Հա

Ազգային

26/02/2019 - 13:30

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակէտը ՀՀ կառավարութեան 2019-2023 թթ․ ծրագրի վերաբերեալ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի մասնագիտական յանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարութեան 2019-2023 թթ․ ծրագիրը, ներկայացրել են եզրակացութիւններ:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի մասնագիտական յանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարութեան 2019-2023 թթ․ ծրագիրը, ներկայացրել են եզրակացութիւններ: Սկիզբը կարդացէ'ք այստեղ (բաժին 1), (բաժին 2), (բաժին 3), (բաժին 4), (բաժին 5), (բաժին 6), (բաժին 7):

 

Կրթութիւն եւ գիտութիւն

  1. Ծրագրում կրթութիւնը դիտւած է որպէս սոցիալ-տնտեսական զարգացման յենասիւնային մակրոգործօն, սակայն այս մօտեցման լիարժէքութիւնը, ներառական զարգացման, յատկապէս՝ մեր երկրում կրթութեան բոլոր ձեւերի հասանելութեան ապահովման տեսանկիւնից, օբիեկտիւօրէն պահանջում է, որ այն բնակչութեան համար լինի անվճար՝ պետական ամբողջական ֆինանսաւորմամբ:
  2. Արձանագրենք, որ ծրագրի այս հատւածում կան դրույթներ, որոնց իրագործումը խրախուսելի է: Պէտք է փաստել նաեւ, որ վերջիններս հիմնականում վերցւած են նախկին ծրագրերից։ Օրինակ՝ նախնական եւ միջին մասնագիտական կրթական հաստատութիւններում կրթութեան եւ ուսուցման որակը բարձրացնելու համար գործատուների ակտիւ ներգրավմամբ դուալ կրթական համակարգի ընդլայնումը, ֆինանսական եւ գործառնական ուսումնառութեան ծրագրերի զարգացումը որոնք ներդրւել են 2017-2018 ուսումնական տարւանից: Խրախուսելի է 2010 թւականից գործադրւող բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին կայուն դպրոցական սննդով ապահովելու ծրագրի պահպանումը: Նոյնը վերաբերում է նաեւ դպրոցական կառավարման բարելաււած համակարգի, փոքրաթիւ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթութեան կազմակերպման արդիւնաւէտ մոդելների ներդրումը, միջին մասնագիտական կրթական ծրագրերի արդիականացումը, բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների ինքնավարութեան եւ ակադեմիական ազատութիւնների ընդլայնումը, հաւասարակշռւած հաշւետւողականութեան եւ թափանցիկութեան մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի ստեղծումը եւ այլն:
  3. Ծրագրում առկայ են մի շարք անորոշ ձեւակերպումներ եւ գաղափարներ, որոնց իրականացման մեխանիզմները, սկզբունքները եւ գործիքակազմը յստակեցման եւ որոշակիացման կարիք ունեն։ Մասնաւորապէս դպրոցները զարգացման կենտրոնների վերածելու շրջանակում նախ անհրաժեշտ է ծրագրի կենսագործման գնահատման վերլուծութիւն կատաարել՝ յստակեցնելու գաղափարի նիւթատեխնիկական բազան, յատկապէս երբ ծրագրում խօսք չկայ դպրոցաշինութեան, դպրոցների շէնքային պայմանների բարելաւման մասին։
  4. Հանրակրթութեան ոլորտում, առանձնակի ուշադրութիւն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական եւ ձեռնարկատիրական կրթութեանը, ոչինչ չի ասւում ազգային եւ հայրենասիրական դաստիարակութեան մասին: Մեր կարծիքով՝ սա առանցքային թերացում է, որին պէտք է լուրջ ուշադրութիւն դարձնել:
  5. Շրջանառութեան մէջ է դրւել «Մանկավարժի վարքականոն» կոչւող փաստաթուղթը։ Չանդրադառնալով վերոյիշեալի առնչութեամբ էթիկայի դաշտում հնչած քննադատութիւններին՝ ցանկալի պիտի լինէր, որ կառավարութիւնը ոլորտի աշխատավարձի բարձրացում նախատեսէր, ինչպէս նաեւ կարեւորէր ուսուցիչների պատրաստման, զարգացման եւ մասնագիտական առաջընթացն ապահովող ծրագրերը։
  6. Հանրակրթութեան ոլորտում պէտք էր արձանագրել սփիւռքահայ կրթօջախներին աջակցելու, դասագրքերով ապահովելու, սփիւռքահայ ուսուցիչներին վերապատրաստելու անհրաժեշտութիւնը:
  7. Միջին մասնագիտական կրթութեան ոլորտում նախանշւած ողջունելի դրոյթների հետ մէկտեղ անհրաժեշտ էր ամրագրել նաեւ հետեւեալ յանձնառութիւնները. պետպատւէրի ձեւակերպումն իրականացնել ըստ աշխատաշուկայի պահանջների, բարեփոխել օրէնսդրական դաշտը, միջին մասնագիտական հաստատութիւնների գործունէութիւնն աւելի արդիւնաւէտ դարձնելու նպատակով ֆինասաւորումն իրականացնել ըստ մասնագիտութիւնների առանձնայատկութիւնների, համակարգում ներդնել սոցփաթեթի ինստիտուտ:
  8. Վերանայել եւ արդիականացնել բուհերի կրթական ծրագրերը, որոշ առարկաներ տեղափոխել աւագ դպրոց:
  9. Որեւէ անդրադարձ չկայ մագիստրոսական կրթութեանը, մինչդեռ այն շարունակում է մնալ բարձրագոյն կրթական համակարգի խոցելի օղակը։ Պէտք է վերանայել որոշ մասնագիտութիւնների մագիստրոսական ծրագրերը, դրանք տեւողութիւնը եւ նպատակայարմարութիւնը:
  10. Ծրագրից բացակայում է Հայաստանը տարածաշրջանային համալսարանական կենտրոն դարձնելու կամ, նւազագոյնը, արտասահմանցի ուսանողների համար Հայաստանում բարձրագոյն կրթութիւն ստանալը հրապուրիչ դարձնելու նպատակը:
  11. «Բարձրացնել գիտութեան ֆինանսաւորման արդիւնաւէտու­թիւնը, տրա­մադրւող միջոցներն ուղղել երկրի տնտեսութեան կարիքներից բխող եւ գիտական հետազօտութիւնների արդի պահանջներին համապատասխանող ուղղութիւններին» դրոյթը թերի է: Մինչդեռ պէտք է շեշտել նաեւ անվտանգութեան կարիքները, պակաս կարեւոր չեն ազգային հումանիտար-հայագիտական ուղղութիւնները:
  12. Գիտութիւնը ծրագրում ներկայացւած է հիմնականում կրթութեան հետ, եւ երկու դէպքում էլ Հայաստանի իրողութիւններից բխող խնդիրները ամբողջութեամբ ներկայացւած չեն: Տեղի է ունենում գիտութեան ծերացում, որն ազգային սպառնալիք է: Գիտութեան զարգացման համապարփակ ծրագրի մշակումը առաջնահերթութիւն է: Անհրաժեշտ է նաեւ գիտութեան արդիւնաւէտ, ուղղահայաց կառավարման սկզբունքի որդեգրումը, գիտական աստիճանաշնորհման կարգի վերանայումը:
  13. Անդրադառնալով ՀՆԱ-ի մէջ կրթութեան եւ գիտութեան մասնաբաժնին՝ պէտք է առաջիկայ 5 տարւայ ընթացքում այն 2 տոկոսից բարձրացնելու նպատակ դնել:
  14. Այսպիսով՝ կառավարութեան առաջիկայ հինգ տարիների գործունէութեան ծրագրի կրթութեան եւ գիտութեան բաժինը, դրական եւ ողջունելի դրոյթներին զուգահեռ, ունի մի շարք անորոշ եւ մտահոգիչ նպատակադրումներ, որոնք չեն բխում ոչ միայն հռչակւած յեղափոխական նպատակներից, այլեւ մեր երկիրը դէպի զարգացում տանելու խոստումներից: Ակնյայտ է, որ այն խոստումները, որոնք տրւել էին նախընտրական փուլում եւ դրանից առաջ, բացարձակապէս արտացոլւած չեն ծրագրում։

Շարունակելի

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։