Հա

Ազգային

16/01/2019 - 10:50

Պարզաբանումներ Քաջազնունու հեռագրի վերաբերեալ

Վերջին տարիներին տարբեր դրդապատճառներով շատ է շահարկւում Հայաստանի առաջին Հանրապետութեան Կառավարութեան հեռագիրը ուղղւած` Օսմանեան կառավարութեան զինւած մինիստր Էնւեր փաշային: Հեռագիրը ստորագրւած է Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան նախագահ` Յովհաննէս Քաջազնունին, զինւորական մինիստր` Արամ Մանուկեանը եւ Կառավարութեան Խորհրդի նախագահ` Աբրահամ Սահակեանը:

Վերջին տարիներին տարբեր դրդապատճառներով շատ է շահարկւում Հայաստանի առաջին Հանրապետութեան Կառավարութեան հեռագիրը ուղղւած` Օսմանեան կառավարութեան զինւած մինիստր Էնւեր փաշային: Հեռագիրը ստորագրւած է Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան նախագահ` Յովհաննէս Քաջազնունին, զինւորական մինիստր` Արամ Մանուկեանը եւ Կառավարութեան Խորհրդի նախագահ` Աբրահամ Սահակեանը: Բանն այն է, որ հեռագրում Հայաստանի Կառավարութիւնն զգուշացնում է Օսմանեան կառավարութեանը, որ Անդրանիկը մտադրւած է սեպարատ պետութիւն ստեղծել եւ յարձակւել թուրքերի վրայ եւ միաժամանակ օգնութիւն խնդրում Հայաստանի կառավարութեան դէմ ապստամբած եւ զինւորական մինիստրին չենթարկւելու համար օգնել ջախջախել Անդրանիկի զօրաբանակին: Առաջին հայեացքից շատ տարօրինակ հեռագիր է եւ թւում է թէ գտնւած է եւս մէկ փաստացի ապացոյց Հայաստանի առաջին Հանրապետութեան կամ Դաշնակցական Հայաստանին դաւաճանութեան մէջ մեղադրելու համար: Այս փաստաթուղթը շրջանառութեան մէջ է դրել ականաւոր պատմաբան պրոֆեսոր Ջոն Կիրակոսեանը իր «Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայութիւնը», Երեւան, 1965 թ. աշխատութեան մէջ: Յիշեալ աշխատութեան 213-րդ էջում անւանի գիտնականը պատռում է Դաշնակցական շեֆերի դիմակը եւ ներկայացնում մի փաստաթուղթ որով ապացուցում է Դաշնակցական կառավարութեան դաւաճանական էութիւնը: Պէտք է նշել, որ Խորհրդային Հայաստանում պատմագրութիւնը ոչ այնքան լաւ ժամանակներ էր ապրում, քանի որ ամէն ինչ պայմանաւորւած էր կուսակցական կոնիւկտուրայով եւ քաղաքական իրավիճակով եւ բնականաբար անհնարին  էր գիտութեան մէջ բարձրանալ առանց «Դաշնակցական շեֆերի» հասցէին մէկ երկու քաղցր խօսք չասելով: Ջոն Կիրակոսեանը բացառութիւն չէր, չնայած նա իր ժամանակին համարւում է ամենախիզախ պատմաբաններից մէկը: Ընթերցողի ուշադրութեան ենք ներկայացնում յիշեալ փաստաթուղթը. 

«17 Յունիսի, 1918 թ., Երեւանից

 

Հեռագիր

Նորին գերազանցութիւն Մեծարգոյ Օսմանեան կառավարութեան զինւորական մինիստր` Էնւեր փաշային,

Կոստանդնուպոլիս.

Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը պատիւ ունի յայտնելու ձերդ գերազանցութեանը, յանուն մեր բարեկամութեան, իրազեկ դարձնել ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարութիւնից, իմանալով, որ զինւորական դատի պիտի ենթարկւի մեր զինւորական մինիստրին չենթարկւելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զօրաբանակ, նպատակ ունենալով անցնիլ Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետութիւն եւ յարձակւել ձեր վրայ: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապէս ջախջախելու համար:

Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան Նախագահ` Յ. Քաջազնունի,

Հայաստանի Հանրապետութեան զինւորական Մինիստր` Արամ փաշա Մանուկեան,

Հայաստանի կառավարութեան խորհրդի նախագահ`Սահակեան «[1]:

