, որովհետեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի վերջին յայտարարութիւնների հետ կապւած ես կարծում եմ, որ ԱԳՆ մամուլի խօսնակի պատասխանները, այնուամենայնիւ, բաւարար չէին, կը նախընտրէի լսել մեր արտաքին գործերի նախարարի պարզաբանումները այս կապակցութեամբ, թէ ինչ փոխըմբռնման մասին է խօսքը եւ ինչն է, որ վերջին հանդիպման ժամանակ այդքան մեծ լաւատեսութիւն է հաղորդել Ադրբեջանի ԱԳ նախարարին։ Եթէ դա ադրբեջանական ապատեղեկատւութեան հերթական դրսեւորումն է, լաւ կը լինի, որ դրա մասին բարձրաձայն եւ յստակ յայտարարի ՀՀ ԱԳ նախարարը, եթէ փոխըմբռնում ասելով՝ հայկական կողմը եւս որոշակի բովանդակութիւն է այդտեղ տեսնում, նախ պիտի հասկանանք, թէ այդ փոխըմբռնումը իրենից ինչ է ներկայացնում, եւ միայն փոխըմբռման մասին չէ, որ յայտարարւել է, այլ ասւել է նաեւ այն մասին, որ ակնկալիք կայ, որ 2019 թւականին հնարաւոր է էական առաջընթաց ունենալ արցախեան հարցի հետ կապւած։

 

- Ալիեւը յայտարարում է, որ բարենպաստ պայմաններ են ստեղծւել հակամարտութեան կարգաւորման համար, այդ թւում՝ միջազգային կառոյցներում, որոնց թւում ՀԱՊԿ-ն է նաեւ։ Ձեր կարծիքով, իսկապէ՞ս կան նման հիմքեր եւ ըստ այդմ՝ վտանգներ հայկական կողմի համար:

- Լաւատեղեակ չլինելով կուլիսային հանդիպումների մանրամասնութիւններին՝ ես ձեռնպահ կը մնամ մեկնաբանութիւններ տալուց, բայց ամէն դէպքում այն զարգացումները, այն գործընթացները, որ տեղի են ունենում Արցախի հետ կապւած, եթէ հանրագումարով կամ ընդհանուր համատեքստի մէջ դիտարկելու լինենք, տեսանելի է, որ կան գործընթացներ, անպայման չի այդ գործընթացները լինեն տեսանելի, բայց կան որոշակի գործընթացներ, որոնք մտածելու տեղիք են տալիս, միգուցէ, այդ շրջանակներում պիտի դիտարկել նաեւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով սահմանապահ զօրքեր տեղակայելու Ադրբեջանի վերջին յայտարարութիւնները։ Հայ-ադրբեջանական սահմանն այն սահմանն է, որի պարագայում նաեւ ՀԱՊԿ-ն որոշակի պարտաւորութիւններ ստանձնելու հարց ունի ռազմական էսկալացիայի պարագայում, եւ այստեղ սահմանապահ զօրքերի տեղակայումը միգուցէ նաեւ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի դիրքերը թուլացնելու եւ դաշնակցային պարտաւորութիւնները չէզոքացնելու նպատակ է հետապնդում, այսինքն՝ խորքային վերլուծութեան խնդիր ունենք։ Կարծում եմ, որ նաեւ Նախիջեւանի սահմանում տեղի ունեցած առաջխաղացումները այս առումով եւս պիտի ընդհանուր համատեքստում դիտարկել, որովհետեւ այս գործընթացները, չեմ կարծում, որ պատահական կամ առանձին վերցւած գործընթացներ են, եւ եթէ ընդհանուր համատեքստում ենք փորձում դիտարկել, անհանգստանալու առիթներ եւ պատճառներ ունենք, նկատի ունենալով նաեւ ամիսներ առաջ Բոլթոնի եւ ԱՄՆ արդէն նախկին դեսպանի արած յայտարարութիւնները։ Այս առումով կարեւոր է հայկական կողմի պաշտօնեաների յստակ եւ միարժէք արձագանքը, որպէսզի տարակարծիք մեկնաբանութիւնների տեղիք տւող հարցեր չառաջանան մեր իրականութեան մէջ։

 

- Մտավախութիւն չունէ՞ք, որ սահմանապահ ուժերով փոխարինելով՝ Ադրբեջանը ցանկանում է այսպիսով այդ զօրքերը տեղափոխել Արցախի հետ շփման գիծ։

- Դա էլ չեմ բացառում, բայց ես աւելի շուտ տեսնում եմ, որ Ադրբեջանը փորձում է ՀԱՊԿ-ի շրջանակներում թուլացնել ՀՀ-ի դիրքերը դաշնակցային պարտաւորութիւնները չկատարելու իմաստով։ Այս յարաբերական հանգիստ իրավիճակը, որ կայ, ամենեւին չի նշանակում, որ իրավիճակը լիցքաթափւել է։ Ակնյայտ է, որ ադրբեջանական կողմը ինժեներական որոշակի ամրացումներ է կատարում, զօրքերի յետքաշում տեղի չի ունեցել առաջնային բնագծերից զօրավարժութիւններից յետոյ։

