Հա

Ազգային

25/02/2019 - 12:50

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակէտը ՀՀ կառավարութեան 2019-2023 թթ․ ծրագրի վերաբերեալ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի մասնագիտական յանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարութեան 2019-2023 թթ. ծրագիրը, ներկայացրել են եզրակացութիւններ: 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի մասնագիտական յանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարութեան 2019-2023 թթ. ծրագիրը, ներկայացրել են եզրակացութիւններ: Սկիզբը կարդացէ'ք այստեղ (բաժին 1), (բաժին 2), (բաժին 3), (բաժին 4), (բաժին 5), (բաժին 6):

 

Սոցիալական պաշտպանութիւն

  1. Եկամտային հարկի փոփոխութիւններում անտեսւում է սոցիալական բաղադրիչը` փաստօրէն միայն հարուստների համար է իրականացւելու բարեփոխում: Աւելին՝ քննարկման եւ իրացման կարիք ունի նւազագոյն աշխատավարձի չհարկւող շեմ սահմանելու հարցը: Եկամտահարկի գանձման ժամանակ հաշւի պէտք է առնել ոչ միայն անձի, այլեւ տնային տնտեսութեան համախառն եկամուտը (բազմազաւակութիւնը, ընտանիքի միակ եկամտի աղբիւրի եւ այլ գործօններ):
  2. Ինչպէս նշւեց՝ կառավարութեան ծրագրում որոշակիացւած չէ սոցիալ-տնտեսական զարգացման գործում պետութեան ուղղակի մասնակցութեան եւ պարտաւորութիւնների շրջանակը, յատկապէս սոցիալական խորացող կոնկրետ խնդիրների լուծումների համատեքստում՝ խրոնիկ գործազրկութիւն եւ աղքատութիւն, այդ թւում՝ աշխատողների շրջանում աղքատութեան բարձր մակարդակ, տարածքային զարգացման անհամաչափութիւն, ժողովրդագրական ճգնաժամի խնդիրներ: Մասնաւորապէս, այս խնդիրների լուծման համար որդեգրւած է զարգացման հետեւեալ ընդհանրական բանաձեւը. կառավարութիւնը հաւասարապէս բոլորի համար կը ստեղծի ազատ շուկայական, կոռուպցիայից զերծ մրցակցային պայմաններ, իր գործառոյթները կը պատւիրակի մասնաւորին՝ առաւելագոյնս կրճատելով պետական ապարատը։ Ըստ այդմ՝ իւրաքանչիւր ոք պէտք է իր վաստակին համարժէք ապրի եւ լինի երջանիկ, կամ իր եւ իր ընտանիքի սոցիալական չլուծւող խնդիրների համար այսուհետ պիտի մեղադրի ինքն իրեն, այլ ոչ թէ՝ օրւայ իշխանութեանը:
  3. Նպատակադրումներից բացակայում է հանրային կեանքում համերաշխ զարգացման հիմնական պայման հանդիսացող՝ յատկապէս խոշոր ձեռնարկատերերի սոցիալական պատասխանատւութեան, ինչպէս նաեւ սոցիալ-աշխատանքային յարաբերութիւններում սոցիալական գործընկերութեան ինստիտուտների լիարժէք արմատաւորումը:
  4. Տնտեսութեան աճի համար առաջարկւող տարեկան 5% թիրախը չի կարող համարւել բաւարար՝ հռչակւող ներառական զարգացման տեսանկիւնից, եթէ նկատի ունենանք նաեւ հարկեր/ՀՆԱ յարաբերակցութեան եւ պետական բիւջէից սոցիալական ոլորտին ուղղւող միջոցների հետագայ աճի անորոշ թիրախաւորումը: Նպատակադրւած տնտեսական աճը չի կարող համարժէք լինել առնւազն սոցիալական պաշտպանութեան ոլորտում դրւած հնգամեայ հետեւեալ թիրախներին՝ ծայրայեղ աղքատութեան վերացում, աղքատութեան մակարդակի էական նւազեցում, գործազրկութեան մակարդակի էական կրճատում:
