Հա

Ազգային

05/03/2019 - 14:50

Երեք գրքի շնորհանդէս՝ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ

Մարտի 4-ի երեկոյեան Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի (ՀՈՒՍԿ) կենտրոնատեղիում տեղի ունեցաւ յանձնախմբի նախաձեռնութեամբ հրատարակւած երեք  գրքի շնորհանդէսը:

«alikonline.ir» - Մարտի 4-ի երեկոյեան Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի (ՀՈՒՍԿ) կենտրոնատեղիում տեղի ունեցաւ յանձնախմբի նախաձեռնութեամբ հրատարակւած երեք գրքի շնորհանդէսը:

Միջոցառմանը, որին ներկայ էին «ՀՈՒՍԿ»-ի պարսիկ բարեկամները, բացման խօսքով հանդէս եկաւ Հայ Դատի յանձնախմբի անդամ Սարինէ Թորոսեանը, ներկայացնելով գրքերը, դրանց հեղինակներին, թարգամանիչներին եւ օրւայ բանախօսներին:

Առաջին գիրքը, որի մասին արտայայտւեց իրանցի անւանի պատմաբան Քաւէ Բայաթը, Ռիչարդ Յովհաննիսեանի «Հայաստանի Հանրապետութեան պատմութիւնը» կոթողային ուսումնասիրութիւնն էր, որն անգլերէնից պարսկերէնի էր թարգմանել Աթուսա Սամիին: Գիրքը հրատարակւել է 2018 թւականին, Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակի առիթով:

Պատմաբան Քաւէ Բայաթը ներկայացնելով գիրքը նշեց, որ այն պատմական եւ փաստավաւերագրական չափազանց արժէքաւոր ուսումնասիութիւն է, որը ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կովկասի իրավիճակը, Հայոց Ցեղասպանութեանը յաջորդած տարիներին Հայաստանում ստեղծւած իրավիճակը եւ Հայաստանի Հանրապետութեան կերտման, հաստատման եւ կայացման գործընթացը:

Երկրորդ գիրքը, դա Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանի հեղինակած «Նեմեսիսի գործողութիւն»-ն էր: Գիրքը ներկայացրեց Անի Յովսէփեանը՝ նշելով, որ հեղինակը համապարփակ ներկայացրել է Սողոմոն Թեհլիրեանի հերոսական ակտն ու «Նեմեսիսի գործողութիւնն» ընդհանրապէս: Գրքի մասին արտայայտւեց նաեւ Իրանի խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, որը «Նեմեսիսի գործողութիւնը» ներկայացրեց արդարութեան իրագործման եւ մարդկային իրաւունքի վերականգնման համատեքստում, գրքին անդրադառնալով հէնց այդ դիտանկիւնից:

Երրորդ գիրքը 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան ականատեսներից, գերմանա-շւէյցարացի Եակոբ Կոնցլերի «Արեան ու արցունքի հովտում» պատմա-փաստագրական ստեղծագործութիւնն էր, որը պարսկերէնի է թարգմանել դոկտ. Սայիդ Ֆիրուզաբադին:

Գրքի մասին խօսեց ինքը՝ թարգմանիչը, որը նշեց, որ գրքի հեղինակն անկողմնակալ հայեացքով է անդրադարձել Հայոց Ցեղասպանութեան օրերին իրագործւած ոճրագործութիւններին: Նա ընդգծեց, որ նման փաստագրական տւեալների հաւաքագրումը շարունակւում է նաեւ այսօր՝ կարեւորելով Թուրքիայում ծպտեալ հայերի մասին բացայայտումները:

Միջոցառման աւարտին Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանը երախտագիտութիւն յայտնեց բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում աջակցել են յանձնախմբին՝ հայ ժողովրդի, Հայ Դատի եւ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ պատմական իրականութիւնների եւ փաստերի վեր հանման գործում:

Յատուկ գնահատանքի արժանացաւ յանձնախմբի տարիների անդամ, հրատարակչական աշխատանքների պատասխանատու Ռուբիկ Աղաջանեանը, որին յանձնւեց յուշանւէր:

 

Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։