ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի մասնագիտական յանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարութեան 2019-2023 թթ․ ծրագիրը, ներկայացրել են եզրակացութիւններ:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի մասնագիտական յանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարութեան 2019-2023 թթ․ ծրագիրը, ներկայացրել են եզրակացութիւններ: Սկիզբը կարդացէ'ք այստեղ (բաժին 1), (բաժին 2), (բաժին 3), (բաժին 4), (բաժին 5), (բաժին 6), (բաժին 7), (բաժին 8):
Մշակոյթ եւ երիտասարդութիւն
- Ծրագրի «Մշակույթ» բաժնի շարադրանքից ակներեւ է, որ մշակոյթը լուսանցքւած է, այն չի կարեւորւել մեր պետականաշինութեան, ազգային ինքնութեան, ազգային արժեհամակարգի ձեւաւորման համատեքստում, չի գիտակցւել նրա դերակատարութիւնը հոգեւոր եւ ազգային աւանդոյթների վրայ խարսխւած մշակութային միջավայրի ձեւաւորման, քաղաքացիական բարձր գիտակցութեամբ օժտւած հասարակութեան ձեւաւորման մէջ։
- Յստակ է, որ ծրագիրը գրւել է ի մտոյ ունենալով Մշակոյթի նախարարութիւնը Կրթութեան նախարարութեանը միաւորելու ձգտումը։ Երեւոյթը կարելի է եւ պէտք է դիտարկել ազգային արժէքների դէմ թիրախաւորւած արշաւի տրամաբանութեան մէջ։ Այս մտածումը պէտք է կասեցնել, մշակոյթի քաղաքական ընկալման բացակայութիւնը կամ թերագնահատումը յղի է անդառնալի հետեւանքներով:
- «Ուղենիշեր եւ կառավարութեան խնդիրներ» բաժնում կառավարութեան գործունէութեան հիմնական շեշտադրումների եւ առաջնահերթութիւնների շարքում մշակոյթը որպէս ոլորտ առանձնացւած կամ քաջալերւած չէ։ Կարեւորւած կամ հասցէական մօտեցում չկայ նաեւ դէպի երիտասարդութիւնը, որը յեղափոխութեան շարժիչ ուժն է։
- Կառավարութեան խնդիրների շարքում շեշտւում են՝ «Ազդեցութեան գնահատման եւ վերլուծութիւնների վրայ հիմնւած քաղաքականութեան ապահովումը», «Անցում կատարելը ռազմավարական պլանաւորման եւ փաստերի ու տւեալների վերլուծութեան վրայ հիմնւած քաղաքականութեան մշակման մոդելին»։ Սակայն մշակոյթի ոլորտի պարագայում այդ գնահատականը տրւած չէ, ոչ էլ վերլուծութիւն կամ ազդեցութեան գնահատում է կատարւել, երբ առաջարկւում է միաւորել Մշակոյթի եւ Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնները։
- Մարդկային ներուժի զարգացման գործօնների թւում մշակութային գործօնի դերակատարութիւնը բացակայում է։
- Սոցիալ-քաղաքական փոփոխութիւնների համատեքստում (աղքատութեան, գործազրկութեան յաղթահարում, ժողովրդագրութիւն, համաչափ զարգացում, արտագաղթի մեղմում) մշակոյթի դերակատարութիւնը առհասարակ չի դիտարկւում։
- «Կրթութիւնը եւ գիտութիւնը» բաժնում դպրոցներին վերապահւում է համայնքի սոցիալ-մշակութային կեանքի վերածննդին ուղղւած՝ ազատ ստեղծագործական, զարգացման կենտրոնների դերակատարութիւն. անհասկանալի է, թէ ինչ հայեցակարգ եւ նիւթական միջոցներ են ընկած այս գաղափարի հիմքում։
- Ողջ մշակութային դաշտը եւ այդ ուղղութեամբ յանձնառութիւնները ներառւած են երկու խմբում՝ մշակութային ժառանգութիւն եւ ժամանակակից արւեստներ։ Ըստ էութեան այսպիսի ներկայացումը չի արտայայտում ոլորտի ընդգրկւածութիւնն ու բազմաշերտութիւնը, խնդիրների այն լայն ցանկը, որոնց լուծումը հայ մշակոյթի համար հրատապ ու առաջնային են:
- Քանի որ բացւած չէ, թէ «ժամանակակից արւեստներ» հասկացութեան մէջ ինչ է մտնում, ծրագրում բացակայում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են թատերարւեստը, կինոարւեստը, գրահրատարակչութիւնը, կերպարւեստը, ժողովրդական արւեստները կամ արխիւային գործը։ Բնականաբար, այս ուղղութեամբ, ինչպէս նաեւ գեղարւեստական կրթութեան ծրագրերի մասին խօսք չկայ։
- Կառավարութեան մշակոյթի ոլորտի յանձնառութիւնն աւելի շուտ մշակոյթի կոնսերւացման ծրագիր է յիշեցնում։ Մշակութային ժառանգութեան, առհասարակ մշակոյթի զարգացման շուրջ որեւէ հաստատում չկայ։
- Անդրադարձ չկայ այնպիսի կարեւոր խնդիրների, ինչպիսիք են պատմութեան եւ մշակութային անշարժ յուշարձանների պահպանութեան գօտիները, դրանց յարակից տարածքներում ենթակառուցւածքների արդիականացմանն ու զարգացմանն ուղղւած ներդրումային քաղաքականութեան ակտիւացումը, կառավարման նոր մոդելների ներդրումը։
- Սփիւռքի մշակութային ներուժը ներառելու կամ սփիւռքահայ մշակութային կառոյցներին աջակցելու, խրախուսելու ոչ մի յանձնառութիւն։ Խօսք չկայ այլ պետութիւնների տարածքում սփռւած հայկական մշակութային ժառանգութեան պահպանման ու հանրահռչակման, դրանց խնդիրների միջազգայնացմանը միտւած ծրագրերի ու նպատակների մասին։
- Խօսք չկայ թւայնացման միջոցով մշակութային ժառանգութեան մատչելիութեան մասին (նախկինում խնդիր էր դրւել թւայնացնել նաեւ Հայաստանի ազգային գրադարանում առկայ՝ 1512-1960 թւականների անձեռնմխելի հաւաքածուն, կինոժառանգութիւնը, երաժշտական ստեղծագործութիւնների նոտաներ):
- Չի յիշատակւում կամ կարեւորւում միջազգային եւ համահայկական մշակութային կազմակերպութիւնների եւ կառոյցների հետ համագործակցութիւնը։
- «Մշակոյթ» բաժնում, ինչպէս այլ տեղերում, կոնկրետ, չափելի, ժամանակի մէջ յստակեցւած որեւէ ծրագրային դրոյթ չկայ, ինչը նաեւ նշանակում է, որ վերջնարդիւնքը հնարաւոր չի լինելու օբիեկտիւօրէն գնահատել: Միչդեռ ծրագրի սկզբում շեշտւում է անցումը տւեալների եւ փաստերի պլանաւորման վրայ հիմնւած քաղաքականութեան մոդելի։
- Ակնյայտ է, որ մշակոյթի ոլորտում օրէնսդրական դաշտի կատարելագործման լուրջ անհրաժեշտութիւն կայ: Ցանկալի է յստակեցնել այն օրէնքները, որոնց ստեղծման անհրաժեշտութիւնը կայ։
- Հանրային հեռուստատեսութեանը անդրադարձող միակ պարբերութիւնում մէկ շեշտադրում կայ․ «Կրթական եւ մշակութային քաղաքականութեան առանցքային նպատակը գրական հայերէնի տարածումն է»։ Սա նշանակում է չգիտակցել եւ չկարեւորել հանրայինի դերակատարութիւնը ազգային դաստիարակութեան, հայրենասիրութեան, հանրային համախոհութեան, համահայկական ընդհանրական տեղեկատւական, կրթական եւ մշակութային դաշտի ձեւաւորման գործում։
- Հիմնականում երիտասարդներով համալրւած իշխող ուժը երկու պարբերութիւն է յատկացրել երիտասարդութեան թեմային, ու կրկին՝ ոչ մի յստակութիւն։ Պարզ խոստում, որ կառավարութիւնը նախատեսում է «ներառական երիտասարդական քաղաքականութիւն մշակել», նաեւ նպատակ ունի «մշակել երիտասարդութեան զբաղւածութեան եւ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ մեխանիզմներ»։ Երիտասարդութեանը վերաբերող ամբողջ բաժինը բարեմաղթութիւն է, որը չի պարունակում ո՛չ կոնկրետ ծրագրային դրոյթ, ո՛չ մեխանիզմներ, ո՛չ էլ՝ չափելի խոստում:
Շարունակելի