  5. Սոցիալական ոլորտին ուղղւող պետական բիւջէի միջոցների համար նախատեսւող աճի եւ այս ոլորտի նպատակադրումներում եւս կայ ակնյայտ անհամապատասխանութիւն: Պետական բիւջէից ֆինանսաւորման աճի հնարաւորութիւն ի սկզբանէ նախատեսւած է միայն առողջապահութեան, կրթութեան եւ գիտութեան ոլորտների համար: Սակայն, միեւնոյն ժամանակ, էապէս յաւակնոտ նպատակադրումներ են շարադրւած նաեւ սոցիալական պաշտպանութեան եւ ժողովրդագրութեան ոլորտներում, որոնք պահանջում են պետական լրացուցիչ եւ կայուն ֆինանսաւորում: Ասենք, օրինակ՝ ընտանիքի (անձի) սոցիալական կարիքներին համապատասխան՝ բազմաբնոյթ եւ ամբողջական սոցիալական ծառայութիւնների փաթեթի տրամադրում, պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար բարձրացում՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ, կուտակային բաղադրիչի պահպանում, որն աստիճանաբար աւելացնելու է պետական բիւջէից այս համակարգին ուղղւող միջոցների չափը, գործազրկութիւնը (այդ թւում՝ հաշմանդամութիւն ունեցող անձանց շրջանում) էապէս կրճատելու համար նախատեսւող զբաղւածութեան աջակցութեան նոր ծրագրերը, մանկատնից դուրս եկող երիտասարդների անկախ կեանքի կազմակերպման գործընթացը սահուն կազմակերպելու համար նախատեսւած պետական հետեւողական աջակցութիւնը, ծնելիութեան խրախուսման, երիտասարդ եւ երեխաներ ունեցող, հայրենադարձ ընտանիքների աջակցութեան ծրագրերը:
  6. Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանութեան ոլորտում առաւելապէս ներառւած են կազմակերպչական արդիւնաւէտութեան բարձրացման նպատակադրումներ: Այս ոլորտից դուրս են մնացել ներառական զարգացմանը համահունչ, ներկայումս խիստ արդիական մի շարք բնագաւառների նպատակադրումները եւ դրանց արդիւնաւէտ իրականացման ծրագրերը։
  7. Կենսաթոշակային համակարգում նախատեսւած է պարտադիր կուտակային բաղադրիչի հետագայ արմատաւորում, որին նախկինում սկզբունքորեն դէմ էր նաեւ ներկայումս իշխանութեան եկած քաղաքական ուժը: Սակայն ներառական զարգացումն օբիեկտիւօրէն պահանջում է, որ կենսաթոշակային նոր համակարգի ձեւաւորումը հիմնւած լինի հետեւեալ հիմնական սկզբունքների վրայ՝ պետութեան պոզիտիւ պարտաւորութիւն, միջսերնդային եւ ներսերնդային համերաշխութիւն, գործատու-աշխատող-պետութիւն ամբողջական մասնակցութեան ապահովում, համարժէքութիւն․ կենսաթոշակի չափի համար ելակէտ պէտք է հանդիսանայ կենսապահովման նւազագոյն զամբիւղի արժէքը կամ տւեալ պահին երկրի միջին աշխատավարձի առնւազն 40%-ը, օրինական աշխատանքի խթանում․ աշխատանքային ստաժը նոյնպէս պէտք է հաշւի առնւի թոշակի չափի որոշման համար:
  8. Ներառւած չեն օբիեկտիւ այն նպատակադրումները, որոնք պէտք է վերաբերեն տարեցներին, հաշմանդամութիւն ունեցող անձանց, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրւող պետական խնամքի եւ սպասարկման գործող ծառայութիւնների ամբողջականացմանը, որակի եւ հասցէականութեան, մատչելիութեան թիրախաւորւած բարելաւմանը:
  9. Բացակայում են տարեցների կեանքի որակի բարելաւման, առողջ եւ արժանապատիւ ծերութեան ապահովման նպատակադրումները, այդ թւում՝ տարեցների խնամքի եւ զբաղւածութեան ապահովման ժամանակակից այլընտրանքային ծառայութիւնների ներդրման եւ զարգացման անհրաժեշտութիւնը (ցերեկային կենտրոններ, ծերապարտէզներ, ծերանոցներին այլընտրանք՝ շուրջօրեայ խնամքի փոքր կենտրոններ, տնային պայմաններում խնամք եւ սպասարկում): Եւ սա այն դէպքում, երբ Հայաստանը բնութագրւում է որպէս ծերացող հասարակութիւն ունեցող երկիր։