Եթէ ուշադրութիւն դարձնենք փաստաթղթի հիմքին կամ սկզբնաղբիւրին, ապա կը տեսնենք, որ պրոֆեսոր Կիրակոսեանը օգտագործել է ԱՄՆ Ֆրեզնօ քաղաքում գտնւող Անդրանիկի արխիւից եւ բնականաբար այս պահին փաստաթղթի իսկութիւնն անհնարին է ստուգել: Միաժամանակ ականաւոր գիտնական Ջոն Կիրակոսեանի հեղինակութիւնն էլ չենք կարող կասկածի տակ դնել եւ եթէ ընդունենք, որ իրականում կայ նման փաստաթուղթ, ապա կը փորձենք ուսումնասիրել եւ հասկանալ թէ ինչ պայմաններում է առաջացել անհրաժեշտութիւն Հայաստանի կառավարութեանը դիմել նման քայլի եւ յղել նման ոճի հեռագիր: Եւ արդեօք լրագրողները, սիրողական մակարդակի պատմութեամբ զբաղւող անձինք ճիշտ են հասկանում տւեալ ժամանակաշրջանի ողջ բարդութիւնը եւ ճիշտ են ընկալուն թաստաթղթի բովանդակութիւնը: Փորձենք հասկանալ տւեալ ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետութեան քաղաքական իրավիճակը: Բնականաբար ողջ  քննադատութեան թիրախը լրագրողների եւ սիրողական մակարդակի պատմութեամբ զզբաղւողները ուղղում են Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնն յանձինս, կառավարութեան նախագահ վարչապետ` Յովհաննէս Քաջազնունու վրայ:

Պէտք է նշել, որ նման մօտեցումը շատ պրիմիտիւ է եւ ոչ ամբողջական պատկերն է ներկայացնում թէ ինճպիսի բացառիկ ծանր իրավիճակում էր գտնւում Հայաստանի Հանրապետութիւնը անկախութեան առաջին շրջանում: Արտաքին քաղաքականութեան ոլորտում Յ. Քաջազնունու գլխաւորած կառավարութիւնը շարունակում էր վարել զգուշաւոր քաղաքականութիւն հարեւանների, մանսաւորապէս` Թուրքիայի նկատմամբ: Դա պայմանաւորւած էր նրանով, որ թուրքական բանակը գտնւում էր Հայաստանի տարածքում, Երեւանից 7 կմ. հեռաւորութեան վրայ եւ երկիրը թուրքական վտանգից լիարժէք ապահովագրւած չէր: Հայ-թուրքական բանակցութիւնները դեռ աւարտւած չէին եւ շարունակւում էին Կ. Պոլսում: Հայկական պատւիրակութիւնը Ա.Ահարոնեանի գլխաւորութեամբ փորձում էր ապահովել հայ ժողովրդի անվտանգութիւնը եւ հնարաւորինս ընդարձակել տալ Հայաստանի Հանրապետութեան սահմանները: Ա.Ահարոնեանին ուղղւած նամակում Յ. Քաջազնունին բառացիօրէն հրահանգում է. վարել զգուշաւոր քաղաքականութիւն: Մասնաւորապէս նա գրում է. «Ձեր մինեւ այսօր վարած զգուշաւոր քաղաքականութիւնը համարում եմ միակ նպատակայարմարը եւ համաձայն եմ, որ շարունակէք նոյն ուղղութեամբ: Թերեւս փորձ անէիք մի քիչ աւելի համարձակ ու վստահ լինելու, ձեր արտայայտւելու եղանակի մէջ մի քիչ պակաս զգալ տայիք մեր անօգնականութիւնը: Բայց զգում եմ, որ սրանք այնպիսի նիւանսներ են, որոնց մասին հեռւից հրահանգներ չի կարելի տալ: Կրկնում եմ, ընհանուր առմամբ քաղաքական տրութիւնը եւս ըմբռնում եմ այնպէս, ինչպէս դուք էք ըմբռնել եւ նոյն եզրակացութիւնն եմ անում: Մեր առաջին ամենամեծ հոգսը պիտի լինի չը ենթարկել երկիրը նոր փորձութիւնների, նոր աւերումների, իսկ ժողովուրդը նոր կոտորածների, նոր փախուստի: Սա է գլխաւորը»: Հետաքրքրական է, որ թուրքերի հետ բանակցութիւններ, թէեւ ոչ մեծամաշտաբ, ընթացան նաեւ Երեւանում, որին մասնակցեց նաեւ  Յ. Քաջազնունին: Նա օգոստոսի 31-ին հանդիպեց Երեւան ժամանած թուրք զօրահրամանատար Խալիլի հետ: 1918 թ. Վրաստանում Հայաստանի դեսպան Արշակ Ջամալեանի վկայութեամբ, Խալիլի հետ «պաշտօնական խօսակցութիւնը», այսինքն` հայ-թուրքական բանակցութիւնն ընթացաւ Արամի բնակարանում:

Խալիլին ուղեկցում էին Գերմանիայի ներկայացուցիչ ֆոն Կրեսը եւ Աւստրո-հունգարիայի ներկայացուվիչ բարոն Ֆրանկեշտայնը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էր Արամ Մանուկեանը, Յ. Քաջազնունին, Ա. Սահակեանը եւ Ա. Ջամալեանը: Քննարկւեցին հայ-թուրքական յարաբերութիւններին առնչւող մի շարք խնդիրներ: Մասնաւորապէս` փախստականների շուտափոյթ վերադարձը իրենց բնակավայրերը, թուրքական զօրքերի դուրս բերումը Լոռի-Փամբակի տարածքից, Բաքւում տեղի ունեցող իրադարձութիւնները եւ Ղարաբաղի եւ Զանգեզուրի խնդիրները, ինչպէս նաեւ Անդրանիկի գործողութիւնները Զանգեզուրում: Լսելով հայկական կողմի հիմնաւորումները Խալիլը նոյնպէս գալիս է այն եզրակացութեանը, որ փախստականները պէտք է շուտափոյթ վերադառնան իրենց բնակավայրերը, սակայն իր կառավարութիւնից չունի նման յանձնարարական եւ խոստացաւ այդ հարցի մասին շուտափոյթ տեղեկացնել իր կառավարութեանը, որ փախստականների վերադարձը չեն վնասի թուրքական շահերին, Լոռի-Փամբակի տարածքի ազատագրման շուրջ Խալիլը նոյնպէս յանձն առաւ տեղեկացնել իր կառավարութեանը, որ այդ տարածքներում թշնամական գործողութիւններ տեղացիների կողմից չեն իրականացւում եւ թոյլտւութիւն Կ. Պոլսից ստանալուն պէս անմիջապէս թուքական զօրքը դուրս կը բերւի Հայաստանի տարածքից: Ինչ վերաբերւում է Խալիլի բարձրացրած հարցին, որը շոշոփում էր թուրքերի նկատմամբ Բաքւի հայերի բռնած դիրքը, հայկական կողմը պատասխանում է, որ «այնտեղի հայերը գործում են մեզանից միանգամայն անկախ եւ ոչ մի հնարաւորութիւն չունենք նրանց վրայ ազդելու»: Նոյն բանը փորձում է հիմնաւորել Խալիլին  ֆոն Կրեսը, որի կառավարութիւնը այնքան էլ շահագրգռւած չէր, որ թուրքերը գրաւեն Բաքուն:

