Հա

Ազգային

20/02/2019 - 13:20

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակէտը ՀՀ կառավարութեան 2019-2023 թթ․ ծրագրի վերաբերեալ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի մասնագիտական յանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարութեան 2019-2023 թթ. ծրագիրը, ներկայացրել են եզրակացութիւններ:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի մասնագիտական յանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարութեան 2019-2023 թթ. ծրագիրը, ներկայացրել են եզրակացութիւններ: Սկիզբը կարդացէ'ք այստեղ (բաժին 1), (բաժին 2):

 

Արդարադատութիւն

  1. Արդարադատութեան ոլորտում կառավարութեան մօտեցումները ներկայացւած են ծրագրի «Օրէնքի առջեւ բոլորի հաւասարութիւնը, արդարադատութիւնը եւ մարդու իրաւունքների պաշտպանութիւնը» բաժնում: Ներկայացւածն աւելի շատ հանրահաւաքային յայտարարութիւն է, քան առկայ խնդիրների հայեցակարգային լուծում:

Այսպէս, վկայակոչւում է կառավարութեան քաղաքական կամքի առկայութիւնը, մեղադրանքներ են ներկայացւում ամբողջ դատական համակարգին, եւ, ըստ էութեան, կասկածի տակ է դրւում կայացւած դատական ակտերի օրինականութիւնը: Արդարադատութեան իրականացման` դատարանների գործառոյթների պատշաճ կատարման համար առանձնացւում է երեք քայլ. կառավարութեան` դատարաններին հրահանգներ չտալու պատրաստակամութիւնը, դատաւորների կողմից անձնական կամ խմբային շահերով դատական ակտեր կայացնելու բացառմանը ուղղւած «վերահսկողութիւնը» եւ դատաւորների մասնագիտական կարողութիւնների բարձրացմանն ուղղւած միջոցառումները:

Նախ՝ տւեալ գնահատականը ամբողջ դատական համակարգին, այլ ոչ թէ առանձին դէպքերին, արդարացւած չէ, առաւել եւս, երբ խօսքը Սահմանադրութեամբ ամրագրւած իշխանութեան՝ անկախ եւ ինքնուրոյն գործող հաստատութեան մասին է: Երկրորդ՝ չի ներկայացւում, թէ գործնականում որոնք են այն մեխանիզմները (այդ թւում` օրէնսդրուեամբ նախատեսւած կամ օրէնքով չկարգաւորւած), որոնք կիրառւել են իշխանութեան առանձին մարմինների եւ պաշտօնատար անձանց կողմից՝ միջամտելու արդարադատութեան իրականացմանը, ինչը սահմանադրութեամբ արգելւած եւ քրէական պատասխանատւութիւն նախատեսող գործողութիւն է: Երրորդ՝ որո՞նք են այն համակարգային բարեփոխումները, որոնք կը բացառեն նման ճնշումները, քանի որ որքան էլ քաղաքական կամքը կարեւոր է, այն կրում է անձնաւորւած բնոյթ, հիմնաւորւում է քաղաքական ընտրութիւններով, որոնք տարբեր ժամանակներում տարբեր արդիւնքների են յանգեցնում, ինչպէս նաեւ այն, որ յաճախ այդպիսի «կամքը» կարող է «սայթաքել»: Կարեւոր է նաեւ ներկայացնել դատաւորների անկախութեան երաշխիքների բաղադրիչ հանդիսացող՝ սոցիալական եւ նիւթական ապահովութեան համակարգում առկայ խնդիրների լուծումները: Չորրորդ՝ արդար դատաքննութեան սկզբունքի ներքոյ ի՞նչ հնարաւոր իրաւական հետեւանքների կարող են յանգեցնել այն դատական ակտերը, որոնք ըստ էութեան անօրինական են ընկալւում:

  1. Բացի նշւածից՝ այս բաժնում բացակայում են մի շարք առանցքային հարցադրումների պատասխաններ։ Մասնաւորապէս՝ ի՞նչ մեխանիզմներով է երաշխաւորւելու մարդու՝ ինչպէս հիմնական, այնպէս էլ ածանցեալ իրաւունքների անխոչընդոտ իրացումը գործադիր իշխանութեան մակարդակում (վարչական կարգով իրաւունքների պաշտպանութիւն), ինչպէ՞ս է կառավարութիւնը տեսնում պետութեան բացառիկ սեփականութիւնը հանդիսացող ջրային ռեսուրսների եւ ընդերքի տնօրինման, տիրապետման եւ օգտագործման իրաւազօրութիւնների իրացումը` ի շահ ներկայ եւ ապագայ սերունդների, իրաւունքների պաշտպանութեան մինչդատական փուլերում ի՞նչ վերափոխումներ են լինելու, ի՞նչ սկզբունքներով եւ մեխանիզմներով քրէական արդարադատութեան համակարգը կերաշխաւորի յանցանքի համար համարժէք պատժի սահմանումն ու կիրառումը: Դատապարտեալների սոցիալականացման (ներառեալ աշխատանքի միջոցով բարիքներ ստեղծելը, պատժի կրումից յետոյ անձի կողմից այլեւս յանցագործութիւն չկատարելու պատրաստակամութիւնը եւ այլն), քրէակատարողական հիմնարկների, ազատութիւնից զրկելու ոչ իրաւաչափ դէպքերը բացառելու, խափանման միջոցը պատժի հետ չնոյնացնելու, ինչպէս նաեւ անչափահասների հարցերով քրէական արդարադատութեան համակարգի ի՞նչ վերափոխումներ է պատկերացնում գործադիր իշխանութիւնը: Վկաների, փորձագէտների եւ տուժողների պաշտպանութեան համակարգում ի՞նչ վերանայումներ են նախատեսւում: Յատկապէս փաստաբաների գործունէութեան խոչընդոտները (կազմակերպական, ֆինանսական եւ այլն) վերացնելու, նոտարական գործունէութեան ոլորտը վերափոխելու, համաներման նախաձեռնութեան իրաւակարգաւորման, ներման ինստիտուտի զարգացման, տուժողի եւ/կամ նրա իրաւայաջորդի իրաւունքների ու շահերի պաշտպանութեան համակարգի զարգացման ի՞նչ մօտեցումներ են նախատեսւում առաջիկայ տարիներին:
  2. Այս բաժնում ակնյայտ շփոթ կայ իրաւունքի գերակայութեան եւ օրէնքի առջեւ բոլորի հաւասարութեան կարեւորագոյն սկզբունքների միջեւ:

Շարունակելի

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։