 

- Երէկ ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը յայտարարում էր, որ իր վարչապետութեան օրօք ոչ մի դիրք չի զիջւել, իսկ տեղաշարժերը տեղի են ունեցել փետրւար-մայիս ամիսներին։ Դուք ինչո՞վ էք պայմանաւորում դա։

- Քանի որ Հայաստան-Նախիջեւան սահման որպէս այդպիսին չի եղել, կայ ռազմաճակատի գիծ, ուստի այդ տեսակ մօտեցումը, որ տեղաշարժ չի եղել, ընդամէնը իրենց տարածքում դիրքերի որոշակի բարելաւում է եղել, մեղմ ասած ընդունելի չէ։ Մեր ունեցած տեղեկութեամբ, որը նաեւ որոշակի փաստական հիմքի վրայ է խարսխւած, չի խօսում այն մասին, որ այդ տեղաշարժերը եղել են ապրիլ-մայիսեան իրադարձութիւններից առաջ, եղել է գործընթաց, այդ գործընթացը որոշակի տեւականութիւն է ունեցել, եղել է դիրքերի մինչեւ այդ տեղի ունեցած առաջխաղացում եւ դրանից յետոյ։ Շատ յստակ է, որ ադրբեջանական դիրքերի առաջխաղացման արդիւնքում մենք որոշակի վտանգների առաջ ենք կանգնած, այն առումով, որ թէ՛ Զանգակատան, թէ՛ Արէնի գիւղի հատւածով անցնող միջպետական ճանապարհը յայտնւել է ուղիղ նշանառութեան տակ։ Սա լրջագոյն խնդիր է, որին պէտք է լրջօրէն անդրադառնալ եւ ամենեւին կարեւոր չէ, թէ այս տեղաշարժերը տեղի են ունեցել փետրւար–մարտ ամիսների ընթացքում, թէ դրանից յետոյ, եթէ կայ իրավիճակ, որը սպառնում է մեր անվտանգութեանը։ Դա արդարացում չէ, թէ գործընթացը երբ է սկսւել եւ երբ է աւարտւել եւ դրանից ներկայ իշխանութիւնների պատասխանատւութիւնը չի նւազում։

 

- ՌԴ ԱԳ նախարար Լաւրովը յայտարարել է, որ Ալիեւի մօտ բանակցութիւնները վերականգնելու «անկեղծ տրամադրւածութիւն» է զգացել: Ի՞նչ մեսիջ է սրանով յղում Լաւրովը:

- Ես թերահաաւտ եմ, որ երբեւէ Ալիեւի մօտ բանակցային գործընթացը արդիւնաւորելու անկեղծ ցանկութիւն կարող է լինել այն իմաստով, որ Ղարաբաղի հարցի ընդունելի լուծում կարելի է գտնել։ Միգուցէ, Ադրբեջանը իր շահերի տեսանկիւնից ինչ–որ պատկերացումներ ունի հարցի կարգաւորման հետ կապւած որոշակի առաջընթացի մասով, բայց դա ամենեւին չի նշանակում, որ այդ ցանկութիւնը երկուստեք կարող է լինել, քանի որ թէ՛ ադրբեջանական, թէ՛ հայկական կողմի դիրքորոշումները այնքան կարծր են, որ ես դժւարանում եմ պատկերացնել, թէ ինչ ընդհանուր յայտարար կարելի է ձեւաւորել, որպէսզի երկուստեք ընդունելի բանակցային գործընթաց տեղի ունենայ։

Հայկական կողմի դիրքորոշումը յստակ բանաձեւելու հարց ունենք, որովհետեւ քանի դեռ հայկական կողմի դիրքորոշումները յստակ ձեւակերպւած չեն եւ ակնկալիքներն այն է, որ բանակցային սեղանի շուրջ ձեւաւորւեն ինչ–ինչ տարբերակներ, որոնք յետոյ քննարկման առարկայ կը դառնան, դա մեզ լաւ տեղ չի տանի։ Քանի դեռ չեն ճշգրտւել ԼՂՀ տարածքներն ու չի վերականգնւել ԼՂՀ տարածքային ամբողջականութիւնը, հայկական կողմի իշխանութիւնը տարածւում է ամբողջ տարածքների վրայ, այլ կերպ ասած՝ քանի դեռ Ադրբեջանի կողմից չի ճանաչւել ԼՂՀ-ն, խօսել փոխզիջումների մասին, անիմաստ է։

 

- Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ ինքը բանակցելու է միայն Հայաստանի անունից: Արդեօ՞ք այս մօտեցմամբ ամրանում են հայկական կողմի դիրքերը:

- Անխուսափելի է, առանց Արցախի բանակցային կողմ լինելու ակնկալել, որ հնարաւոր է յանգել ինչ-որ լուծման, քանի որ գործ ունենք Արցախի ինքնուրոյն պետութեան հետ։ Այս մօտեցումը միանշանակ պէտք է առաջ մղւի հայկական կողմից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։