  10. Անդրադարձ չկայ անապահովութեան գնահատման նոր համակարգի ներդրման եւ անապահովութեան նպաստների հասցէականութեան բարձրացման բարեփոխումների միասնական հայեցակարգին: Օրինակ՝ անապահովութեան նպաստ պէտք է ստանան այն ընտանիքները, որոնց կազմում չկան աշխատանքային տարիքի աշխատունակ անձինք, իսկ գործազուրկների համար պետական համարժէք աջակցութեամբ պէտք է ապահովել կայուն զբաղւածութիւն: Ընդ որում՝ այս նպաստները սոցիալական պաշտպանութեան ոլորտի հիմնական ծրագրերից են․ տարեկան շուրջ 35 միլիարդ դրամ բիւջէ ունեն եւ օրինական աշխատանքի քաջալերման առումով՝ էական ազդեցութիւն:
  11. Նւազագոյն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումը կապւում է միայն մակրոտնտեսական ցուցանիշերի հետ: Սա այն դէպքում, երբ ներառական զարգացման եւ եկամուտների արդար բաշխման տեսանկիւնից՝ դրա հիմքում պէտք է հաւասարապէս լինի նաեւ կենսապահովման նւազագոյն բիւջէի աւելացող արժէքը: Այս պահանջն ամրագրւած է նաեւ Եւրոպական Վերանայւած սոցիալական խարտիայով, որը մեր երկիրը վաւերացրել է:
  12. Յստակ թիրախաւորւում է պետական ապարատի հետեւողական կրճատումը, սակայն չկայ պետական հատւածի աշխատավարձերի բարձրացման որոշակի թիրախաւորում:
  13. Անտեսւած է ներքին աշխատաշուկան օտարերկրեայ աշխատուժի հնարաւոր անարդիւնաւէտ ներհոսքից պաշտպանելու կարգաւորումների ամբողջականացման եւ լիարժէք գործադրման անհրաժեշտութիւնը, որը, մեր երկրի զարգացմանը զուգահեռ, դառնում է աւելի առարկայական:
  14. Բազմազաւակ ընտանիքների պետական աջակցութեան համակարգի ներդրման մասին ոչ մի խօսք չկայ, որը, ի դէպ, նաեւ Սահմանադրութեան պահանջն է:
  15. Ժողովրդագրական իրավիճակի բարելաւման տեսանկիւնից օբիեկտիւօրէն կարեւորւել է նոր ծրագրերի անհրաժեշտութիւնը, սակայն այստեղ եւս համակարգային մօտեցում, որոշակիութիւն եւ յստակ թիրախաւորում չկայ: Ասենք, օրինակ՝ բնակարանային ապահովման պետական նպատակային ծրագրի օբիեկտիւ անհրաժեշտութիւնը, որը շատ դէպքերում բխում է նաեւ օրէնքով ամրագրւած եւ տարիներ շարունակ չիրականացւող՝ պետութեան պարտաւորութիւններից: Յատուկ միջոցառումների ծրագրի մշակման անհրաժեշտութիւն կայ ինքնազբաղւածութիւնը խթանելու համար:
  16. Անորոշ ձեւակերպմամբ նախատեսւած է, որ պետութիւնը ընդամենը պէտք է մեղմի սոցիալապէս անապահով խաւերի բժշկական ապահովագրութեան ծախսերը: Այս համակարգի ներդրման իրատեսականութիւնը պահանջում է, որ պետութիւնը ամբողջութեամբ փոխհատուցի առնւազն աղքատ ընտանիքների անդամների բժշկական ապահովագրութեան ծախսերը:

Առողջապահութիւն

  1. Առողջապահութեան ոլորտի զարգացման ծրագրի տեսլականը ամբողջական չէ. անդրադարձ չի կատարւել պետութեան կողմից յատկացւող եւ այլ աղբիւրներից ստացւող ֆինանսական միջոցների կառավարմանը։ Ներկայացւած չեն ծրագրում թւարկւած ուղղութիւնների իրականացման ճանապարհային քարտէզը, ակնկալւող նշաձողերը, ծրագրի իրականացման գործիքակազմը, ինչպէս նաեւ ծրագրի ընթացքը եւ աւարտը բնութագրող չափորոշիչները։ Դրա փոխարէն ծրագիրը համեմւած է ընդհանրական բառակապակցութիւններով՝ «պէտք է ամրապնդել, զարգացնել, պէտք է խթանել, յատուկ ուշադրութեան կենտրոնում պահել, կարեւոր են լինելու» եւ այլն։

Շարունակելի

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։