Հմուտ եւ խորամանկ Խալիլը հասկացնում է, որ անձամբ ինքը հաւատում է Հայաստանի կառավարութեան հաւաստիացումներին, բայց Կ. Պոլսում չեն հաւատում հայերին եւ խորհուրդ է տալիս Օսմանեան մայրաքաղաքում ՙայդ ամէնի մասին հասկացնել տալ՚ այնտեղ գտնւող Հայաստանի կառավարութեան պատւիրակների միջոցով: Անրադառնալով չորրորդ հարցին, որը վերաբերւում էր Ղարաբաղ-Զանգեզուրին եւ Անդրանիկի գործողութիւններին Զանգեզուրում, Խալիլը յայտնում է, որ Պոլսում այն կարծրքի են, թէ Անդրանիկը գործում է Հայաստանի կառավարութեան դրդումով եւ աջակցութեամբ, եւ, մասնաւորապէս, կառավարութեան հրահանգով է նա մտել Զանգեզուր: Պատասխանելով Խալիլի բարձրացրած հարցին, Յ. Քաջազնունին տեղեկացնում է, որ Անդրանիկը պաշտօնապէս վտարւել է Հայաստանի զօրաշարքերից, քանի որ զինւորական տեսակէտից գործել է ամենածանր յանցանքը` չի ենթարկւել ռազմական հրամանին եւ չի հնազանդւել Հայաստանի կառավարութեանը: «Նա Զանգեզուր է գնացել ոչ թէ մեր երկրից,- ասաց Քաջազնունին,- այլ Հին Նախիջեւանից, որը տաճկական տիրապետութեան տակ է գտնւում: Եթէ Անդրանիկը ոտք դնի Հայաստանի տերիտորիան, պէտք է զինաթափւի եւ զինւորական դատի յանձնւի: Այդ բանը նա լաւ գիտէ եւ այդ պատճառով էլ խոյս է տալիս մեր երկրի սահմաններից: Վերջերս էլ նա թռուցիկ է բաց թողել` իր անձնական ստորագրութեամբ իւրաքանչիւր թռուցիկի վրայ, որով նա Եւրոպական գարանտիա է պահանջում, որ Հայաստանի կառավարութիւնը նրան զինաթափ չի անի, որպէսզի մի կողմ քաշւի եւ ապրի իւր խմբով: Եթէ Զանգեզուր Անդրանիկի գնալը այդքան սխալ մեկնաբանութիւնների տեղիք է տալիս, ապա Հայաստանի կառավարութիւնը պատրաստ է զօրամաս ուղարկել` նրան Զանգեզուրից վտարելու համար, եթէ Ադրբեջանը սրա դէմ առարկութիւն չունի»: Ինչպէս նշում է ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնեանը. Յով. Քաջազնունին կարծում էր, թէ ինքը համոզեց թուրք փաշային, որ Հայաստանի կառավարութիւնը թշնամաբար է տրամադրւած Անդրանիկի նկատմամբ: Բայց բարձրաշնորհ ու խորամանկ Խալիլը կուլ չտւեց խայծը եւ իր նոր առաջարկութիւնով ծանր կացութիւն ստեղծեց խօսակցի համար: Նա առաջարկեց, որ Անդրանիկի դէմ զօրամաս ուղարկի ոչ թէ Հայաստանի կառավարութիւնը, այլ Զանգեզուր գնա խառը զօրամաս` բաղկացած հայերից, ադրբեջանցիներից ու թուրքերից: Սակայն, ի պատիւ Քաջազնունու, պէտք է նշել, որ նա հանկարծակիի չեկաւ եւ նոյնքան տրամաբանօրէն առաջ բերեց հակառակ փաստարկ, պատասխանելով, որ փաշայի առաջարկը տւեալ պահին աննպատակայարմար է, քանի որ հայերին, ադրբեջանցիների ու թուրքերին մի զօրամասի մէջ միաւորելը եւ այն Զանգեզուր ուղարկելը սնունդ կը տայ Անդրանիկի այն պրոպագանդային, թէ Հայաստանի կառավարութիւնը վաճառւած է թուրքերին եւ դրանով իսկ հերթական դաւաճանական ոճրագործութիւնն է կատարում: Եթէ այդպիսի խառը զօրամաս ուղարկւի Անդրանիկի դէմ, ապա Զանգեզուրի եւ Ղարաբաղի հայ երիտասարդութիւնը կը համախմբւի նրա շուրջ, մինչդեռ եթէ մենակ հայերը դուրս գան Անդրանիկի դէմ, ապա հարցը բոլորովին այլ բնոյթ կը ստանայ:

Քաջազնունու այս պատասխանը այքան տրամաբանական էր եւ միաժամանակ այնքան անսպասելի, որ Խալիլ փաշան համաձայնւեց բերւած փաստարկի դէմ: Աւելին, նա խոստացաւ իր կառավարութեանը գրել, որ Հայաստանի իշխանութիւնները ոչ մի առնչութիւն չունեն Անդրանիկի հետ եւ նոյնիսկ հակամարտութեան մէջ են նրա հետ: Նա խոստացաւ նաեւ բանակցել Ադրբեջանի կառավարութեան եւ Նուրի փաշայի հետ, որ նրանք համաձայնւեն Զանգեզուրից Անդրանիկին հեռացնելու գործը թողնել Հայաստանի կառավարութեան վրայ: Ինչպէս ճիշտ նկատել է պատմաբան Ա. Ասրեանը, ելնելով այն բանից, որ բանակցութիւններում քննարկւել է նաեւ Անդրանիկի հարցը, որին թուրքերը ձգտում էին վերացնել ասպարէզից, գրականութեան մէջ հանիրաւի կերպով փորձ է արւել բանակցութիւնները ներկայացնել որպէս ազգային շահերի եւ Անդրանիկի դէմ ուղղւած ձեռնարկ:

Արխիւային նիւթերի եւ գրականութեան ուսումնասիրութիւնից հետեւում է, որ Անդրանիկի դէմ միջոցներ ձեռնարկելու հարցի քննարկումը եղել է դիւանագիտական քայլ, հեռու գործադրելու հնարաւորութիւնից: Իրականում նման առաջարկութիւն անելով Խալիլին, Յ. Քաջազնունին շատ լաւ հասկանում էր, որ Ադրբեջանը երբեք չի ընդունի նման առաջարկը, քանի որ, հէնց իքն էր ձգտում նւաճել Զանգեզուրը: Միաժամանակ նա լաւ հասկանում էր, որ կառավարութիւնը զօրք ուղարկելով Անդրանիկի դէմ, երկիրը կը մղի եղբայրասպան պատերազմի մէջ, ինչը կործանարար հետեւանքներ կունենար նորաստեղծ Հանրապետութեան համար, միաժամանակ Անդրանիկի հեղինակութիւնը ու հմայքը շատ մեծ էր ժողովրդի մէջ եւ դժւար թէ գտնւէր մի հայ զինւոր ով զէնք կը բարձրացներ սիրելի զօրավարի վրայ: Եւ վերջապէս Անդրանիկի գտնւելը Զանգեզուրում խիստ ձեռնտու էր Հայաստանի կառավարութեանը, քանի որ այդ շրջաններում Անդրանիկի զօրաբանակը հանդիսանում էր զսպող ուժ թուրքերի դէմ: Պարզապէս սա դիւանագիտական քայլ էր, որով Յ. Քաջազնունին փորձում էր ցոյց տալ, որ Հայաստանը իր վարած քաղաքականութեամբ հաւատարիմ է մնում Բաթումի դաշնագրի հոգուն ու տառին: Միաժամանակ դա անհրաժեշտ էր այն բանի համար քանի որ թուրքական զօրքը ինպէս վերը նշւեց գտնւում էր Երեւանից 7 կմ. հեռաւորութեան վրայ եւ վտանգը ամէն վարյկեան կախւած էր հայութեան գլխին եւ այն ինչ որ չափով նպատակ ունէր կանխել թուրքական ռազմական վտանգը եւ ներխուժումը Երեւան: Ի հարկէ Յ. Քաջազնունին եւս չէր հաւատում խորամանկ թուրք փաշայի շռայլած հաւաստիացումներին, պարզապէս բանակցութիւնների արդիւնքներից մէկը եղաւ այն, որ հայկական կողմին յաջողւեց ի շնորհիւ Արամ Մանուկեանի Խալիլի հետ ունեղած հին կապերի Խալիլից ստանալ 25.000 փութ ցորեն սովի ճիրաններում գտնւող Հայաստանի համար: Իսկ Հայաստանի վիճակը շարունակում էր մնալ օրհասական ծանր վիճակում: Երկրում մոլեգնում էր սովը, որը մեծ հունձք էր կատարում յատկապէս գաղթականութեան մէջ: Ահա այսպիսին էր իրավիճակը 1918 թ եւ սա է եղել ողջ իրականութիւնը: Այս տարի նշւեց զօրավար Անդրանիկի ծննդեան 151-րդ ամեակը եւ ամէն տարի հերթական անգամ յիշում են Յ. Քաջազնունու հեռագիրը զօրավար Անդրանիկի վերաբերեալ եւ հերթական անգամ անտեղի շահարկում առանց խորանալու պատմական մութ քառուղիներում: Յուսով ենք այս ուսումնասիրութիւնը լուսաբանեց որոշ սիրողական մակարդակի պատմութեամբ զզբաղւողների, ինչպէս նաեւ որոշ լրագրողների հետաքրքրութիւնը եւ այլեւս անտեղի չեն շահարկի մեր մեծերի եւ յիշատակը եւ հեղինակութիւնը:

 [1] Հիմք-Անդրանիկի կողմից Շէյթան աւանում գրաւած տաճկական շտաբի արխիւ, Անդրանիկի արխիւ, Ֆրեզնօ, Գ. Յ. 17, էջ 218:

Հայկ Մարտիրոսեան

ԵՊՀ Սփիւռքագիտութեան ամբիոնի ասիստենտ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։